Հիշել նախագիծը

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվող զինծառայողին չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց հատուցում հաշվարկելու, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված, այդ ընթացքում զինվորական հաստիքը քաղաքացիական ծառայության հաստիքով փոխարինվելու կապակցության զինվորական հաստիքի կրճատման հիմքով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողների բնակարանային ապահովության գործընթացը հստակեցնելու հանգամանքով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      ՀՀ սահմանադրական դատարանի 2018թ. հուլիսի 10-ի ՍԴՈ-1424 որոշմամբ <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի (ՀՕ-195-Ն, ուժի մեջ է մտել 16.12.2017թ-ից, այսուհետ՝ օրենք) 61-րդ հոդվածի 16-րդ մասը՝ զինծառայողի կողմից չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակելու մասով, ճանաչվել է Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 73-րդ և 82-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել անհրաժեշտ փոփոխություններ կատարել օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասում՝ կարգավորումներն ամրագրելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ինչպես նաև օրենքով սահմանել հատուցման հաշվարկման բանաձևը, որը գործում է ՀՀ կառավարության 09.08.2018թ. N 898-Ն որոշման 2-րդ կետով: Հաշվի առնելով նաև, որ ՍԴՈ-1424 որոշմամբ օրենքի համապատասխան կարգավորումները փաստացի ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր են հանդիսանում իրենց ուժի մեջ մտնելու օրվանից, անհրաժեշտություն է առաջացել օրենքի նախագծով ներկայացվող համապատասխան կարգավորումները տարածել օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2017 թվականի դեկտեմբերի 16-ից ծագած հարաբերությունների վրա (այդ օրվանից սկսած զորացրված զինծառայողների մասով):

      Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել կարգավորել նաև <<ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին>> ՀՀ օրենքի 227-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի պահանջների իրացման կարգը, որոնց համաձայն՝ <<հանգստյան և տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված սպաներին ու ենթասպաներին զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգիստ է տրվում շաբաթվա մյուս օրերին` ծառայության շահերի հաշվառումով: Հանգստի տևողությունը չպետք է գերազանցի հանգստյան կամ տոնական օրը ծառայության մեջ անցկացրած ժամանակը: Սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավելու և այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում և զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձևով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:>>: Արդյունքում, հանգստյան և տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավման ժամանակահատվածը հանգստի լրացուցիչ օրերի ձևով հիմնական (տարեկան) արձակուրդին միացնելու գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ է օրենքում կարգավորել դրանց տրման, ինչպես նաև տրված չլինելու դեպքում՝ զինծառայությունից արձակվելիս զինծառայողին նաև այդ օրերի դիմաց հատուցման հաշվարկման ընթացակարգը:

      ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում անընդմեջ իրականացվել է զինվորական հաստիքը քաղաքացիական հատուկ ծառայության (մինչև 2019 թվականը) կամ քաղաքացիական ծառայության հաստիքով (2019 թվականից սկսած) փոխարինելու գործընթաց, արդյունքում տվյալ զինվորական հաստիքը զբաղեցնող զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է հաստիքների կրճատման հիմքով և նշանակվում է քաղաքացիական ծառայության (մինչև 2019թ-ը՝ քաղաքացիական հատուկ ծառայության) պաշտոնի, սակայն քանի որ այդ հիմքը նախատեսված չէ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասում (նաև ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետում), խնդիրներ և արդարացի դժգոհություններ են առաջացել զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված և ծառայության ընթացքում բարելավում չստացած՝ քաղաքացիական ծառայող հանդիսացող նախկին զինծառայողների իրավունքն իրացնելու գործընթացում: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել օրենքով սահմանված այն հիմքերի շարքում, որոնց դեպքում պահպանվում է հաշվառված զինծառայողի՝ բնակարանային պայմանների բարելավում ստանալու իրավունքը, լրացնել նաև հաշվառված զինծառայողի զինվորական հաստիքը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության հաստիքով փոխարինվելու կապակցությամբ հաստիքների կրճատմամբ զինվորական ծառայությունից արձակելու հիմքը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

      Օրենքի նախագծի համաձայն կարգավորվում են զինծառայողին հանգստյան և տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավման ժամանակահատվածը հանգստի լրացուցիչ օրերի ձևով հիմնական (տարեկան) արձակուրդին միացնելու, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց հատուցում տրամադրելու և դրա հաշվարկի հետ կապված հարաբերությունները, զինվորական ծառայությունից արձակման հիմքերի շարքում, որոնց դեպքում պահպանվում է բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված զինծառայողի բնակարանային ապահովության իրավունքը, լրացվում է հաշվառված զինծառայողի զինվորական հաստիքը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության հաստիքով փոխարինվելու կապակցությամբ հաստիքների կրճատմամբ զինվորական ծառայությունից արձակելու հիմքը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

       Օրենքի նախագծի ընդունումը 2021 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, քանի որ կատարված նախնական հաշվարկների համաձայն չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց դրամական հատուցման պարտավորության չափը կազմում է մոտ 30 մլրդ դրամ:

 

  

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

    Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան կարգավորումներ կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի <<Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին տրվող փոխհատուցման չափը սահմանելու,  ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 և 2004 թվականի մայիսի 6-ի N 886-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 898-Ն, 2007 թվականի մարտի 7-ի  <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին>> N 384-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 27-ի  <<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին>> N 1535-Ն որոշումներում, ինչպես նաև ընդունել ՀՀ պաշտպանության նախարարի կարգավորիչ հրաման՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց հատուցում ստանալու վերաբերյալ նախկին զինծառայողների դիմումներով վարչարարության իրականացման կարգի մասին:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

      Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

  • Քննարկվել է

    23.07.2021 - 08.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 836

Տպել