Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները և նպատակը, ոլորտին առնչվող վերահսկողության մեխանիզմները, կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում զբոսաշրջային գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Զբոսաշրջության ոլորտը կարգավորող օրենսդրությունը
  1. Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
  2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքում, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները
  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

Այցելու` ֆիզիկական անձ, ով ճանապարհորդում է իր մշտական կեցության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) մինչև մեկ տարի ժամկետով, ցանկացած նպատակով (ճանաչողական, ժամանցի, գործնական, կրթական, հանգստի, հարազատներին այցելության, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կամ անձնական այլ նպատակներով), բացառությամբ ժամանման վայրում վճարովի գործունեություն իրականացնելը և ժամանման վայրի ռեզիդենտ կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից վարձատրվելը․

Զբոսաշրջիկ` այցելու, որը ճանապարհորդություն իրականացնելիս ժամանման վայրում (երկրում) անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց.

Զբոսաշրջություն` ճանաչողական, հանգստի, հարազատներին այցելության, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, առողջարարական, վերականգնողական, գործնական, կրթական, համաժողովների, տոնակատարությունների, ցուցահանդեսների, մշակութային և այլ բնույթի միջոցառումների մասնակցության և այլ նպատակներով զբոսաշրջիկների ճանապարհորդություն` մշտական կեցության վայրից այլ վայր առավելագույնը մինչև մեկ տարի ժամանակահատվածով.

Զբոսաշրջության ոլորտ՝ այցելուների պահանջարկը բավարարող ապրանքներ կամ ծառայություններ մատուցող տարբեր ձեռնարկատիրական միավորների ամբողջություն, որի սպառման գերակշիռ մասը բաժին է ընկում այցելուներին.

Ներքին զբոսաշրջություն՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների  ճանապարհորդություն Հայաստանի Հանրապետության տարածքում.

 

Արտագնա զբոսաշրջություն` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.

 

Ներգնա զբոսաշրջություն` Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքում.

Զբոսաշրջային ծառայություններ` զբոսաշրջիկներին մատուցվող և նրանց ճամփորդական պահանջմունքների բավարարմանն ուղղված տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, գիշերակացի, սննդի կազմակերպման, ուղևորությունների, զբոսաշրջային միջոցառումների կազմակերպման ծառայություններ.

Տուր՝ մինչև 24 ժամ տևողությամբ առնվազն երկու զբոսաշրջային ծառայություններով ապահովված ճանապարհորդություն.

Զբոսաշրջային փաթեթ` 24 և ավելի ժամ տևողությամբ կամ առնվազն մեկ գիշերակաց պարունակող առնվազն երկու զբոսաշրջային ծառայությունների համալիր, որն առաջարկվում կամ իրացվում է մեկ կետից, մեկ ընդհանուր գնով և ամրագրվում զբոսաշրջային փաթեթի պայմանագրի կնքմամբ.

Զբոսաշրջային փաթեթի պայմանագիր` ամբողջական զբոսաշրջային փաթեթի պայմանագիրը կամ տարբեր պայմանագրերով զբոսաշրջային փաթեթի տրամադրման դեպքում՝ փաթեթում ներառված ծառայությունների մատուցման բոլոր պայմանագրերը.

Զբոսաշրջային ռեսուրսներ` զբոսաշրջիկների պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ ենթակառուցվածքային, պատմամշակութային, կրոնական, շրջակա միջավայրի, մարդկային և այլ ռեսուրսներ, որոնք կարող են հանդիսանալ զբոսաշրջային գրավչություն կամ ներառվել զբոսաշրջային փաթեթում.

Զբոսաշրջային արդյունք՝ մեկ կամ մի քանի զբոսաշրջային ռեսուրս կամ ծառայություն կամ դրանց համալիր, որը որպես մեկ միավոր կարող է իրացվել, այդ թվում ներառվելով զբոսաշրջային փաթեթում.

Զբոսաշրջային միջոցառում՝ զբոսաշրջիկների ժամանցի բազմազանեցմանը նպաստող, մշակութային, պատմական,  տոնական, գործարար, տնտեսական, ազգային, սպորտային և այլ ժամանցային իրադարձություններ, որոնք ուղղված են զբոսաշրջային ռեսուրսների հանրահռչակմանը.

Զբոսաշրջային երթուղի` հստակ ուղեգիծ, որը միմյանց է կապում զբոսաշրջային տարբեր գրավչության օբյեկտներ և վայրեր.

Զբոսաշրջային գրավչության օբյեկտ կամ զբոսաշրջային վայր` զբոսաշրջային գրավչություն ներկայացնող բնական, պատմական, մշակութային, գիտական, գեղագիտական և այլ բնույթի օբյեկտներ, վայրեր.

Զբոսաշրջային հանգույց/կենտրոն՝ զարգացած կամ զարգացող կենտրոնական հանգույց կամ բնակավայր, որտեղ կան գիշերակացի և սննդի ծառայություներ մատուցող ենթակառուցվածքներ, զբոսաշրջային գրավչության օբյեկտներ և վայրեր, որտեղ կազմակերպվում են միջոցառումներ և հասանելի է տրանսպորտային հաղորդակցություն։

ԳԼՈՒԽ 2. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները

 

  1. Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղ է:
  2. Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականությունը հիմնված է զբոսաշրջության կայուն զարգացման սկզբունքների վրա:
  3. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են.
  • ներառական և կայուն տնտեսական աճի, զբաղվածության և պատշաճ աշխատանքի խթանում,
  • պատասխանատու սպառում` զբոսաշրջային ռեսուրսների պահպանության և արդյունավետ օգտագործման ապահովում,
  • հանուն նպատակների գործընկերության ապահովում,
  • Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության ապակենտրոն զարգացման խթանում,
  • Հյաստանում զբոսաշրջության զարգացման գերակա ուղղությունների սահմանում,
  • զբոսաշրջային տեղեկատվության թափանցիկության ապահովում,
  • զբոսաշրջության զարգացման համար բարենպաստ իրավական և տնտեսական պայմանների ստեղծում,
  • զբոսաշրջիկների համար անվտանգ և ապահով զբոսաշրջային միջավայրի ապահովում,
  • զբոսաշրջային ծառայությունների որակի շարունակական բարելավում,
  • սոցիալական և մշակութային բազմազանության խթանում,
  • միջազգային արդյունավետ համագործակցության զարգացման ապահովում։

 

Հոդված 5. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության նպատակները.
  1. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակներն են`
  • նպաստել Հայաստանի Հանրապետություն զբոսաշրջային այցելությունների աճին.
  • բարելավել զբոսաշրջային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակը.
  • բազմազանեցնել զբոսաշրջային առաջարկները.
  • խթանել ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացումը.
  • ընդլայնել զբոսաշրջիկների՝ Հայաստանում մնալու միջին տևողությունը.
  • բարելավել և ամրապնդել Հայաստանի դիրքերը զբոսաշրջության համաշխարհային շուկայում.
  • նպաստել Հայաստանի հասանելիության բարձրացմանը և զբոսաշրջության խթանման միջոցով արտաքին կապերի ամրապնդմանը․
  • բարելավել զբոսաշրջային կրթության և որակավորման համակարգերը.
  • սահմանել զբոսաշրջության ոլորտին վերաբերող իրավական կարգավորումներ.
  • կատարելագործել վիճակագրական տվյալների հավաքագրման մեթոդները և ստեղծել տվյալների հավաքագրման կայուն մեխանիզմ․
  • նպաստել զբոսաշրջությանը հասարակական ներգրավվածությանն ու սոցիալական կյանքի բարելավմանը․
  • խթանել զբոսաշրջության միջոցով նյութական և ոչ նյութական արժեքների վերականգնումը, պահպանումն ու արժևորումը։
Հոդված 6. Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
  • ճանաչում է զբոսաշրջության ոլորտի պետական կարգավորումն իրականացնող լիազոր մարմնին (այսուհետ՝ Լիազոր մարմին).
  • հաստատում է Լիազոր մարմնի կողմից ներկայացված զբոսաշրջության զարգացման ծրագրերն ու ուղղությունները.
  • հայտարարում է զբոսաշրջային կենտրոններ, հաստատում է դրանց տարածքներում քաղաքաշինական և բնապահպանական հատուկ նորմեր, առանձին դեպքերում հաստատում է զբոսաշրջային երթուղիներ․
  • հաստատում է զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի վարման կարգը, զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստրի վարման կարգը (ներառյալ տվյալների բազայի բովանդակությունը) և վարչական ռեգիստրի վարման համար տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվության և հաշվետվությունների ներկայացման կարգն ու ձևերը․
  • հաստատում է զբոսավարների, ուղեկցորդների սերտիֆիկացման, վերապատրասման դասընթացներ անցնելու, վերապատրասման դասընթացներ կազմակերպող ուսումնական հաստատությունների հավատարմագրման կարգերը․
  • հաստատում է հյուրանոցային ծառայություններ մատուցող օբյեկտների որակավորման կարգերը, ծառայությունների մատուցման նվազագույն պահանջները և դրանց ապահովման նկատմամբ վերահսկողության կարգը.
  • հաստատում է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների հավատարմագրման կարգը և տարբերակման չափորոշիչները.
  • իր իրավասության սահմաններում կնքում է զբոսաշրջության բնագավառում միջազգային պայմանագրեր․
  • իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

2․ Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը կարող է պատվիրակվել Լիազոր մարմին։

 

Հոդված 7. Զբոսաշրջության ոլորտում Լիազոր մարմնի իրավասությունները
  1. Լիազոր մարմինը մշակում և իրականացնում է զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականությունը։
  2. Լիազոր մարմինը՝
  • մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներայացնում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ հաստատում է զբոսաշրջության զարգացման պետական ծրագրերը, այդ թվում` զբոսաշրջային գրավչության օբյեկտների կամ զբոսաշրջային վայրերի, զբոսաշրջային կենտրոնների, ներդրումային և մարքեթինգային.
  • մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում զբոսաշրջության ոլորտին վերաբերող իրավական ակտերի նախագծերը.
  • իրականացնում է զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցություն, մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության պայմանագրերի վերաբերյալ, կնքում է միջգերատեսչական պայմանագրեր, միջազգային համագործակցության շրջանակներում ներկայացնում է զբոսաշրջության ոլորտում Հայաստանի Հանրապետության շահերը.
  • մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի, զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստրի վարման կարգը (ներառյալ տվյալների բազայի բովանդակությունը).
  • մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում զբոսավարների, ուղեկցորդների սերտիֆիկացման, վերապատրասման դասընթացներ անցնելու, վերապատրասման դասընթացներ կազմակերպող ուսումնական հաստատությունների հավատարմագրման կարգերը․
  • մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հյուրանոցային ծառայություններ մատուցող օբյեկտների որակավորման կարգերը, ծառայությունների մատուցման նվազագույն պահանջները և դրանց ապահովման նկատմամբ վերահսկողության կարգը.
  • մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների հավատարմագրման կարգը և տարբերակման չափորոշիչները.
  • Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով իրականացնում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների, հանրային սննդի օբյեկտների, զբոսաշրջային ավտոբուսների որակավորում,
  • վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրությունը (ռեգիստրը),
  • մասնակցում է զբոսաշրջային վայրերում տնտեսական և քաղաքաշինական գործունեության չափորոշիչների մշակմանը:
  • համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված իրավասությունների և գործառույթների իրականացման շրջանակներում.
  • համակարգում է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող կամ ֆինանսավորվող զբոսաշրջության աջակցության ծրագրերը կամ այդ ծրագրերի զբոսաշրջության բաղադրիչները.
  • Քննարկվել է

    21.05.2021 - 14.06.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Սպորտային տուրիզմ

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8393

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արամ Կարապետյան

24.05.2021

Բարեւ Ձեզ, Խնդրում եմ պարտադիր կարգավորել դեմպինգի հարցը: Դեմպինգը այս ոլորտում ամենակարեւոր հարցերից է, եթե ոչ ամենակարեւորը: Ժամանակին ես այսպիսի մեխանիզմ էի մտածել, բայց եկավ կովիդը հետո պատերազմը: Ներքեւում գրվածը ոչ ամբողջական է սակայն կարծում եմ օգտակար կլինի: Լիազոր մարմին՝ ՀՀ զբոսաշրջության կոմիտե կամ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի կողմից հավատարմագրված §Արտագնա զբոսաշրջային գործակալների և օպերատորների ասոցացիա¦ ՀԿ: զբոսաշրջային գործունեության սուբյեկտ` զբոսաշրջային օպերատոր և զբոսաշրջային գործակալ. Արտագնա զբոսաշրջային օպերատոր` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի ձևավորման, խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ. Արտագնա զբոսաշրջային գործակալ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ. Լիազոր մարմին Լիազոր մարմնի հիմանական գործառույթն է արտագնա զբոսաշրջային ոլորտում ձևավորել առողջ մրցակցություն, իր լիազորությունների շրջանակներում վերահսկել արտագնա զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների կողմից մատուցվող ծառայությունների որակը և գնային քաղաքականությունը: Լիազոր մարմինը հաստատում է օպերատորի և գործակալի միջև իրավահարաբերությունները կարգավորող գործակալական պայմանագիրը: Լիազոր մարմինը գործակալների և օպերատորների կողմից խախտումներ հայտնաբերելու դեպքում պարտավորվում է ՀՀ հարկային մարմնին և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին տրամադրել տեղեկատվություն անբարեխիղճ տնտեսվարողների մասին: Լիազոր մարմինը պարտավորվում է ստեղծել ինտերնետային կայք որտեղ՝ Կտեղադրվի տեղեկատվություն ՀՀ-ում գործող արտագնա զբոսաշրջային օպերատորների և գործակալների մասին: Կգործի ՀՀ-ում գործող արտագնա զբոսաշրջային օպերատորների և գործակալների ռեյտինգավորման համակարգ: Առաջին էջում կտեղադրվի տեղեկատվություն ոչ վստահելի օպերատորների և գործակալների մասին .…. ….. ….. Լիազոր մարմինը պարտավորվում է գործադրել ջանքեր կայքի զարգացման և առաջխաղացման համար ինչի արդյունքում Հայաստանից արտերկիր մեկնող զբոսաշրջիկներին կիրազեկի անբարեխիղճ զբոսաշրջային ընկերությունների մասին: Արտագնա զբոսաշրջային օպերատոր Արտագնա զբոսաշրջային օպերատորը մինչև հաշվետու տարվա հունվարի 20-ը լիազոր մարմնի կողմից հաստատված ձևով պետք է լիազոր մարմնին ներկայացնի հայտարարություն արտագնա զբոսաշրջային օպերատոր համարվելու մասին և որպես անվտանգության երաշխիք պետք է վճարի դեպոզիտ իր կողմից արտագնա օպերատրական գործունեության մասով իրացվող զբոսաշրջային արդյունքի նախորդ տարվա շրջանառության 30%-ի չափով բայց ոչ պակաս 10 000 000 դրամից կամ բանկային երաշխիք իր կողմից արտագնա օպերատրական գործունեության մասով իրացվող զբոսաշրջային արդյունքի նախորդ տարվա շրջանառության 30%-ի չափով բայց ոչ պակաս 10 000 000 դրամից, կամ ապահովագություն որը կծածկի նախորդ տարվա շրջանառության 30%-ը, բայց ոչ պակաս 10 000 000 ՀՀ դրամից: Արտագնա զբոսաշրջային օպերատորը զբոսաշրջային արդյունքի վաճառքն իրականացնում է համաձայն իր կողմից հրապարակված սակագների: Արտագնա զբոսաշրջային օպերատորը իրավունք ունի համագործակցել օտարերկրյա զբոսաշրջային կազմակերպությունների հետ, Հայաստանի Հանրապետությունում հանդես գալ որպես օտարերկրյա զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ և վաճառքների գլխավոր գործակալ: Արտագնա զբոսաշրջային օպերատորը իրավունք ունի իր կողմից ներկայացվող զբոսաշրջային ծառայությունների վաճառքը կազմակերպել զբոսաշրջային գործակալների միջոցով: Արտագնա զբոսաշրջային օպերատորը պարտավոր է մինչև իր կողմից վաճառվող զբոսաշրջային արդյունքի սակագների հրապարակումը լիազոր մարմնին ներկայացնել տեղեկատվություն հրապարակվող և կամ թարմացվող սակագների մասին: Արտագնա զբոսաշրջային օպերատորը պարտավորվում է վերահսկել գործակալների կողմից կատարվող վաճառքի գները, իսկ հրապարակային գներից ցածր գներով վաճառք կատարող գործակալներ հայտնաբերելու դեպքում պարտավորվում է խզել պայմանագիրը և գործակալի նկատմամբ կիրառել տուգանք կատարած ամրագրման արժեքի 100%-ի չափով, ինպես նաև 2 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին տալ տեղեկատվություն անբարեխիղճ գործակալի մասին: Արտագնա զբոսաշրջային օպերատորը պարտավոր է ունենալ սեփական ինտերնետային կայք, որտեղ մշտապես թարմացման եղանակով պետք է ցուցադրված լինեն զբոսաշրջային օպերատորի փաթեթները և սակագները: Արտագնա զբոսաշրջային օպերատորը պետք է ունենա բավարար հնարավորություններ զբոսաշրջիկներին և գործակալներին պատշաճ որակի ծառայություններ մատուցելու համար: Արտագնա զբոսաշրջային օպերատորը անկախ գործակալական ցանցի միջոցով վաճառք կատարելու հանգամանքից պատասխանատվություն է կրում արտերկրում զբոսաշրջիկին մատուցված ծառայությունների համար: Արտագնա զբոսաշրջային օպերատորը պարտավոր է զբոսաշրջային գործակալներին մշտապես տալ հավաստի և բավարար տեղեկատվություն իր կողմից իրականացվող չվերթների, ներկայացված հյուրանոցների, ուղևորափոխադրումների, ելքի վիզայի և ճամփորդությանը վերաբերող կարևոր մանրամասների մասին: Արտագնա զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալի միջև իրավահարաբերությունները կարգավորվում են համաձայն կողմերի միջև կնքված գործակալական պայմանագրի: Գործակալական պայմանագրի ձևը ենթակա է հաստատման լիազոր մարմնի կողմից: Գործակալական պայմանագրում պետք է ֆիքսված լինի գործակալին հասանելիք միջնորդդավճարի չափը, իսկ կախված գործակալի կողմից կատարած վաճառքի ցուցանիշներից գործակալական միջնորդավճարի տարբեր սանդղակներ լինելու դեպքում պետք է հստակ սահմանված լինեն գործակալական միջնորդավճարի չափերը ըստ վաճառքի ցուցանիշների: Գործակալական պայմանագիրը պետք է ունենա իր անբաժանելի մասը կազմող հավելվածով սահմանված վաճառքի հաշվետվության ձևը, որտեղ պետք է նշված լինի գործակալի կողմից վաճառված զբոսաշրջային ծառայության ամրագրման համարը, ամրագրման ամսաթիվը, անվանումը, ամրագրման գինը, գործակալին հասանելիք միջնորդավճարի չափը և օպերատորին հասանելիք գումարի չափը: Գործակալի կողմից կատարած վաճառքների մասին հաշվետվության հաշվետու ժամանակաշրջան է համարվում տասնօրյակը: Կատարած ամրագրումների համար գործակալը օպերատորին է փոխանցում ամրագրման ամբողջ գումարը, իսկ յուրաքանչյուր տասնօրյակից հետո, հաշվետու տասնօրյակին հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում հաշվետվություն իր կողմից կատարած վաճառքների մասին, օպերատորը գործակալի կողմից հաշվետվությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է հաշվետվությունը, գործակալը հաստատված հաշվետվությունը ստանալուց հետո օպերատորին դուրս է գրում հաշիվ իսկ օպերատորը հաշիվը ստանալուց հետո 2 բանկային օրվա ընթացքում փոխանցում է գործակալին հասանելիք միջնորդավճարը: Օպերատորի և գործակալի միջև կնքված պայմանագրով գործակալին արգելվում է կատարել վաճառք օպերատորի հրապարակային արժեքներից ցածր արժեքներով: Օպերատորի և գործակալի միջև կնքված պայմանագրով գործակալին թույլատրվում է օպերատորի հրապարակային գներից բացի հաճախորդից գանձել հավելյալ ծառայության վճարներ իր հայեցողությամբ: Արտագնա զբոսաշրջային գործակալ Արտագնա զբոսաշրջային գործակալը յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 20-ը լիազոր մարմնի կողմից հաստատված ձևով ներկայացնում է հայտարարություն որպես զբոսաշրջային գործակալ համարվելու մասին: Արտագնա զբոսաշրջային գործակալը լիազոր մարմնի կողմից հաստատված գործակալական պայմանագրի հիիման վրա իրացնում է ՀՀ զբոսաշրջային օպերատորների կողմից տրամադրված փաթեթները և համաձայն պայմանագրի ստանում է գործակալական միջնորդավճար: Արտագնա զբոսաշրջային գործակալը իրավունք չունի համագործակցել օտարերկրյա այն զբոսաշրջային ընկերությունների հետ որոնք որոնք ներկայացված չեն ՀՀ տարածքում կամ չունեն ՀՀ արտագնա զբոսաշրջային օպերատոր հանդիսացող ներկայացուցիչ: Արտագնա զբոսաշրջային գործակալը իրավունք չունի ՀՀ զբոսաշրջիկի համար կատարել ամրագրումներ օտարերկրյա ինտերնետ ամրագրման այն համակարգերից որոնք ներկայացված չեն ՀՀ տարածքում կամ չունեն ՀՀ արտագնա զբոսաշրջային օպերատոր հանդիսացող ներկայացուցիչ: Արտագնա զբոսաշրջային գործակալին արգելվում է ՀՀ զբոսաշրջային օպերատորների կողմից ներկայացվող փաթեթները վաճառել հրապարակային արժեքներից ցածր գներով: Արտագնա զբոսաշրջային գործակալին թույլատրվում է բացի ամրագրման արժեքից զբոսաշրջիկներից գանձել հավելյալ ծառայության վճարներ: Կատարած ամրագրումների համար զբոսաշրջային գործակալը պարտավորվում է օպերատորին փոխանցել ամրագրման ամբողջ գումարը, իսկ յուրաքանչյուր տասնօրյակից հետո, հաշվետու տասնօրյակին հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել հաշվետվություն իր կողմից կատարած վաճառքների մասին, օպերատորը գործակալի կողմից հաշվետվությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է հաշվետվությունը, գործակալը հաստատված հաշվետվությունը ստանալուց հետո օպերատորին դուրս է գրում հաշիվ իսկ օպերատորը հաշիվը ստանալուց հետո 2 բանկային օրվա ընթացքում փոխանցում է գործակալին հասանելիք միջնորդավճարը:

Տեսնել ավելին