Հիշել նախագիծը

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման մեջ և դրա հավելվածներում հետևյալ հիմնական ուղղություններով.

1) Միջազգային փորձի հաշվառմամբ սահմանվում են Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման և գնահատման իրականացման նոր կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան իրականացնելու ոչ միայն կատարողականի գնահատում՝ քանակական մշտադիտարկում, այլև որակական մշտադիտարկում՝ միջանկյալ մոնիթորինգի շրջանակներում պարզելով կատարված գործողություններով ձեռք բերված փաստացի արդյունքները:

2) Մասնակցային մոնիթորինգի ապահովման նպատակով սահմանվում են մշտադիտարկման և գնահատման նոր ընթացակարգ և ողջամիտ ժամկետներ, որոնք հնարավորություն կտան՝

ա. ոլորտային քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին իրականացնելու Հակակոռուպցիոն ռազմավարության այլընտրանքային մշտադիտարկում և գնահատում և դրանք ներկայացնելու Արդարադատության նախարարությանը, առաջարկություններ և դիտողություններ ներկայացնել Արդարադատության նախարարության կողմից կազմված մշտադիտարկման և գնահատման հաշվետվության նախագծի վերաբերյալ, դրանց համապատասխանությունը Հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված նպատակներին, բացահայտելով առկա խնդիրները և մարտահրավերները:

բ. Արդարադատության նախարարությանը՝ իր վերլուծություններում օգտագործելու և ապահովելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված այլընտրանքային զեկույցների և առաջարկությունների ամփոփումը մշտադիտարկման և գնատաման հաշվետվություններում:

3) Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրի առանձին բաժինների համար սահմանվում են միջանկյալ արդյունքային ցուցիչներ (արդյունքային վերստուգիչ ցուցիչներ)՝ միջանկյալ մշտադիտարկումը հնարավոր դարձնելու նպատակով.

4) Բացահայտված խնդիրների լուծման, արդեն իսկ ընդունված օրենքների հետ հակասության վերացման նպատակով վերանայվում են առանձին միջոցառումների վերստուգիչ ցուցիչները, սահմանվում են նոր վերստուգիչ ցուցիչներ, վերանայվում են ակնկալվող արդյունքները և սահմանվում են նոր ակնկալվող արդյունքներ:

5) Վերանայվում և լրացվում են Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումներով սահմանված կատարման ենթակա գործողությունների շրջանակը և դրանց կատարման ժամկետները՝ իրատեսական միջոցառումների շրջանակ նախատեսելու, Հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված նպատակներին համահունչ գործողություններ նախատեսելու, առաջիկա տարում նախկինում չավարտված աշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորություններ սահմանելու նպատակով: Միաժամանակ վերստուգիչ ցուցիչներում նշված ժամկետները սահմանվում են ըստ տարիների, քանի որ գնահատումն իրականացվում է տարեկան 1 անգամ:

6) Հստակեցվում է Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների կատարման համար պատասխանատու մարմինների շրջանակը՝ տարանջատելով հիմնական կատարող և համակատարող մարմինները: 

7) Նախագծում կատարվում են նաև տեխնիկական և սղագրական բնույթի փոփոխություններ:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է շտկել Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման արդյունքում բացահայտված թերությունները և բացերը, ինչպես նաև սահմանել Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման և գնահատման արդյունավետ համակարգ և բարձրացնել Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների կատարման արդյունավետությունը, ապահովել միջազգային պարտավորությունների կատարումը:

  • Քննարկվել է

    30.08.2021 - 14.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություն, Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 414

Տպել