Հիշել նախագիծը

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

      1.Անհրաժեշտությունը

Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովմամբ, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. փետրվարի 27-ի թիվ 246-Լ որոշման հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված միջոցառման իրականացմամբ: 

      2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Փոքր բաժնետերերի պաշտպանության ոլորտում ներկայումս առկա է հետևյալ իրավիճակը`

  • բաժնետերերի ժողովի գումարման մասին բաժնետերերին առնվազն 21 օր առաջ ծանուցելու՝ օրենքով սահմանված պահանջը տարածվում է միայն հիսունից ավելի բաժնետեր ունեցող ընկերությունների վրա, ինչի արդյունքում մինչև և ներառյալ հիսուն բաժնետեր ունեցող բաց բաժնետիրական ընկերություններում ծանուցման ժամկետը սահմանվում է կանոնադրությամբ,
  • շահագրգռվածության առկայությամբ այն գործարքների վերաբերյալ, որտեղ՝

ա) գործարքով վճարման ենթակա գումարը կամ գործարքի առարկա հանդիսացող գույքի շուկայական արժեքը հավասար է ընկերության ակտիվների արժեքի առնվազն 10 տոկոսին,

բ) գործարքը և/կամ մի շարք փոխկապակցված գործարքներ կնքվում են ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող ընկերության այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով, և որոնց քանակն ավելի է ընկերության` արդեն տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից կամ

գ) խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել,

որոշումներն ընդունվում են ժողովի կողմից քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ, սակայն հստակեցված չէ շահագրգռվածություն ունեցող բաժնետիրոջ ներգրավվածության աստիճանը նման որոշումների ընդունման գործընթացում, մասնավորապես՝ վերջինիս՝ որոշումների վերաբերյալ քննարկումներին մասնակցության կամ քվեարկությանը ներկայության թույլատրելիությունը:  

      3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Փոքր բաժնետերերի պաշտպանությանն ուղղված կարգավորումների կատարելագործում:

      4.Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագիծը մշակվել է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունն ապահովելու և արդյունքում Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացն ապահովելու նպատակով:

Նախագծով սահմանվում է, որ.

  • Շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի ներկա գտնվել շահագրգռվածության առկայությամբ գործարքների վերաբերյալ ժողովի որոշումների քննարկմանը կամ քվեարկությանը.
  • Բաժնետերերի ժողովի գումարման մասին բաժնետերերին առնվազն 21 օր առաջ ծանուցելու՝ օրենքով սահմանված պահանջը տարածվում է բոլոր բաց բաժնետիրական ընկերությունների վրա՝ անկախ բաժնետերերի քանակից:

     Միաժամանակ, ցուցակված արժեթղթերով կազմակերպությունների համար սահմանված է յուրաքանչյուր անձի արժեթղթերի տիրապետության շեմ` 75 տոկոս, որի դեպքում նա պարտավոր է տվյալ դասի բոլոր արժեթղթերն իրեն հանձնելու առաջարկ անել: Առաջարկվում է այդ շեմը փոխարինել 50 տոկոսով:

      5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

      6.Ակնկալվող արդյունքը

Նախագծով ակնկալվում է ապահովել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունը և արդյունքում գրանցել Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցչի մասով Հայաստանի դիրքի առաջընթաց:

  • Քննարկվել է

    08.07.2020 - 23.07.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5022

Տպել

Առաջարկներ`

Արտակ Պողոսյան

09.07.2020

Առաջարկում եմ շրջանառությունից հանել «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություն կատարելու նախագիծը հետևյալ պատճառներով. - բացակայում է որևէ հիմնավորում փոփոխություն կատարելու մասին: Մասնավորապես ինչ նպատակ է հետապնդում արժեթղթերի ավելի քան 75 տոկոս սեփականատեր համապատասխան տվյալ դասի բոլոր արժեթղթերն իրեն հանձնելու առաջարկ անել, սահմանել 50 տոկոս սեփականատերով: - սույն առաջարկը ավելի քան նսեմացնում է փոքր բաժնետերերի իրավունքը և առաջացնում է մենաշնորհային շուկա: - առաջարկը նվազեցնում է փոքր ներդրողների ներգրավումը: - բացակայում է «նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ազդեցության գնահատումը:

Արտակ Պողոսյան

09.07.2020

Առաջարկում եմ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի ողջ տեքստում «Հիսունից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող» բառերը փոխարինել «բաց» բառով», ինչպես առաջարկվել է կատարել փոփոխություն նախագծի 2-րդ հոդվածով: Օրինակ, նման փոփոխության կարիք ունի Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը, և 75-րդ հոդվածի 1-ին մասը:

Արտակ Պողոսյան

09.07.2020

Ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 5-րդ մասով առաջարկվող փոփոխությունը՝ «5. Եթե խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունում է ժողովը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով:»: առաջարկում եմ շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Եթե խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունում է անկախ գնահատողի կողմից գույքի շուկայական արժեքի սահմանման գրավոր եզրակացության հիման վրա ժողովը ձայների մեծամասնությամբ:»: Խնդիրը կայանում է նրանում, որ նախագծով ներկայացված փոփոխությունը փակուղի է բերում որոշում կայացնելը: Քանի որ, 3-րդ մասով սահմանվում է, որ Շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի մասնակցել քվեարկությանը, իսկ տվյալ դեպքում բոլոր Շահագրգռվածություն ունեն: Ուստի ոչ ոք չի կարող մասնակցել քվեարկությանը: Իմ կողմից առաջարկվող փոփոխությամբ հավասար պայմանների դեպքում ժողովի կողմից որոշումը կայացվում է հիմք ընդունելով անկախ գնահատողի կողմից գույքի շուկայական արժեքի սահմանման գրավոր եզրակացության հիման վրա, ինչը ապահովում է անաչառ որոշման կայացմանը:

Տեսնել ավելին