Հիշել նախագիծը

««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին գլխում լրացնել նոր՝ 9.1-ին հոդված.

«Հոդված 9.1. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու կարգը

  1. Սույն օրենքով նախատեսված փաստաթղթերը (հարկադրված և կամավոր սնանկության դիմումները, պարտապանի և պարտատերերի կողմից ներկայացվող առարկությունները, դիրքորոշումները, սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացվող միջնորդությունները, հաշվետվությունները (ընթացիկ և վերջնական) և այլն) կարող են ներկայացվել օրենքով և Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:
  2. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին կցվող փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` սկանավորված տարբերակով, իսկ պետական տուրքի վճարման անհրաժեշտության դեպքում այն վճարվում է պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով:
  3. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին հասարակ լիազորագիրը կցվում է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված, իսկ նոտարական վավերացմամբ լիազորագիրը՝ պատճենի տեսքով՝ առցանց եղանակով դատարանին դրա իսկությունն ստուգելու հնարավորություն տվող գաղտնագրի արտացոլմամբ կամ էլեկտրոնային բնօրինակով:»։

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Պարտապանի կողմից սեփական սնանկությունը ճանաչելու կամ սնանկության վտանգի  դիմում ներկայացնելու դեպքում պարտապանը դիմումին կից պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների, այդ թվում` պահանջի իրավունքի, կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված ձևին համապատասխան հայտարարագիր.

2) պարտապանի պարտատերերի և պարտապանների (այդ թվում` այն քաղաքացիների, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու համար) ցուցակը, նրանց անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և առանձին պարտավորությունների, ներառյալ` արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթը և չափը: Նշված տեղեկությունները պետք է ներառեն նաև այն պարտավորությունները, որոնց ժամկետը չի լրացել, ինչպես նաև պարտապանի տված երաշխիքները և ստանձնած այլ պարտավորությունները.

3) եթե պարտապանը անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ է, ապա պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները.

4) եթե պարտապանը տնտեսական ընկերակցություն է, ապա մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և պետական գրանցման տվյալները.

5) պարտապանի հայտարարությունը` ֆինանսական առողջացման մտադրության մասին.

6) տեղեկություններ (ապացույցներ) գույքային իրավունքների առկայության կամ բացակայության մասին՝ ստացված անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններից, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնից, հարկային մարմնից, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայից, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից.

7) կամավոր սնանկության կամ սնանկության վտանգի մասին դատարան ներկայացվող դիմումի և կից փաստաթղթերի պատճենները բոլոր պարտատերերին ուղարկելու մասին ապացույցները.

8) սնանկության վտանգի դիմումի դեպքում՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը.

9) եթե պարտապանը ֆիզիկական անձ է, և դիմումի հիմքում ընկած է բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքված պայմանագրից բխող պարտավորությունը`

ա. պարտատեր բանկի կամ վարկային կազմակերպության հետ պարտքի վերակառուցմանն ուղղված (պարտքի մարման ժամկետների հետաձգում, վերաձևակերպում, պարտավորությունների կատարումից ազատում) բանակցությունների վերաբերյալ ապացույց և սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիր կամ

բ. պարտապանից հօգուտ պարտատեր բանկի կամ վարկային կազմակերպության գումարի բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի պատճեն:»։

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր «դ» կետ.

«դ) հիմնավորումներ պարտատերերի պահանջների ամբողջ ծավալով բավարարման անհնարինության կամ տնտեսական գործունեության էական վատթարացման վերաբերյալ, որոնք հիմք են հանդիսացել սնանկության դիմում ներկայացնելու համար:»:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2.1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Եթե թեկնածու ներկայացված չէ, կամ նա չի համապատասխանում սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա եռօրյա ժամկետում կառավարչի թեկնածու ներկայացնելու պահանջագրի հիման վրա նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-7-րդ մասերով սահմանված կարգով:»։

 

Հոդված 5. Օրենքի 15.2-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ներկայացված կառավարչի թեկնածուի` սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում եռօրյա ժամկետոււմ կառավարչի թեկնածու ներկայացնելու պահանջագրի հիման վրա իրականացվում է նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումը՝ սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-7-րդ մասերով սահմանված կարգով:»։

 

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Ժամանակավոր կառավարչին որպես կառավարիչ նշանակելու դեմ սահմանված կարգով առարկելու և կառավարչի թեկնածության վերաբերյալ առաջարկ չներկայացվելու կամ ներկայացված թեկնածուի` սույն հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում եռօրյա ժամկետում կառավարչի թեկնածու ներկայացնելու պահանջագրի հիման վրա իրականացվում է կառավարչի նոր թեկնածուի ընտրություն՝ սույն հոդվածի 6-7-րդ մասերով սահմանված կարգով:».

2) 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Կառավարչի թեկնածուի ընտրությունն իրականացվում է տարածքային սկզբունքով` Հայաստանի Հանրապետության արդարատության նախարարության կողմից վարվող հատուկ համակարգչային ծրագրում մուտքագրված պահանջագրի հիման վրա` ընտրության մասին անհապաղ տեղյակ պահելով կառավարչին:».

3) 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. Կառավարչի թեկնածությունն ստանալուց հետո դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում կառավարիչ նշանակելու մասին` ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն հոդվածով սահմանված պահանջներին: Թեկնածուի համար սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքեր հայտնաբերվելու դեպքում եռօրյա ժամկետում նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն հոդվածի 6-րդ և սույն մասերով սահմանված կարգով:».

4) 8-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Դատարանի կողմից կառավարչի առարկությունը հիմնավոր համարվելու դեպքում եռօրյա ժամկետում նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացում է սույն հոդվածի 6-7-րդ մասերով սահմանված կարգով:».

5) 9-րդ մասում լրացնել նոր՝ 3-րդ կետ.

«3) որպես ժամանակավոր կառավարիչ կամ կառավարիչ նշանակվել է սույն օրենքի պահանջների խախտմամբ։».

6) 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«10. Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում եռօրյա ժամկետում նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացնում է սույն հոդվածի 6-7-րդ մասերով սահմանված կարգով:»։

 

Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 27.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «սնանկության գործն ավարտվելու պահից» բառերից հետո լրացնել «, իսկ եթե խախտումը հայտնաբերվել է մինչև կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը, ապա՝ կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու պահից» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 27.4-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 5-րդ կետից հանել «առկայությունը կամ» բառերը.

2) 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7) մինչև կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը կառավարիչը վերացրել է կարգապահական վարույթ հարուցելու հիմք հանդիսացող հանգամանքները:»:

 

Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածում լրացնել նոր 7.1-ին մաս.

«7.1. Կառավարչին անհրաժեշտ տեղեկատվությունն էլեկտրոնային տեղեկատվական համակարգում ինքնաշխատ գեներացվում է հարցմամբ ներկայացված տեղեկությունների հիման վրա: Հարցման պատասխանն ինքնաշխատ պատրաստվում է էլեկտրոնային փաստաթղթի  ձևով, որը հավաստվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգի կողմից: Հարցման պատասխանը կարող է արտատպվել թղթային կրիչի վրա, որը պետք է պարունակի նշում այն մասին, որ այն համապատասխան էլեկտրոնային փաստաթղթի պատճենն է: Էլեկտրոնային տեղեկատվական համակարգից հարցման պատասխանի արտատպված օրինակը հավասարեցվում է տեղեկությունը տնօրինող համապատասխան մարմնից դիմումի հիման վրա ստացված պատասխանին:»:

 

Հոդված 11. Օրենքի 29.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասում լրացնել նոր 1.1 կետ.

«1.1) հանրային ծառայող է` հանրային ծառայության մեջ գտնվելու ժամկետով, բայց ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով.».

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-3-րդ և 5-9-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին կառավարիչը պարտավոր է տասնօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը` կցելով կասեցման հիմքերը հավաստող համապատասխան փաստաթղթերը: Սույն հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվում է, եթե կառավարիչը որակավորման վկայական ստանալուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն չի ներկայացնում կասեցման հիմքը վերանալը հավաստող համապատասխան փաստաթղթեր:»:

 

Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածում լրացնել նոր՝ 1.1-ին մաս.

 «1.1. Սույն օրենքի 27.4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում համապատասխան նյութերը ստանալուց հետո դատարանն իր նախաձեռնությամբ անդրադառնում է կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցին:»:

 

Հոդված 13. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «սահմանափակումները բառից հետո լրացնել «, բացառությամբ քրեական գործով վարույթի ընթացքում գույքի վրա դրված կալանքի» բառերը:

 

Հոդված 14. Օրենքի 7-րդ գլխում լրացնել նոր 47.1-ին հոդված.

«Հոդված 47.1. Պարտապանի գույքի վրա քրեական գործով վարույթի ընթացքում դրված կալանքի վերացման հարցի քննարկումը

  1. Պարտապանը, պարտատերերը կամ կառավարիչը իրավունք ունեն միջնորդությամբ դիմել դատարան՝ պարտապանի գույքի կազմում ներառված գույքի վրա քրեական գործով վարույթի ընթացքում դրված կալանքը վերացնելու վերաբերյալ, բացառությամբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գործի քննության ընթացքում դրված կալանքների։
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված միջնորդությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում դատարանը այդ միջնորդության պատճենն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, ինչպես նաև կառավարչին, եթե միջնորդությունը ներկայացվել է պարտապանի կամ պարտատիրոջ կողմից։
  3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը միջնորդությունն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում ուսումնասիրում և դատարանին տրամադրում է տեղեկություն միջնորդության մեջ նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պայմաններին համապատասխանության վերաբերյալ։
  4. Դատարանը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից ստանալու պահից եռօրյա ժամկետում որոշում է կայացնում միջնորդությունը մերժելու մասին, եթե պարտապանի գույքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ  հոդվածի 1.1-ին մասով սահմանված պայմաններին: Դատարանը բավարարում է միջնորդությունը, եթե պարտապանի գույքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պայմաններին: Եթե Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը միջնորդությունը ստանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում որևէ պատասխան չի տրամադրում պարտապանի գույքի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ  հոդվածի 1.1-ին մասով սահմանված պայմանների վերաբերյալ, ապա դատարանը մեկամսյա ժամկետը լրանալուց հետո` եռօրյա ժամկետում որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և միջնորդության մեջ նշված` պարտապանի գույքի վրա քրեական գործով վարույթի ընթացքում դրված կալանքը վերացնելու մասին:
  5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված միջնորդությունը բավարարելու մասին որոշման օրինակը դատարանը եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, պարտապանին և կառավարչին:»:

 

Հոդված 15. Օրենքի 76-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Կառավարիչը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն` պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին, որը, բացառությամբ հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով իրականացվող աճուրդի, փակցվում է նաև դատարանի շենքում` հատուկ հատկացված տեղում։ Պարտապանին պատկանող գույքի վաճառքը կազմակերպվում է ոչ շուտ, քան հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տրված վերջին հայտարարությունից 15 օր հետո` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:»:

 

Հոդված 16. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում «պարտավորությունները» բառից հետո լրացնել «սնանկ ճանաչված պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնված՝ կարճված կամ ավարտված դատական գործով նախապես վճարված պետական տուրքի գումարը» բառերը:

 

Հոդված 17. Օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասում «պարտատերերին բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սնանկության գործի շրջանակներից դուրս ապահովված իրավունքի առարկան իրացնելու գործընթաց սկսած ապահովված պարտատերերին բառերը:

 

Հոդված 18. Օրենքի 10-րդ գլխում լրացնել նոր՝ 90.1-ին հոդված.

«Հոդված 90.1. Սնանկության գործի ավարտի առանձնահատկությունները ապահովված պահանջներին առնչվող դատական վեճերի առկայության դեպքում

  1. Այն դեպքում, երբ ներկայացվել է սնանկության գործն ավարտելու մասին միջնորդություն և պարտապանը ֆինանսապես չի առողջացել կամ առկա է սույն օրենքի 89-րդ հոդվածով նախատեսված դեպք և սնանկության գործը ենթակա է ավարտման պարտապանի լուծարմամբ (գործունեության դադարմամբ), ապա դատարանի կողմից սնանկության գործն ավարտելու մասին միջնորդությունը քննարկվում է սույն օրենքով սահմանված կարգով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։
  2. Եթե այլ դատարանի վարույթում քննվում է դատական վեճ, որն ուղղակիորեն առնչվում է ապահովված իրավունքի առարկային, ապա ապահովված պարտատերն իրավունք ունի սնանկության գործն ավարտելու մասին ծանուցումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում դիմել դատարան՝ սնանկության վարույթը չավարտելու և իր պահանջների բավարարման գործընթացը շարունակելու պահանջով։
  3. Դատարանը ապահովված պարտատիրոջ կողմից սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմում ստանալու դեպքում այդ մասին մեկօրյա ժամկետում տեղեկացնում է այն դատարանին, որի վարույթում գտնվում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վեճով դատական գործը։
  4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դատարանը սույն հոդվածի 2-րդ մասում նշված կարգով սնանկության դատարանի կողմից տեղեկացվելուց հետո յոթնօրյա ժամկետում համապատասխան գործը իր որոշմամբ հանձնում է դատարանին: Դատարանը նշված գործերը վարույթ է ընդունում դրանք ստանալու օրվանից եռօրյա ժամկետում և դրանց քննությունն իրականացնում է որպես սնանկության գործի շրջանակներում հարուցված առանձին քաղաքացիական գործ՝ վարույթ ընդունելու օրվանից երեք ամսվա ընթացքում։
  5. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները գերազանցում են համապատասխան ապահովված պահանջի գումարը, ապա գերազանցող գումարի բաշխումն իրականացվում է սույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով:
  6. Դատարանը, սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ, սնանկության գործն ավարտելու մասին միջնորդությանը անդրադառնում է մեկամսյա ժամկետում՝

1) դատարանի կողմից առանձին քաղաքացիական գործի քննության արդյունքում կայացված վճռի օրինական ուժի մեջ մտնելուց և ապահովված պարտատիրոջ կողմից ապահովված իրավունքի առարկայի իրացման գործընթացի ավարտից կամ դատարանի կողմից առանձին քաղաքացիական գործի քննության արդյունքում ապահովված պարտատիրոջ կողմից ապահովված իրավունքի առարկայի նկատմամբ իրավունքների բացակայության վերաբերյալ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո.

2) դատարանի կողմից առանձին քաղաքացիական գործի քննության արդյունքում կայացված վճռի օրինական ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո, եթե ապահովված պարտատերը վճռի հրապարակումից հետո մեկ տարվա ընթացքում չի ավարտում ապահովված իրավունքի առարկայի իրացման գործընթացը.

3) ապահովված պարտատիրոջ կողմից ապահովված իրավունքի առարկայի իրացման գործընթացը դադարեցնելու մասին դատարանին տեղեկացնելուց հետո.

4) սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով բաշխումն իրականացնելուց հետո:

  1. Յուրաքանչյուր սնանկության գործով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները ենթակա են կիրառման միայն մեկ անգամ։»:

 

Հոդված 19. Օրենքի 95-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «վաճառքի» բառից հետո լրացնել «(բռնագանձման)» բառը, բացառությամբ բառից հետո լրացնել պարտապանի աշխատավարձն ու դրան հավասարեցված այլ վճարումները բառերը, իսկ «դրան» բառը փոխարինել «սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուն» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների բռնագանձումն իրականացվում է Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի 6–րդ գլխով սահմանված կարգով՝ սնանկության վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ: Սույն մասի գործողությունը տարածվում է ինչպես մինչև սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահը վճարված աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարներից կատարվող գանձումների վրա, այնպես էլ պարտապանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ստացվող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարներից կատարվող գանձումների վրա։».

3) լրացնել նոր 3.1-ին մաս.

«3.1. Ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում, սնանկության վարույթի ցանկացած փուլում դատարանը, կառավարչի դիմումի հիման վրա, առանց դատական նիստ հրավիրելու տրամադրում է կատարողական թերթ՝ պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վրա բռնագանձում տարածելու մասին: Դատարանը մերժում է կառավարչի դիմումը, եթե, հաշվի առնելով պարտատերերի պահանջների չափը, գտնում է, որ պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների չափը այնքան փոքրարժեք է, որ ողջամիտ չէ դրա նկատմամբ բռնագանձում տարածելը, ներառյալ, եթե պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների բռնագանձմամբ պարտատերերի պահանջները չեն բավարարվելու մինչև 72 ամսվա ընթացքում:»:

 

Հոդված 20. Օրենքի 105-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «պարտատերերի» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սնանկության գործի շրջանակներից դուրս ապահովված իրավունքի առարկան իրացնելու գործընթաց սկսած ապահովված պարտատերերի» բառերը:

2) լրացնել նոր 1.1-ին մաս.

«1.1. Դատավորը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը քննում և դատական ակտ է կայացնում այն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, եթե առկա չեն սնանկության վերաբերյալ գործի ավարտին չանդրադառնալու՝ սույն օրենքով նախատեսված հիմքերը::

 

Հոդված 21. Եզրափակիչ և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված կարգապահական վարույթների նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի նորմերը:
  3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված գործերով յուրաքանչյուր հերթական աճուրդները Արդարադատության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 491-Ն հրամանն ուժի մեջ մտնելու պահից անցկացվում են նույն հրամանով սահմանված կարգով:
  4. Սույն օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  1998 թվականի հուլիսի 1-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածում լրացնել նոր՝ 1.2-րդ մաս.

«1.2. Սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի վրա քրեական գործով դրված կալանքը կարող է վերացվել նաև «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    15.04.2022 - 30.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սնանկություն, Էլեկտրոնային արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5484

Տպել

Առաջարկներ`

Andranik Ghazaryan

24.04.2022

Առաջին՝արծում եմ ավելորդ ծանրաբեռնում է պարտապանի համար դատական ակտի պատճեն ներկայացնելը այն դեպքում երբ վճիռը հրապարակվում է դատալեքս համակարգով: Երկրորդ՝ պարտատերը կարող է հիմնավորել միայն իր հանդեպ առկա պարտավորությունը, սակայն առհասարակ՝ իր պարտաանի անվճարունակության կամ տնտեսական վիճակի վատթարացման մասով: Հետևաբար, առավել նպատակահարմար է նման գործառույթը վերապահել գործատուին:

Տեսնել ավելին