Հիշել նախագիծը

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ

««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

  • Առաջին, վերանայել փաստաբանների պալատի խորհրդի և պալատի նախագահի դերակատարությունը փաստաբանների պալատի գործադիր կառավարման հարաբերություննեում` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը` որպես փաստաբանության գործունեության ինքնակառավարման սկզբունքի արտահայտում.
  • Երկրորդ, վերանայել փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերը և ներքին կառավարման իրականացման կարգը։ Մասնավորապես, նախատեսել նոր մասնագիտացված մարմիններ` կարգապահական հանձնաժողովը և վերահսկողության հանձնաժողովը։ Ընդ որում, առաջարկվում է այդ մարմինների կազմում, բացառությամբ խորհրդի, ներառել ներկայացուցիչներ, որոնք փաստաբանների պալատի անդամներ չեն. օրինակ` Արդարադատության նախարարությունց, Ֆինանսների նախարարությունից, վճռաբեկ դատարանից, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, բարձրագույն ուսումնական հաստատություններից, հասարակական կազմակերպություննեից։ Միաժամանակ, առաջարկվում է հստակ նախատեսել բոլոր մարմինների ձևավորման և գոծունեության առանձնահատկությունները. օրինակ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք, ինչպես և խորհուրդը, պալատի առանձին մարմին են՝ նպատակահարմար է, որպեսզի ձևավորվեն նույն սկզբունքով ինչ խորհուրդը, այն է՝ պալատի գործունեությունը կանխորոշելու իրավասությամբ օժտված ժողովի կողմից: Արդյունքում պալատի մարմինները ձևավորելու իրավասությունը կվերապահվի միայն դրա բարձրագույն մարմնին՝ ժողովին:
  • Երրորդ, հնարավոր շահերի բախումներից խուսափելու նպատակով առաջարկվում է բացառել մեկ մարմնի անդամի կամ պաշտոնատար անձի միաժամանակյա ներգրավումը տարբեր մարմիններում:
  • Չորրորդ, փաստաբանության, դրա մասնագիտական կազմավորման ապաքաղաքականացվածությունն ապահովելու նպատաակով առաջարկվում է սահմանել պալատի նախագահի և փաստաբանան դպրոցի տնօրենի` կուսակցության անդամակցության արգելքի և քաղաքական չեզոքություն ու զսպվածություն դրսևորելու պահանջները, ինչպես նաև խորհրդի անդամների քաղաքական չեզոքություն ու զսպվածություն դրսևորելու պահանջը։
  • Հինգերորդ, պալատի կառավարման արդյունավետութան երաշխավորման տեսանկյունից առաջակվում է սահմանել պալատի նախագահի` իր պաշտոնավարման ընթացքում փաստաբանական գործունեությամբ չզբաղվելու պահանջը։
  • Վեցերորդ, առաջարկվում է վերանայել պալատի նախագահի դերակատարությունը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կազմի ձևավորման և գործունեության վերահսկողության առումով: Ներկայիս կարգավորումների պարագայում պալատի նախագահը վերահսկողություն է իրականացնում հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ Կառավարություն է ներկայացնում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը, ավելին հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը խորհրդի կողմից ընտրվում և վերջինիս լիազորությունները դադարեցվում են պալատի նախագահի ներկայացմամբ: Նշվածի համատեքստում առաջարկվում է հանրային պաշտպանի գրասենյակի ձևավորման և գործունեության նկատմամբ վերահսկողության իրավասությունները վերապահել խորհրդին և վերահսկողության հանձնաժողովին, ինչը կապահովի նշված ոլորտում ինքնակառավարման և կոլեգիալության ապահովումը, ինչպես նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կազմի ու գործունեության առավել անկախ լինելը: Այս նպատակի իրականացման համար առաջարկվում է, որ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին խորհուրդը նշանակի ոչ թե պալատի նախագահի ներկայացմամբ, այլ խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունենա առաջադրել իր թեկնածուին, նույն գործընթացը առաջարկվում է կիրառել նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելիս: Նշվածը պայմանավորված է հանրային պաշտպանի գրասենյակի կարևոր դերակատարմամբ:
  • Յոթերորդ, վերանայել պալատի նախագահի դերակատարությունը փաստաբանական դպրոցի ղեկավարման գործունեությունում: Ներկայումս պալատի նախագահը ի պաշտոնե համարվում է փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի անդամ և նախագահ, իսկ փաստաբանական դպրոցի տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը նախագահի առաջարկությամբ: Այսպիսով, մեծ է պալատի նախագահի ազդեցությունը նաև փաստաբանական դպրոցի ղեկավար կազմի ձևավորման և գործունեության կանխորոշման հետ կապված հարաբերություններում: Սակայն, հաշվի առնելով փաստաբանական դպրոցի գործունեության կարևորությունը, վերջինիս անկախության համար երաշխիքների անհրաժեշտությունը և դրա ձևավորման գործընթացում կոլեգիալության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, առաջարկվում է, որ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի փաստաբան անդամներին ընտրի խորհուրդը, որտեղ ի պաշտոնե ներառված չի լինի, առավել ևս որպես դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, պալատի նախագահը: Փոխարենը, փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը իր կազմից կընտրի իր նախագահին: Ինչ վերաբերում է փաստաբանական դպրոցի տնօրենին, ապա առաջարկվում է, որ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի ցանկացած անդամ հնարավորություն ունենա առաջադրել իր թեկնածուին, որն էլ խորհրդի կողմից կընտրվի տնօրեն:
  • Ութերորդ, վերանայել ժողովի, խորհրդի և պալատի նախագահի լիազորությունների շրջանակը` հիմնվելով ինքնակառավարման սկզբունքի և կոլեգիալության տրամաբանության վրա: Մասնավորապես, պալատի նախագահը ներկայումս իրականացնում է մի շարք գործառույթներ, որոնք իրենց բնույթով պիտի վերապահվեն պալատի խորհրդին. օրինակ՝ փաստաբանների պալատի բյուջեի հաստատումը, փաստաբանի վարքագծի կանոնագրքով և փաստաբանների պալատի ներքին ակտերով նախատեսված նորմերի վերաբերյալ պարզաբանումներ տալը, վերահսկողությունը հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ և այլն:
  • Իններորդ, վերանայել փաստաբանների պալատի մարմինների անդամների ընտրության վարկանիշային կարգով գաղտնի քվեարկության անցկացման կարգը` այդ մարմինների հնարավոր ներկայացվածությունն ապահովելու նպատակով:
  • Տասերորդ, վերանայել կարգապահական վարույթի ընթացքը կարգավորող դրույթները, ինչպես նաև սուբյեկտներին՝ ներկայացվածության հիման վրա ձևավորելով կարգապահական հանձնաժողով, սահմանել կարգապահական վարույթի շրջանակներում փաստաբանական գաղտնիքի պահպանման երաշխիքներ:
  • Տասնմեկերորդ, նախատեսել վերապատրաստումներին չմասնակցելու, անդամավճարները չվճարելու կամ անհատույց իրավաբանական օգնության տրամադրման մասին հաշվետվություններ չտրամադրելու հիմքով հարուցվող կարգապահական վարույթների և դրանց քննության պարզեցված կարգ:
  • Տասներկուերորդ, վերանայել փաստաբանի որակավորման քննությունների անցկացման կարգը, որպես այլընտրանք նախատեսելով նաև առանց փաստաբանական դպրոց ընդունվելու որակավորման քննություններին մասնակցության հնարավորությունը, որոշակի պահանջների պահպանման դեպքում:
  • Տասներեքերորդ, ընդլայնել անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակը:
  • Տասնչորսերորդ, նախատեսել մեխանիզմներ, որպեսզի հանրային պաշտպանի գրասենյակը անձանց հանրային պաշտպանությունը կարողանա կազմակերպել նաև հանրային պաշտպան չհանդիսացող այլ անձանց միջոցով:
  • Տասնհինգերորդ, նախատեսել կամավոր անհատույց օգնության վերաբերյալ կարգավորումներ՝ սահմանելով կամավոր անհատույց օգնություն տրամադրող անձանց շրջանակը, կամավոր անհատույց օգնության տրամադրման եղանակները և շրջանակները, երաշխավորելով կամավոր անհատույց օգնության խրախուսումը, ինչպես նաև ապահովելով կամավոր անհատույց իրավաբանական օգնության հաշվետվողականությունը:
  • Քննարկվել է

    13.01.2022 - 28.01.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 724

Տպել