Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց հիվանդությունների, դրանց պարբերականության, ինչպես նաև զարգացման միտումների վերլուծությունը ցույց է տվել, որ առաջացել է անհրաժեշտություն վերանայելու ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ սահմանված որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկը (այսուհետ՝ Կողմնորոշիչ ցանկ)՝ դասակարգման մեջ որոշ հիվանդությունների ախտորոշումների փուլերի, ինչպես նաև ծանրության աստիճանների վերանայման  առումով:

Հատկանշական է, որ Կողմնորոշիչ ցանկում խնդրո առարկա հարցերը քննարկելու, դրանց լուծմանն ուղղված քայլերը ներկայացնելու, ինչպես նաև դրանցից բխող հետագա քայլերը նախանշելու նպատակով՝ ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների միջև բազմիցս իրականացվել են աշխատանքային քննարկումներ: Ըստ այդմ, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակելիս հաշվի են առնվել ՀՀ առողջապահության նախարարության ռևմատոլոգիայի գծով, սրտաբանության գծով, աղեստամոքսաբանության գծով, նյարդաբանության գծով, ինֆեկցիոն հիվանդությունների գծով բժիշկ-խորհրդատուների կարծիքներն իրենց ոլորտային հիվանդությունների վերաբերյալ:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է՝ վերանայել Կողմնորոշիչ ցանկի որոշ հիվանդությունների ախտորոշումների փուլերը, ինչպես նաև ծանրության աստիճանները:

Մասնավորապես՝ առաջարկվող հիմնական փոփոխությունները վերաբերելի են.

  • Մկանակմախքային (ոսկրամկանային) համակարգի և շարակցական հյուսվածքների հիվանդություններին և դրա փուլերին.
  • Արյան շրջանառության համակարգի հիվանդություններին և դրա փուլերին.
  • Մարսողական օրգանների հիվանդություններին և դրա փուլերին.
  • Նյարդային համակարգի հիվանդություններին և դրա փուլերին.
  • ՄԻԱՎ վարակին և դրա փուլերին:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Նախագծի ընդունման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտությունը բացակայում է, Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Կողմնորոշիչ ցանկում առկա հիվանդությունները կհամապատասխանեցվեն հիվանդությունների տասներորդ վերանայված միջազգային դասակարգչի (ՀՄԴ-10) արդի զրագացման միտումներին:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 Հատկանշական է, որ 2019 թվականի փետրվարի 14-ի ԱԺՕ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի՝ Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի վերտառությամբ 4-րդ բաժնի Օրենքի առջև բոլորի հավասարությունը, արդարադատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը վերտառությամբ 4.1-րդ գլխում կարևորելով ազատությունից զրկված անձանց իրավունքների անխոչընդոտ իրացումը՝ ընդգծվել է, որ պետք է շարունակական քայլեր ձեռնարկվեն ազատությունից զրկված անձանց հիմնական իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդման, պահման պայմանների բարելավման, նրանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման, վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով: Ըստ այդմ, Նախագիծը կնպաստի ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի իրացմանը:

  • Քննարկվել է

    25.08.2021 - 11.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5213

Տպել