Հիշել նախագիծը

««Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են հունվարի 1-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր: »

Հոդված 2. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 1.1-րդ հոդվածը։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    21.01.2021 - 06.02.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16704

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Անահիտ Ասատրյան

06.02.2021

Այս ուրենք հասել, որ ընդամենը մի քանի աշխատանքային օրը կարող է փրկի ռեսպուբլիկան։ Գուցե մտածե՞ք աշխատողների եկամուտները ավելացնելու և կյանքը բարելավելու ուղղությամբ կամ ստվերային տնտեսությունը վերացնելու մասին։

Արսեն Իգիթյան

03.02.2021

Հետաքրքիր է, թե ինչպես է ստացվում, որ ամեն նոր եկող կառավարության անդամ, և նույնիսկ նոր եկող իշխանություն ինչ-որ պահի սկսում է առաջ տանել այս նույն թեզը՝ չեղարկել Սուրբ Ծննդյան տոները։ Խորը կասկածների տեղիք է տալիս, որ բոլորն, ովքեր գալիս են իշխանության, ունեն ինչ-որ տեղից հրահանգված նույն օրակարգը՝ վերադարձնել Սովետական Միությունը, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Որքան էլ փորձ արվի ձևացնել, որ այս մտահաղացումը ժամանակակից է, հավատացնում եմ, այն շատ հին է, քանի որ Christmas Holidays կոչվածը, բացի մահմեդական աշխարհից ու սակավաթիվ ստալինիստական բռնապետություններից, ամենուր հանդիսանում է դարերից եկող և տարվա ընթացքում մարդկանց կյանքի կարևորագույն մասը։ Սովետական միության կողմից տարվող բռնի ապամշակութացման ու գաղութացնող քաղաքականության օրակարգն էր ջնջել Ծննդյան տոները մարդկանց գիտակցությունից, «լավանալ» այդ հասկացությունը ուղեղներից, և փոխարինել այն «Կրեմլյան աստղով» տոնածառով ու Մոսկվայից հեռարձակվող կարճաժամկետ ամանորյա անբովանդակ հանդեսով։ Եթե իհարկե կառավարությունը հանրության թշնամին չէ, ապա լիովին անհասկանալի է, թե ինչպես է, որ բոլոր ոլորտներում ծայրահեղ հումանիտար ու սոցիալ-տնտեսական ճգնաժամեր ապրող, հետամնաց, աղքատ, օրենքի գերակայության ու ժողովրդավարությանը այդպես այդպես էլ չհասած, աշխարհի տնտեսությունից կտրված (ԵԱՏՄ-ում լինելու պատճառով), թունավորված ընդերք և աղտոտված օդ ունեցող, ոչ մի ժամանակակից ենթակառուցվածք չունեցող երկրում հանկարծ անհրաժեշտ դարձավ գողանալ մարդկանցից Ծննդյան տոները։ Այս մտահաղացումը հին է նաև, որովհետև շատ դարեր առաջ էր, երբ արքունիքները մարդկանց զրկում էին իրենց կարևոր արժեքներից՝ արքունիքի սեփական հարմարության ու շահի համար։ Մեր օրերում, կառավարության խնդիրը ոչ թե միջազգային պայմանագրերին խանգարող տոներ ջնջելն է, այլ տոներին, աշխատանքային իրավունքներին ու հարմար կյանքին խանգարող պայմանագրեր չստորագրելը։ Ոչ թե այլ երկրների աշխատանքային օրերին հարմարվելու մեջ է, այլ ուրախ լինելու, որ ինքնիշխան պետությունը ունի իր սեփական, տարբերվող տոները։ Ոչ թե ՀՆԱ-ի աճ ապահովելու մեջ է, այլ կյանքի որակ ապահովելու։ Ոչ թե մարդկանց աշխատացնելու մեջ է, այլ հակառակը՝ մարդկանց քիչ աշխատացնելու, բայց կյանքը բարելավելու մեջ։ Ոչ թե Սովետական Միություն վերադառնալն է, այլ Եվրոպա ձգտելը։ Այնպես որ, տնտեսություն զարգացնելու համար, առաջարկում եմ զբաղվել ավելի օգտակար ու իմաստալից գործով, օրինակ՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից, և չվերականգնել ԽՍՀՄ-ը։ Իսկ Ծննդյան տոներ գողանալու ցանկությունը բավարարելու համար, Նախագծի հեղինակներին առաջարկում եմ Նեթֆլիքով դիտել How the Grinch Stole Christmas (Гринч – похититель Рождества) արդեն դասական դարձած անիմացիոն ֆիլմը և սահմանափակվել դրանով։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

03.02.2021

Նախագծի անհրաժեշտությունը հիմնավորվում է միայն մաքուր տնտեսական վիճակագրության և Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)՝ կոնտեքստից կտրված տոկոսների տեսանկյունից` հաշվի չառնելով բազմաթիվ այլ ցուցանիշներ։ Նման մոտեցումն իրեն չի արդարացրել։ Սկսած անցած դարի 70-ականներից՝ տնտեսական աճի և անհատների եկամուտների աճի միջև կապը խզվել է, և վերջին տասնամյակների ընթացքում տնտեսական միտքը հանգել է նրան, որ ՀՆԱ-ն այլևս տնտեսական հաջողության, հանրային բարօրության և կյանքի որակի չափման համար բավարար ցուցանիշ չի կարող հանդիսանալ։ ՀՆԱ-ն իր մեջ արտացոլում է միայն տնտեսության ոլորտների կողմից ստեղծած արդյունքները, սակայն անտեսում է բազմաթիվ այլ ցուցիչներ, որոնք էական նշանակություն ունեն պետության զարգացման ու հանրության կյանքի բարելավման մեջ։ ՀՆԱ-ի հաշվարկից դուրս են մնում հանրության սոցիալ-տնտեսական առաջադիմության, լավ կառավարման, մարդկային զարգացման, ոչ ավանդական տնտեսական ակտիվության, ոչ ֆորմալ տնտեսության, ոչ ֆորմալ զբաղվածության, եկամուտների անհավասար բաշխման, և ի վերջո՝ հենց տնտեսության գործունեությունից բխող վնասակար հետևանքերի մասին տվյալները, այնինչ, նշվածները շատ ավելի մեծ կարևորություն ունեն տնտեսության զարգացվածության մակարդակը հասկանալու պրոցեսում, քան առանձին վերցրած վիճակագրական թվերը։ Այդ իսկ պատճառով, տնտեսական իրական զարգացման մակարդակը գնահատելու համար վերջին տասնամյակներում օգտագործում են նաև այլ բնութագրական արժեքներ, օրինակ՝ մարդկային զարգացման ինդեքսը (HDI), մարդկային կապիտալի ինդեքսը (HCI), սոցիալական առաջադիմության ինդեքսը (SPI)։ Տնտեսությունն ինքնուրույն որևէ կենսական հարց չի լուծում, ավելին, տնտեսագիտական մի շարք տեսությունների պնդմամբ՝ զուտ տնտեսական աճի վրա կենտրոնացումը բերելու է միմիայն անհավասարության աճի։ Ժամանակակից աշխարհում պետության դերը նրանումն է, որ ապահովի նախևառաջ որակյալ, կենսակայուն տնտեսություն և այն ծառայեցնի հանրության շահին, այլ ոչ թե պարզապես ապահովի տնտեսության քանակական ցուցանիշների աճ։ Կառավարության վերջնական նպատակը պետք է լինի բարեկեցիկ և արդար հասարակության ստեղծումը, որը կլինի տնտեսապես առաջադեմ, կայուն և քաղաքացիներին կապահովի կյանքի իմաստալից որակով։ Այսպիսով, կոնտեքստից կտրված տնտեսական ցուցանիշներն ու ՀՆԱ-ի աճի տոկոսներն իրական աշխարհում գրեթե առնչություն չունեն միջին վիճակագրական քաղաքացու կյանքի որակի հետ, և իրապես զարգացած ու առաջադեմ տնտեսություն, ինչպես նաև հանրության բարօրություն ապահովելու համար անհրաժեշտ են բազմակողմանի մոտեցումներ։ Հայաստանում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ ոչ-ֆորմալ (ստվերային) տնտեսությունը կազմում է 36%, որն ԱՊՀ տարածքում ամենաբարձր ցուցանիշներից է։ Ոչ ֆորմալ զբաղվածությունը Հայաստանում հասնում է 46% -ի՝ ըստ համաշխարհային բանկի կողմից հրապարակված 2019թ․ զեկույցի։ Բացի այդ, Հայաստանն աշխարհում «առաջատարներից» է գործազրկության և աղքատության մակարդակներով։ Հայաստանի Հանրապետությունում մինչ այժմ սահմանված չէ living wage (ապրելու աշխատավարձ) հասկացությունը, չկա մինիմալ աշխատավարձի ձևավորման սկզբունք։ Բացակայում են կամ կայացած չեն աշխատանքային հարաբերությունների վերահսկման մեխանիզմները, ինչի հետևանքով հսկայական թվով աշխատողների պատշաճ չի տրամադրվում նրանց հասանելի ամենամյա արձակուրդը, չի պահպանվում աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատաժամանակը, չեն կատարվում արտաժամյա վճարումները։ Այստեղ նույնիսկ չենք անդրադառնում այնպիսի երևույթներին, ինչպիսիք է անորոշ աշխատանքը (precarious work): Նշվածները կարևորագույն ցուցանիշներ են տնտեսապես զարգացած պետություն ունենալու համատեքստում, և այս խնդիրների վերացումը զգալիորեն կավելացնի թե՛ տնտեսական ցուցանիշները, և թե՛ պետական եկամուտները։ Հիմնախնդիրները թողած՝ կառավարությունը փորձում է տարվա մեջ երեքուկես աշխատանքային օր ավելացնելով լուծել տնտեսական խնդիրներ, ինչը, դարձյալ, որոշակի նեղ շրջանակների շահերի սպասարկում է աշխատող մարդկանց հաշվին, և ոչ արհեստավարժ մոտեցում։

Տեսնել ավելին