Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Վերջին տարիներին ընտանեկան բռնության տարածվածությունը և դրա ծանր հետևանքներն ավելի և ավելի մտահոգիչ են դառնում: Միայն պաշտոնական վիճակագրության համաձայն ` 2016թ. 8 ամիսների ընթացքում գրանցվել է կանանց դեմ ընտանեկան բռնության 452, 2015թ.` 784, 2014 թ.՝ 575, 2013թ.՝ շուրջ 500, 2012թ.ին՝ 625 միջադեպ: Ավելին, ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը:[1] Բացի այդ, 2015 թվականի միայն առաջին կիսամյակում անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 38 քրեական գործ, որոնցից 47 տոկոսը գործադրվել է ընտանիքի անդամի կողմից:[2] Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ ընտանեկան բռնությանը հատուկ է լատենտայնության բարձր մակարդակը, ինչը նշանակում է, որ ընտանեկան բռնության իրական պատկերն էլ ավելի մտահոգիչ է: Մասնավորապես, միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ընտանեկան բռնությունն ավելի տարածված է (օրինակ՝ ԵԱՀԿ օժանդակությամբ «Պրոակտիվ հասարակություն» ՀԿ-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ հարցվողների 59.6%-ը իրենց կյանքի ընթացքում ենթարկվել է ընտանեկան բռնության, իսկ հասարակական կազմակերպությունների տվյալների համաձայն՝ 2010-2015 թվականների ընթացքում ընտանեկան բռնության արդյունքում սպանվել է 30 կին[3]):

Գործող օրենսդրությունն ունակ չէ համարժեք պատասխան տալ ծագած մարտահրավերներին. այն չի ապահովում ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար անհրաժեշտ գործուն իրավական կառուցակարգեր: Նման գործառույթներ իրականացնող պետական մարմինների գործունեությունը չի ենթարկվում համակարգային կարգավորման, ամբողջ ծավալով չի ապահովվում ընտանեկան բռնության ենթարկվածների` արդարադատության մատչելիության իրավունքը, մի շարք դեպքերում օրենքում առկա բացերի պատճառով հնարավոր չի լինում ապահովել ընտանեկան բռնության իրական սպառնալիքի ներքո գտնվող անձանց անվտանգությունը և պաշտպանությունը, չի վարվում ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում, ոլորտում առկա են մի շարք այլ բացեր:

Վերոգրյալ բացերը լրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2014թ. փետրվարի 27-ին հաստատված` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրում (40-րդ կետ) ընդգծել է միջազգային չափանիշներին համապատասխան` ընտանեկան բռնության դրսևորումների կանխարգելման և պատասխանատվության գործուն իրավական մեխանիզմների նախատեսման անհրաժեշտությունը:

Վերոնշյալ ազգային, ինչպես նաև մի շարք միջազգային իրավական զարգացումների համատեքստում մշակվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ): Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել  է քննարկվող բնագավառում առաջադեմ միջազգային փորձը:

 Նախագիծը նպատակաուղղված է խնդրո առարկա բնագավառում ինչպես պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից արձանագրված բազմաթիվ խնդիրների համապարփակ կարգավորմանը:

Խնդիրներից առաջինը կապված է ընտանեկան բռնության ենթարկվածների անվտանգության ու պաշտպանության ապահովման հետ: Մասնավորապես, գաղտնիք չէ, որ իրենց նկատմամբ գործադրված բռնության մասին իրավապահ մարմիններին հաղորդում,  ինչպես նաև բռնարարից ամուսնալուծվելու նպատակով դատարան դիմում  ներկայացրած  տուժողները շարունակաբար ենթարկվում են սպառնալիքների և ֆիզիկական բռնության ծանր դրսևորումների: Եթե բռնարարը մնում է ազատության մեջ, իսկ բռնության ենթարկվածը բացի ընդհանուր բնակարանից, այլ վայրում բնակվելու հնարավորություն չունի, կամ նրա բնակության նոր վայրը հայտնի է բռնարարին, բռնության ենթարկվածի և նրա մտերիմների կյանքը և առողջությունը կարող է լրջորեն վտանգվել: Նման դեպքերում առաջանում է բռնության ենթարկվածների կամ ենթադրաբար ենթարկվածների անվտանգությունը և պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտություն: Այս խնդիրը մասամբ լուծվում է ապաստարանների միջոցով, սակայն, ինչպես հայտնի է, ապաստարանները տրամադրվում են հասարակական կազմակերպությունների կողմից, որոնց ֆինանսավորումը կայուն չէ, իսկ պետությունը ներկայում ընտանեկան բռնությունից տուժողներին չի ապահովում ապաստարաններով՝ դրա համար անհրաժեշտ կազմակերպական, նյութական և մարդկային ռեսուրսների բացակայության պատճառով: Ուստի, տուժողների անվտանգության ապահովման խնդիրը շարունակում է մնալ առաջնային:  Առաջարկվող նախագիծը ներկայացված խնդրի կարգավորման նպատակով նախատեսում է անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշումների ինստիտուտները և պետության կողմից ապաստարանների հիմնադրումը կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից հիմնադրված ապաստարաններին պետական աջակցությունը:

Բացի այդ, գործնական փորձը վկայում է, որ ընտանեկան բռնության ենթարկվածներին անհրաժեշտ է այնպիսի վայր, որտեղ նրանք առանց որևէ վճարի ստանան հոգեբանական աջակցություն, առաջնային բժշկական խորհրդատվություն, ծանոթանան իրենց իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև տեղեկացվեն աջակցության տարբեր ծրագրերից օգտվելու հնարավորությունների մասին,  (նշված գործառույթը չի կարող իրականացվել միայն ապաստարանների կողմից, քանզի դրանց վայրը պետք է գաղտնի պահվի): Հատկանշական է, որ նման կենտրոններին վերապահվում է նաև ենթադրյալ բռնարարներին և ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկվածներին հոգեբանական աջակցություն տրամադրելու գործառույթ, ինչն ուղղված է ընտանիքի պահպանությանն ու աջակցությանը:  Վերոհիշյալ նպատակներով առաջարկվում է վերազինել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները` վերոգրյալ գործառույթների համատեքստում: Այդ կենտրոնները գործելու են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մարզերում: Ընտանեկան բռնության ենթարկվածներին աջակցություն տրամադրող նման կենտրոններ գործում են Ավստրիայում` Սոցիալական հարցերի և ներքին գործերի նախարարությունների ֆինանսավորմամբ (Intervention Centers)[4], Մոլդովայում՝ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից, Վրաստանում (crises centre) և մի շարք այլ երկրներում:

 Երկրորդ կարևոր խնդիրն առնչվում է ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում պետական մարմինների գործառույթների հստակեցմանը: Մասնավորապես, հասունացել է մատնանշված բնագավառում պետական ռազմավարության նախագիծ պատրաստելու, առկա համակարգային, ինչպես նաև առանձին հրատապ խնդիրների կարգավորման ուղղությամբ առաջարկներ մշակելու, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունն ապահովելու համար պատասխանատու մարմինը որոշակիացնելու անհրաժեշտություն: Նախագծով վերոշարադրյալ գործառույթները վերապահվել են Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ներկայացուցչական խորհրդին, որի կազմում հավասար թվով կընդգրկվեն հանրապետական գործադիր և իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների և հենց բռնության ենթարկվածների հետ անմիջականորեն աշխատող ապաստարանների և Աջակցության կենտրոնների ներկայացուցիչներ: Ընդ որում, որպես խնդրո առարկա բնագավառում պետության և քաղաքացիական հասարակության համագործակցության խորացման գրավական` առաջարկվում է նշված խորհրդի նախագահին ընտրել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թվից: Ի հավելումն, նախագիծը հստակեցնում է ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար պատասխանատու պետական մարմինների գործունեության ուղղությունները:

Հաջորդ խնդիրը, որին գործնականում հաճախ բախվում են ընտանեկան բռնության ենթարկվածները, առնչվում է գոնե ժամանակավոր նյութական աջակցություն ստանալու կայուն աղբյուրի բացակայությանը: Նախագիծն առաջարկում է մատնանշված խնդրի լուծման համար հիմնել Ընտանեկան բռնության ենթարկվածների աջակցության հաշվեհամար` ոչ ամբողջական պետական ֆինանսավորմամբ: Նախագիծը նաև կարգավորում է պատասխանատու մարմինների ֆինանսավորման աղբյուրների հետ կապված հարցերը:  

Կարգավորման ենթակա եվս մեկ զգայուն հարց է տարբեր մարմինների և հանրության միջև գործակցության ընթացքում ընտանեկան բռնության ենթարկվածների անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը: Այդ նպատակով Նախագծում առանձին գլուխ է նախատեսվում` նվիրված շահառուների տվյալների գաղտնիության պահպանմանը` վերաբերելի այլ օրենքների պահանջների համատեքստում:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերի փաթեթով լուծում ստացող առաջին խնդիրն ընտանեկան բռնության կանխարգելման գործունեությունը հստակեցնելն ու համակարգելն է: Կանխարգելման նպատակին են ուղղված՝

ա) ընտանեկան բռնության պատճառների և պայմանների վերաբերյալ համակարգային հետազոտություններ կատարելու պահանջը.

բ) ընտանեկան բռնության կենտրոնացած հաշվառման պահանջը՝ ընդգրկելով ինչպես պաշտոնապես գրանցված, այնպես էլ ընտանեկան բռնության ենթարկվածների աջակցության հատուկ կառույցների կողմից հաղորդված, սակայն իրավապահների կողմից պաշտոնապես չգրանցված միջադեպերը.

գ) իրավապահ մարմինների, կրթական և բժշկական հաստատությունների, հատուկ կառույցների  աշխատակիցներին պարբերաբար վերապատրաստելու պահանջը, ինչը կնպաստի նրանց կողմից ընտանեկան բռնության սպառնալիքի վաղ հայտնաբերմանը և կանխմանը.

դ) պաշտոնական նախազգուշացման պարագայում Ոստիկանության կողմից անմիջապես Աջակցության կենտրոնին տեղյակ պահելը, և վերջինիս կողմից ընտանեկան բռնության սպառնալիքի վաղ փուլում միջամտելու և ընտանիքին հոգեբանական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև հաշտարարություն իրականացնելու հնարավորությունը.

ե) բռնարարի համար ալկոհոլամոլությունից, խաղամոլությունից, թմրամոլությունից և թունամոլությունից բուժում անցնելու և հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորությունը, որն ուղղված է նրա սոցիալական վերականգնմանը.

զ) հանրության համար իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ անցացնելու, «թեժ գծով» անվճար խորհրդատվություն տրամադրելու պահանջը.

է) բռնարարներին պրոֆիլակտիկ հաշվառման վերցնելու պահանջը:

Նախագծի համար անկյունաքարային նշանակություն ունեցող հաջորդ հարցն ընտանեկան բռնության ենթարկվածների և դրա իրական սպառնալիքի ներքո գտնվող անձանց անվտանգության և պաշտպանության ապահովումն է: Այս նպատակի իրագործման նպատակով Նախագծում ներդրվել են անհետաձգելի միջամտության որոշման և պաշտպանական որոշման ինստիտուտները:

Նշված որոշումներից առաջինը նպատակ է հետապնդում ընտանեկան բռնության անմիջական վտանգի դեպքում անհապաղ ապահովել անձի անվտանգությունը: Այս միջոցը գործի է դրվում  ոստիկանության իրավասու ծառայողի կողմից, որը կաշկանդված չէ բռնության ենթարկված կամ դրա սպառնալիքի ներքո գտնվող անձի համաձայնությամբ: Տուժողի կամքով կաշկանդված չլինելը կարևորագույն նշանակություն ունի, որը բազմիցս ընդգծվել է միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից: Բանն այն է, որ ընտանեկան բռնության ենթարկվողներն առավել հաճախ խուսափում են իրավապահներին դիմելուց` իրենց հարազատներին պատասխանատվությունից ազատելու, ավելի դաժան բռնությունից վախենալու և այլ պատճառներով: Այս համատեքստում անհրաժեշտ են այնպիսի իրավական կարգավորումներ, որոնք թույլ կտան պետությանն իրականացնել իր պատասխանատվության ներքո գտնվող անձանց կյանքի և առողջության պաշտպանության ուղղությամբ ստանձնած դրական պարտականությունները: Քննարկվող միջոցը թույլ է տալիս բռնարարի նկատմամբ կիրառել այնպիսի սահմանափակումներ, ինչպիսիք են` նրան արգելել մոտենալ բռնության անմիջական վտանգի ներքո գտնվող անձին և նրա խնամքի տակ գտնվող անձանց 100 մետրից ավելի շառավղով, չայցելել նրանց իրենց բնակության, ուսման, աշխատանքի վայրերում, հարկադրել բռնարարին անմիջապես լքել վտանգի ներքո գտնվող անձի բնակության տարածքից, անգամ եթե նա այդ տարածքի նկատմամբ ունի սեփականության իրավունք, և այլ սահմանափակումներ:  

Ի տարբերություն անհետաձգելի միջամտության որոշման, պաշտպանական որոշում կայացնելու համար դատարան կարող է դիմել հենց ընտանեկան բռնության ենթարկվող անձը, ինչպես նաև նրա համաձայնությամբ` նրան իրավաբանական կամ բժշկական օգնություն ցուցաբերողները, իսկ անչափահաս և անգործունակ տուժողների դեպքում` նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները: Այս որոշման գործողությունն ավելի երկար է, դա ընդունելու ընթացակարգն` ավելի մրցակցային: Որոշմամբ նախատեսվող սահմանափակումները նույնանում են անհետաձգելի միջամտության որոշմամբ նախատեսվողներին:

Վերը ներկայացված պաշտպանության միջոցներն ընտանեկան բռնության ենթարկված կամ դրա վտանգի ներքո գտնվող անձանց թույլ են տալիս անվտանգ միջավայրում սկսել ամուսնալուծության գործընթաց, լուծել երեխաների խնամակալության և ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը կիսելու հետ կապված հարցերը, գտնել նոր բնակարան, աշխատանք` բռնարարից տնտեսապես անկախ լինելու նպատակով, և ընդհանուր առմամբ օգտվել բռնությունից ազատ կյանքով ապրելու իրենց իրավունքից: Իսկ բռնարարին այդ ժամանակը հնարավորություն է տալիս ստանալ հոգեբանական աջակցություն, անցնել անհրաժեշտ բուժման կուրս և միգուցե հաշտության խաղաղ գործընթաց սկսել տուժողի հետ: Այս որոշման համար դիմելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով:

Ներկայացված որոշումների որոշ պահանջների խախտումն առաջացնում է վարչական, իսկ մյուսներինը՝ քրեական պատասխանատվություն, որի վերաբերյալ փաթեթում առկա են նախագծեր՝ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում  և քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին:

Պաշտպանության նման միջոցներ նախատեսված են Ավստրիայի, Գերմանիայի, Վրաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Վրաստանի, Բուլղարիայի և մի շարք այլ երկրների օրենսդրությամբ: Դրանց անհրաժեշտությունն ընդգծվում է նաև «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայով:     

Ընտանեկան բռնության կանխարգելման տեսանկյունից հարկ է ընդգծել նաև Նախագծով առաջարկվող` բռնության կիրառման անթույլատրելիության մասին պաշտոնական նախազգուշացման ինստիտուտը, որը կիրառվում է ենթադրյալ բռնարարի կողմից ընտանեկան բռնություն առերևույթ գործադրելու մասին հաղորդում առաջին անգամ ստանալու դեպքում, եթե բռնարարի կատարածում հանցակազմի հատկանիշներ չկան, և ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկվածի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ չի սպառնում: Սա թույլ է տալիս վերոնշյալ անձանց վերցնել պրոֆիլակտիկ հաշվառման և նրանց պարբերաբար այցելելու միջոցով կանխել բռնության նոր դրսևորումները:

Ընտանեկան բռնության ենթարկվածների պաշտպանության և սոցիալական աջակցության նպատակով Նախագծով սահմանվում է ապաստարաններ ստեղծելու կամ ապաստարանների գործունեությանն աջակցելու` պետության պարտականությունը: Ապաստարանների (ժամանակավոր օթևան) ստեղծման և դրանց գործունեության կարգն արդեն իսկ հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Ընտանեկան բռնության ենթարկվածներին նյութական աջակցություն տրամադրելու նպատակով Նախագծով առաջարկվում է ստեղծել Ընտանեկան բռնության ենթարկվածների աջակցության հաշվեհամար, որի միջոցները գոյանում են պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից արված նվիրատվություններից:

Նախագծով լուծում է տրվում ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման խնդրին, որը պետք է ընդգրկի ինչպես ոստիկանության, այնպես էլ  ապաստարանների և Աջակցության կենտրոնների կողմից շահառուների հետ անմիջական աշխատանքի ընթացքում հայտնի դարձած, սակայն ոստիկանության կողմից պաշտոնապես չգրանցված բռնության դեպքերը: Սա հնարավորություն կտա իրական պատկեր ստանալ կոնկրետ տարածքային միավորում ընտանեկան բռնության ծավալների մասին և դրան համարժեք արձագանք տալ:

Նախագծով նաև նախատեսվում է ընտանեկան բռնության դեպքերի վերհանման համատեքստում առաջնային նշանակություն ունեցող` ուսումնադաստիարակչական և բժշկական հաստատությունների աշխատակիցներին` իրավապահ մարմիններին դիմելու հիմքերի և կարգի, բռնության ենթարկվածների կամ ենթադրաբար բռնության ենթարկվածների հետ համապատասխան աշխատանքներ տանելու վերաբերյալ վերապատրաստումներ կազմակերպելու պարտականությունը:  

Ոչ պակաս կարևոր է նաև ընտանեկան բռնության, դրա տեսակների և դրա դեմ պայքարի միջոցների հետ կապված հասկացութային ապարատի հստակեցման և միջազգային իրավական փաստաթղթերին համապատասխանեցնելու խնդիրը, որը նույնպես կարգավորվում է Նախագծով:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ընտանեկան բռնության կանխարգելման կազմակերպաիրավական հիմքերը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, արդարադատության մատչելիությունը, նրանց տրամադրել անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական, համապատասխան դեպքերում` նաև ժամանակավոր նյութական աջակցություն, նվազեցնել ընտանեկան բռնության լատենտայնության մակարդակը, կանոնակարգել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում համագործակցությունը և հստակեցնել դրանց գործառույթները:

 

 

 

 

 

 

[1] http://www.armenpress.am/arm/news/870918/hh-qnnchakan-komiteum-qnnarkvel-en-yntanekan-tsanr-brnutyan.html

[2] http://investigative.am/news/view/anchapahasner-serakan-andzernmxeliutyun.html

[3] http://coalitionagainstviolence.org/wp-content/uploads/2016/05/Femicide_Report_ARM.pdf?x24321

[4] http://www.ikf.ac.at/english/austrian_legislation_against_domestic_violence.pdf

  • Քննարկվել է

    20.09.2017 - 09.10.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 90951

Տպել

Առաջարկներ`

Tatevik Galstyan

09.10.2017

Միանշանակ ընդունել

Ընտանիքի Պաշտպանություն ՀԿ

09.10.2017

Գործող օրենքներով լիովին կարգավորվում է մարդկանց իրավահարաբերույունները: Սակայն սույն օրենքը մերօրյա սին համակարգում հիմնովին փոշիացնելու է Հայ ավանդական ընտանեկան ավանդույթները, միաժամանակ լինելով գործիք որոշում կայացնողի համար, որպեսզի պատժեն բարեփոխումների համար պայքարող քաղաքացիներին: Իսկ վաղը մյուսօր երևի օրիենք կլինի հոր և մոր փոխարեն ծնող թիվ մեկ կամ ծնող թիվ երկու: Առաջարկում եմ բավարարվել գործող օրենքներով և մեխանիզմ մշակել այն կիրառելու համար:

Լուսինե Իգիթյան

09.10.2017

Այն մարդիկ, ովքեր վախենում են, որ նման օրենքի ընդունումը կքայքայի իրենց ընտանիքն ըստ ինձ հենց մի բան արել են, դրանից էլ վախենում են։ Օրենքի առաջ մաքուր մարդը վախեր չունի։

Տեսնել ավելին