Հիշել նախագիծը

«Էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության և վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու և կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1218-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

------- 2021 թվականի N ----Ն

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ, ՀԱՆՐԱԳԻՐԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՀԱՆՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, ՀԱՆՐԱԳՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ, ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1218-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով «Հանրագրերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3.1 մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1.Հաստատել հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության և վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու առանձնահատկությունները՝ համաձայն N 1 հավելվածի.

  2.Հաստատել էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու և կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու առանձնահատկությունները՝ համաձայն N 2 հավելվածի.

   3.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի «Հրապարակային հանրագրեր ներկայացնելու ձևաթուղթը հաստատելու մասին» N 1218-Ն որոշումը:

    4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

 

Ն. Փաշինյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության
կառավարության
2021 թվականի ____ -ի
թիվ -Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ, ՀԱՆՐԱԳԻՐԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 1. Էլեկտրոնային գրանցամատյանը վարվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որտեղ մուտքագրվում են ներկայացված հանրագրերը:

  2. Հանրագիրը ենթակա է գրանցման պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյանում հանրագիրն ստանալու օրը:

  3. Թղթային եղանակով ներկայացված հանրագրերը հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյանում մուտքագրվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, իսկ էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրերը՝ ինքնաշխատ եղանակով:

   4. Եթե անհատական ընդունելության ժամանակ անձի հնչեցրած առաջարկությունը «Հանրագրերի մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում դիտարկվում է որպես հանրագիր, ապա այն մուտքագրվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյան:

   5. Անանուն հանրագիրը, ինչպես նաև այն հանրագիրը, որում նշված չէ հետադարձ կապի վերաբերյալ որևէ տեղեկություն, ենթակա չէ գրանցման:

   6. Հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյանում նշվում են՝

1) հանրագրի վերնագիրը.

2) ֆիզիկական անձի դեպքում` հանրագիրը ներկայացնող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.

3) իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.

4) կոլեկտիվ հանրագրի դեպքում` նաև հանրագիր ներկայացրած այն պատասխանատու անձը, որ լիազորված է հանդես գալու հանրագիրը ներկայացնողների անունից.

5) հանրագիրը ներկայացուցչի միջոցով ներկայացվելու դեպքում՝ նրա անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման կամ գործունեության վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.

6) էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագիր ներկայացնելու դեպքում՝ գլխավոր նախաձեռնողի անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն.

7) էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագրին միանալու դեպքում՝ հանրագրի աջակիցների անունը, ազգանունը կամ անվանումը, էլեկտրոնային փոստի հասցեն.

  7. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող հանրագերերի էլեկտրոնային գրանցամատյանում մուտքագրված հանրագրերը արտացոլվում են մեկ միասնական բազայում և հասանելի են նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին:

 

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության
կառավարության
2021 թվականի ____ -ի
թիվ -Ն հրամանի

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՀԱՆՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, ՀԱՆՐԱԳՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ, ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Հանրագիրը կարղ է ներկայացվել էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ պետք է լրացվեն հետևյալ տեղեկությունները՝

1) հանրագրի վերնագիրը.

2) ֆիզիկական անձի դեպքում` հանրագիրը ներկայացնող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.

3) իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.

4) կոլեկտիվ հանրագիր ներկայացնելու դեպքում՝ գլխավոր նախաձեռնողի անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն.

5) կոլեկտիվ հանրագրին միանալու դեպքում՝ հանրագրի աջակիցների անունը, ազգանունը կամ անվանումը, էլեկտրոնային փոստի հասցեն.

6) ոլորտը, որին վերաբերում է հանրագիրը.

7) այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը կամ պաշտոնատար անձի անունը, որին ուղղված է հանրագիրը.

8) հանրագիր ներկայացնող անձի առաջարկը, ինչպես նաև հիմնավորումը` ցանկության դեպքում.

9) կից փաստաթղթեր և այլ նյութերը անհրաժեշտության դեպքում.

10) hանրագիրը ներկայացրած անձի կամ նրա ներկայացուցչի, իրավաբանական անձի դեպքում կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կամ իրավաբանական անձի կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձի էլեկտրոնային թվային ստորագրությունը:

  2. Էլեկտրոնային հարթակում նոր հանրագիր ներկայացնող անձը համարվում է գլխավոր նախաձեռնող, որը էլեկտրոնային հարթակում նշում է կատարում ներկայացված հանրագրի անհատական կամ կոլեկտիվ լինելու, ինչպես նաև հանրագրի չհրապարակման մասին:

  3. Հանրագիրը մերժելու հիմքերի բացակայության դեպքում թղթային եղանակով կամ էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագիրը ոչ ուշ, քան ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հրապարակման էլեկտրոնային հարթակում, եթե առկա չէ հանրագիրը ներկայացնող անձի կողմի հանրագրի չհրապարակման մասին նշում:

  4. Ներկայացված հանրագիրը էլեկտրոնային հարթակում հրապարակվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից:

  5. Հանրագիրը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից ենթակա է լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննարկման, եթե առկա չեն հանրագրի քննարկումը մերժելու հիմքերը:

  6. Անհրաժեշտության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ու պաշտոնատար անձինք գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառներում մասնագիտական հմտություններ և գիտելիքներ օգտագործելու նպատակով իրավունք ունեն հանրագրի քննարկանը ներգրավելու մասնագետների, ինչպես նաև ձևավորել առանձին հանձնաժողով կամ այլ աշխատանքային խումբ:

   7. Եթե էլեկտրոնային հարթակում գլխավոր նախաձեռնողը ներկայացնում է անհատական հանրագիր, ապա հրապարակված հանրագրին այլ անձինք չեն կարող միանալ:

  8. Եթե էլեկտրոնային հարթակում գլխավոր նախաձեռնողը ներկայացնում է կոլեկտիվ հանրագիր, ապա հանրագրի աջակիցները հանրագրին կարող են միանալ հանրագիրը էլեկտրոնային հարթակում հրապարակվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:

  9. Էլեկտրոնային հարթակում հրապարակված և որպես կոլեկտիվ ընտրված հանրագիրը համարվում է անհատական, քանի դեռ սույն որոշմամբ սահմանված ժամկետում անձինք չեն միացել հանրագրին:

  10.«Հանրագրերի մասին» oրենքով սահմանված ժամկետում և հիմքերի առկայության դեպքում էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագիրը վերադարձնելու կամ հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումը, ինչպես նաև պատասխանն ուղարկվում են հանրագիր ներկայացրած անձի, իսկ կոլեկտիվ հանրագրի դեպքում՝ գլխավոր նախաձեռնողի և հանրագրի աջակիցների ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեին և հրապարակվում էլեկտրոնային հարթակում, եթե առկա չէ հանրագիրը չհրապարակելու մասին նշում:

  11. Հանրագիրը վերադարձնելու կամ հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումները ինչպես նաև պատասխանը էլեկտրոնային հարթակում հրապարակելու դեպքում նշվում են հանրագիրը վերադարձնելու կամ հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումների կամ հանրագրի պատասխանի ներկայացման ամսաթիվը, ինչպես նաև այն ներկայացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի անունը:

  • Քննարկվել է

    25.06.2021 - 10.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Կրթություն և գիտություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Սպորտ և երիտասարդություն, Տրանսպորտ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Արտակարգ իրավիճակներ, Պետական գույքի կառավարում, Կադաստր, Էլեկտրոնային արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4400

Տպել