Հիշել նախագիծը

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման (այսուհետ նաև՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) հավելված N1-ի 131-րդ, 132-րդ և 137-րդ կետերից, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիային համապատասխանությունը ապահովելու նպատակով ստանձնած միջազգային պարտավորություններից:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր:

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

1)Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման (այսուհետ նաև՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) հավելված N1-ի 131-րդ կետի համաձայն՝ Հակակոռուպցիոն ռազմավարության և ոլորտային ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովվելու է մշտադիտարկման ու գնահատման արդյունավետ համակարգի ներդրմամբ: Համաձայն 132-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման հրապարակային, թափանցիկ, նորարար և հասարակության ակտիվ մասնակցության վրա հիմնված մշտադիտարկման ու գնահատման համակարգի ներդրումը:

Մինչդեռ, մշտադիտարկման և գնահատման շրջանակներում պարզ է դարձել, որ Հակակոռուպցիոն ռազմավարության 133-140-րդ կետերով սահմանված ընթացակարգը հնարավորություն է տալիս Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկումը և գնահատումն իրականացնել կատարողականի հիման վրա՝ ընթացքի մասին համառոտ տեղեկությունների ստացման և դրանց վերլուծման միջոցով: Բացի այդ, պատասխանատու մարմինների կողմից միայն ընթացքի մասին համառոտ տեղեկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (այսուհետ նաև՝ Նախարարություն) հնարավորություն չի տալիս պարզելու կատարված գործողությունների փաստացի համապատասխանությունը ռազմավարությամբ ամրագրված նպատակին, պարզելու միջանկյալ մակարդակում գրանցված արդյունքները, վեր հանելու թերությունները, խնդիրները, կարգավորման բացերը: Գնահատման իրականացման շրջանակներում խնդիրներ է առաջացնում գնահատման չափանիշների բացակայությունը։ Նման պայմաններում նախատեսված ընթացակարգը Նախարարությանը հնարավորություն չի տալիս իրականացնելու Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման որակական մշտադիտարկում և գնահատում:

Բացի այդ, Ռազմավարության իրականացման համար պատասխանատու մարմինների կողմից տրված հաշվետվությունները ամփոփելու, վերլուծելու, մշտադիտարկում և գնահատում իրականացնելու համար Հակակոռուպցիոն ռազմավարությամբ Արդարադատության նախարարությանը տրված է ընդամենը 2-օրյա ժամկետ, ինչը ողջամիտ ժամկետ չէ նշված աշխատանքների իրականացման, խնդիրների և բացերի հայտնաբերման, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման գործընթացին քաղաքացիական հասարակության ներգրավումն ապահովելու համար: Նշված սեղմ ժամկետը նաև հնարավորություն չի տալիս քաղաքացիական հասարակության կազմակերպություններին մինչև Նախարարության կողմից մշտադիտարկման և գնահատման հաշվետվություն կազմելը իրականացնելու Հակակոռուպցիոն ռազմավարության այլընտրանքային մշտադիտարկում և գնահատում, կազմելու այլընտրանքային զեկույցներ և մասնակցային մոնիթորինգի շրջանակներում դրանք ներկայացնելու Արդարադատության նախարարությանը:

Հատկանշական է, որ մշտադիտարկման և գնահատման արդյունավետ և ճկուն կառուցակարգի երաշխավորման անհրաժեշտությունը կարևորում են նաև միջազգային կազմակերպությունները:

Այսպես, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի (2014-2018թթ.) մշտադիտարկման 4-րդ փուլի 2018 թվականի զեկույցով[1] արձանագրվել էր, որ Հայաստանում 2018 թվականի դրությամբ հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման և գնահատման կառուցակարգերը ճկուն չէին, մշտադիտարկման (վերստուգիչ) ցուցիչները սահմանված չէին, ապահովված չէր քաղաքացիական հասարակության մասնակցությունը մշտադիտարկման և գնահատման իրականացմանը՝ ինչից ելնելով առաջարկվել էր ներդնել մշտադիտարկման և գնահատման ճկուն և մասնակցային կառուցակարգեր: Հաշվի առնելով վերոնշյալը` 2019-2022 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանվել են մշտադիտարկման ու գնահատման կառուցակարգեր, մշտադիտարկման ցուցիչներ։ Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշվեց՝ դեռևս առկա են խնդիրներ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության ապահովման, մշտադիտարկման (վերստուգիչ) ցուցիչների հստակության, միջանկյալ մակարդակում արդյունքային մշտադիտարկման ապահովման առնչությամբ։

ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման 5-րդ պիլոտային փուլի 2021 թվականի (այսուհետ նաև՝ ՏՀԶԿ-ի 2021 թվականի գնահատում) զեկույցի նախագծի շրջանակներում ևս անդրադարձ է կատարվել Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկմանը և գնահատմանը՝ ընդգծելով միջանկյալ մակարդակում մշտադիտարկման իրականացման անհրաժեշտությունը՝ կատարվող գործողությունների արդյունքը պարզելու նպատակով և միջանկյալ մակարդակում մշտադիտարկման իրականացման համար Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների յուրաքանչյուր բաժնի համար արդյունքային ցուցիչներ սահմանելու անհրաժեշտությունը: ՏՀԶԿ-ի կողմից միաժամանակ որպես խնդիր է նշվել այն, որ մշտադիտարկման իրականացման շրջանակներում չեն օգտագործվում էլեկտրոնային գործիքներ:

ՄԱԿ-ի «Հակակոռուպցիոն ազգային ռազմավարություններ. զարգացման և կիրարկման գործնական ուղեցույցով»[2] կարևորվում է մշտադիտարկման և գնահատման արդյունավետ մեխանիզմների կիրառումը՝ որպես հակակոռուպցիոն ռազմավարության արդունավետ իրականացման գրավական: Համաձայն նշված ուղեցույցի՝ մշտադիտարկումը և գնահատումը հնարավորություն են տալիս պարզել առաջընթացը, բացահայտել առկա բացերը և մարտահրավերները, դրանց լուծման մեխանիզմներ մշակել: Բացի այդ, նշվում է, որ մշտադիտարկման գործընթացին պետք է մասնակցեն մշտադիտարկում իրականացնող մարմինը, շահագրգիռ/պատասխանատու մարմինները և քաղաքացիական հասարակությունը: Մշտադիտարկման և գնահատման շրջանակներում կարևորվում է նաև կատարված միջոցառումների ազդեցության գնահատումը, խնդիրների և բացերի վերհանումը, լուծման ուղիների շտկումը:

2013 թվականին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (ՄԱԿԹՀՊԳ/UNODC) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) հրավերով ու Մալայզիայի Կառավարության հետ համագործակցությամբ տեղի է ունեցել ներկայացուցչական կազմով միջազգային քննարկում, որին մասնակցել են հակակոռուպցիոն պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները, ամբողջ աշխարհի հակակոռուպցիոն ոլորտի փորձագետները (այդ թվում՝ ՄԱԶԾ, ՄԱԿԹՀՊԳ, Համաշխարհային բանկի, ԱԶԲ/ՏՀԶԿ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հակակոռուպցիոն նախաձեռնության, Թրանսփարենսի Ինթերնեշնլի և U4 հակակոռուպցիոն ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչները): Նշված քննարկման արդյունքում ընդունվել է «Հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարությունը»[3], որով ևս կարևորվում է հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի արդյունավետության ապահովումը՝ ի թիվս այլնի նախատեսելով հստակ և թիրախային ցուցիչներ[4]։

Արդյունավետ և մասնակցային մշտադիտարկման և գնահատման ապահովումը կարևորվում է նաև Հակակոռուպցիոն տարածաշրջանային նախաձեռնության «Հակակոռուպցիոն ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի իրականացման մշտադիտարկման և գնահատման մեթոդաբանություն» ուղեցույցով[5] (այսուհետ՝ Ուղեցույց)): Ուղեցույցում նաև նկարագրվում է մշտադիտարկում և գնահատում իրականացնելու գործողությունների շրջանակը՝ նշելով, որ մշտադիտարկման մարմինները նախևառաջ պետք է հավաքագրեն  մանրամասն տեղեկություններ ռազմավարության իրականացման համար պատասխանատու մարմիններից՝ ստանալով նաև վերջիններիս առաջընթացը և ինքնագնահատումն իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ: Հաջորդ քայլին, ըստ Ուղեցույցի, մոնիթորինգ իրականացող մարմինները պետք է համագործակցեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ աշխատանքների կատարման վերաբերյալ այլընտրանքային դիրքորոշում ստանալու նպատակով: Մշտադիտարկման և գնահատման զեկույցը պետք է պարունակի ոչ միայն քանակական տեղեկություններ կատարված գործողությունների վերաբերյալ, այլև որակական տեղեկատվություն կատարված գործողությունների վերաբերյալ, կատարված աշխատանքների և ակնկալվող արդյունքի/վերստուգիչ ցուցիչի համեմատություն և համապատասխանության հարցի պարզում՝ միաժամանակ նշելով կատարման կարգավիճակը[6]:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) «Հակակոռուպցիոն ռազմավարություններ. հասկանանք՝ ինչն է աշխատում և ինչը՝ ոչ, ինչու՞» խորագրով զեկույցում[7] նշվում է, որ մշտադիտարկման և գնահատման արդյունավետ կառուցակարգերի բացակայությունը նվազեցնում է հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետությունը: Զեկույցում ընդգծվում է, որ մշտադիտարկման և գնահատման կարևորագույն գործողությունը այնպիսի տեղեկատվության հավաքագրումն է, որը հնարավորություն կտա գնահատել ոչ միայն ընթացքը, այլև կատարված աշխատանքների արդյունավետությունը և համապատասխանությունը ռազմավարությամբ սահմանված ակնկալիքին` առաջընթացի արձանագրումը պարզելու նպատակով[8]:

U4 հակակոռուպցիոն ռեսուրս կենտրոնի՝ Միշելինի միջազգային գիտահետահետազոտական ինստիտուտի՝ «Ինչպես իրականացնել հակակոռուպցիոն մշտադիտարկում և գնահատում. ուղեցույց պետական մարմինների, դոնոր  կազմակերպությունների և գնահատողների համար»[9] զեկույցում նշվում է, որ մշտադիտարկում և գնահատում իրականացնելիս առաջնային է պատասխանատու մարմիններից բազմակողմանի տեղեկատվության հավաքագրումը, որից հետո պետք է գնահատել՝ արդյոք կատարված աշխատանքները և դրանց արդյունքը լուծում են հակակոռուպցիոն քաղաքական փաստաթղթով վեր հանված խնդիրները: Ըստ զեկույցի՝ նշված մոտեցումը նաև հնարավորություն կտա բացահայտելու բացերը և գտնելու խնդիրների լուծման առավել արդյունավետ մեխանիզմներ:

Համաշխարհային բանկի «Հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մշտադիտարկումը և գնահատումը» խորագրով զեկույցում[10] ևս կարևորվում է Հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մշտադիտարկման և գնահատման կառուցակարգերի արդյունավետության երաշխավորումը՝ սահմանելով կատարողականի գնահատման ցուցիչները և ընթացակարգը, ապահովելով մշտադիտարկման և գնահատման գործընթացում հասարակության մասնակցության արդյունավետությունը։

Հաշվի առնելով միջազգային վարկանիշային գնահատականները՝ ուսումնասիրվել են մշտադիտարկման և գնահատման լավագույն և հաջողված մեթոդաբանություն և ընթացակարգեր ունեցող պետությունների փորձը.

Վրաստան[11]

Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման և գնահատման ընթացակարգը սահմանված է Վրաստանի 2019-2020 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ, համաձայն որի՝ առաջընթացի մոնիթորինգի գործընթացը բարելավելու և արդյունքների հասնելու համար մշակվել է Հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի առաջընթացի և մոնիթորինգի հիմք, որը տրամադրում է հիմնական տվյալներ, արդյունքներ և յուրաքանչյուր առաջնահերթության յուրաքանչյուր գործողության համար նախատեսված հստակ ժամկետներ: Հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը վերահսկվում է Հակակոռուպցիոն խորհրդի քարտուղարության կողմից, որը Գործողությունների ծրագրով սահմանված պարտավորությունների կատարման առաջընթացի վերաբերյալ յուրաքանչյուր գերակայության տակ նշված պատասխանատու մարմիններից տեղեկատվություն է հավաքում և վերլուծում: Հաշվետվությունն իրականացվում է պատասխանատու գերատեսչությունների կողմից յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ՝ առաջընթացի և մշտադիտարկման հաշվետվության միջոցով, որն առաջին փուլում կազմվում է հենց պատասխանատու գերատեսչությունների կողմից, որոնք գնահատում են և՛ ձեռքբերված առաջընթացը, և՛ յուրաքանչյուր միջոցառման համար առկա մարտահրավերները: Պատասխանատու մարմինների տրամադրած հաշվետվությունները մշակվում, վերլուծվում և ամփոփվում են Հակակոռուպցիոն խորհրդի քարտուղարության կողմից: Երկրորդ փուլում հաշվետվությունների հիման վրա պատրաստված զեկույցի նախագիծը տրամադրվում է Հակակոռուպցիոն խորհրդում ներկայացված հասարակական կազմակերպություններին, որոնք գնահատում են յուրաքանչյուր միջոցառման առաջընթացը: Մշտադիտարկման վերջնական արդյունքները մշակվում և վարկանիշը/կարգավիճակը գնահատվում են Հակակոռուպցիոն խորհրդի քարտուղարության կողմից: Մշտադիտարկման և գնահատման շրջանակի արդյունքները այնուհետև ներկայացվում են Հակակոռուպցիոն խորհրդին: Միջազգային կազմակերպությունների փորձի հիման վրա Մշտադիտարկման և գնահատման շրջանակներում միջոցառումների իրականացումը գնահատվում է Հակակոռուպցիոն խորհրդի քարտուղարության կողմից հետևյալ չորս վարկանիշային ցուցանիշներով.

  • Ամբողջությամբ իրականացված (Գործողությունների ծրագրով նախատեսված գործողությունն ամբողջությամբ կատարվել են).
  • Հիմնականում իրականացված (Գործողությունների ծրագրով նախատեսված գործողությունների կեսից ավելին ամբողջությամբ իրականացվել է, և մնացել է իրականացնել միայն մի փոքր մասը).
  • Մասամբ իրականացված (Գործողությունների ծրագրով նախատեսված գործողությունների կեսից պակասը կատարվել է, և դրանց մեծ մասը դեռ չի կատարվել)
  • Չիրականացված (Գործողությունների ծրագրում նախատեսված գործողությունը չի իրականացվել)

Բացի այդ, յուրաքանչյուր միջոցառման իրականացման գործընթացը չափվում է Հակակոռուպցիոն խորհրդի քարտուղարության կողմից հետևյալ հինգ չափանիշներով / կարգավիճակով.

  • Իրականացման գործընթացը դեռևս սկսված չէ (Գործողությունների ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման գործընթացը դեռևս չի սկսվել)
  • Իրականացման գործընթացն ընթացքի մեջ է (Ընթացքի մեջ է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառման իրականացման գործընթացը)
  • Իրականացման գործընթացը կասեցված է (Գործողությունների ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման գործընթացը կասեցված է)
  • Իրականացման գործընթացը դադարեցված է (Գործողությունների ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման գործընթացը դադարեցված է)
  • Իրականացման գործընթացն ավարտված է (Գործողությունների ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման գործընթացն ավարտված է):

Հակակոռուպցիոն խորհրդի քարտուղարության կողմից տարեկան կտրվածքով մշակվում է գնահատման զեկույցը: Մշտադիտարկման զեկույցը արտացոլում է հաշվետու ժամանակահատվածում Գործողությունների ծրագրում և Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ նշված գործողություններն ու խնդիրները իրականացնելու գործում պատասխանատու մարմնի կողմից գրանցված առաջընթացը: Մշտադիտարկման զեկույցը հիմնված է պատասխանատու գերատեսչությունների կողմից Հակակոռուպցիոն խորհրդի քարտուղարությանը յուրաքանչյուր 6 ամիսը մեկ տրամադրված առաջընթացի վրա՝ կատարված միջոցառումների, ինչպես նաև առկա ռիսկերի և մարտահրավերների վերաբերյալ առաջընթացի և մոնիտորինգի շրջանակի միջոցով: Մինչդեռ գնահատման զեկույցը մշտադիտարկման զեկուցի հիման վրա գնահատում է կատարման որակը՝ միաժամանակ վեր հանելով խնդիրները և բացերը:

Գնահատման զեկույցը ներկայացվում է Հակակոռուպցիոն խորհրդի հաստատմանը: Այնուհետև մշտադիտարկման և գնահատման զեկույցները ներկայացվում են Վրաստանի Կառավարությանը:

Մալայզիա

Մալայզիայում հակակոռուպցիոն մշտադիտարկման և գնահատման ընթացակարգը և հիմնական ցուցիչները սահմանված են Մալայզիայի 2019-2023 թվականների Ազգային Հակակոռուպցիոն ծրագրում (այսուհետ՝ Ծրագիր)[12]: Ծրագրով կարևորվում է մշտադիտարկման և գնահատման գործառույթի իրականցումը, որի նպատակը ոչ միայն առաջընթաց գրանցելու հարցի պարզումն է, այլև՝ վերլուծելը և գնահատելը, թե որքանով են կատարված աշխատանքները և դրանցով ակնկալվող արդյունքը համապատասխանում ծրագրով ակնկալվող արդյունքին և վերստուգիչ ցուցիչներին: Մշտադիտարկման և գնահատման արդյունքում իրականացվում է քանակական և որակական գնահատում: Բացի այդ, մշտադիտարկման և գնահատման արդյունքում վեր են հանվում բացերն ու խնդիրները և առաջարկվում դրանց լուծման ուղիներ:

Համաձայն ծրագրի՝ մշտադիտարկման զեկույցը մշակում է Հակակոռուպցիոն, բարեվարքության և կառավարման ազգային կենտրոնը, իսկ գնահատման և հաստատման գործառույթն իրականացնում է Ազգային հակակոռուպցիոն կառավարման խորհուրդը, որի կազմում ներառված են Հակակոռուպցիոն հատուկ գրասենյակը (այն գլխավորում է Մալայզիայի վարչապետը), Հակակոռուպցիոն խորհուրդը և Ազգային ժողովի պալատի ներկայացուցիչները: Նշված խորհուրդը նաև իրականացնում է կոռուպցիոն ռիսկերի գնահատումը, քաղաքականության մշակումը և հաստատումը, ծրագրերի և միջոցառումների իրականացումը և համակարգումը, ինչպես նաև կատարողականների մշտադիտարկումը և գնահատումը:

Ծրագրի համաձայն՝ մշտադիտարկման և գնահատման զեկույցի մշակումը Հակակոռուպցիոն, բարեվարքության և կառավարման ազգային կենտրոնը իրականացնում է տարին 2 անգամ՝ կիսամյակային և տարեկան: Ծրագրի համար պատասխանատու մարմինները յուրաքանչյուր եռամսյակ Հակակոռուպցիոն, բարեվարքության և կառավարման ազգային կենտրոնին են ներկայացնում վերջինիս հաստատած ձևին համապատասխան հաշվետվություններ, որոնցում նաև ինքնագնահատում են իրականացնում:

Համաձայն Ծրագրի՝ մշտադիտարկման շրջանակներում կատարվում են հետևյալ գործողությունները.

  • Պարզեցնել Ծրագրի նպատակները.
  • Պարզել Գործողությունները և դրանց ռեսուրսների հարաբերակցությունը Ծրագրով սահմանված նպատակների հետ.
  • Նպատակները վերածել կատարողական ցուցանիշների և թիրախների.
  • Համեմատել կատարված աշխատանքների իրական արդյունքները Ծրագրով սահմանված թիրախների հետ.
  • Համապատասխան շահագրգիռ կողմերին տեղեկացնել առաջընթացի արդյուքների մասին և զգուշացնել բացահայտված խնդիրների մասին:

Ծրագրի համաձայն՝ գնահատման նպատակն է՝

  • բացահայտել յուրաքանչյուր գործողության ուժեղ և թույլ կողմերը.
  • գնահատել՝ արդյոք ռազմավարություններին աջակցելու գործողությունները նպատակաուղղված են.
  • հավաստիանալ, որ գործողություններն իրականացվում են համաձայն Ծրագրի.
  • պատասխան տրամադրել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է հարմարվել՝ հաշվի առնելով իրավիճակով պայմանավորված անհրաժեշտությունը.
  • սահմանել լավագույն փորձ համարվող հենանիշային գործողութունների շրջանակը:

 

Մոլդովա

Մոլդովայում մշտադիտարկման և գնահատման իրականացման ընթացակարգը և մեթոդաբանությունը սահմանված է Մոլդովայի 2017-2020 թվականների ազգային ռազմավարության[13] N1 հավելվածի 5-րդ գլխով (այսուհետ՝ Ռազմավարություն): Համաձայն ռազմավարության՝ մշտադիտարկումն իրականացվում է Մոնիթորինգային խմբերի կողմից, իսկ քարտուղարության գործառույթներն իրականացվում են Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի կողմից: Ռազմավարության իրականացման վերաբերյալ մշտադիտարկման և գնահատման զեկույցը բաց է հասարակության համար, իսկ վերջնական գնահատման հաշվետվությունները ենթակա են տարեկան քննարկման Ազգային անվտանգության, պաշտպանության և հասարակական կարգի խորհրդարանական հանձնաժողովում և խորհրդարանի լիագումար նիստում, որից հետո զեկույցի արդյունքների հիման վրա բանաձև է ընդունվում, ինչպես նաև Մոնիթորինգային խմբերի, շահագրգիռ անձանց հետ քննարկումների արդյունքում Ռազմավարությունը բարելավելու վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվում[14]:

Ռազմավարության մշտադիտարկման և գնահատման զեկույցը ներկայացվում է մոնիթորինգային վերոնշյալ մոնիթորինգային խմբերի նիստից առնվազն 2 շաբաթ առաջ: Մշտադիտարկման և գնահատման զեկույցում անդրադարձ է կատարվում հետևյալ հարցերին.

  • զեկույցի հիմնական արդյունքների ամփոփ ներկայացում,
  • գործողությունների իրականացման համար պատասխանատու մարմինների կողմից ձեռք բերված արդյունքների նկարագրությունը, ինչպես նաև առաջընթացի ցուցանիշների ձեռքբերումը,
  • քանակական արդյունքների գնահատումը` ակնկալվող արդյունքների և առաջնահերթ արդյունքների ցուցանիշներին հասնելու համար,
  • պատասխանատու մարմինների գործունեության ռիսկերի նկարագրություն, այսինքն՝ նշվում են այն գործոնները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել գործողությունների կատարման հետաձգմանը կամ այլ ձևով խոչընդոտելուն,
  • եզրակացություններ և առաջարկություններ:

Տարեկան հաշվետվությունները ներառում են նաև հետևյալ հավերյալ տեղեկությունները.

  • Ռազմավարության արդյունքների գնահատման համար կատարված հետազոտությունը, որն արտացոլում է իրականացված միջացառումների արդյունավետությունը Ռազմավարությամբ սահմանված ընդհանուր նպատակների և թիրախներին համապատասխանելու և այդ նպատակներին հասնելու տեսանկյունից:
  • Ռազմավարության իրականացման վերաբերյալ այլընտրանքային մշտադիտարկման և գնահատման զեկույցների մասին տեղեկություններ (քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ազգային և միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված մշտադիտարկումներ և գնահատումներ):
  • Ռազմավարության մշտադիտարկման շրջանակներում նաև իրականացվում են հարցումներ՝ դրա իրականացման արդյունավետությունը պարզելու նպատակով:

Այսպիսով, վերոշարադրյալի հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել Հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանելու ռազմավարության մշտադիտարկման և գնահատման իրականացման նոր ընթացակարգ և մոնիթորինգային (վերստուգիչ) ցուցիչներ՝ միջազգային պարտավորությունների կատարման շրջանակներում Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման որակական մշտադիտարկում և գնահատում ապահվելու, ըստ այդմ՝ միջոցառումների իրականացման արդյունավետությունն ապահովելու նպատակով:

2)2021 թվականին Արդարադատության նախարարության կողմից 2020 թվականին Հակակոռուպցիոն ռազմավարության կատարման մշտադիտարկման (այսուհետ՝ Մշտադիտարկում[15]) արդյունքում պարզվել է, որ Հակակոռուպցիոն ռազմավարության ամբողջական կատարմանը խոչընդոտել են Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ռազմական դրության հետևանքով ստեղծված իրավիճակը, սահմանված սահմանափակումները և տվյալ ժամանակահատվածի համար պետական կառավարման համակարգի առաջնահերթությունների հարկադրված վերանայումը և փոփոխությունը:

 Մշտադիտարկման շրջանակներում նաև պարզ է դարձել, որ Հակակոռուպցիոն ռազմավարության մի շարք միջոցառումների ոչ ամբողջական իրականացմանը, մշտադիտարկման շրջանակներում  գնահատմանը խոչընդոտել են Հակակոռուպցիոն միջոցառումներով 2020 թվականի համար սահմանված ակնկալվող արդյունքի և վերստուգիչ ցուցիչների միջև որոշակի անհամապատասխանությունը, վերստուգիչ ցուցիչների սահմանված չլինելու կամ վերստուգիչ ցուցիչի համար ժամկետներ սահմանված չլինելու հանգամանքները:

Այսպես, օրինակ, ակնկալվող արդյունքի և վերստուգիչ ցուցիչների միջև որոշակի անհամապատասխանությունը է առկա Ռազմավարության միջոցառումների ծրագրի 7-րդ և 8-րդ միջոցառումների դեպքում, երբ 2020 թվականի վերստուգիչ ցուցիչով նախատեսված է միայն կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության հաստատումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, այնինչ ակնկալվող արդյուքներով 2020 թվականին նախատեսվում է պետական կառավարման համակարգի մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում արդեն իսկ կոռուպցիոն ռիսկերի գնահատման իրականացված լինելը։

Վերստուգիչ ցուցիչների համար որոշ դեպքերում տարիներ նշված չեն, օրինակ, 1-ին, 4-րդ, 5-րդ, 16-րդ, 17-րդ,18-րդ և այլն միջոցառումների դեպքում։ Առանձին տարիների համար վերստուգիչ ցուցիչներ սահմանված չեն, օրինակ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16--րդ, 21-րդ, 26-րդ, 29-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 41-րդ միջոցառումների դեպքում։

Մշտադիտարկման արդյունքում նաև պարզվել է, որ որոշ միջոցառումների դեպքում միջոցառումների համար նախատեսված գործողությունների շրջանակը չեն ապահովելու այդ միջոցառմամբ նախատեսված խնդրի լուծումը։ Այսպես, օրինակ, 22-րդ միջոցառմամբ նախատեսված է գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունման խթանումը, սակայն այդ նպատակի իրագործման համար նախատեսվում է իրականացնել միջազգային փորձի ուսումնասիրություն և ներկայացնել գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ներդրման վերաբերյալ առաջարկություններ: Տվյալ դեպքում, նշված գործողությունների իրականացումը հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունման խթանմանն ուղղված որոշակի ուղղակի քայլերի իրականացում չի ենթադրում: Նշված խնդիրը բարձրացվել է նաև ՏՀԶԿ-ի կողմից և որպես խթանիչ միջոցառում առաջարկվել է հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների առկայությունը դիտարկել որպես գործարար ոլորտում պետական օժանդակության տրամադրման համար առավելություն տվող չափանիշ:

Մեկ այլ դեպքում (7-րդ և 8-րդ միջոցառումներ (պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատում)) միջոցառումների իրականացման արդյունքում պարզ է դարձել, որ միջոցառումների իրակացման շրջանակներում մշակված կոռուպցիոն ռիսկերի մեթոդաբանության տարբերակը բավարար չափով կիրառելի և վերաբերելի չէ կառավարման ոլորտներին, ինչից ելնելով անհրաժեշտություն է առաջացել մշակել Հայաստանի Հանրապետության կառավարման  առաձնահատկություններից և սովորութային պրակտիկայից բխող կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիբրիդ համակարգ: Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխել 7-րդ և 8-րդ միջոցառումների ակնկալվող գործողությունների շրջանակը՝ նախատեսելով կատարման ենթակա գործողությունների նոր՝ իրատեսական շրջանակ և ժամկետներ:

Հակակոռուպցիոն ռազմավարության 4-րդ միջոցառման կատարման շրջանակներում Գլխավոր դատախազության կազմում ստեղծվել է կոռուպցիոն հանցագործությունների գործերով հսկություն իրականացնող մասնագիտացված ստորաբաժանումը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կարևորագույն բաղադրատարրերից է, որը արդեն իսկ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի հետ ամբողջացնելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական ակտերով Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների, Հակակոռուպցիոն դատարանի և կոռուպցիոն հանցագործություններով դատական ակտերը վերանայող դատավորների թեկնածուների համար սահմանվել են բարեվարքության ստուգման կարգավորումներ՝ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի ապրիլի 14–ին ընդունվել է դատախազների թեկնածության հավակնորդների, առաջխաղացման ցուցակում ներառված դատախազների, Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների բարեվարքության ուսումնասիրությանն ուղղված մեխանիզմներ ներդնող օրենսդրական ակտերի փաթեթ՝ կոռուպցիոն հանցագործությունների գործերով հսկողություն իրականացնող դատախազների առաքինի վարքագիծը երաշխավորելու նպատակով։ Ելնելով վերոնշյալից՝ անհրաժեշտություն է առաջացել Հակակոռուպցիոն ռազմավարության 4-րդ միջոցառման գործողությունները համապատասխանեցնել կատարված օրենսդրական փոփոխություններին՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության ողջ շղթայի շրջանակում բարեվարքությունը երաշխավորելու, այդպիսով նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի նկատմամբ հասարակական վստահության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։

Հակակոռուպցիոն ռազմավարության 2-րդ և 3-րդ միջոցառումների պարագայում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու միջոցառումների ակնկալվող արդյունքները և վերստուգիչ ցուցիչները, քանի որ դրանց և այդ միջոցառումների շրջանակում ընդունված՝ Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանն ուղղված օրենսդրական ակտերի անցումային դրույթներով սահմանված ժամկետների և կատարման ենթակա գործողությունների միջև առկա են որոշակի անհամապատասխանություններ: Նշված խնդիրն առկա է նաև բոլոր այն միջոցառումների դեպքում, որոնց շրջանակներում օրենսդրական ակտերն ընդունվել են Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված ժամկետից վաղ ժամկետում:

Հակակոռուպցիոն ռազմավարության 24-րդ միջոցառման կատարման՝ իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրման շրջանակներում 2021 թվականի հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվել է իրավաբանական անձանց իրական շահառուների ինստիտուտի ներդրման ճանապարհային քարտեզը, որով նախանշվել են իրական սեփականատերերի (շահառուների) բացահայտման առաջնային ոլորտները և համապատասխան ժամկետները: Միաժամանակ 2021 թվականի հունիսի 3-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենսդրական ակտերի փաթեթ, որով նախատեսվում է ստեղծել իրավաբանական անձանց իրական շահառուների բաց և հանրամատչելի ռեեստր, իրական շահառուների բացահայտման պարտադիր պահանջը տարածել Հայաստանում գործող բոլոր իրավաբանական անձանց նկատմամբ՝ փուլ առ փուլ։ Մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ Հակակոռուպցիոն ռազմավարության 24-րդ միջոցառման շրջանակներում իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրման նպատակով սահմանված է սահմանափակ գործողությունների շրջանակ, որը չի նախատեսում նաև իրավաբանական անձանց իրական շահառուների ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի սահմանումը։ Ուստի, անհրաժեշտ է վերոնշյալ օրենսդրական փոփոխություններին և ճանապարհային քարտեզին համապատասխան ընդլայնել 24-րդ միջոցառման շրջանակներում կատարման ենթակա աշխատանքների շրջանակը և դրանց համապատասխան վերստուգիչ ցուցիչներ սահմանել՝ իրական շահառուների ինստիտուտի ներդրման համար անհրաժեշտ հստակ և թիրախային գործողությունների շրջանակ նախատեսելու, այդ գործողությունների նկատմամբ մշտադիտարկման հնարավորություններ նախատեսելու նպատակներով։

Մշտադիտարկման շրջանակներում դիտարկվել են նաև միջոցառումների կատարման ընթացքում բացահայտված օրենսդրական բացերը, որոնցից հատկանշական է շահերի բախման իրավիճակների վերաբերյալ կարգավորումների անորոշությունը։ Խնդիրն այն է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով շահերի բախման իրավիճակի առաջացման հիմք է սահմանված պաշտոնատար անձի կողմից իր լիազորություններն իրականացնելիս անձնական շահից կամ փոխկապակված անձի շահից բխող գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը։ Մինդչեռ կարող են լինել իրավիճակներ, երբ փոխկապակված անձի շահից բխող որոշումը ընդունի ոչ թե տվյալ պաշտոնատար անձը, այլ այն պաշտոնատար անձը, որը այդ պաշտոնատար անձի անմիջական ենթակայության տակ է գտնվում։ Նման իրավիճակները միջազգային պրակտիկայում անվանում են շահերի բախման հավանական իրավիճակներ։ Նշված խնդիրը բարձրացվել է նաև ՏՀԶԿ-ի կողմից 2021 թվականի գնահատման շրջանակներում և առաջարկվել է ընդլայնել շահերի բախման կարգավորումները՝ ներառելով հավանական և թվացյալ շահերի բախման իրավիճակների հստակ կարգավորումներ։ Ելնելով վերոնշյալից՝ անհրաժեշություն է առաջացել ընդլայնելու Հակակոռուպցիոն ռամավարության 18-րդ միջոցառման (հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների հստակեցում) շրջանակը՝ վերջինիս համատեքստում ներառելով հավանական և թվացյալ շահերի բախման իրավիճակների հստակ կարգավորումների սահմանմանն ուղղված գործողություններ։

Մշտադիտարկման շրջանակներում բացահայտված հաջորդ խնդիրը վերաբերում է կոռուպցիոն բնույթի՝ հանցագործություն չհանդիսացող իրավիճակների դեպքերում անանուն ազդարարում տալու հնարավորությանը։ Մասնավորապես, գործող կարգավորումների համաձայն՝ ազդարարը հնարավորություն ունի անանուն ազդարարելու հանցագործություն ենթադրող կոռուպցիոն բնույթի դեպքերի վերաբերյալ։ Մինչդեռ կոռուպցիոն բնույթի մյուս՝ օրինակ շահերի բախման, անհամատեղելիության պահանջների խախտման դեպքերով անձն անանուն ազդարարելու հնարավորություն չունի։ Ելնելով վերոնշյալից՝ անհրաժեշտ է Հակակոռուպցիոն ռազմավարության 31-րդ միջոցառման (ազդարարման համակարգի շարունակական կատարելագործում) շրջանակներում նախատեսել կոռուպցիոն բնույթի՝ հանցագործության չհանդիսացող իրավիճակների դեպքերում ազդարարում տալու, այդ թվում՝ անանուն ազդարարելու հնարավորությունը՝ միաժամանակ սահմանելով ազդարարման նման դեպքերը քննող իրավասու մարմին։

Ազդարարման համակարգին առնչվող մյուս խնդիրը վերաբերում է ազդարարների համար օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության մեխանիզմներին։ Օրենսդրությունը նախատեսում է ազդարարների պաշտպանության հետևյալ միջոցները․ անանուն ազդարարման դեպքում նրա տվյալների և անձի գաղտնի պահելը, ազդարարի կողմից իր ծառայողական պարտականությունների անարգել իրականացման համար բավարար պայմաններ, այդ թվում՝ բավարար աշխատանքային պայմաններ ստեղծելը, ազդարարի աշխատանքի վերականգնումը և վնասների հատուցումը, ինչպես նաև քրեական գործի շրջանակներում ազդարարի պաշտպանությունը՝ որպես վկայի։ Մինչդեռ միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ անհրաժեշտ է սահմանել ազդարարի անձնական պաշտպանության մեխանիզմներն անկախ քրեական վարույթի առկայության հանգամանքի։ Նշված խնդիրը բարձրացվել է նաև ՏՀԶԿ-ի կողմից 2021 թվականի գնահատման շրջանակներում և առաջարկվել է ընդլայնել ազդարարների պաշտպանության մեխանիզմները։

Մշտադիտարկման շրջանակներում պարզվել է նաև, որ Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրով հիմնական կատարող և համակատարող մարմինների տարանջատման բացակայությունը անորոշություն է առաջացրել կատարող մարմինների շրջանակում, ազդել է հիմնական պատասխանատու մարմնի կողմից անհատական միջոցառման իրականացման աշխատանքների համակարգման և միջոցառման կատարման արդյունավետության, կատարման նկատմամբ հետագա վերահսկողության վրա:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև միջոցառումների արդիականացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման կարևորությունը՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել Հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված ակնկալվող արդյունքները և վերստուգիչ ցուցանիշները, հստակեցնելու հիմնական և համակատարող մարմիններին, վերանայել կատարման ենթակա գործողությունների շրջանակը և կատարման ժամկետները:

Հակակոռուպցիոն ռազմավարության մի շարք միջոցառումներով (միջոցառումներ 26, 28, 29, 30, 32) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը նշված է որպես պատասխանատու մարմին այն դեպքում, երբ նշված միջոցառումների իրականացումը դուրս է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի լիազորությունների շրջանակից: Հարկ է նաև հավելել, որ Վարչապետի աշխատակազմը նշված է որպես 6-րդ և 48-րդ միջոցառումներով որպես միակ պատասխանատու մարմին, մինչդեռ միջոցառման դեպքում դոնորների համակարգման աշխատանքների իրականացումը բխում է հակակոռուպցիոն քաղաքականության կատարումն ապահովելու գործառույթից, իսկ 48-րդ միջոցառումը ենթադրում է Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման նպատակով հասարակության շրջանում հարցումների անցկացման գործառույթներ, որոնք Արդարադատության նախարարությանը վերապահված իրավասություններ են։ Ուստի անհրաժեշտ է վերանայել նշված միջոցառումների կատարող մարմինների շրջանակը։

Ընդհանուր առմամբ, մշտադիտարկման և գնահատման արդյունքում պարզ է դարձել, որ Ռազմավարության զգալի թվով միջոցառումների ամբողջական կատարմանը խոչընդոտել են նոր կորոնավիրուսային հիվանդության և պատերազմի հետևանքով առաջացած օբյեկտիվ հանգամանքները։ Վերոնշյալից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների շրջանակներում կատարման ենթակա գործողությունների շրջանակը և կատարման ժամկետները՝ ապահովելով դրանց որոշակիությունը և իրատեսականությունը:

Վերոնշյալից բացի՝ Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ընդհանուր վերանայումը բխում է նաև դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից։

 

3.Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման մեջ և դրա հավելվածներում հետևյալ հիմնական ուղղություններով.

1)Միջազգային փորձի հաշվառմամբ սահմանվում են Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման և գնահատման իրականացման նոր կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան իրականացնելու ոչ միայն կատարողականի գնահատում՝ քանակական մշտադիտարկում, այլև որակական մշտադիտարկում՝ միջանկյալ մոնիթորինգի շրջանակներում պարզելով կատարված գործողություններով ձեռք բերված փաստացի արդյունքները, դրանց համապատասխանությունը Հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված նպատակներին, բացահայտելով առկա խնդիրները և մարտահրավերները:

2)Մասնակցային մոնիթորինգի ապահովման նպատակով սահմանվում են մշտադիտարկման և գնահատման նոր ողջամիտ ժամկետներ, որոնք հնարավորություն կտան՝

ա. ոլորտային քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին իրականացնելու Հակակոռուպցիոն ռազմավարության այլընտրանքային մշտադիտարկում և գնահատում և դրանք ներկայացնելու Արդարադատության նախարարությանը, առաջարկություններ և դիտողություններ ներկայացնել Արդարադատության նախարարության կողմից կազմված մշտադիտարկման և գնահատման հաշվետվության նախագծի վերաբերյալ,

բ. Արդարադատության նախարարությանը` իր վերլուծություններում օգտագործելու և ապահովելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված այլընտրանքային զեկույցների և առաջարկությունների ամփոփումը մշտադիտարկման և գնատաման հաշվետվություններում:

3)Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրի առանձին բաժինների համար սահմանվում են միջանկյալ արդյունքային ցուցիչներ (արդյունքային վերստուգիչ ցուցիչներ)՝ միջանկյալ մշտադիտարկումը հնարավոր դարձնելու նպատակով.

Վերոնշյալի համատեքստում հարկ է նշել, որ բաժինների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներին առնչվող մի շարք ցուցիչների համար հիմքային են համարվել 2020 թվականի վիճակագրական տվյալները՝ հաշվի առնելով կոնկրետ գործառույթները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին 2020 թվականին վերապահվելու հանգամանքները: Նմանապես, բաժինների՝ կոռուպցիոն հանցագործություների գործերի վիճակագրություն նախատեսող  ցուցիչների համար հիմքային են ընդունվել 2020 թվականի վիճակագրական տվյալները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը Քրեական օրենսգրքով սահմանվել է միայն 2020 թվականին:

4)Բացահայտված խնդիրների լուծման, արդեն իսկ ընդունված օրենքների հետ հակասության վերացման նպատակով վերանայվում են առանձին միջոցառումների վերստուգիչ ցուցիչները, սահմանվում են նոր վերստուգիչ ցուցիչներ, վերանայվում են ակնկալվող արդյունքները և սահմանվում են նոր ակնկալվող արդյունքներ:

5)Վերանայվում և լրացվում են Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումներով սահմանված կատարման ենթակա գործողությունների շրջանակը և դրանց կատարման ժամկետները՝ իրատեսական միջոցառումների շրջանակ նախատեսելու, Հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված նպատակներին համահունչ գործողություններ նախատեսելու, առաջիկա տարում նախկինում չավարտված աշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորություններ սահմանելու նպատակով: Միաժամանակ վերստուգիչ ցուցիչներում նշված ժամկետները սահմանվում են ըստ տարիների, քանի որ գնահատումն իրականացվել և իրականացվում է տարեկան 1 անգամ:

6)Հստակեցվում է Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների կատարման համար պատասխանատու մարմինների շրջանակը՝ տարանջատելով հիմնական կատարող և համակատարող մարմինները: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակի) հանվում է կատարող մարմինների շրջանակից:

7)Նախագծում կատարվում են նաև տեխնիկական և սղագրական բնույթի փոփոխություններ:

Վերոնշյալի համատեքստում հարկ է նշել, որ Նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման հավելված N 2-ը առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ՝ հաշվի առնելով փոփոխությունների մեծ ծավալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կատարվում են փոփոխություններ սյունակներում, ավելացվում են նոր սյունակներ և կարգավորվում են սյունակների խախտումները, որոնք հանգեցրել են բովանդակային անորոշության:

Հարկ է նաև հավելել, որ մշտադիտարկման և գնահատման մեթոդաբանությունը նախատեսվում է սահմանել Արդարադատության նախարարի կողմից հետևյալ հանգամանքների հաշվառմամբ.

ա. մեթոդաբանությունը ուղեցուցային նշանակության փաստաթուղթ է, որը սահմանելու է հաշվետվության բաժինները, դրանց կառուցվածքը, հաշվետվությունների կազմման ցուցումները, գնահատման իրականացան ցուցումները, մեթոդները և բանաձևերը,

բ. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) աջակցությամբ ներկայումս մշակվում է էլեկտրոնային նոր հարթակ, որի արդյունքում թվայնացվելու է Արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից մշտադիտարկման և գնահատման, հաշվետվությունների կազմման գործընթացը, կատարող մարմինների կողմից տեղեկությունների ներբեռնման, հաշվետվությունների կազմման և ներկայացման գործընթացները, որին առնչվող ցուցումները ևս սահմանվելու են Արդարադատության նախարարի կողմից սահմանվող մեթոդաբանությամբ:

 

4.Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

5.Նախագիծը մշակող մարմինը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից։

 

6.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է շտկել Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման արդյունքում բացահայտված թերությունները և բացերը, ինչպես նաև սահմանել Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման և գնահատման արդյունավետ համակարգ և բարձրացնել Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների կատարման արդյունավետությունը, ապահովել միջազգային պարտավորությունների կատարումը:

 

 

 

[1] https://www.oecd.org/corruption/acn/OECD-ACN-Armenia-4th-Round-Monitoring-Report-July-2018-ENG.pdf, էջ 24-27

[2] https://www.unodc.org/documents/corruption/Publications/2015/National_Anti-Corruption_Strategies_-_A_Practical_Guide_for_Development_and_Implementation_E.pdf , էջ 16, 31, 37, 42-50

[3]https://www.unodc.org/documents/southeastasiaandpacific/2013/10/corruption/Kuala_Lumpur_Statement_on_Anti-Corruption_Strategies_Final_21-22_October_2013.pdf; https://transparency.am/files/statements/1548064401-49-259867.pdf

[4] https://transparency.am/files/statements/1548064401-49-259867.pdf

[5] http://rai-see.org/wp-content/uploads/2015/05/Methodology_on_Monitoring_2015.pdf

[6] http://rai-see.org/wp-content/uploads/2015/05/Methodology_on_Monitoring_2015.pdf, էջ 34-36

[7] http://www.anti-corruption.org/wp-content/uploads/2017/04/RBAP-DG-2014-Anti-Corruption-Strategies.pdf

[8] http://www.anti-corruption.org/wp-content/uploads/2017/04/RBAP-DG-2014-Anti-Corruption-Strategies.pdf, էջ 26-27

[9] https://www.cmi.no/publications/file/4171-how-to-monitor-and-evaluate-anti-corruption.pdf , էջ 20-22, 28

[10] http://documents1.worldbank.org/curated/en/129401593200074880/text/Monitoring-and-Evaluation-M-E-of-Anti-Corruption-Action-Plans.txt

[11] https://www.matsne.gov.ge/ka/document/view/4674422?publication=0, էջ 51-53

[12] https://www.sprm.gov.my/images/1_BannerSlide/NACP/National-Anti-Corruption-Plan-2019-2023.pdf ,pages 11, 16,  70,  72-76.

[13] http://lex.justice.md/viewdoc.php?action=view&view=doc&id=370789&lang=2

[14] http://lex.justice.md/viewdoc.php?action=view&view=doc&id=370789&lang=2

[15] Վերոնշյալի համատեքստում հարկ է հավելել, որ Մշտադիտարկման շրջանակներում դիտարկվել է ոչ միայն Հակակոռուպցիոն ռազմավարության կատարումը, այլև միջոցառումներին առնչությամբ առկա միջազգային պարտավորությունների շրջանակը և դրանց կատարումը։

  • Քննարկվել է

    30.08.2021 - 14.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություն, Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3728

Տպել