Հիշել նախագիծը

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

Ընդունված է 2020 թվականի ․․․․   -ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44-րդ հոդվածի 2-րդ մասում` «երրորդ հարկային տարին» բառերից հետո շարադրել նոր խմբագրությամբ`

«(բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախա­տեսված դեպքի), իսկ տրանսֆերային գնագոյացմանը վերա­բերող խախտում­ների դեպքում` հինգերորդ տարին լրանալուց հետո, իսկ Օրենսգրքի` անշարժ գույքի հար­կին և փոխադրամիջոցների գույքահարկին վերաբերող բաժինների պահանջ­նե­րի խախ­տումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կա­րող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու հարկային տար­վան անմիջապես հաջորդող տասներորդ հարկային տարին լրանալուց հետո:»:

Նույն հոդվածի 5-րդ մասում` «երեք տարի,» բառերից հետո լրացնել «իսկ տրանսֆերային գնագոյացման դեպքում ներկայացվող հարկային հաշվարկներով՝ 5 տարի,» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի` 10-րդ մասը շարադրել նոր խմբագ­րութ­յամբ`

«Բացառությամբ Օրենսգրքի 374-րդ հոդվածով սահմանված դեպքերի, հար­կա­յին հաշվարկները չեն կարող ներկայացվել այն դեպքերում, եթե հարկային հաշ­վար­կը վերաբերում է`

1) այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով արդեն ստուգ­վել է հարկային մարմնի (իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում` հարկային հաշվարկները այլ լիազոր մարմիններին ներկայացնելու դեպքում` այդ մարմնի) կող­մից.

2) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի ստուգումը` տվյալ հարկատեսակի մա­սով, սկսվել է, սակայն հաշվարկի ներկայացման օրը ստուգման ընթացքը կասեցված է.

3) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի վերջին օրվանից անցել է երեք տարի, իսկ տրանսֆերային գնագոյացման հաշվարկի դեպքում՝ 5 տարի։»:

Հոդված 3. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասում` «սխալների ինքնուրույն հայտնաբերման» բառերից հետո շարադրել նոր խմբագրությամբ`

«, իսկ Օրենսգրքի 374-րդ հոդվածով սահմանված դեպքում՝ հարկային մարմնի առաջարկով, դրանց ճշտման արդյունքներով, սույն հոդվածով սահմանված կարգով, կարող են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ, այդ թվում` տրանսֆերային գնագոյացման ճշտված հարկային հաշվարկներ:»:

Հոդված 4. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել 3-րդ կետը հետևյալ խմբագրությամբ`

 «3) տրանսֆերային գնագոյացման ստուգում` Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբուն­քին համապատասխանության պարզման և դրա արդյունքում` 360-րդ հոդ­վածի 2-րդ մասով սահմանված հարկի և վճարի հաշվարկման և վճարման ամբող­ջա­կանության պարզում:» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 336-րդ հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագ­րութ­յամբ`

«Հոդված 336. Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստու­գում­ների պլանավորումը:

Նույն հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«1. Հարկային հսկողության շրջանակներում համալիր հարկային ստուգումների պլանավորումն իրականացվում է ռիսկերի վրա հիմնված հարկային ստուգումների համակարգի միջոցով, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգումների պլանավորումն իրականացվում է հարկ վճարողի վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևի և տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման միջոցով ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում վերհանված ռիսկերի հիման վրա: Ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների միջոցով հարկային մարմինն այդ ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են: Հարկային մարմինը տրանսֆերային գնագոյացման ստուգումները նպատակաուղղում է դեպի այն գործարքները և այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են։»:

Նույն հոդվածի 2-րդ մասը և 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«2. Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումները պլա­նա­վորելու նպատակով`

1) հարկային մարմինը մշակում է հարկ վճարողների և նրանց գործունեության ռիսկայնության աստիճանը բնորոշող չափանիշները: Ռիսկի վրա հիմնված համալիր հարկային և տրանսֆերային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Կառավարությունը, իսկ դրանց հաշվարկման և գնահատման կարգը հաստատում է հարկային մարմինը.»:

Նույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի «կազմելու ամսաթիվը.» բառերից հետո լրացնել`

«9. Տրանսֆերային գնագոյացման ստուգումների տարեկան ծրագիրը հրապա­րակ­ման ենթակա չէ:» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 337-րդ հոդվածի` վերնագիրը շարադրել նոր խմբագ­րութ­յամբ`

«Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների հաճախականությունը»:

Նույն հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«1. Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումները նույն հարկ վճարողի մոտ, կախված ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ.

1․1 Համալիր հարկային ստուգման դեպքում․

1) բարձր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հարկային տարվա ընթացքում մեկ անգամ.

2) միջին ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան երեք հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ.

3) ցածր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հինգ հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ:

1.2 Տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում․

1) բարձր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան երեք հարկային տար­վա ընթացքում 1 անգամ.

2) միջին ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան չորս հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ.

3) ցածր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հինգ հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ:»:

Նույն հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Սույն հոդվածի 1-ին և 1․2-րդ մասերով սահմանված սահմանա­փա­կումները չեն տա­րած­վում համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստու­գում­ների անց­կացման այն դեպքերի վրա, երբ`»:

Նույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում «հարկ վճարողը» բառերից հետո լրաց­նել «համալիր հարկային ստուգումների տարեկան» բառերը:

Նույն հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «և (կամ) տրանսֆերային գնագոյացման ստուգում իրականացնելու վերաբե­ր­յալ.» բառերը:

Նույն հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«10) համալիր հարկային և (կամ) տրանսֆերային գնագոյացման ստուգումը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան: Սույն կետում նշված համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգումներն իրականացվում են հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա` որոշմամբ նշված հարցերի և ժամանակաշրջանի շրջանակներում: Հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման պատճենը ստուգման հանձնարարագրի հետ միասին տրամադրվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին.»:

Հոդված 7. Օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագ­րութ­յամբ`

« 1. Վերստուգումը հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմնի կող­մից հարկ վճարողի մոտ (համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ ստուգված ժամանակաշրջաններում կազմակերպության վերակազմա­կեր­պ­ման դեպքերում՝ իրավահաջորդի (իրավահաջորդների) մոտ նաև իրավանա­խորդ­ների մասով) համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգ­մամբ ստուգված հաշվետու ժամանակաշրջանի և ստուգված հարցերի երկրորդ և ավելի անգամ նույն տեսակի համալիր հարկային կամ տրանսֆերային գնագո­յաց­ման  ստուգումն է, որը կարող է իրականացվել հետևյալ հիմքերով.»:

Նույն մասի 3-րդ կետում «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «կամ տրանսֆերային գնագոյացման» բառերը:

Նույն մասի 4-րդ կետում «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «կամ տրանսֆերային գնագոյացման» բառերը:

Նույն մասի 5-րդ կետում «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «կամ տրանսֆերային գնագոյացման» բառերը:

Նույն մասի 6-րդ կետում «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «կամ տրանսֆերային գնագոյացման» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասում` «Համալիր հարկային» բառերից հետո լրացնել «և տրանսֆերային գնագոյացման» բառերը:

Հոդված 9. Օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասում «ճշտության ստուգման հարցերը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ տրանսֆերային գնագո­յացման ստուգման հարցերի։» բառերը:

Նույն հոդվածում լրացնել 1.1-րդ մաս հետևյալ խմբագրությամբ`

«1.1. Տրանսֆերային գնագոյացման ստուգման հարցերը ներառում են այդ մասով հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, Օրենս­գրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռա­վորության սկզբունքին համապատասխանության պարզման և դրա արդյունքում Օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հարկի և վճարի հաշվարկման և վճարման ամբողջականության ճշտության ստուգման հարցերը, բացառությամբ համալիր հարկային ստուգման հարցերի։»:

Նույն հոդվածում լրացնել 1.2-րդ մաս հետևյալ խմբագրությամբ`

«1.2. Տրանսֆերային գնագոյացման ստուգման իրականացման (այդ թվում կա­սեցման) ընթացքում, հարկ վճարողի մոտ կարող են իրականացվել ստուգումներ (այդ թվում համալիր) և ուսումնասիրություններ, քանի որ  տրանսֆերային գնագոյացման ստուգման հարցերն ու շրջանակները նույնական չեն այլ ստուգումների և ուսումնասի­րությունների հարցերի ու շրջանակների հետ:»

Նույն հոդվածում լրացնել 2.1-րդ մաս հետևյալ խմբագրությամբ`

«2․1 Տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանը ներառում է հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո հարկային հաշվարկներ, ինչպես նաև Օրենսգրքի 375-րդ հոդվածով սահմանված կարգով վերահսկվող գոր­ծարք­ների մասին ծանուցումը ներկայացնելու պարտավորություն նախատեսող բոլոր հարցերի գծով՝ ստուգման հանձնարարագրի տրման օրվա դրությամբ հարկային հաշ­վարկների, ինչպես նաև Օրենսգրքի 375-րդ հոդվածով սահմանված կարգով վերահսկվող գործարքների մասին ծանուցման ներկայացման ժամկետները լրացած և տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ չստուգված բոլոր հաշվետու ժամանա­կա­շրջանները։»:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում` «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «և տրանսֆերային գնագոյացման» բառերը:

Նույն մասի 3-րդ կետում` «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «և (կամ) տրանսֆերային գնագոյացման» բառերը:

Նույն հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«4. Վերստուգման դեպքում համալիր հարկային  և տրանսֆերային գնագոյաց­ման ստուգման հարցերը ներառում են նախկինում նույն տեսակի համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ (ստուգումներով) ստուգված ժամանա­կաշրջանների հարցերը:»:

Նույն հոդվածի 6-րդ մասում` «Համալիր հարկային» բառերից հետո լրացնել «և տրանսֆերային գնագոյացման» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 341-րդ հոդվածի` 1-ին մասում` «աշխատանքային օր» բառերից հետո լրացնել «, իսկ տրանս­ֆերային գնագոյացման ստուգման դեպքում՝ ոչ ավելի, քան 480 անընդմեջ աշխա­տան­քային օր» բառերը:

Նույն հոդվածի 2-րդ մասում` «աշխատանքային օրով:» բառերից հետո լրացնել «Տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում՝ հարկային ստուգումն իրակա­նացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա հանձ­նա­րարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով սույն հոդվածի 1-ին մասով սահ­ման­ված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 120 անընդմեջ աշխատանքային օրով։» բառերը:

Նույն հոդվածի 6-րդ մասում` «աշխատանքային օրը:» բառերից հետո լրացնել «Տրանսֆերային գնագոյացման ստուգման փաստացի ժամկետը չի կարող գերազան­ցել 600 անընդմեջ աշխատանքային օրը» բառերը:

Հոդված 11. Օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագ­րութ­յամբ`

«1. Հարկային ստուգումն ավարտվելուց հետո՝ տասը, իսկ տրանսֆերային գնա­գոյացման ստուգման դեպքում` երեսուն աշխատանքային օրվա ընթացքում, ստուգ­ման ստուգման արդյունքների ամփոփման հիման վրա, հարկային հարա­բե­րութ­յուն­ները կարգավորող իրավական ակտերի, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգ­ման դեպքում` Օրենսգրքի 364-րդ հոդվածով սահմանված՝ պարզած ձեռքի հեռա­վորության սկզբունքին անհամապատասխանության, ինչպես նաև ինչպես նաև հար­կային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակ­տերի այլ պահանջների կատարման խախտումներ հայտնաբերված լինելու դեպքում, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) երկու օրինակից կազմում է հարկային մարմնի սահմանած ձևով ստուգման ակտի նախագիծ, որը ստորագրում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկա­վա­րին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ստուգման արդյունքում խախ­տումներ հայտնաբերված չլինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) երկու օրինակից կազմում է ստուգման ակտ (առանց ակտի նախագիծ կազմելու), որը ստորագրում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:»:

Նույն հոդվածի 2-րդ մասում` «հաջորդող տասը» բառերից հետո լրացնել «, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում` երեսուն աշխատանքային օրվա ըն­թացքում» բառերը:

Նույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում` «հաշվառման վայրը» բառերից հետո լրացնել «, գործունեության ոլորտը, տեսակը.» բառերը:

Նույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում «և գնահատման համար» բառերից հետո լրացնել «, իսկ տրանսֆերային գնագոյացման դեպքում՝ նաև Օրենսգրքի 371-րդ հոդվածով սահմանված կարգով պարզած ձեռքի հեռավորության տիրույթի և այդ տիրույթի մեդիանայի հաշվարկ, ներառյալ Օրենսգրքի 365-րդ հոդվածի համաձայն համադրելիության վերլուծության իրականացման համար օգտագործված տեղեկատ­վության աղբյուրների մասին տեղեկատվություն:» բառերը:

Հոդված 12. Օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագ­րութ­յամբ`

«2. Հարկային մարմինը սույն գլխով սահմանված հարկային հսկողություն իրա­կանացնելիս պարզում է Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գոր­ծարքների պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատաս­խանութ­յունը, ինչպես նաև վերահսկվող գործարքների իրականացման արդյունքում ձևավոր­վող Օրենսգրքով սահմանված հետևյալ հարկի և վճարի հաշվարկման և վճարման ամ­­­բողջականությունը:

1) շահութահարկ.

2) Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի:»:

Նույն հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հարկի կամ վճարի հաշ­վարկ­ման և վճարման համար վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կարգավորումներ կամ հարկվող բազան որոշելիս Օրենսգրքի համաձայն հիմք են ընդունվում միջազգային գներ, ապա սույն գլխով սահմանված տրանսֆերային գնա­­գոյացման կարգավորումները չեն կիրառվում։»:

Նույն հոդվածում լրացնել 4-րդ մասը հետևյալ խմբագրությամբ`

«4. Սույն գլխի կիրառման նպատակով, եթե մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը ոչ ռեզիդենտ անձի   հետ իրականացնում է  Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարք, ապա վերջինս պետք է համապա­տաս­խանի  Օրենսգրքի 364-րդ հոդվածով սահմանված կարգին։»:

Հոդված 13. Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում` «օտարման,» բառից հետո լրացնել «ոչ նյութական ակտիվների օգտագործման տրամադրման (ստաց­ման), փոխառության տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրա­վուն­քի զիջման (փոխանցման),» բառե­րով:

Նույն մասի 7-րդ կետի «մեթոդները կիրառելիս.» բառերից հետո շարադրել նոր խմբագրությամբ`

«8) համադրելի չվերահսկվող գործարք` Օրենսգրքի 363-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ չվերահսկվող գործարք, որը Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1- ին մասի համաձայն, համադրելի է վերահսկվող գործարքին.

9) համադրելիության ճշգրտում` համապատասխան ֆինանսական ցուցանիշի ճշգրտում՝ Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 366-րդ հոդվածի համաձայն.

10) ներքին չվերահսկվող գործարք` Օրենսգրքի 363-րդ հոդվածի համաձայն՝ վերահսկվող համարվող գործարքի կողմերից մեկի և Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փոխկապակցված չհամարվող հարկ վճարողների միջև իրականացված գործարք.

11) արտաքին չվերահսկվող գործարք` Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փոխկապակցված չհամարվող հարկ վճարողների միջև իրականացված գործարք, որի կողմերից ոչ մեկը չի հանդիսանում վերահսկվող գործարքի կողմ:

12) անձ՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ անձանց ցանկացած այլ միավորում․

13) Նախնական գնագոյացման պայմանավորվածություն` հարկային մարմնի կողմից սահմանված ձևով և կարգով հարկ վճարողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա` վերջինիս տրանսֆերային գնագոյացման քաղաքականության հետ կապված նախնական պայմանավորվածության ձեռբ բերում հարկային մարմնի հետ:

14) մեդիանայի հաշվարկ` ֆինանսական ցուցանիշների բազմությունից մեկ ցուցանիշի ընտրություն, որի հաշվարկման համար նախ բոլոր ֆինանսական ցուցանիշները դասավորվում են աճման կարգով, և

ա) այն դեպքերում, երբ ֆինանսական ցուցանիշների բազմությունը բաղկացած է կենտ քանակով ֆինանսական ցուցանիշներից, ապա մեդիանան կլինի այդ բազ­մութ­յան մեջտեղում գտնվող ֆինանսական ցուցանիշը,

բ) այն դեպքերում, երբ ֆինանսական ցուցանիշների բազմությունը բաղկացած է զույգ քանակով ֆինանսական ցուցանիշներից կամ թվային ցուցիչներից, ապա մեդիանան կլինի այդ բազմության մեջտեղում գտնվող երկու ֆինանսական ցուցանիշների միջին թվաբանականը:»:

Հոդված 14. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության մեջ «հարկ վճարողներ» բառերը փոխարինել «անձինք» բառերով:

Նույն մասի 1-ին կետում` «հարկ վճարողներից» բառերը փոխարինել «անձանցից» բառերով:

Նույն մասի 2-րդ կետում` «հարկ վճարողը» բառերը փոխարինել «անձը» բառե­րով:

Նույն հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝ համարվում է, որ անձը  ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս անձի կառավարմանը, վերա­հսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուս ան­ձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում, եթե`

1) անձին ուղղակի կամ անուղղակի կերպով պատկանում են մյուս անձի կանո­նադ­րական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոս և ավելի բաժնետոմսերը, բաժ­նե­մասը, փայաբաժինը.

2) անձը գործնականում վերահսկում է մյուս անձի գործարար որո­շում­ները:»:

Նույն հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կիրառության իմաստով՝ անձը գործ­նա­կանում վերահսկում է մյուս անձի գործարար որոշումները՝ անկախ տվյալ անձի  կա­նո­նադ­րական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցությունից, եթե հետևյալ պայ­մաններից որևէ մեկը բավարարվում է.

1) անձն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետում կամ վերահսկում է մյուս անձի ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսը.

2) անձն ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկում է մյուս անձի գործա­դիր խորհրդի կամ տնօրենների խորհրդի ձևավորման (ընտրման) գործընթացը.

3) անձի կողմից մյուս անձին տվյալ հարկային տարվա որևէ օրվա դրությամբ ուղ­ղա­կի կամ անուղղակի կերպով տրամադրված և (կամ) երաշխավորված փո­խա­ռութ­յունների գումարի հաշվեկշռային հանրագումարը գերազանցում է տվյալ հար­կա­յին տարվա հունվարի 1-ի դրությամբ տրամադրողի և (կամ) երաշխավորողի (ստացողի) ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքի 51 տոկոսը, ընդ որում 51 տոկոսի հաշվարկի մեջ ներառվում են նաև մինչև 2020 թվականի հունվարի 1-ը տրամադրված (ստացված) և (կամ) երաշխավորված փոխառությունների գումարները։

4) հարկային տարում  հարկ վճարողի ձեռնարկատիրական եկամուտների 80 տոկոսից ավելին ստացվել է  ոչ ռեզիդենտ անձին ապրանքների մատակարարման, նրա համար աշխատանքների կատարման և (կամ) նրան ծառայությունների մա­տուց­ման գործարքներից, բացառությամբ գույքի վարձակալության և (կամ) անհատույց օգ­տագործման, ոչ նյութական ակտիվների օտարման գործարքներից ստացվող եկա­մուտ­ների և տոկոսների.

5) հարկային տարում հարկ վճարողի ծախսերի 80 տոկոսից ավելին ճանաչվել է ոչ ռեզիդենտ անձից ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման գործարքներից, բացառությամբ գույքի վարձա­կա­լութ­յան և (կամ) անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների ձեռք­բեր­ման և տոկոսների վճարման գործարքներից առաջացող ծախսերի.

6) անձինք կնքել են գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որով անձը (փոխառուն) մեկ տարուց ավելի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում է մյուս անձի (փոխատուի) գույքը, և այդ գույքի կադաստրային արժեքը գերազանցում է փոխառուի (փոխատուի)  ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքի 51 տոկոսը:»:

Հոդված 15. Օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագ­րութ­յամբ`

«Սույն գլխի կիրառության իմաստով՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման տրա­մադրման (ստացման), փոխառությունների տրամադրման (ստացման), դրամա­կան պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքը համարվում է վերահսկվող, եթե գործարքը կատարվում է Օրենսգրքի 362-րդ հոդվածով սահմանված փոխկապակցված անձանց միջև, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 3․1-րդ մասերով սահմանված դեպ­քերի:»:

Նույն հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագ­րությամբ`

«Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող փոխկապակցված ան­ձանց միջև իրականացված՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակ­տիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման տրամադրման (ստաց­ման), փոխառությունների տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրա­վունքի զիջման (փոխանցման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայութ­յունների մատուցման գործարքը համարվում է վերահսկվող՝ հետևյալ դեպքերում.»:

Նույն մասի 2-րդ կետից հանել «ԱԱՀ-ի» բառը:

Նույն հոդվածի 3-րդ մասը  շարադրել նոր խմբագրությամբ`

«Հարկ վճարողի և  հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված անձանց միջև իրակա­նաց­վող գործարքը, անկախ այդ հարկ վճարողի և այդ անձանց փոխկա­պակց­վա­ծութ­յան հանգամանքից, համարվում է վերահսկվող:»:

Նույն հոդվածում լրացնել 3.1-րդ մաս հետևյալ խմբագրությամբ`

«3․1․ Մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և ոչ ռեզիդենտ անձի միջև իրականացվող գործարքը համարվում է վերահսկվող։»:

Նույն հոդվածի 4-րդ մասը  շարադրել նոր խմբագրությամբ`

«Սույն գլխի կիրառության իմաստով՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման տրամադրման (ստացման),  փոխառությունների տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքը համարվում է չվերահսկվող, եթե այն իրականացվել է Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, փոխկապակցված չհամարվող անձանց միջև, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գործարքների:»:

Նույն հոդվածի 5-րդ մասը  շարադրել նոր խմբագրությամբ`

«Սույն հոդվածի դրույթների համաձայն՝ վերահսկվող համարվող գործարքների նկատմամբ սույն գլխով սահմանված տրանսֆերային գնագոյացման կարգավորում­ները կիրառվում են, եթե հարկ վճարողի՝ հարկային տարվա ընթացքում իրականաց­րած բոլոր վերահսկվող գործարքների հանրագումարը գերազանցում է 200 միլիոն դրա­մը (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի)։»:

Հոդված 16. Օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագ­րութ­յամբ`

«1. Եթե հարկ վճարողն իրականացնում է Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահ­մանված վերահսկվող գործարք, ապա հարկ վճարողի՝ շահութահարկով հարկ­ման բա­զան, և (կամ) ռոյալթիի բազան որոշվում են պարզած ձեռքի հեռա­վորության սկզբուն­քի համաձայն որոշված գների կամ այլ ֆինանսական ցուցանիշների հիման վրա:»:

Նույն հոդվածի 2-րդ մասից հանել «ԱԱՀ-ով հարկման բազան» բառերը:

Նույն հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«3. Եթե վերահսկվող գործարքում ստեղծվում կամ առաջանում է այնպիսի պայման, որը չի համապատասխանում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, ապա`

1) շահութահարկով հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար կամ հարկային վնասի ցանկացած նվազեցում (այսուհետ սույն գլխում՝ շահութահարկի հարկման բազա), որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբուն­քին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հար­կա­­յին մարմնի կողմից ներառվում է հարկ վճարողի շահութահարկով հարկման բազայի մեջ.

2) ռոյալթիի բազայի ցանկացած լրացուցիչ գումար, որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխա­նեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերա­հսկ­վող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամա­պա­տաս­խանության պատճառով, հարկային մարմնի կողմից ներառվում է հարկ վճա­րողի ռոյալթիի բազայի մեջ:»:

Հոդված 17. Օրենսգրքի 367-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«1) Օրենսգրքի 350-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները.»:

Նույն մասի 2-րդ կետում` «Հայաստանի Հանրապետության Կառավարության հաստատած» բառերը փոխարինել «Առևտրային» բառով:

Նույն մասում լրացնել 8-րդ կետ հետևյալ խմբագրությամբ՝

«8) կազմակերպությունների պաշտոնական կայքերում տեղադրված ֆինանսա­կան հաշվետվությունները:»:

Նույն մասում լրացնել 9-րդ կետ հետևյալ խմբագրությամբ՝

«մետաղական և (կամ) արժեթղթերի բորսաների կողմից հրապարակված տե­ղե­կատ­վությունը:»:

Նույն հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«Հայաստանյան կողմի ներգրավվածությամբ չվերահսկվող գործարքների վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում օտարերկրյա համադրելիների օգտագործումը ընդունելի է, եթե դրանք համադրելի են վերահսկվող գործարքի հետ՝ համաձայն Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, այդ թվում՝ Օրենսգրքի 366-րդ հոդվածով սահմանված կարգով համադրելիության համա­պատասխան ճշգրտումներ կատարած լինելու դեպքում, եթե համապատասխան ճշգրտումներն իրականացվել են Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն:»:

Հոդված 18. Օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում`

«իրացումների, ակտիվների» բառերից հետո լրացնել «և (կամ) գործառնական ծախսերի» բառերը:

Նույն մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«5) շահույթի բաշխման մեթոդ, որի դեպքում շահույթի բաշխումն իրականացվում է հետևյալ վերլուծություններից որևէ մեկի իրականացմամբ.

ա) Մասնակցության վերլուծություն – վերահսկվող գործարքին մասնակցող փոխ­կապակցված հարկ վճարողներից յուրաքանչյուրին հատկացվում է տվյալ գոր­ծար­քից ստացված շահույթի կամ վնասի այն մասնաբաժինը, որը փոխկապակցված չհամարվող անձը կարող էր ակնկալել ստանալ համադրելի չվերահսկվող գործարքին մասնակցելիս: Սույն կետի կիրառության իմաստով՝ գործարքից ստացվող շահույթ է համարվում այդ գործարքի գծով ստացվող եկամտի և դրա գծով ծախսերի դրական տարբերությունը:

բ) Մնացորդային վերլուծություն – վերահսկվող գործարքի համախառն շա­հույ­թը բաժանվում է փոխկապակցված կողմերի միջև` երկու փուլով: Առաջին փուլում վե­րա­հսկվող գործարքի յուրաքանչյուր կողմին հատկացվում է պարզած ձեռքի հեռա­վորության սկզբունքին համապատասխան հատուցում` ըստ յուրաքանչյուրի կողմից կատարված ոչ յուրահատուկ բնույթի աշխատանքի: Երկրորդ փուլում, մնացորդային շահույթը (կամ կորուստը), որը մնացել է առաջին փուլում ստացված հատուցումից  հետո, բաժանվում է այդ վերահսկվող գործարքի  կողմերի միջև` հաշվի առնելով այդ վերահսկվող գործարքի իրականացման փաստերն ու հանգամանքները:»:

Հոդված 19. Օրենսգրքի 369-րդ հոդվածից հանել 3-րդ մասը:

Հոդված 20. Օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասում «միջին կետ» բառը փոխարինել «մեդիանան» բառով:

Հոդված 21. Օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«1. Այն դեպքում, երբ փաստացի տեղի ունեցած վերահսկվող գործարքի բո­վանդակությունը տարբերվում է դրա իրավական ձևից, ապա վերահսկվող գոր­ծարքի` Օրենսգրքի 364-րդ հոդվածին համապատասխանությունը պարզելը հարկային մարմ­նի կողմից պետք է հիմնված լինի փաստացի տեղի ունեցած գործարքի վրա` հաշվի առնելով Օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործոնները:»:

Հոդված 22. Օրենսգրքի 374-րդ հոդվածի վերնագրից հանել «ինքնուրույն» բառը:

Նույն հոդվածի 1-ին մասից հանել «, ԱԱՀ-ով հարկման լրացուցիչ բազա» և «, ԱԱՀ-ով հարկման բազան» բառերը:

Նույն հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«2. Հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 376-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի, հարկային մարմնի կողմից պահանջված և հարկ վճարողի կողմից ներկայացված լրացուցիչ տեղեկատվության և հարկային մարմնի պահանջով հարկ վճարողի հետ անցկացված հարցազրույցի վերլուծության արդյունքում, հարկ վճարողի վերահսկվող գործարքների՝ Օրենսգրքի 364-րդ հոդվածի դրույթներին չհամապատասխանելու դեպքում, հարկային մարմինը, հաշվի առնելով Օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասը, կարող է առաջարկել հարկ վճարողին ինքնուրույն վերահաշվարկել շահութահարկով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան և 1 ամսյա ժամկետում հարկային մարմին ներկայացնել տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված)։»:

Նույն հոդվածը լրացնել 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ`

«3․ Հարկ վճարողի կողմից ինքնուրույն իրականացվող ճշտումների արդյունքում առաջացած հարկի գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում:»:

Նույն հոդվածը լրացնել 4-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`

«4․ Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնի կողմից վերլուծութ­յան արդյունքների և համապատասխան առաջարկների հիման վրա, հարկ վճարողի կող­մից տրանսֆերային գնագոյացման հաշվարկի (այդ թվում` ճշտված) ներ­կա­յաց­ման արդյունքում լրացուցիչ առաջացած հարկի գումարների նկատմամբ տույժերը հաշ­վարկվում են այդ հաշվարկի (այդ թվում ճշտված) ներկայացման օրվան հա­ջոր­դող օրվանից սկսած:»:

Նույն հոդվածը լրացնել 5-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`

 «5․ Տրանսֆերային գնագոյացման ստուգման արդյունքներով առաջադրվող (առաջարկվող) հարկի գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են դրանց առա­ջացման՝ այդ գործարքի հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկի ներկայաց­ման համար՝ օրենքով սահմանված օրվանից սկսած:»:

Նույն հոդվածը լրացնել 6-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`

 «6. Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի (այդ թվում ճշտված) ձևը, լրացման և ներկայացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

Հոդված 23. Օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերություն շարադրել նոր խմբագրությամբ`

«1. Եթե  հարկ վճարողի, բացառությամբ մշտական հաստատության միջոցով Հա­յաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շա­հութահարկ վճարողի, բոլոր վերահսկվող գործարքների հանրագումարը հար­կա­յին տարվա ընթացքում գերազանցում է Օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասով սահ­մանված 200 միլիոն դրամի շեմը (առանց ԱԱՀ-ի, և ակցիզային հարկի և բնա­պահ­պանական հարկի), ապա հարկ վճարողը պարտավոր է վերահսկվող գոր­ծարք­ների մասին ծանուցում ներկայացնել հարկային մարմին` ծանուցման մեջ ներառելով, մասնավորապես, հետևյալ տեղեկությունները.)»:

Նույն մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5) հարկային տարվա ընթացքում իրականացված վերահսկվող գործարքների պայմանների` Օրենսգրքի 364-րդ հոդվածի դրույթներին համապատասխանությունը որոշելու նպատակով կիրառված տրանսֆերային գնագոյացման մեթոդների մասին տեղեկատվություն:»:

Նույն հոդվածը լրացնել 4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ`

«4. Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում չտրամադրելու դեպքում գանձվում է տուգանք՝

1) 5 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի երկու միլիարդ դրա­մի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ.

2) 3 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ․

3) 1 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը չգերազանցած կազմակերպությունների նկատմամբ․»:

Նույն հոդվածը լրացնել 5-րդ մասով հետևյալ բովանդակությամբ`

 «5. Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը սխալ կամ թերի լրաց­նե­լու դեպքում գանձվում է տուգանք`

1) 2020 թվականի հարկային տարվա ընթացքում կատարված վերահսկվող գործարքների ծանուցման մասով` 500 հազար դրամ․

2) Հաջորդող հարկային տարիների ընթացքում կատարված վերահսկվող գոր­ծարքների ծանուցման մասով` սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տուգանքների չա­փե­րին համապատասխան:»:

Հոդված 24. Օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասը  շարադրել նոր խմբագրությամբ`

«Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումն այն փաստաթուղթը կամ փաստաթղթերն են, որոնք ցույց են տալիս հարկ վճարողի,  վերահսկվող գոր­ծարք­­ների համապատասխանությունը Օրենսգրքի 364-րդ հոդվածի դրույթներին:»:

Նույն հոդվածը լրացնել 1.1-րդ մասով` հետևյալ խմբագրությամբ` 1-ին մասից հանել 1)-10) կետերը:

3) Լրացնել հետևյալ բովանդակությամբ` 1.1-ին մասով`

«1.1.  Փաստաթղթավորումը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.

1) Գլխավոր փաստաթուղթ - արտացոլում է միջազգային ընկերության խմբի գործարար գործունեության նկարագիրը, տրանսֆերային գնա­գո­յացման ամբողջա­կան քաղաքականությունը և իր եկամուտների համաշխարհային տեղաբաշխման և տնտեսական գործունեության մասին տեղեկատվություն: Գլխավոր փաստաթղթի լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

2) Տեղական փաստաթուղթ –արտացոլում է մանրամասն տեղեկատվություն կազ­մա­կերպությունների միջև կատարված գործարքների մասին: Տեղական փաստա­թուղթը ներառում  է այն տեղեկատվության վրա, որն առնչվում է  տեղական կազմա­կեր­պության և ոչ ռեզիդենտ փոխկապակցված անձանց ընկերությունների միջև կա­տար­ված գործարքների վերաբերյալ տրանսֆերային գնագոյացման վերլուծությանը: Հարկային մարմինը տեղական փաստաթուղթ կարող է պահանջել նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրա­կա­նացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներից։ Տեղական փաստաթղթի լրաց­ման կարգը սահմանում է հարկային մարմինը:

3) Երկրների միջև փոխանակվող հաշվետվություն – արտացոլում է  հարկային մարմինների միջև համընդհանուր տեղեկատվության տրամադրում, որն առնչվում է եկամուտների համաշխարհային տեղաբաշխմանը, վճարված հարկերին և միջազգային ընկերության խմբի տնտեսական գործունեության իրականացման վերաբերյալ ցուցանիշներին: Տվյալ փաստաթղթի ձևն ու լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:»:

Նույն հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում վերջինիս ուղարկած գրավոր ծանուցման ստացման ամսաթվից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում: Հարկային մարմինը կարող է պահանջել լրացուցիչ այլ տեղեկատվություն, որը հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում վերջինիս ուղարկած գրավոր ծանուցման ստացման ամսաթվից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հարկային մարմինը կարող է նաև պահանջել հարցազրույցի անցկացում հարկ վճարողի և (կամ) նրա ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ուղարկված գրավոր ծանուցման ստացման ամսաթվից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողը պետք է գրավոր տեղեկացնի հարցազրույցի անցկացման վայրի, ժամկետների և մասնակիցների մասին տեղեկատվություն:»:

Նույն հոդվածը լրացնել 4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ`

«4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը սահմանված ժամկետներում հարկային մարմին չներկայացնելու դեպքում հարկ վճարողը վճարում է տուգանք՝ ծանուցման ենթակա յուրաքանչյուր վերահսկվող գործարքի արժեքի 10 տոկոսի չափով, իսկ սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տույժ՝ ծանուցման ենթակա յուրաքանչյուր վերհսկվող գործարքի արժեքի 0.04 տոկոսի չափով:»:

Հոդված 25. Օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասում «սահմանված ժամ­կե­տում:» բառերից հետո լրացնել` «Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով գոր­ծի լուծման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 26. Օրենսգրքի 378-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 378. Նախնական գնագոյացման պայմանավորվածություն

  1. Սույն գլխի կիրառության իմաստով հարկ վճարողը ոչ ռեզիդենտ փոխ­կա­պակցված կողմի/կողմերի հետ կատարված գործարքների մասով կարող է հարկային մարմնի կողմից սահմանված ձևով և կարգով և իր դիմումի հիման վրա դիմել իր երկրի հարկային մարմնին նախնական գնագոյացման պայմանավորվածության համար:
  2. Նախնական գնագոյացման պայմանավորվածության ձևը և լրացման կարգը սահ­մանում է հարկային մարմինը:»:

Հոդված 27. Օրենսգրքի 444-րդ հոդվածը լրացնել 11.2-րդ մասով հետևյալ բո­վանդակությամբ`

«11.2. Օրենսգրքի 376-րդ հոդվածի 1.1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:»:

Նույն հոդվածը լրացնել 11.3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ`

«11.3. Օրենսգրքի 376-րդ հոդվածի 1.1-ին մասի 3-րդ կետը ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:»:

Նույն հոդվածը լրացնել 11.4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ`

«11.4. Օրենսգրքի 378-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:»:

Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարա­բե­րությունների վրա։

 

 

 

  • Քննարկվել է

    05.11.2020 - 06.12.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 992

Տպել