Հիշել նախագիծը

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության  մասին» 2005 թվականի օգոստոսի 13-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասը խմբագրել նոր հետևյալ բովանդակությամբ.

«1. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը խմբագրել նոր հետևյալ խմբագրությամբ.

«1. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում կառավարությունը`

  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը` ըստ կրթական ծրագրերի, ուսուցման հիմքի, ձևի, տևողության և որակավորումների,
  • հաստատում է Հայաստանի Հանրապետության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ լիազորված մարմնի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների հատկացման կարգը,

 6) հաստատում է արհեստա­գործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող  պետական  ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր ուսումնական տարվա  անվճար  ուսուց­մամբ  (նպաստի  ձևով  ուսման  վճարի  լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների,

7)  հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների նպատակային, այդ թվում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների ընդունելության ու գործուղման կարգը, ինչպես նաև մասնագիտությունների ցանկը,

8) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների պետական հավատարմագրման կարգը, չափանիշները և հավատարմագրի գործողության ժամկետը,

9) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման կարգը,

10) hաստատում է արհեստագործական և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգը,

11) հաստատում է արհեստագործական և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգը,

12)    հաստատում է արհեստագործական և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ուսանողների պետական կրթաթոշակի տրամադրման կարգը և չափը,

13)    հաստատում է արհեստագործական կրթություն իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ուսանողներին և մանկավարժներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը,

14) հաստատում է սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատության մանկավարժի համար հավելյալ վարձատրության տրամադրման կարգը,

15) հաստատում է արհեստագործական և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները և մրցույթի մասնակցության հայտի ձևը,

16) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը,

17) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը, 

18) հաստատում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական  հաստատություններում համապատասխան մասնագի­տությամբ կրթությունը շարունակելու կարգը,

19) հաստատում է կրթության որակավորումների շնորհման կարգը,

20) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերի ձևերը,

21) հաստատում է ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը,

22) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների, ներառյալ՝ արտադրական ուսուցման վարպետների, ատեստավորման կարգը,

23) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների, ներառյալ՝ արտադրական ուսուցման վարպետների, ատեստավորման հանձնաժողովների ձևավորման և գործունեության կարգը,

24) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա մանկավարժների, ներառյալ՝ արտադրական ուսուցման վարպետների, վերապատրաստման կարգը,

25) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների, ներառյալ՝ արտադրական ուսուցման վարպետների, որակավորման տարակարգի շնորհման հանձնաժողովների ձևավորման և գործունեության կարգը,

26) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների, ներառյալ՝ արտադրական ուսուցման վարպետների, որակավորման տարակարգի շնորհման կարգը,

27) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման միջոցով որակավորում ստացած մանկավարժների, ներառյալ՝ արտադրական ուսուցման վարպետների, դրույքաչափի փոփոխության և որոշակի ժամկետով հավելավճարի սահմանման կարգը,

28) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների որակավորման տարակարգ ստացած մանկավարժներին, ներառյալ՝ արտադրական ուսուցման վարպետներին, համապատասխան հավելավճարի տրամադրման կարգը,

29) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածը խմբագրել նոր հետյևալ խմբագրությամբ.

«1. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝

  • մշակում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման հայեցակարգը,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները և որակավորումների բնութագրերը՝ ըստ մասնագիտությունների ու կրթական աստիճանների,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների մասնագիտացումների ցանկերը,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը,
  • հաստատում է ուսանողների` մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման կարգը,
  • իրականացնում է վերահսկողություն արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարման, շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման և նրանց պատրաստման որակի նկատմամբ,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում որակի գնահատման և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգը,
  • իրականացնում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորումը, ինչպես նաև տալիս է գործունեության թույլտվություն ըստ մասնագիտությունների,
  • սահմանում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության փորձնական կրթական ծրագրերի իրականացման կարգը,
  • հաստատում է մեկից ավելի արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստանալու կարգը,
  • հաստատում է արհեստագործական կրթական ծրագրի անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) ձևերով ուսուցման կարգը,
  • հաստատում է հեռավար (դիստանցիոն) ձևերով ուսուցման կարգը,
  • հաստատում է դրսեկության (էքստեռնատ) ձևերով ուսուցման կարգը,
  • արհեստագործական կամ միջին մասնագիտականուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով աջակցում է արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կառավարման մարմինների ձևավորմանը և հաստատում ենթակայության գործող պետական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների կազմերը,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննության կազմակերպման և հավաստագրման, հավաստագրման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպության ընտրության և դիմած անձի վերապատրաստման կարգը,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսանողին ակադեմիական արձակուրդ տրամադրելու կարգը և ժամկետները,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից ուսանողի հեռացման և ազատման, ինչպես նաև ուսումնառությունը անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման կարգը,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթիկազմակերպման և անցկացման կարգը,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների, ներառյալ՝ արտադրական ուսուցման վարպետների, որակավորման տարակարգի բնութագրիչները և որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա մանկավարժներին, ներառյալ՝ արտադրական ուսուցման վարպետներին, վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների, ներառյալ՝ արտադրական ուսուցման վարպետների, սեփական նախաձեռնությամբ ատեստավորման կարգը,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման մանկավարժների, ներառյալ՝ արտադրական ուսուցման վարպետների, վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը:
  • հաստատում է պետական հավատարմագրում չունեցող կրթական ծրագրերով կամ ինքնակրթությամբ կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման կարգը,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգը,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը,
  • սահմանում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կարճաժամկետ դասընթացների կազմակերպման և վկայականների տրամադրման կարգը,
  • սահմանում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթականչափորոշիչների բաղադրիչները,
  • հաստատում է արհեստագործական միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևաչափերը,
  • հաստատում արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների նախագիծ մշակող աշխատանքային խմբի ձևավորման կարգը, արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառի ոլորտային հանձնաժողովների ձևավորման և գործունեության կարգը և փորձագիտական եզրակացությունների ձևաչափերը,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատման, քննությունների ու ստուգարքների անցկացման և փոխադրման կարգը,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդհանուր հանրակրթական առարկաների երաշխավորվող օրինակելի ուսումնական պլանները,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման ու անցկացման կարգը,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների փորձարկման և ներդրման կարգը,
  • տրամադրում է լուծարված ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի կրկնօրինակը` արխիվային հիմքերի առկայության դեպքում,
  • սահմանում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների անվանակոչությանկարգը,
  • սահմանում է «Տարվա լավագույն մանկավարժ» մրցույթի անվանակարգերը, դրանց պահանջները և անցկացմանկարգերը,
  • սահմանում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը,
  • սահմանում է ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերիցանկը և հաստատում դրանց լրացման (գործածման) կարգերը,
  • հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը,
  • հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը,
  • հաստատում է Հայաստանի Հանրապետությունում արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման, հաստատման և այդ ծրագրի կատարման մասին հաշվետվությունների ներկայացման կարգը,
  • հաստատում է Հայաստանի Հանրապետությունում արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող նախագծերի և ծրագրերի մշտադիտարկման և գնահատման կարգը,
  • հաստատում է Հայաստանի Հանրապետությունում արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի գործունեության մշտադիտարկման և գնահատման իրականացման կարգը,
  • իր իրավասությունների շրջանակում մշակում և հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի գործունեությունը կանոնակարգող այլ իրավական ակտեր,
  • իրականացնում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 3. Օրենքի 18.1-րդ հոդվածում 17-րդ մասը խմբագրել նոր հետևյալ բովանդակությամբ.

«17. Արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թեկնածուին խորհրդի կողմից կարող են տրվել հարցեր՝ իր կողմից խորհրդին ներկայացված ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագրի շրջանակներում:»:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածում 1-ին մասի 8-րդ կետի «բարձրագույն» բառը փոխարինել «արհեստագործական և միջին մասնագիտական» բառերով:

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածում 4-րդ մասից հետո լրացնել 5-ից և 25-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«5. Զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացվում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժի կամ արտադրական ուսուցման վարպետի ատեստավորում:

  1. Մանկավարժը կամ արտադրական ուսուցման վարպետը կարող է նաև իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման:
  2. Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության տնօրենը կազմում է ատեստավորման ենթակա  մանկավարժների և արտադրական ուսուցման վարպետների ցանկը և ներկայացնում կրթության պետական կառավարման լիազոր մարմնին:
  3. Ատեստավորման ենթակա մանկավարժը կամ արտադրական ուսուցման վարպետը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով նախապես անցնում է վերապատրաստման դասընթաց` կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան։
  4. Միջնակարգ կրթության երրորդ մակարդակին համապատասխան առարկայական ծրագիր վարող դասախոսը կարող է ատեստավորվել և տարակարգ ստանալ «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ուսուցչի ատեստավորման և տարակարգի շնորհման ընթացակարգով։
  5. Ատեստավորման ենթակա չէ`
  • տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող մանկավարժը կամ արտադրական ուսուցման վարպետը.
  • հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող վարպետը կամ դասախոսը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:
  1. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժը կամ արտադրական ուսուցման վարպետը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:
  2. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ճանաչված մանկավարժը կամ արտադրական ուսուցման վարպետը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:
  3. Ատեստավորման գործընթացում մանկավարժի կամ արտադրական ուսուցման վարպետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է մանկավարժի կամ արտադրական ուսուցման վարպետի դրույքաչափի փոփոխության և որոշակի ժամկետով հավելավճարի սահմանման համար։
  4. Մանկավարժի կամ արտադրական ուսուցման վարպետի կողմից հավաքագրվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները և նվազագույն չափաքանակը հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը։
  5. Ատեստավորված մանկավարժը կամ արտադրական ուսուցման վարպետը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել մանկավարժի կամ արտադրական ուսուցման վարպետի որակավորման տարակարգի շնորհման գործընթացին՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգին համապատասխան։
  6. Մանկավարժի կամ արտադրական ուսուցման վարպետի որակավորման տարակարգերը համապատասխանում են մանկավարժի կամ արտադրական ուսուցման վարպետի մասնագիտական չափորոշիչներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը` հիմք ընդունելով մանկավարժի կամ արտադրական ուսուցման վարպետի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական գործունեության ընթացքում ներդրած ուսումնամեթոդական կարողությունները, ցուցաբերած հանրային ակտիվությունը, իր ուսանողների արդյունքային ցուցանիշները, նոր ձեռք բերած կամ կատարելագործած փաստացի հմտությունները, մասնագիտական աշխատանքային ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):
  7. Մանկավարժի կամ արտադրական ուսուցման վարպետի որակավորման տարակարգի շնորհման հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
  • ենթակա է համապատասխան որակավորման տարակարգի շնորհման.
  • ենթակա չէ համապատասխան որակավորման տարակարգի շնորհման:
  1. Մանկավարժի կամ արտադրական ուսուցման վարպետի որակավորման տարակարգի շնորհման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազոր մարմին կամ դատական կարգով:
  2. Մանկավարժի կամ արտադրական ուսուցման վարպետի որակավորման տարակարգի շնորհման հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից մանկավարժին և արտադրական ուսուցման վարպետին որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու և հավելավճար սահմանելու համար։
  3. Ատեստավորման հանձնաժողովների` մանկավարժի կամ արտադրական ուսուցման վարպետի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է մանկավարժի կամ արտադրական ուսուցման վարպետի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:
  4. Որակավորման տարակարգ ստացած մանկավարժին կամ արտադրական ուսուցման վարպետին տրվում է համապատասխան հավելավճար արհեստագործական և միջին մասնագիտական ծրագիր իրականացնող հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Կառավարության սահմանած կարգով:
  5. Բողոքի առկայության դեպքում մանկավարժին կամ արտադրական ուսուցման վարպետին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշում կայացնելը։
  6. Որակավորման տարակարգի համար տրվող հավելավճարը դադարեցվում է, եթե տվյալ մանկավարժը կամ արտադրական ուսուցման վարպետը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել։
  7. Մեկ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունից այլ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն տեղափոխվող մանկավարժի կամ արտադրական ուսուցման վարպետի որակավորման տարակարգը պահպանվում է։
  8. Ոչ պետական արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության կամ կազմակերպության մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ստորաբաժանման մանկավարժը կամ արտադրական ուսուցման վարպետը կարող է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով մասնակցել տարակարգի շնորհման գործընթացին՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2026 թվականը: Եթե այլ իրավական ակտերով սահմանված է այլ ժամկետ, ապա գործում է այլ ակտով սահմանված ժամկետը:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    18.03.2022 - 02.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7559

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արփինե Դարբինյան

29.03.2022

Ողջույն, Ձեզ դիմում է ,,Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի,, դասախոս-կարիերայի ուղղորդման պատասխանատու Արփինե Դարբինյանը, համամիտ եմ նախագծի այն կետին , որ տարակարգի և ատեստավորման հնարավորություն ընձեռնել ոչ միայն հանրակրթական առարկաներ դասավանդող դասախոսներին,այլ նաև մոդուլներ դասավանդողներին: Առաջարկում եմ միջին մասնագիտական և նախնական /արհեստագործական/ կրթության հաստատություններին ևս ընդգրկել ,,Սոցփաթեթ,, համակարգում: Միջին մասնագիտական և նախնական /արհեստագործական/ կրթությունը հիմնականում դարձնել անվճար, հաշվի առնելով, հատկապես գյուղաբնակ բնակչության սոցիալական ծանր վիճակը:

Վահե Բաբայան

28.03.2022

1) Առաջարկում ենք 2-րդ հոդվածի 10 և 11 կետերից մեկը հանել, քանի որ նույնն են՝ 10) hաստատում է արհեստագործական և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգը, 11) հաստատում է արհեստագործական և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգը, 2) Կրթության զարգացման ռազմավարության մեջ հստակ շեշտադրված է՝ և՛ պետական, և՛ ոչ պետական ուսումնական հաստատությունները պետք է գտնվեն նույն մրցակցային դաշտում և որևէ առավելություն չունենան մեկը մյուսի նկատմամբ: Պետությունը պետք է տարանջատում չմտցնի այդ հարցում և որակյալ կրթության տրամադրման համար, կարծում եմ, պետք է ուսանողական նպաստ հատկացնի, ուսման վարձը փոխհատուցի և կրթաթոշակ սահմանի ոչ միայն պետական, այլ նաև հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների համար: Այսպիսով, հնարավոր կլինի անվճար տեղեր սահմանել նաև ոչ պետական ուսումնական հաստատությունների ուսանողների համար, ինչը իր հերթին կնպաստի կրթական որակի բարձրացմանը նաև մասնավոր հատվածում, քանի որ բացի պետականի և ոչ պետականի միջև հավասար պայմանների ապահովմանը, նաև առաջադիմության հարցում առողջ մրցակցություն կլինի կոնկրետ ուսումնական հաստատության ուսանողների շրջանակում: 3) 5-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն՝ “Ոչ պետական արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության կամ կազմակերպության մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ստորաբաժանման մանկավարժը կամ արտադրական ուսուցման վարպետը կարող է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով մասնակցել տարակարգի շնորհման գործընթացին՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։»” Առաջարկում ենք 5-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված տարակարգի շնորհման գործընթացին մանկավարժի կամ արտադրական ուսուցման վարպետի մասնակցությունը չսահմանափակել «հիմնադրի ֆինանսական միջոցներ»-ով, հնարավորություն տալով մանկավարժին կամ վարպետին օգտվել նաև սեփական, ինչպես նաև այլ ֆինանսական միջոցներից:

Տեսնել ավելին