Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերը կանխելու և հարկային հաշվառման որոշ հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ։
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերի տարբերությունները հնարավորություն են տալիս ագրեսիվ հարկային պլանավորման։ Մասնավորապես, հաճախ կազմակերպությունները, չունենալով ֆինանսական միջոցների կարիք, ֆիզիկական անձանցից ներգրավում են փոխառություններ, որոնց դիմաց վճարված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով, միաժամանակ, այդ տոկոսները նվազեցվում են շահութահարկով  հարկման բազայից, հետևաբար՝ պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարը նվազում է ավելի մեծ չափով։ Ընդ որում՝ տվյալ դեպքում կազմակերպությունները խուսափում են նաև շահաբաժինների և արդյունքում դրանց մասով հաշվարկվող եկամտային հարկի վճարումից։ Փաստորեն, նկարագրված իրավիճակներում, կազմակերպությունները վճարում են 10 տոկոս եկամտային հարկ, սակայն շահութահարկը նվազում է 18 տոկոսով, և չեն վճարում շահաբաժնիններից՝ 5 տոկոս դրույքաչափով գանձվող եկամտային հարկը։

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

 Հաշվի առնելով նկարագրված իրավիճակները, ինչպես նաև ելնելով ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանցից դրամական միջոցների ներգրավվման մասով խոչընդոտներ չստեղծելու հանգամանքից, նախագծով առաջարկվում է վերանայել միայն բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներին տրամադրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսների մասով եկամտային հարկի դրույքաչափը։ Մասնավորապես, առաջարկվում է բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներին տրամադրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսների մասով եկամտային հարկի դրույքաչափը սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ի մասով սահմանված ընդհանուր չափին համապատասխան։

  1. Կարգավորման առարկան. Ֆիզիկական անձանցից փոխառությունների տրամադրման միջոցով կազմակերպությունների կողմից հարկերից խուսափելու դեպքերի կանխումը, հարկային գործակալներից ստացվող որոշ եկամուտների մասով եկամտային հարկի հաշվառման կանոնակարգումը։
  2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

6 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:

7 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կանխել կազմակերպությունների կողմից ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերը։

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի առա­ջաց­­նում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

 

  • Քննարկվել է

    26.10.2021 - 10.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2349

Տպել