Հիշել նախագիծը

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ է համարվում` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտը։

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի № 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի՝ գույքագրվել է ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող կառավարության և վարչապետի որոշումները, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները և նախաձեռնվել է դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ: Ընդ որում, հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան օրենքներն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը։

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ոլորտը հիմնականում կարգավորվում է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության  մասին» 2005 թվականի օգոստոսի 13-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք): Օրենքի հոդված 16 և 17-ով սահմանված են համապատասխանաբար ՀՀ կառավարության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները, որոշ իրավասություններ սահմանված են նաև Օրենքի այլ հոդվածներում: Սակայն ներկայումս գործում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ոլորտը կարգավորող մի շարք որոշումներ և հրամաններ, որոնց հաստատումը հստակ սահմանված չէ Օրենքում և խնդիր է առաջանում անհրաժեշտությունից ելնելով իրավական ակտերում կատարել փոփոխություններ և լրացումներ: Միաժամանակ, ելնելով ՀՀ կառավարության կողմից տարվող քաղաքականությունից՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել և հաստատել նոր իրավական ակտեր, որոնք լիազորված չեն որևէ օրենքով:

Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել և շտկել տեխնիկական վրիպակը, ինչպես նաև առաջարկվել է խմբագրել Օրենքի 18.1 հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեկնածուն հավաստագիր ստանալու ընթացքում արդեն իսկ թեստավորման և հարցազրույցի միջոցով պատասխանել է կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական և ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ հարցերին: Վերոնշյալ կետը խմբագրվել է և հնարավորություն է տրվել խորհրդին տալ հարցեր՝ թեկնածուի կողմից ներկայացված ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագրի շրջանակներում:

Օրենքի 22-րդ հոդվածում առաջարկվել է լրացնել նոր 5-ից և 25-րդ մասերը, որոնք սահմանում են մանկավարժների ատեստավորման, որակավորման տարակարգի շնորհման, ինչպես նաև հավելավճար սահմանելու գործընթացների վերաբերյալ դրույթներ: Հարկ եմ համարում նշել, որ վերոնշյալ գործընթացի կարգավորման համար անհրաժեշտ իրավական ակտերի ընդունման լիազորող նորմեր նույնպես սահմանվել են համապատասխան հոդվածներում:

 

  1. Կարգավորման առարկան

Սույն նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ), որը հնարավորություն կնձեռնի ՀՀ կառավարության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնին ընդունել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ոլորտը կարգավորող իրավական ակտեր:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է նաև Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ կետի 4.3-րդ ենթակետի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի առաջին և չորրորդ պարբերություններով սահմանված նպատակներից: Նախագծով առաջարկվող լիազորող նորմերում լրացվել են նոր իրավական ակտեր, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ լիազորված մարմնի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների հատկացման կարգը և Հոդված 2-ի 22-ից 28-րդ կետերը ու Հոդված 3-ի 20-ից 24-րդ կետերը, որոնց ընդունումից հետո կսահմանվեն նոր մասնագիտությունների ներդրման, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացման, ընդունելության տեղերի բաշխման նոր մեթոդաբանություն, ինչպես նաև մանկավարժների մասնագիտական զարգացման և ատեստավորման համակարգերի ներդրում՝ կապակցված վարձատրության մեխանիզմներին:

 

 Տեղեկանք

««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության  մասին» օրենքում փոփոխությունների կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    18.03.2022 - 02.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4130

Տպել

Առաջարկներ`

Արփինե Դարբինյան

29.03.2022

Ողջույն, Ձեզ դիմում է ,,Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի,, դասախոս-կարիերայի ուղղորդման պատասխանատու Արփինե Դարբինյանը, համամիտ եմ նախագծի այն կետին , որ տարակարգի և ատեստավորման հնարավորություն ընձեռնել ոչ միայն հանրակրթական առարկաներ դասավանդող դասախոսներին,այլ նաև մոդուլներ դասավանդողներին: Առաջարկում եմ միջին մասնագիտական և նախնական /արհեստագործական/ կրթության հաստատություններին ևս ընդգրկել ,,Սոցփաթեթ,, համակարգում: Միջին մասնագիտական և նախնական /արհեստագործական/ կրթությունը հիմնականում դարձնել անվճար, հաշվի առնելով, հատկապես գյուղաբնակ բնակչության սոցիալական ծանր վիճակը:

Վահե Բաբայան

28.03.2022

1) Առաջարկում ենք 2-րդ հոդվածի 10 և 11 կետերից մեկը հանել, քանի որ նույնն են՝ 10) hաստատում է արհեստագործական և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգը, 11) հաստատում է արհեստագործական և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգը, 2) Կրթության զարգացման ռազմավարության մեջ հստակ շեշտադրված է՝ և՛ պետական, և՛ ոչ պետական ուսումնական հաստատությունները պետք է գտնվեն նույն մրցակցային դաշտում և որևէ առավելություն չունենան մեկը մյուսի նկատմամբ: Պետությունը պետք է տարանջատում չմտցնի այդ հարցում և որակյալ կրթության տրամադրման համար, կարծում եմ, պետք է ուսանողական նպաստ հատկացնի, ուսման վարձը փոխհատուցի և կրթաթոշակ սահմանի ոչ միայն պետական, այլ նաև հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների համար: Այսպիսով, հնարավոր կլինի անվճար տեղեր սահմանել նաև ոչ պետական ուսումնական հաստատությունների ուսանողների համար, ինչը իր հերթին կնպաստի կրթական որակի բարձրացմանը նաև մասնավոր հատվածում, քանի որ բացի պետականի և ոչ պետականի միջև հավասար պայմանների ապահովմանը, նաև առաջադիմության հարցում առողջ մրցակցություն կլինի կոնկրետ ուսումնական հաստատության ուսանողների շրջանակում: 3) 5-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն՝ “Ոչ պետական արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության կամ կազմակերպության մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ստորաբաժանման մանկավարժը կամ արտադրական ուսուցման վարպետը կարող է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով մասնակցել տարակարգի շնորհման գործընթացին՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։»” Առաջարկում ենք 5-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված տարակարգի շնորհման գործընթացին մանկավարժի կամ արտադրական ուսուցման վարպետի մասնակցությունը չսահմանափակել «հիմնադրի ֆինանսական միջոցներ»-ով, հնարավորություն տալով մանկավարժին կամ վարպետին օգտվել նաև սեփական, ինչպես նաև այլ ֆինանսական միջոցներից:

Տեսնել ավելին