Հիշել նախագիծը

««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Սնանկության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխությունների և լրացումների նախատեսումը պայմանավորված է սնանկության ոլորտի բարեփոխման անհրաժեշտությամբ։ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունվեցին և 2020 թվականի ապրիլի 15-ին ուժի մեջ մտան Օրենքի վերջին փոփոխությունները, նախատեսվեցին նոր կարգավորումներ կառավարիչների ինստիտուտի, սնանկության վարույթում քննվող քաղաքացիական գործերի, ապահովված պարտատերերի իրավունքների իրացման վերաբերյալ։ Սակայն իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ առկա կարգավորումների պայմաններում դեռևս խնդիրներ կան և բարեփոխումների իրականացումն անհրաժեշտություն է։ Հարկ է նշել, որ նախագծի ընդունումը պայմանավորված է նաև Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի և Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության դրույթների իրագործման անհրաժեշտությամբ: Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելը պայմանավորված է Օրենքում իրականացվող փոփոխություններով և լրացումներով, որպիսի պարագայում անհրաժեշտություն է առաջանում քրեական դատավարության օրենսգրքի և Օրենքի իրավակարգավորումների համապատասխանեցման և գործող հակասությունների վերացման:

Իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները հիմնականում հանգում են հետևյալին.

ա) Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2019-2021 թվականներին աճել են պարտապան ֆիզիկական անձանց կողմից սնանկության դիմում ներկայացնելու դեպքերը: Մասնավորապես 2019 թվականին ներկայացվել է 987, 2020 թվականին՝ 1747, իսկ 2021 թվականին՝ 1961 դիմում[1]: Այսպիսով, շատ դեպքերում կամավոր սնանկության դիմում ներկայացնելը դարձել է պարտավորությունների կատարումից խուսափելու միջոց: Ուստի անհրաժեշտ է Օրենքով սահմանել մեխանիզմներ, որոնք կկանխեն նման չարաշահումները և սնանկության վարույթը կծառայեցնեն իր նպատակին: 

բ) Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է այն փաստաթղթերի ցանկը, որոնց ներկայացման դեպքում միայն դատարանը կարող է դիմումն ընդունել վարույթ։ Նորմի ձևակերպումից ակնհայտ է դառնում, որ նման պահանջը դիսպոզիտիվ է, և պարտապանի կողմից որոշ փաստաթղթեր թերի ներկայացվելու դեպքում Օրենքի 19-րդ հոդվածի «զ» կետի ուժով դրանք վարույթի ընթացքում ներկայացվում են կառավարչին։

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկության վարույթի կարգով քննվող գործերը տարբերվում են հայցային վարույթի կարգով քննվող գործերից և իրենց բնույթով նման են հատուկ վարույթի կարգով քննվող գործերին, ուստի գործի ըստ էության քննություն չի իրականացվում (որոշ փաստաթղթեր կարող են ներկայացվել հայցադիմումը վարույթ ընդունվելուց հետո), և օրենքով սահմանված փաստաթղթերի ամբողջական փաթեթի ներկայացման դեպքում միայն դատարանը կարող է դիմումն ընդունել վարույթ։ Այնինչ, ներկայիս կարգավորմամբ թույլատրվում է դիմումին կից չներկայացված փաստաթղթերը ներկայացնել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը կայացնելուց հետո նաև։

Բացի այդ, Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետը սահմանում է, որ դիմումին կից պարտապանը ներկայացնում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի ցանկը, սակայն ձևի հետ կապված որևէ պահանջ չի սահմանվում։ Ուստի նպատակահարմար է նախատեսել հայտարարագիր ներկայացնելու պահանջ, որտեղ սահմանված կլինի գույքի և գույքային իրավունքների վերաբերյալ հստակ տեղեկատվություն։ Հարկ է նկատել, որ այս փուլում հայտարարագիրը ներկայացվում է դատարանին, այլ ոչ կառավարչին:

Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով սահմանվում է, որ պարտապանը պետք դիմումին կից ներկայացնի նաև տեղեկություններ (ապացույցներ) այլ գույքային իրավունքների վերաբերյալ։ Նման տեղեկատվություն կարող է ներկայացվել համապատասխան պետական մարմիններից ստացված հարցման պատասխանների հիման վրա։ Օրենքով հստակ սահմանված չէ պետական մարմինների սպառիչ ցանկը, ուստի դատարանները դրսևորում են հայեցողական մոտեցում, ինչի արդյունքում չի ձևավորվում միասնական պրակտիկա։

գ) Կարևոր է նաև Օրենքի փոփոխություններով հնարավորինս բացառել կեղծ կամ կանխամտածված սնանկության դիմումների ներկայացումը։ Ուստի պետք է սահմանել պարտապանի կողմից այնպիսի հիմնավորումների ներկայացումը, որոնցով կապացուցվի սնանկության դիմում ներկայացնելու հիմքերի առկայությունը։ Մասնավորապես պարտապանը պետք է հիմնավորի, որ անհնարին է եղել պարտատերերի պահանջների ամբողջ ծավալով բավարարումը, կամ տնտեսական գործունեությունը էականորեն վատթարացել է։ Նման պրակտիկա առկա է Ռուսաստանի Դաշնությունում[2], Էստոնիայում[3], Լիտվայում[4], Ղազախստանում[5]։

Մասնավորապես Ռուսաստանի Դաշնության «Անվճարունակության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պարտապանի դիմումը պետք է ներառի հիմնավորումներ՝ պարտապանի գույքի վրա բռնագանձման կամ այլ գործողությունների արդյունքում պարտատերերի պահանջներն ամբողջությամբ բավարարելու անհնարինության կամ տնտեսական գործունեության էական վատթարացման վերաբերյալ։

Էստոնիայի «Սնանկության մասին» օրենքի 13-րդ պարագրաֆի 2-րդ կետի համաձայն՝ պարտապանը պետք է հիմնավորի իր սնանկությունը՝ կցելով բացատրություն սնանկության պատճառների վերաբերյալ։ Նույն հիմքերն են սահմանում նաև համապատասխանաբար Լիտվայի «Կամավոր սնանկության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը և Ղազախստանի «Վերակառուցման/վերականգնման և սնանկության» մասին օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը։

Միաժամանակ պարտապանը պետք է ապացուցի, որ գործուն միջոցներ է ձեռնարկել պարտատերերի հետ հաշտության եզրեր գտնելու համար՝ մինչև սնանկության դիմում ներկայացնելը։ Նման պրակտիկա առկա է Գերմանիայում[6], որտեղ պարտապանը դիմումին կից ներկայացնում է տեղեկանք՝ նշելով, որ մինչև դատարան դիմելը, 6 ամսվա ընթացքում պարտապանը փորձել է պարտատերերի հետ ձեռք բերել համաձայնություն, սակայն չի հաջողվել:

դ) Սնանկության գործընթացի մատչելիության նպատակով կարևորվում է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային եղանակով իրականացումը։ Ներկայումս դատական գործընթացում իրականացվող փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է թղթային տարբերակով, քանի որ փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման հստակ կարգ սահմանված չէ: Մասնավորապես սահմանված չէ, թե դատավարության մասնակիցների կողմից դատավարական ինչ փաստաթղթեր կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով և ինչ կարգով:

Սնանկության գործընթացն առավել հեշտ և արդյունավետ կազմակերպելու նպատակով էլեկտրոնային կայքի գործարկման նախատեսումը հնարավորություն է տալիս թեթևացնել ինչպես դատարանի, այնպես էլ դատավարության մասնակիցների կողմից փաստաթղթաշրջանառության իրականացումը: Օրենքով փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգ սահմանելը հնարավորություն  կտա ապահովել   փաս­տաթղթերի շրջա­նառու­թյու­նը գործի բոլոր մասնակիցների միջև, ինչը նպատակաուղղված է գործերի քննության թափանցիկությունն ապահովելուն, տեղեկատվության կորուստը կամ փաստաթղթերի ֆիզիկական վնասները բացառելուն: Միաժամանակ դատական գործընթացի իրականացման ժամկետները հնարավորինս կկրճատվեն, քանի որ փոստային ծառայության միջոցով նույն գործընթացն իրականացնելու դեպքում դատավարության մասնակիցները շատ հաճախ չեն ստանում անհրաժեշտ փաստաթղթերը, ինչի արդյունքում դդատական գործընթացն անհարկի ձգձգվում է:

Բացի այդ, 2019 թվականի դեկտեմբերի 12-ի փոփոխություններով ամրագրվել է կառավարչի կողմից իր լիազորություններն իրականացնելիս միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվության ստացման հնարավորությունը։ Ամրագրվել է նաև այդ տեղեկատվության ստացման կարգը։ Էլեկտրոնային սնանկության ներդրումը բխում է նաև 2019 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1441-Լ Կառավարության որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից, ինչպես նաև Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշումից։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ հրապարակային սակարկությունների էլեկտրոնային կայքը նոր է գործարկվում և սնանկության վարույթում հրապարակային սակարկությունները նախատեսվում է իրականացնել առավալապես էլեկտրոնային աճուրդների միջոցով, իսկ Օրենքում առկա չեն կառավարչի կողմից էլեկտրոնային կայքում գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի վերաբերյալ հայտարարություն տեղադրելու մասին կարգավորումներ, անհրաժեշտություն է առաջացել կառավարչի համար նախատեսել նման պարտականություն:

ե) Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սնանկության գործով կառավարիչը վարույթում զբաղեցնում է կենտրոնական դեր, անհրաժեշտ է լիարժեքորեն ամրագրել ոչ միայն լիազորությունների և գործողությունների կատարման շրջանակը, այլև վերջինիս անգործության կամ պարտականությունների ոչ պատշաճ կատարման դեպքում վերջինիս պատասխանատվության ենթարկելու հարցը։ Ուստի օրենքում սնանկության գործով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցերը ենթակա են փոփոխությունների՝ հաշվի առնելով պրակտիկայում ծագած խնդիրները, որոնք առաջանում են նաև օրենսդրական թերի կարգավորումների արդյունքում:

զ) Օրենքի գործող խմբագրությամբ առկա կարգավորումներով սնանկության կառավարչի թեկնածուի ընտրությունը իրականացվում է Արդարադատության նախարարության կողմից՝ դատարանից ստացված պահանջագրի հիման վրա: Տվյալ պարագայում այս գործընթացը ժամանակատար է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս ընթանում է դատարանի կողմից կառավարչի թեկնածուի ընտրության(վիճակահանության) իրականացման ծրագրի մշակման աշխատանքները, անհրաժեշտություն է առաջացել օրենքում անախատեսել համապատասխան իրավակարգավորումները՝ դատարանին հնարավորություն տալով հատուկ համակարգչային ծրագրի միջոցով իրականացնել կառավարչի թեկնածուի ընտրությունը:

է) Օրենքի 23-րդ հոդվածով կարգավորվում են սնանկության կառավարիչների որակավորման հարաբերությունները, որի 2-րդ մասով սահմանվում է, որ անձը չի կարող որակավորվել որպես կառավարիչ, եթե հանրային ծառայող է: Նույն կարգավորումն է նախատեսված նաև ի կատարումն Օրենքի ընդունված Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին N 112-Ն որոշման 3-րդ հավելվածով (այսուհետ՝ Հավելված):

Այսինքն՝ հանրային ծառայողները, առանց բացառության, հնարավորություն չունեն որակավորվել որպես սնանկության գործերով կառավարիչ: Այնինչ, օրինակ, Հանրային ծառայության մասին օրենքում հանրային ծառայողներին հնարավորություն է տրվում պաշտոնի նշանակվելու (ընտրվելու) դեպքում՝ 1 ամսվա ընթացքում, ապահովել նույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված անհամատեղելության պահանջների կատարումը:

Օրենքի գործող կարգավորման դեպքում, այն հանրային ծառայողները, ովքեր ցանկություն ունեն զբաղվել սնանկության գործերով և նշանակվել որպես կառավարիչ, զրկված են այդ իրավունքից:

ը) Իրավակիրառ պրակտիկայում Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը մեկնաբանվում է այնպես, որ անշարժ գույքի նկատմամբ կիրառված բոլոր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառված արգելանքները, այն հիմնավորմամբ, որ եթե անգամ քրեական գործերի քննության արդյունքում կայացված վերջնական դատական ակտերով պարտապանին առաջադրվեն գույքային պարտավորություններ(գույքի հնարավոր բռնագրավում, դատական ծախսեր կամ քաղաքացիական հայցի բավարարում), միևնույն է, այդ պարտավորություններից բխող պահանջները պետք  է ընդգրկվեն և կատարվեն բացառապես սնանկության գործի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ գույքը, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվում է կալանքից, եթե քաղաքացիական հայցը հետ վերցվելու, կասկածյալին կամ մեղադրյալին վերագրվող արարքի որակումը փոխվելու հետևանքով կամ այլ պատճառներով վերացել է գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը:

Իսկ նույն օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ դատավճիռ կայացնելիս դատարանը, ի թիվս այլ հարցերի, որոշում է վերացվելու է արդյոք հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցումը կամ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար գույքի վրա դրված կալանքը:

Այսպիսով, վերոգրյալից ակնհայտ է, որ անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառված արգելանքը սնանկության գործով վերացնելու կապակցությամբ առկա են տարբեր կարգավորումներ, ինչը հանգեցնում է դրանց տարբեր մեկնաբանություններով կիրառման:

թ) Անհրաժեշտ է անդրադառնալ նաև այն դեպքերին, երբ պարտապանը սնանկ է ճանաչվել, վերջինիս մասնակցությամբ գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը կարճվել կամ ավարտվել են, սակայն հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը չի վերադարձվել։ Օրենքի ներկայիս կարգավորումները չեն պարունակում որևէ նշում, թե հայցվորի կողմից սնանկության վարույթում պահանջ ներկայացնելիս որ հերթում է գրանցվելու պահանջը։

Վճռաբեկ դատարանը թիվ ՍնԴ/1735/04/19 սնանկության գործով[7] արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի պետական տուրքի գծով դատական ծախսը սնանկության գործով չի կարող համարվել «դատական ծախս», քանի որ այլ գործերով առաջացած դատական ծախսերը «դատական ծախս» են միայն տվյալ գործի շրջանակներում: Ուստի պետական տուրքի գծով դատական ծախսը գրանցման է ենթակա Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում։ Վերոգրյալի հաշվառմամբ Օրենքում անհրաժեշտ է ամրագրել, որ սնանկ ճանաչված պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնված, կարճված կամ ավարտված դատական գործերով նախապես վճարված պետական տուրքի գումարը ենթակա է գրանցման 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում։

ժ) Օրենքով ապահովված պարտատերերի իրավունքները բավականաչափ պաշտպանված չեն, ինչի արդյունքում ապահովված պարտատերը մորատորիումի կիրառումից հրաժարվելու, իսկ հետագայում գույքի իրացման կամ բռնագանձման գործընթացում խոչընդոտների, այդ թվում՝ արհեստական, առկայության դեպքում հնարավորություն չի ունենում իր իրավունքների իրացման համար:

Նման դեպքերում պարտապանը սնանկության վարույթի շրջանակներում հասնում է ընկերության լուծարման և գրավով կամ երաշխավորությամբ ապահովված (այդ թվում երրորդ անձի կողմից) պարտավորության կատարումը այլևս դառնում է անհնարին։ Սա առավել արդիական է այն դեպքում, երբ ըստ էության սեփականություն չունեցող իրավաբանական անձի պարտավորությունները ապահովված են հիմնականում հիմնադրի սեփականությունը հանդիսացող գույքի գրավով և/կամ երաշխավորությամբ։

Որպես օրինակ կարելի է մատնանշել թիվ ԵԿԴ/0090/04/13 սնանկության գործը և այդ գործով դատարանների արտահայտած դիրքորոշումները: Մասնավորապես,  Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ (…) Բանկը, ընտրելով սնանկության վարույթից դուրս իր պահանջի դատական կարգով բավարարում ստանալու եղանակը, ի սկզբանե պետք է հաշվի առներ հնարավոր բոլոր ռիսկերը: Ավելին, տվյալ դեպքում Բանկը, որն իրականացրել է իր տնօրինչական իրավունքը՝ սնանկության վարույթը շրջանցելու համար կատարելով համապատասխան ծանուցումը՝ մորատորիում չտարածելու մասին միջնորդություն ներկայացնելով, այլևս չի կարող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի իմաստով դիտարկվել որպես պարտատեր, քանի որ վերջինս այլևս դուրս է եկել սնանկության վարույթից: Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանություներին, որ սնանկության գործի ավարտով և պարտապանի լուծարմամբ պարտատեր Բանկը կարող է զրկվել օրինական ուժի մեջ մտած վճիռներով իր օգտին բռնագանձվելիք գումարները գրավի իրացման հաշվին ստանալու իրավական հնարավորությունից, որպիսի պարագայում կիրառվող միջոցառումը չի կարող բխել հասարակական (և/կամ մասնավոր անձանց) շահից, ուստիև կրել կամ հետապնդել իրավաչափ նպատակ, գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ Բանկը, ընտրելով սնանկության վարույթից դուրս իր պահանջների բավարարումը ստանալու եղանակը, պետք է կրի այդ իրավունքի իրացման հնարավոր բացասական հետևանքների ռիսկը: (…):

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը ոչ մի կերպ չի ապահովում ապահովված պարտատերերի իրավունքների իրացումը և ձևավորում է վտանգավոր պրակտիկա՝ առավել ևս եթե հաշվի առնենք ՄԻԵԴ-ի կողմից ամրագրված օրինական ակնկալիքի (սպասելիքի) ինստիտուտը, որին անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը։ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով արձանագրել և կարևորել է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը։ Մասնավորապես, 2021 թվականի մարտի 9-ի ՍԴՈ-1583 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «… Սահմանադրության 60 և 75-րդ հոդվածներով ամրագրված իրավակարգավորումների ուժով պետությունը երաշխավորում է անձի՝ սեփականության իրավունքի նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքի իրացումը, ի թիվս այլնի՝ վերջինիս իրացման համար արդյունավետ ընթացակարգերի և կառուցակարգերի օրենսդրական ամրագրման միջոցով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` կոնվենցիոն նորմի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նաև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը (տե'ս, մասնավորապես, Տրգոն ընդդեմ Խորվաթիայի գործով, Trgo v. Croatia, 2009թ. հունիսի 11-ի վճիռը, կետ 44):

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-723, ՍԴՈ-741, ՍԴՈ-881 որոշումներում փաստել է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը: Ավելին, 18.03.2008թ. ՍԴՈ-741 որոշման 8-րդ կետում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության 31 հոդվածով երաշխավորված` սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»:

Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1611 որոշմամբ, վերահաստատելով և զարգացնելով իր վերոհիշյալ իրավական դիրքորոշումները, գտել է, որ սեփականության իրավունքի հետ առնչակցություն ունեցող ցանկացած օրենսդրական կարգավորում, դրա մեկնաբանություն և կիրառում պետք է համապատասխանեն նշյալ իրավունքի առնչությամբ Սահմանադրությամբ ամրագրված կարգավորումներին և Սահմանադրական դատարանի՝ ներկայացրած իրավական դիրքորոշումներին, մասնավորապես՝ դրանք պետք է երաշխավորեն սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար, պետք է երաշխավորեն օրենքով սահմանված դեպքերում՝ դատական կարգով անձին սեփականությունից զրկելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը, ինչպես նաև երաշխավորեն սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանությունը։

ժա) 2019 թվականին իրականացված օրենսդրական փոփոխություններով Օրենքի 95-րդ հոդվածում կատարվել է լրացում, որի համաձայն` հոդվածը չի տարածվում պարտապանի աշխատավարձից կատարվող գանձումների վրա, այլ կերպ ասած` այդ հոդվածում կիրառվող գույք եզրույթի շրջանակներում այն չի դիտարկվում: Կատարված լրացումը նպատակ է հետապնդել ապահովել պարտատերերի պահանջների առավելագույնս բավարարումը: Ասվածը նշանակում է, որ կատարված փոփոխությունների ուժով աշխատավարձի նկատմամբ բռնագանձումը սնանկության վարույթի շրջանակներում կատարվում է ընդհանուր հիմունքներով և որևէ առանձնահատկություն այդ հարցում նախատեսված չէ: 

Սակայն, դատական պրակտիկայում այս հարցին տրվել է այլ մեկնաբանություն: Մասնավորապես, օրինակ՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ՍնԴ/1823/04/20 սնանկության գործով 03.03.2021 թվականի որոշմամբ հանգել է նրան, որ Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը վերաբերում է անմիջապես գործարքի արդյունք հանդիսացող գույքի ձեռքբերման դեպքերին, և դրա կանոնները կիրառելի չեն աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ: Դատարանը, ի թիվս այլնի, նշել է, որ աշխատավարձի արգելադրումը սնանկության վարույթում չի կարող իրականացվել այնպես, որ պարտապանը սնանկ ճանաչվելուց հետո անորոշ ժամանակով զրկվի իր աշխատանքի դիմաց վարձատրությունն օգտագործելու հնարավորությունից, քանի որ դա անմիջական խոչընդոտ կհանդիսանա սնանկության վարույթի ընթացքում պարտապանի սոցիալ-ֆինանսական վերականգնման համար և կկաշկանդի նրան դրսևորել որևէ նախաձեռնողականություն նոր աշխատանք փնտրելու կամ եկամուտներ ստանալու հարցում: Դատարանի գնահատմամբ` Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը տարածվում է Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով միայն մինչև սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահը վճարված աշխատավարձից կատարվող գանձումների վրա և պարտապանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ստացվող աշխատավարձը չի մտնում Օրենքի 95-րդ հոդվածի իմաստով վաճառքի ենթակա գույքի կազմի մեջ։

Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել, որ պարտապանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ստացվող աշխատավարձը ևս մտնում է Օրենքի 95-րդ հոդվածի իմաստով վաճառքի ենթակա գույքի կազմի մեջ և դատարանի կողմից տրված կատարողական թերթի համապատասխան՝ հարկադիր կատարման օրենսդրության հիման վրա, այն ենթակա է բռնագանձման:

ժբ) Օրենքի 105-րդ հոդվածով կարգավորվում են սնանկության պարզեցված ընթացակարգի կիրառմամբ կառավարչի կամ պարտատիրոջ ներկայացմամբ սնանկության վերաբերյալ գործի ավարտի հարաբերությունները: Նշված հոդվածով սահմանվում է, որ դատարանը, որոշակի պայմանների առկայության դեպքում, առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում սնանկության վերաբերյալ գործի ավարտի մասին, սակայն որևէ կարգավորում առկա չէ, թե դատարանն ինչ ժամկետներում է կայացնում վճիռը:

Նման պայմաններում մեծ թիվ են կազմում դեպքերը, երբ դատարանը կառավարչի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարում կամ մերժում է բավականին երկար ժամանակ անց, որոշ դեպքերում նույնիսկ մեկ ամսից ավելի (տես օրինակ՝ թիվ ՍնԴ/1499/04/20, թիվ ՍնԴ/1964/04/20, թիվ ՍնԴ/2702/04/20, թիվ ՍնԴ/2596/04/20, թիվ ՍնԴ/1117/04/20, թիվ ՍնԴ/1521/04/19 գործերը):

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերով առաջարկվում է.

  • այն դեպքում, երբ դիմումի հիմքում ընկած է բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքված պայմանագրից բխող պարտավորություն, ապա պարտապան ֆիզիկական անձի կողմից կամավոր սնանկության դիմում ներկայացնելիս պարտադիր դարձնել պարտատեր բանկի կամ վարկային կազմակերպության հետ պարտքի վերակառուցմանն ուղղված բանակցությունների վերաբերյալ ապացույց և Օրենքին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիր կամ պարտապանից հօգուտ պարտատեր բանկի կամ վարկային կազմակերպության գումարի բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ առկա լինելու դեպքում՝ եզրափակիչ դատական ակտի պատճենը ներկայացնելու պահանջը,
  • պարտադիր դարձնել պարտապանի կողմից 12-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի ներկայացումը,
  • հստակեցնել կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցերի վերաբերյալ Օրենքի կարգավորումները,
  • նախատեսել անհրաժեշտ կարգավորումներ դատարանի կողմից հատուկ համակարգչային ծրագրի միջոցով կառավարչի թեկնածուի ընտրությունն իրականացնելու հնարավորության համար,
  • հնարավորություն տալ հանրային ծառայողներին մասնակցելու սնանկության կառավարիչների որակավորմանը, պայմանով, որ վերջիններիս որպես սնանկության գործով կառավարիչ գործունեությունը կասեցվում է մինչև ծառայությունից ազատվելը,
  • սահմանել անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառված արգելանքը սնանկության վարույթի շրջանակներում վերացնելու հստակ կարգավորումներ,
  • սահմանել սնանկության գործով էլեկտրոնային փաստաթղթերի ներկայացման կարգը, ինչպես նաև կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգից պարտապանի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու հնարավորություն, այն տրամաբանությամբ, որ նշված տեղեկությունների ներկայացումը հավասարեցվի դիմումի հիման վրա տրամադրված տեղեկատվությանը,
  • սահմանել կառավարչի կողմից գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքում հայտարարության հրապարակման պարտականություն նաև հրապարակային սակարկությունների էլեկտրոնային կայքում,
  • պարտապանի մասնակցությամբ քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնված՝ կարճված կամ ավարտված դատական գործով նախապես վճարված պետական տուրքի գումարը դիտարկել որպես պահանջ և գրանցել «է» հերթում,
  • նախատեսել սնանկության գործի շրջանակներից դուրս ապահովված իրավունքի առարկայի արտադատական, դատական բռնագանձման կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին իր պահանջների բավարարման գործընթացը սնանկության գործի շրջանակներում որպես առանձին քաղաքացիական գործ քննելու հնարավորությունը, այդ դեպքերում առանձին քաղաքացիական գործի ընթացքի կարգավորումները, ինչպես նաև մորատորիումի կիրառումից հրաժարվելու դեպքում սնանկությանի գործի ավարտի արգելքը,
  • սահմանել, որ պարտապանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ստացվող աշխատավարձը ևս մտնում է Օրենքի 95-րդ հոդվածի իմաստով վաճառքի ենթակա գույքի կազմի մեջ և դատարանի կողմից տրված կատարողական թերթի համապատասխան, հարկադիր կատարման օրենսդրության հիման վրա ենթակա է բռնագանձման:
  • սնանկության պարզեցված ընթացակարգով սնանկության գործի ավարտի դեպքում նախատեսել դատարանի կողմից սնանկության գործն ավարտելու մասին վճռի կայացման հստակ ժամկետ:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կամավոր սնանկության գնալու չարաշահման դեպքերը, իսկ կամավոր սնանկության դիմում ներկայացնելիս պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերի հստակ ցանկի սահմանումը թույլ կտա ձևավորել միասնական պրակտիկա: Փոփոխությունների և լրացումների արդյունքում կվերանայվի սնանկության գործով կառավարիչների թեկնածուների ընտրության կարգը, ինչպես նաև հանրային ծառայողները հնարավորություն կստանան որակավորվելու  որպես սնանկության կառավարիչներ: Իր հերթին էլեկտրոնային արդարադատության գործիքակազմի ներդրումը սնանկության վարույթում կնպաստի փաստաթղթաշրջանառության արդյունավետության բարձրացմանը: Փոփոխությունների արդյունքում կարևոր երաշքիներ են ստեղծվում պարտատերերի պահանջների հնարավորինս բավարարման և պարտապանի վճարունակության վերականգնման, ինչպես նաև ապահովված պարտատերերի իրավունքների արդյունավետ պաշտապանության միջոցների կիրառման համար: Միաժամանակ, իրավունքների չարաշահում թույլ չտալու նպատակով, նախատեսվել է վճիռների կայացման ողջամիտ ժամկետ:

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չեն:

««Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ և լրացումներ կատարել Արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի դրույթների իրագործման անհրաժեշտությամբ:

Մասնավորապես՝ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Դատաիրավական բարեփոխումներ» վերտառությամբ 5.3 կետով ոլորտային բարեփոխման կարևոր ուղղություն է հանդիսանում  դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և դատարաններում գործի քննության ժամկետները կրճատելու միջոցով արդարադատության արդյունավետության բարձրացումը: Այդ նպատակի իրագործման համար քայլեր են ձեռնարկվելու էլեկտրոնային արդարադատության ամբողջական համակարգի ներդրման ուղղությամբ, որի շնորհիվ պայմաններ են ստեղծվելու բոլոր տեսակի գործերի, այդ թվում՝ սնանկության գործերի քննությունը ամբողջապես թվայնացնելու և ավելի սեղմ ժամկետներում իրականացնելու համար։

Իր հերթին, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ սնանկության ոլորտի բարեփոխումների շրջանակներում որպես առանձին ուղություն նախատեսվել է ֆինանսական առողջացմանը նպաստող կայուն մեխանիզմների սահմանումը:

 

[1] Տե՛ս https://court.am/hy/statistic

[2]Տե՛ս http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_39331/

[3]Տե՛ս https://www.riigiteataja.ee/en/eli/511072014018/consolide

[4]Տե՛ս https://www.ilo.org/dyn/natlex/docs/ELECTRONIC/94758/111305/F-1502696089/LTU94758.

[5]Տե՛ս https://adilet.zan.kz/eng/docs/Z1400000176

[6]Տե՛ս https://www.justiz.nrw.de/WebPortal_en/projects/ieei/documents/public_papers/german_insolvency.pdf

[7]Տե՛ս ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ Հովհաննես Գրիգորյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին  թիվ ՍնԴ/1735/04/19 սնանկության գործով արտահայտված իրավական դիրքորոշումը

  • Քննարկվել է

    15.04.2022 - 30.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սնանկություն, Էլեկտրոնային արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5483

Տպել

Առաջարկներ`

Andranik Ghazaryan

24.04.2022

Առաջին՝արծում եմ ավելորդ ծանրաբեռնում է պարտապանի համար դատական ակտի պատճեն ներկայացնելը այն դեպքում երբ վճիռը հրապարակվում է դատալեքս համակարգով: Երկրորդ՝ պարտատերը կարող է հիմնավորել միայն իր հանդեպ առկա պարտավորությունը, սակայն առհասարակ՝ իր պարտաանի անվճարունակության կամ տնտեսական վիճակի վատթարացման մասով: Հետևաբար, առավել նպատակահարմար է նման գործառույթը վերապահել գործատուին:

Տեսնել ավելին