Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության

 1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Հայաստանի Հանրապետությունում շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ կատարողական վարույթի շրջանակում հետախուզվող ՏՄ-ները ենթակա են պարտադիր տեխնիկական զննության: Հետախուզվող ՏՄ-ների հայտնաբերման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու և հարկադիր կատարման ենթակա ակտերի պահանջների փաստացի կատարումն ապահովելու նպատակով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ՏՄ-ների տեխնիկական զննություն անցնելու համար տեխնիկական զննություն իրականացնողի կողմից ՏՄ-ի նկատմամբ հարկադիր կատարողի կողմից հետախուզում հայտարարված լինելու հանգամանքը էլեկտրոնային համակարգի միջոցով պարզելու, իսկ էլեկտրոնային համակարգի միջոցով պարզելու անհնարինության դեպքում՝ առանձին փաստաթուղթ ներկայացնելու պահանջ, որով կհավաստվի տվյալ ՏՄ-ի նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հայտարարված հետախուզման բացակայության հանգամանքը։ Հակառակ դեպքում ՏՄ-ն տեխնիկական զննության չի ենթարկվի, ինչն իր հերթին կհանգեցնի «Ճանապարհային երթեվեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետի հիման վրա  տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելուն։

2.Առկա իրավիճակը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշմամբ սահմանված է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը։ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 5-րդ հոդվածը որպես հարկադիր կատարման միջոցներ նախատեսում է նաև գույքի վրա բռնագանձում տարածելը, այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը և կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը։ Հարկադիր կատարման այս միջոցները կիրառելիս հանդիպում են բազմաթիվ դեպքեր, երբ հարկադիր կատարողը չի կարողանում պարզել պարտապանի գույքի գտնվելու վայրը։ Նույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում պարտապանի գույքի հետախուզում հայտարարելու մասին: Տրանսպորտային միջոցների հետախուզումն իրականացվում է նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցումներ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ ուղարկելու միջոցով։

Գործող իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՏՄ-ների տեխնիկական զննության գործընթացը ներկայումս գործնականում որևէ կերպ չի նպաստում կատարողական վարույթի շրջանակում հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերմանը։ Նման իրավիճակը հետևանք է նաև այն բանի, որ ներկայումս գործող իրավական ակտերով սահմանված չէ ՏՄ-ի հետախուզման և տեխնիկական զննության գործընթացի միջև որևէ ուղղակի կապ։ Այլ կերպ ասած՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ՏՄ-ի հետախուզում հայտարարված լինելը տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության գործընթացի վրա որևէ ազդեցություն չի ունենում ։ Կատարողական վարույթի շրջանակում հետախուզվող տրանսպորտային միջոցները որպես կանոն հայտնաբերվում են հաշվառման քննական ստորաբաժանումներում գործողություն կատարելու նպատակով ներկայանալու դեպքում կամ Ճանապարհային ոստիկանություն ծառայության կամ Պարեկային ծառայության ծառայողների ծառայության ընթացքում ՏՄ-ն երթևեկության ընթացքում հայտնաբերելիս։ Ընդ որում, նշված եղանակներով հայտնաբերված ՏՄ-ները հետախուզվող ՏՄ-ների ընդհանուր թվի մեջ բավականին փոքր տոկոս են կազմում։

Վերոգրյալի արդյունքում ակնհայտ է, որ կատարողական վարույթի շրջանակում հետախուզվող ՏՄ-ների հայտնաբերման գործիքակազմը ներկայումս անբավարար է և հաճախ ոչ արդյունավետ՝ հետախուզվող ՏՄ-ն փաստացի հայտնաբերելու համար։ Միաժամանակ ակնհայտ է, որ ՏՄ-ների պարտադիր տեխնիկական զննության ենթակա լինելու պայմաններում տեխնիկական զննության գործընթացում կատարողական վարույթի շրջանակում հետախուզում հայտարարված լինելու հանգամանքին իրավական նշանակություն տալը կարող է լուրջ խթան հանդիսանալ՝ հետախուզվող ՏՄ-ները հենց դրանք շահագործողների կողմից հետախուզման դադարեցմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը, արդյունքում՝ հետախուզման փաստացի դադարեցմանը։

Հետախուզվող տրանսպորտային միջոցը չհայտնաբերելու արդյունքում կատարողական վարույթներն ավարտվում են պարտապանի գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով («Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-րդ կետ), և հարկադիր կատարման ենթակա ակտի պահանջի կատարումը տևական ժամանակ հնարավոր չի լինում կատարել։ Մինչդեռ հետախուզվող գույքի հայտնաբերման գործիքակազմի ու իրավական հիմքերի կատարելագործումը հնարավորություն կտա էականորեն կրճատել նման դեպքերը՝ այդպիսով ապահովելով նաև կատարողական վարույթով պահանջատիրոջ՝ Սահմանադրությամբ ու միջազգային իրավական ակտերով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը։

Ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ 01.10.2021 թ. դրությամբ կատարողական վարույթի շրջանակում հարկադիր կատարողի կողմից կայացված որոշման հիման վրա հետախուզման մեջ է 41536 տրանսպորտային միջոց։ Ավելին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից միայն 2020 թվականի ընթացքում պարտապանի գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով  ավարտվել է 171.579 կատարողական վարույթ, իսկ 2021թ. մինչև սեպտեմբեր ամիսը 417.377 կատարողական վարույթ։ Ընդ որում, այս հիմքով ավարտված կատարողական վարույթների զգալի տոկոսը կազմում են հենց տրանսպորտային միջոցի հետախուզմամբ ավարտված կատարողական վարույթները, իսկ փաստացի հետախուզվող ՏՄ-ների և նշված հիմքով ավարտված կատարողական վարույթների միջև քանակական զգալի տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաճախ միևնույն ՏՄ-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվում միևնույն պարտապանի մասնակցությամբ մի քանի վարույթների շրջանակում։

ՏՄ-ների նկատմամբ կատարողական վարույթի շրջանակում հետախուզում հայտարարելը ոչ միայն էական ազդեցություն է ունենում կատարողական վարույթի վրա՝ հաճախ արգելակելով դրա հետագա ընթացքը և հանգեցնելով վարույթի ավարտմանը, այլև հետախուզվող ավտոմեքենաների՝ Ճանապարհային ոստիկանության կողմից հայտնաբերման դեպքում առաջացնում է մի շարք լրացուցիչ ծախսեր։ Մասնավորապես, հետախուզվող ՏՄ-ների հայտնաբերումը ժամանակատար ու ծախսատար գործընթաց է նախևառաջ Ճանապարհային ոստիկանություն ծառայության և Պարեկային ծառայության համար։ Երկրորդ, հայտնաբերված ՏՄ-ներն առգրավվում, ապա՝ տեղափոխվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հատուկ պահպանվող տարածք, ապա՝ պահվում այդ տարածքում՝ մինչ կատարողական վարույթի շրջանակում դրանց հարկադիր իրացումը։ Այս գործընթացը մեծ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում ու առաջացնում անհամաչափ, իսկ առավել հաճախ նաև չհատուցվող ծախսեր։ Ուստի հետախուզվող ՏՄ-ների հայտնաբերման այլ գործիքակազմի նախատեսումը հնարավորություն կտա նաև էականորեն կրճատել հետախուզվող ինչպես Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, այնպես էլ Ոստիկանության կողմից կատարվող՝ ՏՄ-ները հայտնաբերելու, առգրավվելու, տեղափոխելու և պահելու հետ կապված ծախսերը։

Հարկ է ընդգծել նաև, որ ՏՄ-ների տեխնիկական զննության գործընթացն իրականացնելու համար հարկադիր կատարողի որոշմամբ ՏՄ-ի նկատմամբ հետախուզում հայտարարված լինելու հանգամանքը պարզելու պահանջի սահմանումը կհանդիսանա նաև կատարողական վարույթի շրջանակում ունեցած պարտավորությունների կատարումն ապահովող հարկադրանքի «փափուկ միջոց», որն էականորեն կնպաստի կատարողական վարույթով պարտապանների կողմից պարտավորությունը կատարելուն՝ ապահովելով նաև կատարողական ծախսի ձևով համապատասխան մուտքեր պետական բյուջե։

Վերոգրյալի հիման վրա ակնհայտ է, որ առկա է Հայաստանի Հանրապետությունում կատարողական վարույթի շրջանակում հետախուզվող տրանսպորտային միջոցները փաստացի հայտնաբերելու իրավական հիմքերի ու գործիքակազմերի կատարելագործման անհրաժեշտություն։

3.Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

 Նախագծի ընդունման արդյունքում կընդլայնվի հետախուզվող ՏՄ-ների հայտնաբերման գործիքակազմը, կնախատեսվեն նոր կարգավորումներ՝ հետախուզման մեջ գտնվող ՏՄ-ների փաստացի հայտնաբերման համար, ինչի արդյունքում էականորեն կնվազի հետախուզվող ՏՄ-ները թաքցնելու հնարավորությունը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կրճատել պետական բյուջեից կատարողական վարույթի շրջանակներում հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման, առգրավման, հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու և այնտեղ պահպանելու հետ կապված ծախսերը։Նախագծի ընդունումը կնպաստի նաև կատարողական վարույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը, իսկ Նախագծով առաջարկվող գործիքակազմի ներդրումը հնարավորություն կտա հարկադրանքի «փափուկ միջոցների» կիրառմամբ ապահովել հարկադիր կատարման ենթակա ակտերի պահանջների փաստացի կենսագործումը։

 4.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։

5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

6.«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 5․3 կետով սահմանված՝ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման, մասնավորապես՝ կատարողական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակից:

  • Քննարկվել է

    08.11.2021 - 23.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1582

Տպել