Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ և հարակից օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Շուկայական տնտեսության պայմաններում առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ բացակայում է շուկայի մասնակիցների` իրենց կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու հնարավորությունը: Ուստի անհրաժեշտ է որոշակի կառուցակարգերի միջոցով պաշտպանել ինչպես պարտատերերի, այնպես էլ պարտապանների շահերը:
Դրանց շարքում ուրույն տեղ է զբաղեցնում սնանկության ինստիտուտը, որը հետապնդում է մի քանի նպատակ. ապահովել պարտատերերի՝ պարտապանին ուղղված պահանջների կատարումը, նպաստել ֆինանսական ծանր կացության մեջ գտնվող կազմակերպություններին պարտավորությունների կատարմանը՝ ֆինանսական առողջացման ծրագրի իրագործման միջոցով դուրս գալ սնանկացման գործընթացից և վերսկսել բնականոն գործունեությունը: Սնանկության իրավահարաբերությունները հիմնականում կարգավորվում են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք):
Թեև 2016 թվականին Օրենքում կատարվեցին սնանկության ինստիտուտի բարելավմանն ուղղված փոփոխություններ, այդուհանդերձ, Օրենքը պարունակում է որոշակի թերություններ, որոնք մատնանշվել են նաև Հայաստանի Հանրապետությունում սնանկության վարույթի մասին» Համաշխարհային բանկի 2014 թվականի զեկույցով , որոնք չեն նպաստում այս ինստիտուտի բարելավմանը, սնանկության կառավարիչների գործունեության արդյունավետությանը և սնանկության վարույթի մասնակիցների շահերի լիարժեք պաշտպանությանը: Այսպիսով, Օրենքում առկա խնդիրները հանգում են հետևյալին.
1) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ սնանկության կառավարչին ներկայացվում են հետևյալ պարտադիր պահանջները՝
 սնանկության կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) անդամ դառնալու համար պետական լիազոր մարմնի կողմից սնանկության գործերով կառավարչի որակավորում ստանալը,
 65 տարին չլրացած լինելը,
 բարձրագույն կրթություն ունենալը,
 դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ վարելը կամ Կազմակերպությունում համապատասխան ստաժավորում անցնելը:
Համաշխարհային բանկի արդյունավետ սնանկության և պարտատեր/պարտապան ռեժիմի վերաբերյալ սկզբունքների D8 կետի համաձայն. «Իրավական համակարգը պետք է ապահովի, որ
 սնանկության կառավարիչներին ներկայացվող պահանջները լինեն օբյեկտիվ, հստակ և հանրությանը հասանելի,
 սնանկության կառավարիչներն ունենան բավարար ձեռնհասություն իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու համար,
 սնանկության կառավարիչները գործեն անկախ, անկողմնակալ և ազնիվ:»:
ՄԱԿ-ի առևտրային իրավունքի հանձնաժողովի Սնանկության իրավունքի վերաբերյալ օրենսդրական ուղեցույցում սահմանվում է, որ սնանկության վարույթի բարդությունը ցանկալի է դարձնում սնանկության կառավարչի՝ իրավունքի բնագավառում համապատասխան որակավորում (ոչ միայն սնանկության, այլև վերաբերելի ֆինանսական, առևտրային, հարկային իրավունքի) ունենալու հանգամանքը, ինչպես նաև համապատասխան փորձ առևտրային կամ ֆինանսական հարցերում՝ ներառյալ հաշվապահության ոլորտում:
Հարկ է նշել, որ Համաշխարհային բանկը առանձին գնահատման է արժանացրել նաև Օրենքով նախատեսված սնանկության կառավարիչների վերաբերյալ կարգավորումները: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետութ-յունում սնանկության վարույթի մասին» Համաշխարհային բանկի 2014 թվականի զեկույցով, ի թիվս այլնի, առաջարկվել է հետևյալը.
 երաշխավորել մասնագիտության մեջ նոր անձանց մուտքը,
 սնանկության կառավարիչների լիցենզավորման համար նախատեսել որակավորման քննություն և ստաժավորում:
Վերոհիշյալի լույսի ներքո անդրադառնալով Օրենքով նախատեսված սնանկության կառավարիչների թեկնածուներին ներկայացվող պահանջների վերլուծությանը՝ պետք է արձանագրել, որ միայն բարձրագույն կրթություն ունենալու պահանջը, առանց մասնագիտական ոլորտի հստակեցման, ինքնին բավարար չի կարող դիտարկվել սնանկության կառավարչի անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմը երաշխավորելու տեսանկյունից:
Բացի այդ, Օրենքում առկա ստաժավորումը հանդիսանում է ոչ պարտադիր և հետապնդվող նպատակի ապահովման համատեքստում ևս խնդրահարույց է թվում: Այս հարցի կապակցությամբ համանման դիտարկում է առկա Լիտվայի սնանկության կառավարիչներին ներկայացվող պահանջների վերլուծությունում, ըստ որի՝ որակավորման անցկացման թեստային համակարգը չի կարող սնանկության կառավարչին տրամադրել այն որակները, որոնք անհրաժեշտ են իր լիազորությունների պատշաճ իրականացման համար, իսկ քննությանը նախորդող նախնական դասընթացները ևս չեն կարող գործնական հմտություններ փոխանցել սնանկության կառավարչին և նրան կենտրոնացնել նեղ մասնագիտական հարցերի և խնդիրների վրա :
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում սնանկության կառավարիչ կարող են հանդիսանալ միայն ֆիզիկական անձինք, մինչդեռ շատ երկրներում ընդունված է, որ որպես սնանկության կառավարիչ կարող է հանդես գալ թե ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձը (Բելառուս, Լատվիա, Վրաստան, Իսպանիա, Անգլիա): Այդպիսով, այդ ոլորտում որոշակի փորձ ունեցող իրավաբանական անձանց մուտքն այս գործընթաց դրան հաղորդում է նոր որակ և արդյունավետություն:
2) Սնանկության կառավարիչների մասնագիտական գործունեությունը պետք է վերահսկողության առարկա դառնա, սակայն այդ վերահսկողությունը սնանկության կառավարչի գործունեության արդյունավետությունն ու պրոֆեսիոնալիզմն ապահովելու նպատակ պետք է հետապնդի:
Սնանկության կառավարիչների նկատմամբ վերահսկողության տարբեր համակարգեր են գործում, որոնց ընտրությունը վերապահված է պետությանը : Որպես այդպիսին վերահսկողությունը կարող է իրականացվել դատարանի, Կազմակերպության կամ այլ մարմնի կողմից:
Սնանկության կառավարչի գործունեության ընդհանուր վերահսկողությունը ներկայումս Օրենքը վերապահել է Կազմակերպությանը, որը դրա շրջանակներում ունի կարգապահական պատասխանատվություն կիրառելու իրավասություն: Այնինչ, իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ նման վերահսկողությունը բավարար համարվել չի կարող: Ասվածի վկայություն կարող է դիտարկվել այն իրողությունը, որ Կազմակերպության ողջ գործունեության ընթացքում կառավարիչների նկատմամբ հարուցվել է 23 կարգապահական վարույթ, որից 6-ը կարգապահական հանձնաժողովի կողմից մերժվել է, 10-ը՝ կարճվել, 7-ով հարուցվել է կարգապահական վարույթ և կիրառվել է նկատողություն: Ընդ որում, կիրառված նկատողություններից չորսը տրվել են Կազմակերպության նկատմամբ սնանկության կառավարիչների ունեցած անդամավճարի հետ կապված պարտավորությունները չկատարելու համար:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պարբերաբար մուտքագրվում են բազմաթիվ դիմում-բողոքներ՝ սնանկության կառավարիչների գործունեության օրինականության բացահայտման խնդրանքով: Համապատասխան դիմումների ուսումնասիրության համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը չունի բավարար լծակներ դիմումներում բարձրացված հարցերն իրավական առումով ուսումնասիրելու և վերջնական լուծում տալու համար այն պարագայում, երբ սնանկության կառավարիչների որակավորումն իրականացվում է հենց նախարարության կողմից:
Մինչդեռ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ երկրներում պետական լիազոր մարմինն է վերահսկում սնանկության կառավարիչներին և նրանց ենթարկում կարգապահական պատասխանատվության: Այսպես, օրինակ, Լիտվայում լիազոր պետական մարմինը կազմակերպում է սնանկության կառավարիչների որակավորման քննությունը, վերահսկում է նրանց գործունեությունը և կիրառում սանկցիաներ նրանց նկատմամբ: Ընդ որում, սանկցիայի առկայությունն ազդում է սնանկության կառավարչի ընտրության էլեկտրոնային համակարգում նրա վարկանիշի վրա (հանգեցնելով աղյուսյակում նրա տեղի իջեցման): Ֆրանսիայում, թեև սնանկության կառավարիչների ազգային կազմակերպությունը լիազորված է կազմակերպելու սնանկության կառավարիչների վերապատրաստումը և հաստատելու նրանց վարքագծի կանոնները, այնուամենայնիվ, կազմակերպությունը նրանց պատասխանատվության ենթարկելու իրավասությամբ օժտված չէ, և սնանկության կառավարիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելն իրականացվում է Ֆրանսիայի արդարադատության նախարարության կողմից : Բուլղարիայում, Սլովենիայում, Լեհաստանում ևս արդարադատության նախարարությունը քննում է սնանկության կառավարիչների դեմ բերված բողոքները:
3) Դատարանի կողմից սնանկության կառավարիչների նկատմամբ վերահսկողություն իրականացնելը որոշ երկրների օրենքներում ուղղակիորեն նախատեսված է: Այսպես, Գերմանիայի Սնանկության մասին ստատուտի 58-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանը վերահսկողություն է իրականացնում սնանկության կառավարչի նկատմամբ: Դատարանը կարող է ցանկացած պահի սնանկության կառավարչից պահանջել տեղեկատվություն կամ հաշվետվություն սնանկության վարույթի ընթացիկ վիճակի, իր կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին: Ընդ որում, Դատարանի որոշումները չկատարելու դեպքում սնանկության կառավարչի նկատմամբ կարող է տուգանք կիրառվել:
Օրենքով թեև դատարանն ունի վերահսկողական գործառույթներ սնանկության կառավարչի նկատմամբ, այդուհանդերձ նախատեսված չէ դատարանի իրավունքը՝ ցանկացած պահի պահանջել տեղեկատվություն և փաստաթղթեր սնանկության կառավարչից: Ընդ որում, Օրենքը սնանկության կառավարչի կողմից դատարանին հաշվետվություններ ներկայացնելու պարտականությունը սահմանել է ոչ թե ողջ սնանկության վարույթի, այլ դրա առանձին մասերի (պարտապանի գործունեության վերսկսում և այլն) համար:
4) Սնանկության կառավարիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը հստակեցված չեն ոչ Օրենքով և ոչ էլ Կազմակերպության կանոնադրությամբ: Մինչդեռ, կարգապահական պատասխանատվության հիմքերը և վարույթի հետագա ընթացքը պետք է հստակ նախատեսված լինեն օրենսդրությամբ և հնարավորություն տան անձին կանխատեսելու իր համար հնարավոր անբարենպաստ հետևանքները:
5) Սնանկության կառավարիչների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորված են Օրենքի 30-րդ հոդվածում, որը, ըստ պահանջների բավարարման չափի, սահմանում է վարձատրության տարբեր տոկոսադրույքներ: Այդ տոկոսադրույքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանցով սնանկության կառավարչի վարձատրությունը հաշվարկելու դեպքում, այդ վարձատրությունն այնքան բարձր է ստացվում, որ սնանկության կառավարիչները չեն ձգտի միջոցներ ձեռնարկելսնանկության վարույթը ֆինանսական առողջացման ավարտելու ուղղությամբ: Օրենքի 30-րդ հոդվածում սահմանված տոկոսադրույքները անփոփոխ են անկախ սնանկության վարույթի տևողությունից, ինչը ևս չի խրախուսում սնանկության կառավարիչներին կրճատելու սնանկության վարույթի տևողությունը:
Միաժամանակ, Օրենքի 89-րդ հոդվածը՝ որպես խրախուսական նորմ, ամրագրում է այն դրույթը, որ ֆինանսական առողջացման ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման դեպքում սնանկության կառավարիչն ստանում է պարգևավճար՝ բավարարված պահանջների 5 տոկոսի չափով: Այլ կերպ ասած՝ ֆինանսական առողջացման ուղին ընտրելու գրավչությունը գործող կանոնակարգումները կապում են ընդամենը լրացուցիչ 5 տոկոս վարձատրության հետ՝ մոռացության մատնելով ֆինանսական առողջացման դեպքում կատարվելիք գործողությունների համար պահանջվող անհամեմատ մեծ ջանքերի ահրաժեշտությունը:
6) Անվիճելի է, որ պարտատերերի պահանջների բավարարման առումով սնանկության կառավարիչների գործունեության արդյունավետությունը պայմանավորված է առաջին հերթին պարտապանին պատկանող գույքի հստակ շրջանակները պարզելով:
Օրենքի 56-րդ հոդվածով կարգավորված են պարտապանի գույքի գույքագրման հետ կապված հարցերը, մինչդեռ կառավարչի այս լիազորության իրականացման համար անհրաժեշտ է պարտապանի կողմից հստակ քայլերի, օրինակ՝ հայտարարագրի՝ գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին տեղեկատվության ներկայացում:
Պետք է նշել նաև, որ գույքագրման ժամանակ պարտապանի ցանկության բացակայության դեպքում սնանկության կառավարիչը ներկայումս չունի նրա բնակարան կամ այլ շինություն մուտք գործելու օրինական հիմք, ինչը որոշ դեպքերում խոչընդոտ է սնանկության կառավարչի կողմից լիարժեք գույքագրում իրականացնելու համար:
7) Օրենքի 57-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանի գույքի գնահատումն իրականացնում է կառավարիչը: Պարտապանի միջոցների հաշվին կառավարիչն իրավունք ունի հրավիրելու անկախ գնահատող պարտապանին պատկանող գույքի գնահատման համար` այդ մասին նախօրոք տեղյակ պահելով խորհրդին, իսկ այն ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 5 հայտնի պարտատերերին: Հարկ է նշել, որ իրացման ենթակա անշարժ գույքերի գնահատման ժամանակ խնդիրների տեղիք է տալիս գնահատման մեթոդների ընտրության առաջնահերթության հարցը: Այսպես, Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի գնահատման ստանդարտը, ի թիվս այլնի, պետք է պարունակի անշարժ գույքի գնահատման մեթոդները: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը պետք է պարտադիր պարունակի, ի թիվս այլոց, անշարժ գույքի գնահատման դասական երեք մեթոդների կիրառման հղումները գնահատման ստանդարտին, իսկ տվյալ անշարժ գույքի օբյեկտի գնահատման համար մեկ կամ երկու դասական մեթոդների կիրառման անհնարինության դեպքում` դրանց հիմնավոր պատճառաբանությունը: Այնինչ, կախված ընտրված մեթոդից, անշարժ գույքի գնահատման արդյունքները կարող են տարբեր լինել՝ դրանից բխող հետևանքներով: Բացի այդ, ինչպես բխում է Օրենքի 57-րդ հոդվածից, պարտատերերը որևէ դերակատարում չունեն պարտապանի գույքը գնահատողների ընտրության հարցում, որն ընդունելի չի թվում:
8) Սնանկության վարույթի օպերատիվությունն ապահովելու համար տարբեր երկրների օրենքներով սնանկության վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարման համար սահմանված են հստակ ժամկետներ:
Իտալիայում 2016 թվականից սկսած սնանկության ոլորտի բարեփոխումների առանցքային կետերից է սնանկության վարույթում կատարվող գործողությունների համար հստակ ժամկետների նախատեսումը:
Օրենքով սնանկության կառավարչի կողմից իրականացվող մի շարք առանցքային գործողությունների (օրինակ՝ գույքի գնահատում, աճուրդի կազմակերպում, կրկնակի աճուրդի կազմակերպում և այլն) կատարման համար միասնական ժամկետներ նախատեսված չեն, իսկ որոշակի գործողությունների համար սահմանված են այնքան երկար ժամկետներ, որոնք ինքնաբերաբար երկարացնում են վարույթի տևողությունը:
Օրենքում 2016 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում որպես սնանկության կառավարչի վարքագծի կանոն ամրագրվեց սնանկության գործընթացում իրեն վերապահված լիազորությունները հնարավոր սեղմ ժամկետներում իրականացնելու կանոնը, ինչը, սակայն, չհանգեցրեց սնանկության վարույթի տևողության կրճատման:
9) Պարտատերերի պահանջների բավարարման համար պարտապանի գույքի վաճառքն իրականացնելիս գործնականում խնդիրներ են առաջանում բնակարանը, բնակելի տունը և այլ շինությունն իրացնելու հետ կապված, քանի որ դրանք շատ հաճախ զբաղեցված են լինում պարտապան սեփականատիրոջ կամ այլ անձանց կողմից:
10) Ներկայումս պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից դադարում է պարտապանի վճարային, ներառյալ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը, ինչը պարտապանի համար սնանկության վարույթը ձգձգելը դարձնում է գրավիչ, և վերջինս ազատվում է դրանք վճարելու պարտականությունից, քանի որ այդ պարտավորությունների վերահաշվարկ նախատեսված չէ Օրենքով:
11) Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սնանկության վարույթի օպերատիվությունը, սնանկության վարույթի նյութերի հասանելիությունը, սեղմ ժամկետներում պարտապանի գույքի իրացումն ապահովելու համար նկատվում է էլեկտրոնային համակարգեր ներդնելու աճ: Այդ հաշվառմամբ սնանկության գործի, այդ թվում՝ պարտատերերի պահանջների գրանցամատյանի վարումը էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև հրապարակային սակարկությունների էլեկտրոնային կարգով իրականացումը կնպաստի սնանկության գործընթացն առավել արդյունավետ և թափանցիկ կերպով իրականացնելուն:

Առաջարկվող կարգավորման բնույթը.
««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորվել են հետևյալ հարցերը.
1) հստակեցվել են սնանկության կառավարչին ներկայացվող պահանջները, ամրագրվել է, որ խոշոր հարկ վճարող համարվող իրավաբանական անձի սնանկության, ինչպես նաև սնանկության վտանգի վերաբերյալ գործերով սնանկության կառավարիչ է նշանակվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որպես սնանկության կառավարիչ հաշվառված աուդիտորական կազմակերպությունը.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահվել է սնանկության կառավարիչներին հաշվառելու և նրանց հաշվառումից հանելու, ինչպես նաև համակարգչային հատուկ ծրագրի վարմամբ սնանկության կառավարիչ ընտրելու և նրա թեկնածությունը դատարանին ներկայացնելու իրավազորություն.
3) նվազեցվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ազդեցությունը սնանկության կառավարիչների գործունեության վրա նրանց գործունեության վերահսկողությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
4) բացառվել է կառավարիչների կողմից որպես մուտքի վճար կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը 5.000.000 ՀՀ դրամի վճարումը, իսկ անդամավճարների և անդամներից գանձվող ցանկացած այլ վճարման չափի սահմանումը պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ.
5) մանրամասն կարգավորում է ստացել սնանկության կառավարիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ այն վերապահելով նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, ընդ որում, կառավարչի նկատմամբ խիստ նկատողություն՝ որպես կարգապահական տույժի տեսակ, կարող է կիրառել միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.
6) ամրագրվել է սնանկության կառավարչի հաշվետվողականությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և դատարանի հանդեպ.
7) նվազեցվել են սնանկության կառավարիչների վարձատրության տոկոսադրույքները և ավելացվել է ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելու դեպքում վճարվող տոկոսադրույքի չափը.
8) սնանկության կառավարիչների կողմից իրականացվող գործողությունների համար (օրինակ՝ գույքի գնահատում, աճուրդի կազմակերպում, կրկնակի աճուրդի կազմակերպում և այլն) սահմանվել են հստակ ժամկետներ.
9) կանոնակարգվել է պարտապանի իրական և հնարավոր գույքային զանգվածի վերաբերյալ տեղեկությունները պարտապանի կողմից հայտնելու գործընթացը, սահմանվել է պատասխանատվություն այդ առումով պարտապանի կողմից իր պարտականությունները չկատարելու համար, ինչպես նաև նախատեսվել է գույքագրման նպատակով պարտապանի բնակարան կամ այլ շինություն սնանկության կառավարչի ազատ մուտք գործելու հնարավորություն.
10) ամրագրվել է սնանկության կառավարչի պարտականությունը ընտրելու այն բանկը, որը սնանկության հատուկ հաշիվը բացելիս կամ դրա հետագա սպասարկման ընթացքում այս մասով կսահմանի առավել բարձր տոկոսներ.
11) հստակեցվել են սնանկության կառավարչի որակավորումը դադարեցնելու հիմքերը.
12) պարտատերերին վերապահվել է պարտապանի գույքի գնահատման հարցում ակտիվ դերակատարում: Բացի այդ, սահմանվել է պարտապանի գույքի գնահատման հստակ ժամկետ, ինչպես նաև անշարժ գույքի գնահատման մեթոդները և դրանց կիրառման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե կողմից սահմանելու դրույթ.
13) հստակեցվել է պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության բովանդակությունը.
14) նախատեսվել է պարտապանի գույքի՝ հրապարակային սակարկություններով վաճառքն իրականացնելու էլեկտրոնային կարգ.
15) սահմանվել է, որ սնանկության կառավարիչը պարտապանի բնակարանը, բնակելի տունը և այլ շինությունը վաճառելու միջնորդության մեջ կարող է ներառել պահանջ՝ վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով.
16) նախատեսվել է, որ պահանջների բավարարումից հետո պարտապանի անվամբ միջոցներ մնալու դեպքում սնանկության կառավարիչը կատարում է մորատորիումի ողջ ժամանակահատվածի համար պարտապանի վճարային, ներառյալ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվարկ և Օրենքով սահմանված կարգով կատարում դրանց մարումը:
17) սնանկության գործը վարելու և գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու համար նախատեսվել է նաև էլեկտրոնային կարգ:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է սնանկության կառավարիչների գործունեությունը դարձնել առավել արդյունավետ, հաշվետու և վերահսկելի, նպաստել Հայաստանի Հանրապետությունում սնանկության ինստիտուտի արդյունավետությանը, ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելը նախընտրելի դառնալուն, սնանկության վարույթի տևողության կրճատմանը, ինչպես նաև օրենքի անհստակությունների վերացմանը:

ը:

  • Քննարկվել է

    02.10.2017 - 18.10.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տնտեսական, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն, Սնանկություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12641

Տպել

Առաջարկներ`

Սամվել Թադևոսյան

18.10.2017

Ծանոթանալով ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքում (այսուհետ նաևª Օրենք) փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախա•ծին (այսուհետ նաևª Նախա•իծ) ներկայացնում եմ հետևյալ կարծիքը. Գործող ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքն ունի բազմաթիվ թերություններ և հակասություններ, որոնց սնանկության մասնա•իտացում ունեցող դատավորներն ու սնանկության •ործերով կառավարիչներն հանդիպում են ամենօրյա աշխատանքների ընթացքում: Ներկայացված Նախա•իծը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլ ավելի է խորացնում այն: Նախա•իծը պարունակում է այնքան հակասական նորմեր և իրարամերժ լուծումներ, որ անհնար է դարձնում դրանց վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում արտահայտելը, առաջարկների արդյունքում այն շտկելը: Այն, որ սնանկության դաշտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառները և սուբյեկտիվ են և օբյեկտիվ, փաստ է, սակայն, ներկայացված նախա•ծով դրանց հստակ լուծում չի տրվում: Պետք է փաստել, որ Նախա•ծին կից ներկայացված հիմնավորումներում որևէ կերպ արտահայտված չէ այսօր •ործող օրենսդրության կիրառմամբ սնանկության •ործերով դատական պրակտիկայի որևէ վերլուծություն, ինչպես նաև նախատեսվող փոփոխություններով առկա կոնկրետ խնդիրների լուծման արդյունավետ ընթացակար•երն ու •ործելակազմը: Մասնավորապես, Նախա•ծով և կից ներկայացված հիմնավորմամբ որևէ կերպ պատճառաբանված չէ արդյոք± սնանկության •ործերով կառավարիչների աշխատավարձների նվազեցումները կբերի սնանկության վարույթի բարելավմանը կամ մի վարույթի ընթացքում երեք ան•ամ կառավարիչների փոփոխությունը հնարավորինս կնպաստի պարտատերերի պահանջների բավարարմանը կամ դատական հսկողությունը բավարար չէ սնանկության •ործերով կառավարիչների նկատմամբ և բացի այդ անհրաժեշտ է կրկնակի հսկողություն նաև •ործադիր մարմնի կողմից (նաև դատական վարույթի նկատմամբ): Ինչ վերաբերվում է ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախա•ծում սահմանված ժամկետներին, ապա դրանց չեմ անդրադառնում, քանի որ իրականանելի չեն և չեն համապատասխանում ինչպես այսօր •ործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենս•րքին, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենս•րքի և ՀՀ դատական օրենքի նոր նախա•ծերին: Նախա•ծով պարտապանի •ույքի •ույքա•րման և ընդհանրապես պարտապանի •ույքի որևէ կերպ իրացման վերաբերյալ նոր ընթացակար•երը (•ույքա•րման ժամկետ, միջնորդություններ դատարան ներկայացնելու ժամկետ և վաճառքն իրականացնելու ժամկետ) ըստ էության իրական խոչընդոտներ են հանդիսանալու պարտապանի առողջացման համար: Անդրադառնալով ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքում 2006թ. կատարված փոփոխությամբ ներմուծված ՙՍնանկության վտան•ի վերաբերյալ դրույթներում ներկայացված փոփոխությանը, ապա դրանք ընդհանրապես չեն բխում նշված ինստիտուտի էությունից, քանի որ որոշակիորեն նույնացված է սեփական սնանկությունը ճանաչելու իրավահարաբերությունների հետ (օրինակ պահանջի ներկայացում սնանկության վտան•ի դիմումի քննության ընթացքում): Չնայած այն հան•ամանքին, որ իրականում այսօր գործող օրենսդրությամբ առկա են մի շարք խնդիրներ, ինչպիսի պայմաններում օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես •ալը ողջունելի է, այնուամենայնիվ պետք է արձանա•րել, որ սնանկության ինստիտուտում առկա իրական և օբյեկտիվ խնդիրները լուծում չեն ստանում:

Levon Petrosyan

18.10.2017

<<ՍԳԿԿ>> ԻԿԿ Դիտորդ խորհրդի անդամ Լևոն Պետրոսյան Նախագծի 22-րդ հոդվածը պետք է ընդրանապես չքննարկել, հանել նախագծից: Սնանկության գործով կառավարիչը պետք է գործի անկախ և ՀՀ արդարադատության նախարարությունը չպետք է միջամտի կառավարչի գործունեությանը և վերջինս գործի միայն դատարանի հսկողության տակ, կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար: Պետական մարմինը 0,5 տոկոսի անուղակի հարկ է սահմանում կառավարչի նկատմամբ առանց հիմնավորմամբ, թե ինչ նպատակով է այն գանձվելու: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը շուրջ 6 տարի հատուկ համակարգծային ծրագրի միջոցով իրականացնում է կառավարիչների վիճականությունը, իմ իմանալով /5 տարի է հանդիսանում եմ դիտորդ խորհրդի անդամ/չկա որևէ բողոք կամ առաջարկություն՝պարտապանների, պարտատերերի,կառավարիչների և դատարանների կողմից /սնանկության վարույթ իմ մասնակիցներ/: Ինչու փոփոխել այն: Սովորաբար ինչ որ բան փոխում են եթե այն լավ չի աշխատում և կան բազմաթիվ թերություններ և բողոքներ/ գոնե մի քիչ/: Տվյալ ծրագրի մասին դրվատանքով են արտհայտվել նաև համաշխարհային բանկի ներկայացուցիչները: Նախագծի 28-րդ հոդվածի 2-րդ կետը ենթակա է փոփոխման, քանի որ ՀՀ որ ՀՀ Արդարադատության հետ համաձայնեցումը կխաթարի հասարակական կազմակերպության ընդհանուր /բարձրագույն օրգան/ ժողովի անկախությունը: Նախագծի 35-րդ հոդվածի թ/ ենթակետում՝ առավել բարձր տոկոսներ վճարող բառերը անհիմն են, քանի որ սնանկության վարույթում հավաքագրված գումարները չեն ներդրվում որպես ավանդ և դրանց նկատմամբ տոկոսներ չեն հաշվեգրվում: 52 հոդվածի 1-ին կետը ենթակա է փոփոխման, քանի որ գույքի գնահատումը կատարվում է մասնագիտական կազմակերպության կողմից և երկշաբաթյա ժամկետ սահմանելը անիրատեսական է: Սնանկության գործով կառավարիչների մեծ մ-իասը շահագռգռված են սնանկության վարույթները շուտ ավարտելու և շատ աշխատավարձ ստանալու և չպետք է պատասխանատվության ենթարկվեն մի բանի համար, որ իրենցից կախված չէ: Կառավարիչները հարցումներ են անում տարեր նախարարություններ և գերատեսչություններ, որի պատասխանները կառավարիչները ոչ միշտ է ժամանակին ստանում: ԴԱՀԿ ծառայությունը կատարողական գործողությունների համար նախատեսվում է երկամսյա ժամկետ, պատահում է նաև որ այդ ժամկետները ավելի երկար են ձգվում թող նախագծի հ եղանակները ճշտեն: Հնարավոր տարբերակներից մեկը՝ վարույթ սկսում է մի հարկադիր կատարողը, անցնում է 1-1,5 ամիս և վարույթ անցնում է ուրիշ հարկադիր կատարողի, դրանից բխող հետևանքներով: Այս նախագիծը սահմանում է միայն պատասխանատվություն կառավարիչների համար և փոխարեն ոչ մի լրացուցիչ լծակ չի նախատեսվում կառավարիչների աշխատանքը ավելի արդյունավետ, որակյալ և ճկուն դարձնելու համար, անհրաժեշտ է ուժեղացնել սնանկության մասին օրենքի որոշ հոդվածներ, ինչպես ԴԱՀԿ-ի օրենքը: Բանկերին գրություններ ենք ուղարկում՝ խնդրելով տրամադրել պարտապանների վերաբերյալ վերջին հինգ տարվա շարժը և մնացորդի վերաբերյալ տեղեկություններ:Լավագույն դեպքում տրամադրում են վերջին մեկ տարվա քաղվածքը և պահանջում են վճարել: Տեղեկանալով,որ պարտամանի հաշվին գումար կա, կրկին դիմում ենք բանկին խնդրելով գումարը փոխանցել սնանկության հատուկ հաշվին:Մեծ մասամբ պատասխանում են, որ ԴԱՀԿ ծառայության կողմից կիրառված է արգելանք, չնայած որ <Սնանկության մասին> ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 6 կետի համաձայն վերանում են պարտապանի գույքի վրա կիրառված բոլորարգելանքները: Նորից միջնորդություն դատարան,նորից կատ.թերթ ԴԱՀԿ ծառայություն,նորից երկամսյա կատարման ժամկետ և այլ/ժամկետները ոնց կրճատի կառավարիչը/: Ինչ նպատակ է հետապնդում առաջարկվում է՝ պահանջների վերջնական ցուցակի հաստատումից պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ դատարանը նշանակում է նոր կառավարիչ և ինչու ??? կոռուպցիոն ռիսկեր/: Այսինքն մտցվում է երեք կառավարչի գաղափարը/երկուսը քիչ էր՝կրկին փորձիր/: Աուդիտորական կազմակերպությունը որպես սնանկության գործով կառավարիչ հաշվառման համար ընդամենը ներկայացնում են դիմում ՀՀ արդադատատության նախարարություն և վերջ, գրչի մի հարվածով դառնում է սնանկության գործով կառավարիչ, առանց քննության, մասնագիտական որակավորմամբ, փորձի և վճարում է նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ ինչու ոչ 100-ի կամ հազարապատիկի չափով ???/ չէ որ նախատեսվում առայժմ խոշոր հարկատունների սնանկությունների գործերի վարումը, հետո էլ կավելացնեն խոշոր, գույքային գործերի վարումը /կոռուպցիոն ռիսկեր/:

Արմեն Խաչատրյան

18.10.2017

ժամանակ քիչ է մնացել, դրա համար գրեմ ընդհանուր 1. Նախագիծը վատ է: Կառավարիչի գործը ինքնին ոչ շնորհակալ գործ է: Փոխարենը բարձրացվի կառավարիչի սոցիալական պաշտպանվածությունը , իջեցվում է վարձատրությունը: 2. Նախագիծը վատ է պարտապանների համար, առողջացումը դառնում է ֆիկցիա, ինչ է նշանակում << նախատեսվել է, որ պահանջների բավարարումից հետո պարտապանի անվամբ միջոցներ մնալու դեպքում սնանկության կառավարիչը կատարում է մորատորիումի ողջ ժամանակահատվածի համար պարտապանի վճարային, ներառյալ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվարկ և Օրենքով սահմանված կարգով կատարում դրանց մարումը:>> այսինքն, եթե ներկա գործող օրենքով ընկերությունը հնարավորություն ուներ առողջանալ , այս վատ նախագիծը ընդունվելու դեպքում այդ հնարավորությունը կկորցնի 3. Անհրաժեշտ եմ համարում կարգավորել այն հարցը, երբ կանխամտածված սնանկության դեպքում քրեական գործ է բացվում և գումարները Դատախազության կողմից գանձվում են և մտցվում պարտատերի հաշվին՝ օրինակ բյուջե, սա հակասում է <Սնանկության մասին> ՀՀ օրենքին, հակասում է տրամաբանությանը, չի պահպանվում բախշման հերթականությունը, պարունակում է կորուպցիոն ռիսկ, հակասում է ՇԴ/0743/02/12 քաղ գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմանը, մեր կարծիքով , կանխամտածված սնակության դեպքում առաջին հերթիվ վնաս է հասցվել հենց սնանկ ճանաչված ընկերությանը, կանխամտածված ակտիվների նվազեցման կամ պարտավորությունների ավելացման միջոցով, որի հետևանքով ընկերությունը չի կարողանում կատարի իր պարտավորությունները, և բոլոր դրամական մուտքերը պետք է մուտքագրվի հատուկ սնանկության հաշիվ : Արդյունքում մի պարտատերի մոտ մարվում է պարտքը, մյուսի մոտ ոչ, իսկ սնանկության գործընթացով դա ընդհանրապես չի երևում, կառավարիչի վարձատրություն և կատարած ծախսերը ոչ ոք չի փոխհատուցում:

Տեսնել ավելին