Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

…. …….. 2021 թվականի N …..-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները՝

1) 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«50. Ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում է օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով նախատեսված կարգով, եթե ներկայացվել է նաև որակավորման ապահովումը հիմնավորող փաստաթուղթը: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում ապրանքի ամբողջական նկարագիրը պայմանագրում ներառվում է՝ համաձայն ընտրված մասնակցի կողմից ներկայացված և գնահատող հանձնաժողովի կողմից բավարար գնահատված առաջարկի:  Եթե կնքված պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա կնքված պայմանագրի մասին հայտարարությամբ նախատեսվում է նաև, որ վերջինիս տեղեկագրում հրապարակվելուն, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում՝ հայտարարությունը հայտեր ներկայացրած մասնակիցներին ուղարկվելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացում պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում՝ ինչպես գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցները, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում՝ գնման տվյալ ընթացակարգին հայտ ներկայացրած մասնակիցները կարող են գրավոր պատվիրատուին ներկայացնել կնքված տվյալ պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացին պատասխանատու ստորաբաժանման հետ համատեղ մասնակցելու գրավոր պահանջ: Հայտարարությամբ նախատեսվում է նաև պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի էլեկտրոնային փոստի պաշտոնական հասցեն: Գրությանը կից ներկայացվում է՝

1) ֆիզիկական անձին տրամադրված լիազորագրի բնօրինակը: Ընդ որում լիազորված՝

ա. ֆիզիկական անձանց քանակը չի կարող գերազանցել երկուսը.

բ. ֆիզիկական անձը անձամբ պետք է կատարի այն գործողությունները, որոնց համար լիազորված է.

2) ինչպես գործընթացին մասնակցելու պահանջ ներկայացրած, այնպես էլ  լիազորված ֆիզիկական անձանց կողմից ստորագրված բնօրինակ հայտարարություններ՝ օրենքի 5.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված շահերի բախման բացակայության մասին.

3) այն էլեկտրոնային փոստի հասցեները և հեռախոսահամարները, որոնց միջոցով պատվիրատուն կարող է կապ հաստատել պահանջը ներկայացրած անձի և վերջինիս կողմից լիազորված ֆիզիկական անձի հետ.

4) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունների և լրատվական գործունեություն իրականացնող անձանց դեպքում՝ նաև պետական գրանցման վկայականի պատճենը:

Սույն կետով նախատեսված ժամկետը լրանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կնքված պայմանագրի հայտարարության մեջ նշված իր էլեկտրոնային փոստի հասցեից ծանուցում է ուղարկում սահմանված պահանջներին համապատասխանող գրություն ներկայացրած անձին՝ պայմանագրի կատարման արդյունքի ընդունման գործընթացին վերջինիս մասնակցությունը հաստատված լինելու մասին, ծանուցումը և սույն կետով նախատեսված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունների բնօրինակից արտատպված օրինակները հրապարակելով նաև տեղեկագրում: Գործընթացին մասնակցության շրջանակում լիազորված ֆիզիկական անձի փոփոխությունն իրականացվում է սույն կետով սահմանված կարգով՝ պատվիրատուին ներկայացվող գրության հիման վրա:».

2) 109-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«109. Արձանագրությունն ստորագրվում է, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչի (ներկայացուցիչների) գրավոր դրական եզրակացությունը: Սույն կետում նշված անձը պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ տալիս է դրական եզրակացություն, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում են պայմանագրի պայմաններին: Պայմանագրով սահմանված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետների խախտման դեպքերում տրվում է դրական եզրակացություն, եթե պատվիրատուի կողմից չի ընդունվում պայմանագիրը լուծելու մասին որոշում: Սույն կարգի 50-րդ կետով նախատեսված ֆիզիկական անձը մինչև սույն կետով նախատեսված եզրակացությունը հաստատվելու օրը պատասխանատու ստորաբաժանմանը գրավոր ներկայացնում է դիրքորոշում՝ մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության՝ պայմանագրի պահանջներին համապատասխանության մասին:  Եթե ներկայացված դիրքորոշումը՝

1) դրական է, ապա դրա մասին եզրակացության մեջ կատարվում է համապատասխան նշում.

2) բացասական է, սակայն պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչը չի ընդունում առարկությունը, ապա վերջինիս կողմից տրվում է դրական եզրակացություն, իսկ առարկությունները քննարկվում են պատասխանատու ստորաբաժանման և պայմանագիրը կնքած անձի կողմից, անհրաժեշտության դեպքում դրան մասնակից դարձնելով նաև առաջարկությունները ներկայացրած ֆիզիկական անձին: Քննարկման արդյունքներն արձանագրվում են, կազմվում է ամփոփաթերթ, որը ստորագրվում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման հայտը նախագծած ներկայացուցչի կողմից: Քննարկումների անցկացման և արդյունքների ամփոփման ժամկետը  չի կարող ավել լինել արձանագրությունը հաստատվելուն հաջորդող երեսուն աշխատանքային օրից: Ամփոփաթերթը ստորագրվելուն հաջորդող աշխատանքային օրը, դրա բնօրինակից արտատպված տարբերակը պատասխանատու ստորաբաժանումը հրապարակում է տեղեկագրում: Եթե միևնույն պայմանագրի շրջանակում ֆիզիկական անձի ներկայացրած դիրքորոշումն առնվազն երկու անգամ չի հիմնավորվում, ապա գործընթացին մասնակցելու պահանջ ներկայացրած անձը զրկվում է տվյալ պայմանագրի շրջանակում արդյունքի ընդունման գործընթացին մասնակցելու հնարավորությունից, որի մասին՝ հիմքերն առաջանալուն հաջորդող աշխատանքային օրը պատասխանատու ստորաբաժանումը տեղեկագրում հրապարակում է հայտարարություն:

Բացասական եզրակացություն տալու դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտնում է պատվիրատուի ղեկավարին՝ ներկայացնելով առաջարկություններ պայմանագրի կողմի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ: Նման դեպքում պատվիրատուի ղեկավարը ներկայացված առաջարկություններին համապատասխան ձեռնարկում է միջոցներ՝ հարցի կարգավորման համար: ՀՀ պաշտպանության նախարարության պատվերներով իրականացվող տեղական արտադրության ռազմական նշանակության ապրանքի և (կամ) գույքի համար, որոնց ընդունումը (նախատեսված է) իրականացվել է պատվիրատուի ներկայացուցչության միջոցով, արձանագրության ստորագրման համար հիմք է ընդունվում ներկայացուցչության կողմից այդ ապրանքի և (կամ) գույքի համար տրված դրական եզրակացությունը:»:

  1. Սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

          ՎԱՐՉԱՊԵՏ                                                ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ      

 

 

 

 

  • Քննարկվել է

    29.04.2021 - 15.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1242

Տպել