Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

----------------------

Արձանագրային

             

    

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

   

  1. Հավանություն տալ`

«Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը` համաձայն հավելվածի:

 

    Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

_____________     -ի նիստի N __      

արձանագրային որոշման

 

    ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՌԱՋԻՆ

ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ»

 

   ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 ԵՐԵՎԱՆ  2017

 

I. ՆԱԽԱԲԱՆ

  1. Աշխարհում զբոսաշրջային ​​գրավչության օբյեկտների շուրջ 90%-ը կապված են կրոնի հետ:
  2. Ըստ ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ ԶՀԿ) գնահատման յուրաքանչյուր տարի 300-330 մլն զբոսաշրջիկ այցելում է աշխարհի հիմնական կրոնական կենտրոնները, միաժամանակ կրոնական նպատակներով աշխարհում իրականացվում են մոտ 600 մլն ազգային և միջազգային ճանապարհորդություններ, որի 40%-ը բաժին է ընկնում Եվրոպային:
  3. Հանդիսանալով հիմնական զբոսաշրջային ուղղություններ, կրոնական ժառանգության կենտրոնները ոչ միայն խթանում են միջազգային զբոսաշրջությունը և տնտեսական աճը, այլ նաև ծառայում են որպես հարթակ տարբեր մշակույթների միջև ձևավորելու հանդուրժողականություն, հարգանք և փոխըմբռնում:
  4. Քրիստոնեական ուխտագնացությունը ներառում է հազարավոր սրբավայրեր։ Դրանք հանդես են գալիս որպես տեսիլքների կամ հրաշագործությունների վայրեր, հոգևոր կյանքի կենտրոններ։ Հայաստանը` որպես զբոսաշրջային երկիր, ունի կրոնական և ուխտագնացության զբոսաշրջության մեծ ներուժ՝ ընդգրկելով շուրջ 1051 քրիստոնեական հուշարձաններ։
  5. 2013 թվականին զբոսաշրջային ընկերությունների կողմից ամենաշատ վաճառված զբոսաշրջային արդյունքների հանրագումարում կրոնական զբոսաշրջության բաժինը Հայաստանում կազմել է 5.2%, Եվրոպայում՝ 2.8%, ԱՄՆ-ում՝ ընդամենը 1%։
  6. Համաձայն ՄԱԿ ԶՀԿ կանխատեսումների` XXI դարի սկզբին զբոսաշրջության առավել հեռանկարային ձևերից առաջին տեղում է լինելու կրոնական, այդ թվում` ուխտագնացության զբոսաշրջությունը:

    Զբոսաշրջությունը, որպես հզոր սոցիալ-մշակութային երևույթ (զբոսաշրջությունը հանուն «խաղաղության և զարգացման»), կարող է ունենալ հզոր դրական ազդեցություն ժամանակակից մարդու կենսագործունեության վրա: XXI դարի մարդը պետք է գիտակցի որ կրոնը, պատմությունը, ըստ էության, մարդկության մշակութային ժառանգության կարևորագույն  բաղադրիչներն են:

  1. Աշխարհում, գնալով էլ ավելի զարգանում են ճանաչողական ճանապարհորդությունների տարբեր տեսակները, այդ թվում` կրոնական զբոսաշրջությունը և հավատացյալների բազմաթիվ ճանապարհորդություններ իրականացվում են դեպի կրոնական նշանակության վայրեր:
  2. Կրոնական զբոսաշրջությունը ունի երկու հիմնական տեսակ`
    • ուխտագնացություն,
    • էքսկուրսային-ճանաչողական բնույթի կրոնական զբոսաշրջություն:
  3. Ուխտագնացության մեջ առանձնացվում է նաև հոգևոր ուխտագնացությունը:
  4. Ուխտագնացության հիմնական տարբերակող հատկանիշները հետևյալն են`
  • ուխտագնացությունն իրականացնում է խորը հավատքով մարդը, ով ձգտելով իր կյանքում իրականացնել կարևոր նախաձեռնություն և պահանջում է հատուկ վերաբերմունք ուխտագնացության կազմակերպիչների կողմից,
  • ուխտագնացությունը իրականացվում է ավելի երկար ժամանակով և քանակապես շատ ավելի մեծ խմբերով, 
  • որոշ կրոններում զարգացած է ուխտագնացությունը ոտքով` քայլելով իրականացնելով ծիսակատարություն ոչ միայն սուրբ տեղերում, այլև քայլարշավի ընթացքում, 
  • ուխտագնացությունները կախված են կրոնական օրացույցից,
  • ուխտագնացության զբոսաշրջությունը հիմնականում կազմակերպվում է զբոսաշրջային ընկերությունների կողմից` համագործակցելով կրոնական կազմակերպությունների հետ:
  1. Ընդհանուր առմամբ, էքսկուրսային ճանաչողական բնույթի կրոնական զբոսաշրջությունը տարբերվում է ուխտագնացությունից ճանապարհորդության նպատակով և հետևյալ հիմնական հատկանիշներով.
  • այցելության օբյեկտները,
  • ծառայության որակական չափանիշները,
  • էքսկուրսային ծառայության առկայությունը,
  • ճանապարհորդության ժամկետները,
  • հաճախորդների տարիքային և սոցիալական կատեգորիաների հաշվառումը, 
  • ճանապարհորդություն իրականացնողների թիվը,
  • ճանապարհորդության առանձնահատկությունները (հաշվի է առնվում կրոնական պատկանելությունը, ուխտագնացության առանձնահատկությունները):
  1. Հայաստանում կրոնական զբոսաշրջության զարգացման համար կան զգալի ներուժ և նախադրյալներ, հարուստ պատմամշակութային ժառանգություն, այդ թվում` հուշարձաններ, որոնցից են.

1) Խոր Վիրապ (Լուսառատ գյուղ, Արարատի մարզ)

Խոր Վիրապը հայոց նվիրական սրբավայրերից է, ինչպես նաև հանրահայտ ուխտատեղի: Խոր վիրապի պատմությունը սերտորեն առնչվում է Հայոց դարձի, քրիստոնյա Հայաստանի՝ կրոնական, կրթական ու մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ:

        Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Սուրբ Գրիգոր Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի: Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց: Ամեն տարի հունիսին նշվում է Հայ առաքելական եկեղեցու նշանավոր տոներից մեկը՝ «Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապեն», իսկ մարտին նշվում է «Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ»:

Խոր Վիրապը XVII դարի Հայաստանում ձևավորված կրոնական և պաշտպանական կառույցները զուգակցող նոր համալիրի՝ վանք-ամրոցի լավագույն օրինակն է:

Հարավային պարսպին կից թաղակապ նկուղի տանիքը վերածվել է դիտահրապարակի, որտեղից բացվում է աստվածաշնչյան Արարատ լեռան համայնապատկերը: Արարատը այն բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղի ժամանակ: Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք: Նոյի և իր ընտանիքի փրկության պատմությունը արձանագրված է Աստվածաշնչում (Ծննդ. 7,8): Այսպիսով Մասիսի գագաթից է սկսվել նոր՝ հետջրհեղեղյան մարդկության պատմությունը:

2) Էջմիածնի Մայր տաճար (Վաղարշապատ, Արմավիրի մարզ)

Մայր տաճարը, ըստ Ագաթանգեղոսի վկայության, կառուցել է  Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝  Տրդատ Գ  թագավորի օժանդակությամբ։ Մայր տաճարն աշխարհում առաջին գմբեթավոր եկեղեցին է: XV դարից տաճարը կոչվել է Էջմիածնի Մայր տաճար: Այստեղ են պահվում Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն սրբություններ` սուրբ Գեղարդը, Թադեոս առաքյալի Աջը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, Գետարգելիսբ. Նշանը, Նոյյան տապանից և Կենաց փայտից մասնիկներ, Հովհաննես Կարապետի, Պետրոս և  Անդրեաս առաքյալների, Մատթեոս և Մարկոս ավետարանիչների, Սուրբ Հռիփսիմեի  և  Սուրբ Գայանեի  մասունքները, Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի Աջը, Սուրբ  Արիստակես Ա Պարթևի Աջը,  Սուրբ  Գևորգ Զորավարի, Սուրբ  Նիկողայոս Հրաշագործի մասունքները: Մայր տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է։

3) Գառնու հեթանոսական տաճար (Գառնի գյուղ, Կոտայքի մարզ)

Գառնու տաճարը՝ հին հայկական հեթանոսական տաճար է Կոտայքի մարզի համանուն գյուղում։ Տրդատ Ա թագավորը 66 թվականին թագադրվելուց անմիջապես հետո իր ուղեկիցներով վերադարձել է Հայաստան և, օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով՝ վերաշինել է ավերված Արտաշատը՝ «Հայոց Կարթագենը» և այլ բնակավայրեր։ Նա վերակառուցել է նաև Գառնու բերդը և կառուցել նոր շենքեր, այդ թվում՝ Գառնու տաճարը։

     Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում պիտի կառուցեր Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։

4) Գեղարդի վանք (Գողթ գյուղ, Կոտայքի մարզ)

     Գեղարդի վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են Հայոց Առաջին Կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝  Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։

       Գեղարդի վանական համալիրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է։

 «Գեղարդ» անվանումը պատճառաբանվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվել է սուրբ Գեղարդը` այն նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը։ Գեղարդը մինչև տասնչորսերորդ դարը պահվում էր Մայր Տաճարում։ Այժմ այն գտնվում Մայր Տաճարի թանգարանում։

5) Տաթևի վանական համալիր (Տաթև գյուղ, Սյունիքի մարզ)

Կարևորագույն հուշարձաններից է նաև Տաթևի միջնադարյան վանական համալիրն  իր ճարտարագիտական լուծումներով և դիրքով, որը հիմնադրվել է IV դարում։ 895 թ. Տաթևի վանքը եղել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–12 թթ., իսկ  փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝  Մատենադարան:

      Հայաստանում ժամանակակից զբոսաշրջային ենթակառուցվածքներից է Տաթևի վանական համալիրի հարևանությամբ գործող  «Տաթևեր»  ճոպանուղին (5.7 կմ), որը գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես անկանգառ հետադարձելի օդային անցուղիների դասում ամենաերկարը։

  1. Քրիստոնեական աշխարհում Հայաստանը միշտ էլ դիտարկվել է որպես առանցքային երկիր:

     2001 թվականին Հայաստան էր այցելել Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը, որը մասնակցել է Հայաստանում և աշխարհում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին:

2015 թվականին Հայաստան է այցելել Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապը: Պապն իր այցը համարում է ուխտագնացություն դեպի երկիր, որն առաջինը Հիսուսից ստացավ Ավետարանը:

Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդն ինքն էր կոչ արել աղոթել Հայաստան՝ առաջին քրիստոնեությունն ընդունած պետություն, կատարելիք այցի առնչությամբ: «Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ Արևելյան երկրում` Հայաստանում, առաջինը ժողովուրդներից, ով ստացավ Հիսուսի Ավետարանը»,- ասել է նա: 

Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապը, ընդունելով բազմաթիվ եպիսկոպոսների և հավատացյալների խնդրանքը, հայոց միջնադարի խոշորագույն մտածող Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Նա Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետն է, երկրորդը՝ Արևելքում: Հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնում՝ Մատենադարանում, պահպանվում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հնագույն ընդօրինակությունը։

 II. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

  1. Սույն ռազմավարությունը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված և ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի հոկտեմբերի 21-ի ԱԺՈ-243-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագիրը (այսուհետ` ՀՀ կառավարության ծրագիր) և ուղղված է դրա իրականացմանը:
  2. Ռազմավարությունը ներառում է Հայաստանում ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության զարգացման նպատակը, խնդիրները և դրանց իրականացման միջոցառումները:

   III. ԿՐՈՆԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

  1. Կրոնական, այդ թվում` ուխտագնացության զբոսաշրջության զարգացման նպատակն է զբոսաշրջության կայուն և շարունակական զարգացման միջոցով նպաստել
  • Հայաստանի կայուն և համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, ազգային եկամտի ավելացմանը,
  • Հայաստանի և հայ ժողովրդի համաշխարհային ճանաչելիության բարձրացմանը,
  • պատմամշակութային ժառանգության պահպանությանը, զարգացմանը և պատշաճ ներկայացմանն ու խթանմանը,
  • բնակչության կենսամակարդակի բարձրացմանը,
  • մշակութային բազմազանության և միջմշակութային երկխոսության պահպանմանն ու զարգացմանը,
  • Հայաստան սփյուռք կապերի ու հայապահպանության ամրապնդմանն ու զարգացմանը,
  • համամարդկային արժեքների պահպանությանը, զարգացմանը, խթանմանը, միջազգային համերաշխության և խաղաղության ամրապնդմանը և այդ գործընթացներում Հայաստանի դերի բարձրացմանը:

 IV. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

 

  1. Ռազմավարության շահառուներն են` Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, Սփյուռքի հայկական համայնքները, իրավաբանական և ֆիզիկական անձինք, միջազգային դոնոր կազմակերպությունները:

 V. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

  1. Ռազմավարության կատարողականի ցուցանիշներն են.

 

  • Ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսված նպատակների իրականացմանն ուղղված համալիր միջոցառումների էական մասն են կազմում, որոնց արդյունքում մինչև 2020 թվականը ակնկալվում է.
  • տարեկան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 2.5 մլն, այդ թվում սփյուռքահայերի այցելությունների թիվը` առնվազն 1.2 մլն,
  • տարեկան ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 1.5 մլն,
  • ներգնա զբոսաշրջային այցելություններից տարեկան համախառն եկամուտը հասցնել առնվազն 2.5 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,
  • ներքին զբոսաշրջային այցելություններից տարեկան համախառն եկամուտը հասցնել առնվազն 450 մլն  ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,
  • հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվն ավելացնել առնվազն 50-ով` ապահովելով լրացուցիչ առնվազն 3000 ննջատեղ,
  • ապահովել լրացուցիչ 15000 աշխատատեղի ստեղծում,
  • կրոնական զբոսաշրջության զարգացմանն ուղղված նոր երթուղիների մշակումը և հանրահռչակումը:

 

VI.ԿՐՈՆԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Կրոնական, այդ թվում` ուխտագնացության զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ հիմնական խնդիրները`
  • Ամրապնդել, զարգացնել և համաշխարհային շուկայում խթանել Հայաստանի` որպես աշխարհում առաջին քրիստոնյա երկիր նկարագիրը,
  • ապահովել ամբողջական վիճակագրություն, որակյալ հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ` ի նպաստ ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության զարգացմանը,
  • ձևավորել նոր, մրցունակ կրոնական զբոսաշրջային արդյունքներ,
  • որոշել հայկական կրոնական զբոսաշրջային արդյունքի շուկաներն ու իրականացնել նպատակային մարքեթինգ և խթանում,
  • բարելավել և զարգացնել կրոնական զբոսաշրջության համար անհրաժեշտ ենթակառուցվածքները,
  • ամրապնդել և շարունակական բարձրացնել ծառայությունների որակը,
  • ապահովել կրոնական երթուղիներում ՀՀ բոլոր մարզերի ընդգրկումը,
  • զարգացնել մարդկային ռեսուրսները,
  • բարելավել կրոնական զբոսաշրջային կենտրոնների և երթուղիների կառավարումը,
  • խթանել կրոնական զբոսաշրջության նկատմամբ հանրային հետաքրքրությունը և շահագրգռվածությունը, շահագրգիռ կողմերի միջև ապահովել ընդհանուր տեսլականի ձևավորում ու արդյունավետ համագործակցություն:

 

VII. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ

 

  1. Ռազմավարությամբ նախատեսվում է կրոնական զբոսաշրջության գրավչության օբյեկտ հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հանրահռչակման և զբոսաշրջության զարգացման նպատակով միասնական նմուշի տեղեկատվական վահանակ-ցուցանակների մշակում և տեղադրում, ինչպես նաև գովազդատեղեկատվական նյութերի հրատարակում:

 

 VIII. ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

  1. Ռազմավարության իրականացման ընթացքում մո­նի­թո­րինգի համակարգի ապահովման նպատակով բնագավառի լիազոր մարմինը կնախապատրաստի ռազմավարության ընթացքի մասին հաշվետվություններ, ինչպես նաև կկազմակերպվեն քննարկումներ, որոնց կմասնակցեն նախագծի  շահագրգիռ բոլոր կողմերը:

 IX. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Առաջիկա տարիներին զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության շրջանակներում իրականացվելու են կրոնական, այդ թվում` ուխտագնացության զբոսաշրջության զարգացմանն ուղղված հետևյալ միջոցառումները: Միջոցառումների իրականացման համար պատասխանատու մամին է հանդիսանում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն` համագործակցությամբ շահագրգիռ կողմերի հետ:
  2. Առաջարկվող միջոցառումները կիրականացվեն 2017-2020 թվականներին

 

         

Միջոցառման անվանումը

Միջոցառման նկարագրությունը

Ակնկալվող արդյունքը

ժամկետը

 

Ինստիտուցիոնալ բարեփոխումներ

 

 

1.

Ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության ոլորտի վիճակագրական, տեղեկատվական համակարգի ձևավորում

Զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի ձևավորում և վարում` գույքագրելով և դասակարգելով Հայաստանի ուխտագնացության և կրոնական զբոսաշրջային ռեսուրսները, համագործակցելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ

Ամբողջական և առավել ճշգրիտ վիճակագրության վարում, որակյալ հետազոտությունների և վերլուծությունների իրականացում այդպիսով նաև ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացի արդյունավետության բարձրացում

2017-2020

թթ.

Պետական կարգավորում, համակարգում,

 շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ապահովում

 

2.

Ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության համակարգող աշխատանքային

Խմբի ձևավորում

 

 

Աշխատանքային խմբի ձևավորում` ներգրավելով ոլորտի մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչներին

 

 Պարբերական հանդիպում- քննարկումների կազմակերպում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ

 

 

Ոլորտում առկա խնդիրների բացահայտում, առաջնահերթությունների գնահատում, շահագրգիռ կողմերի միջև համագործակցության և հետադարձ կապի ապահովում

 

Առաջացող խնդիրների հետ կապված իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկությունների ներկայացում

 

Կրոնական զբոսաշրջության նկատմամբ հանրային հետաքրքրության և շահագրգռվածության խթանում, շահագրգիռ կողմերի միջև արդյունավետ համագործակցության ապահովում

2017

թ-ի  ընթացքում

Մարքեթինգ և խթանում

 

3.

Նպատակային շուկաներում մարքեթինգային և խթանման միջոցառումների իրականացում

 

Նպատակային շուկա հանդիսացող երկրներից լրագրողների,

զբոսաշրջության ոլորտի մասնագետների

Հայաստան

ճանաչողական այցերի կազմակերպում

 

Ճանաչողական այցերին նշված երկրներում հեղինակավոր անձանց, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավում

Համաշխարհային շուկայում Հայաստանի,  որպես ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության զարգացման համար կայուն, ապահով, ձեռնարկատիրության, ներդրումների համար բարենպաստ ու գրավիչ երկրի, նկարագրի ամրապնդում, զարգացում և խթանում

 

Համաշխարհային շուկայում Հայաստանի ճանաչելության և գրավչության բարձրացում

2017-2020

թթ.

Էլեկտրոնային մարքեթինգ`   www.armenia.piligrims կայքի գործարկում, սոցիալական ցանցերով և այլ գործիքներով հայկական կրոնական զբոսաշրջային արդյունքի ներկայացում և խթանում

 

 

2018 թ.

Գեղարվեստական նպատակային տեսանյութերի պատրաստում և նպատակային շուկաների հեղինակավոր հեռուստաալիքներով և հայկական սփյուռքում հեղինակավոր հեռուստաալիքներով հեռարձակում

2018 թ.

 

Հայաստանյան հեղինակավոր հեռուստաընկերությունների հետ  համաձայնության ձեռք բերում, պետական ծրագրերի շրջանակներում հայկական զբոսաշրջային արդյունքը ներկայացնող ծրագրերի, հոլովակների և այլ տեղեկատվության  անվճար հեռարձակելու  ուղղությամբ

2017-2020

թթ.

Կրոնական զբոսաշրջության թեմատիկայով բազմալեզու գովազդատեղեկատվական բրոշյուրների, քարտեզների, տեսասկավառակների պատրաստում, բազմացում և տարածում նպատակային շուկաներում

2018-2020

թթ.

Կրոնական զբոսաշրջությանը նվիրված միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին մասնակցություն

 

Հայաստանում ուխտագնացության և կրոնական զբոսաշրջությանը նվիրված մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի կազմակերպում

2018-2020

թթ.

Կրոնական զբոսաշրջային արդյունքների ձևավորում,

ենթակառուցվածքների զարգացում

 

4.

Կրոնական զբոսաշրջային երթուղիների մշակում

Կրոնական զբոսաշրջության, այդ թվում ուխտագնացության երթուղիների մշակում, հաստատում և իրականացում

Հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում, նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորում

 

Զբոսաշրջության ապակենտրոնացում դեպի ՀՀ մարզեր

 

Պատմամշակութային ժառանգության պահպանություն, զարգացում և պատշաճ ներկայացում ու խթանում

2017-2020

թթ.

Պետական աջակցություն ուխտագնացության և կրոնական զբոսաշրջությանը նվիրված ավանդական փառատոների, տոնակատարությունների և զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպմանը

2018-2020

թթ.

 

5.

Ենթակառուց-

վածքների զարգացում

Ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության երթուղիների կահավորում տեղեկատվական վահանակներով:

 

 Կրոնական զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորում

Ենթակառուցվածքների զարգացում

 

Ծառայությունների որակի և մրցունակության բարձրացում

 

Ներդրումների ներգրավում

 

Զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում

 

Մարդկային ռեսուրսների զարգացում

 

6.

Մարդկային ռեսուրսների զարգացում

Զբոսավարների միջազգային 

ուսումնական կենտրոնի միջոցով  ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության երթուղիներում էքսկուրսիաների անցկացման համար մասնագիտացված զբոսավարների և ուղեկցողների պատրաստում  

Ոլորտը որակյալ և պահանջարկին համապատասխանող կադրերով ապահովում

 

Համաշխարհային հանրությանը Հայաստանի ու հայկական պատմամշակութային ժառանգության պատշաճ ներկայացում

 

Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացում

 

Ծառայությունների որակի ու մրցունակության բարձրացում

2017-2020

թթ.

ՀՀ մարզերում սեմինար- քննարկումների ու դասընթացների կազմակերպում համայնքերի բնակիչների համար

Զբոսաշրջային մասնագիտացված կրթական ծրագրերի և չափորոշիչների մշակման գործընթացին բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովում

               Միջազգային  համագործակցություն

 

7.

Միջազգային համագործակ-

ցություն

Ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության բնագավառում   մասնագիտացված  միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն, այդ թվում նաև թեմատիկ սեմինարների, գիտաժողովների, քննարկումների կազմակերպում

Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդում և շարունակական բարձրացում

 

Համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությանը Հայաստանի արդյունավետ ինտեգրում

Համամարդկային արժեքների պահպանությանը, զարգացմանը, խթանմանը, միջազգային համերաշխության և խաղաղության ամրապնդման Հայաստանի դերի բարձրացում

 

Միջազգային երկկողմ կապերի ամրապնդում և զարգացում

 

Հայաստան սփյուռք կապերի ու հայապահպանության ամրապնդում ու զարգացում

2017-2020

թթ.

Ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության բնագավառում    նպատակային շուկա հանդիսացող երկրների հետ երկկողմ համագործակցության իրականացում

Սփյուռքի հայկական համայնքների հետ համագործակցության ակտիվացում

Օտարերկրյա դիվանագիտական և առևտրական ներկայացուցչությունների առավել ակտիվ ներգրավում Հայաստանում ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության ներկայացման և խթանման գործընթացին

 

 X. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

  1. Ռազմավարության իրականացումը նախատեսվում է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:

 XI. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ

 

  1. Ռազմավարության իրականացման ընթացքում ռիսկեր կարող են համարվել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության փոփոխությունը, զբոսաշրջիկների անվտանգության ապահովման հետ կապված ռիսկերը:

  

XII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

  1. Ռազմավարությունից բխող ծրագրային միջոցառումները (մասնավորապես մարքեթինգային քաղաքականության իրականացման մասով) կիրականացվեն Հայաստանի Հանրապետությա­ն պետական բյուջեում յուրաքանչյուր տարվա համար նախատեսված միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

XIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Վերլուծելով իրավիճակը միջազգային շուկայում և կրոնական զբոսաշրջության զարգացման հեռանկարները բացահայտվում են կրոնական զբոսաշրջության զարգացման առավելությունները.

    • կրոնական զբոսաշրջության գաղափարական բաղադրիչն է մեղմել ընդհանուր սոցիալական լարվածությունը, և ոչ թե հասարակության բաժանումը թշնամական կողմերի, կրոնների միջև երկխոսության և խաղաղության հաստատումը, կրոնական զբոսաշրջությունը զսպում է բախումները կրոնական և սոցիալական հիմքերով:
    • Կրոնական զբոսաշրջությունը մեծ դեր ունի բնակչության հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում, հատկապես երիտասարդների շրջանում, ծանոթացնում է մարդկանց հոգևոր մշակութային և պատմական ժառանգության արժեքների հետ: Սա համալիր խնդիր է, որի լուծումը պետք է ապահովվի պետական, մասնավոր, հասարակական և կրոնական հաստատությունների ներգրավմամբ:
    • Կրոնական զբոսաշրջության զարգացման համար պայմանների ձևավորումը ենթադրում է կառավարման մարմինների, մշակութային հաստատությունների, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կազմակերպությունների, զբոսաշրջության ընկերությունների, կրթական հաստատությունների, հասարակական միավորումների ու կրոնական կազմակերպությունների սերտ համագործակցությունը և համակարգումը:
    • Կրոնական զբոսաշրջությունը ոչ միայն նպաստում է տեղական համայնքների տնտեսական շահին, պետական կառույցներին և մասնավոր կազմակերպություններին (ոչ միայն զբոսաշրջային), կրոնական կազմակերպություններին` հիմնական արդյունքն է ստեղծել փոխըմբռնման մթնոլորտ ճանապարհորդող կողմերի և տեղական բնակչության միջև` համատեղ հաղթահարելու առկա խնդիրները և լարվածությունը հասարակության մեջ:
    • կրոնական զբոսաշրջության զարգացումը թելադրում է զբոսաշրջային հոսքերի կարգավորման անհրաժեշտությունը, հաշվի առնելով տարածքների բացթողունակության կարողությունները, քանի որ տեսարժան վայրերի անվերահսկելի այցելությունները չեն կարող ապահովել վերջիններիս անվտանգությունը և հանգեցնում է հավատացյալների դժգոհությանը և առաջացնում է տեղական բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրներ:
    • կրոնական զբոսաշրջության զարգացման գործում դրական դեր կարող են խաղալ բարեգործական կազմակերպությունները, մասնավոր ձեռներեցները` աջակցելով և կազմակերպելով ուղևորություններ կրթական նպատակներով որոշակի սոցիալական խմբերի (հատկապես դպրոցական երեխաների և երիտասարդների) համար:
    • Ժամանակակից աշխարհում իր բազմաթիվ խնդիրներով, մասնավորապես, ակնհայտ է, որ կրոնական զբոսաշրջության կազմակերպման համար կադրերի հավաքագրման և պատրաստման խնդիրները, հաշվի առնելով ցուցադրվող օբյեկտների բնույթի ընկալումը, և տարբեր դավանանքների ներկայացուցիչների հետ կազմակերպիչների շփման էթիկան, ինչպես նաև համապատասխան մեթոդաբանության մշակումը, ձևավորում են կարևոր խնդիրների համալիր, որոնք պահանջում են հրատապ, լուրջ և կշռված լուծում:
    • կրոնական զբոսաշրջության կազմակերպումը պահանջում է լուրջ նախապատրաստում` ինչպես կեցության ծրագրերի, այնպես էլ մասնակիցների ճանապարհորդությունը` այցելվող տեսարժան վայրերի մթնոլորտի դրական ընկալման համար: Գործնականում պետք է նաև հաշվի առնել նոր զարգացումները և նոր տեղեկատվական հնարավորությունները, որոնք առաջանում են նորագույն տեխնիկական ձեռքբերումների զարգացման հետ:
    • Կրոնական զբոսաշրջությունը կօգնի նվազեցնել սոցիալական լարվածությունը, դրական դերակատարություն ունենալ մշակույթների, կրոնների և քաղաքակրթությունների միջև երկխոսության գործում, եթե այն հիմնված է զբոսաշրջային, պետական, կրոնական կազմակերպությունների և զբոսաշրջիկների կողմից այցելվող տարածքների տեղական բնակչության սերտ համագործակցության վրա:

 

  1. Կից ներկայացվում են ուխտագնացության ծրագիր-երթուղիների չորս օրինակ:

 

ՕՐԻՆԱԿ 1

Համահայկական ուխտագնացություն
«Լուսավորչի ուղին»

(միջոցառումների ծրագիր)

Նախագծի համառոտ նկարագրություն

Նախագծի նպատակն է ստեղծել համահայկական ուխտագնացության ավանդույթ՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի վարկանիշը` որպես առաջին քրիստոնեական երկիր աշխարհում, ինչպես նաև՝ ներգրավել զբոսաշրջիկների մեծ հոսք:

         Քայլ առաջին

Ստեղծել ուխտագնացության ուղի՝ կառուցելով այդ ուղու շուրջ քրիստոնեության պատմությունը: Ուխտագնացությունը կսկսվի Երևանից, որից հետո կուղևորվեն դեպի Գառնի՝ որպես նախաքրիստոնեական տաճար, այնուհետև կշարժվեն դեպի Խոր Վիրապ, որտեղ բանտարկվել էր Լուսավորիչը, իսկ հետո Արարատյան դաշտավայրով, բիբլիական Արարատ լեռան ստորոտով դեպի Զվարթնոց, որտեղ, ըստ պատմիչների, հանդիպել են Տրդատն ու Լուսավորիչը՝ նրան ազատ արձակելուց հետ: Մինչ Զվարթնոց հասնելը՝ ուխտավորները կգիշերեն փայտե տապանում՝ կենդանիներով շրջապատված, ի նշան Նոյի պատմության: Վերջին փուլում ուխտավորները Զվարթնոցից կհասնեն Էջմիածին, որտեղ և կավարտվի ուղին:

Ամբողջ ճանապարհը կկազմի մոտ 130-140 կմ, որը հնարավոր է անցնել 5-6 օրում:
          Քայլ երկրորդ

Ուղու կայանման վայրերում կկառուցվեն կացարաններ՝ գիշերելու համար, իսկ ճանապարհին փոքրիկ սրճարաններ՝ հանգստանալու և սնվելու համար: Ուղու ամբողջ ընթացքում կկազմակերպվեն հայկական ճանաչողական ծեսեր և այլ միջոցառումներ, կպատրաստվեն ազգային ուտեստներ և հուշանվերներ:

         Քայլ երրորդ

Կկազմվի ուխտավորների առաջին  խումբը. անձինք, որոնք ունեն բարձր վարկանիշ մեզանում և ողջ աշխարհում, խումբ, որն առաջինը կանցնի այդ ուղով և օրինակ կծառայի այլոց: Ուխտավորները Երևանում կստանան մի փաստաթուղթ, որը ուղու վերջում կդառնա վկայական՝ ի նշան ուղու բարեհաջող ավարտի՝ տրված Էջմիածնում:

          Քայլ չորրորդ

Վավերագրա-գեղարվեստական ֆիլմի նկարահանում առաջին ուխտավորների մասնակցությամբ՝ դրանով իսկ աշխարհին տեղեկացնելով նախագծի մասին: Ֆիլմ-տեսանյութը կցուցադրվի միջազգային հեռուստաալիքներով, որը կներգրավի նաև այլազգի ուխտավորների:

Բարի ճանապարհ և Աստված ուղեկից

  1. Նախագծի նպատակը

Ստեղծել քրիստոնեական ուխտագնացության հայկական տարբերակը, ինչպիսիք են Երուսաղեմի, Հռոմի և Սանտիագոյի ուխտագնացությունները:
Համահայկական ուխտագնացության շնորհիվ՝ հնարավոր կլինի բարձրացնել Հայաստանի վարկանիշը ոչ միայն սփյուռքահայերի միջավայրում, այլ նաև միջազգային մասշտաբով, դարձնել ուխտագնացությունը երկրի այցեքարտ:

  1. Քայլուղու ստեղծում

Անհրաժեշտ է մշակել ու կազմակերպել հատուկ քայլուղի, որը չի անցնի ավտոճանապարհով: Հստակ ուղու կազմակերպման հարցում կարիք կլինի խորհրդակցել պատմաբանների, հոգևորականների, աշխարհագրագետների և բնապահպանների հետ, քանի որ այն կարող է անցնել պետական, մասնավոր և հատուկ պահպանվող տարածքներով: Նպատակահարմար կլինի ուխտագնացության ժամանակահատված ընտրել ապրիլի կեսից հոկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածը՝ ցանկացած օր:

Օր առաջին

Ուղին կսկսվի Երևանից՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, որտեղ ուխտավորները կստանան անհրաժեշտ պարագաները՝ ուղին սկսելու համար. քարտեզներ, ուղեգիր, ուղեցույց, ուխտավորի անձնագիր, որոշակի խորհրդանիշներ և այլն: Առաջին նշանակետը կլինի Գառնու հեթանոսական տաճարը, ուր խմբերն ու անհատները կուղևորվեն առավոտ կանուխ, շաբաթվա ցանկացած օր, որպեսզի չծանրաբեռնվի ուղին: Դեպի Գառնի ճանապարհին կկազմակերպվեն մի շարք տիպիկ հայկական ժամանցային միջոցառումներ՝ տեղանքին բնորոշ: Օրինակ՝ լավաշի թխում, ընկույզի մուրաբայի, գաթայի պատրաստում և այլն: Գառնու տաճարում կիրականացվեն բեմականացված միջոցառումներ, որոնք կպատկերեն նախաքրիստոնեական Հայաստանը՝ մի քանի ավանդույթներով: Ուխտավորները կգիշերեն Գառնու տարածքում կառուցված կացարաններում և կսնվեն Գառնիում և Գառնի տանող ճանապարհին կառուցված սրճարաններում*:Առաջին օրվա ուղին կկազմի մոտավորապես 30 կմ:

 

Օր երկրորդ

Ուխտավորները առավոտ շուտ ճանապարհ կբռնեն դեպի Խոր Վիրապ՝ անցնելով Գառնու ձորով, Ազատի ջրամբարով և Խոսրովի արգելոցով՝ վայելելով Հայաստանի բնության գեղատեսիլ վայրերը: Ուխտավորները, նախքան Խոր Վիրապ հասնելը, կհանգրվանեն Դվին քաղաքի մոտակայքում՝ անցնելով մոտ 30 կմ:

 

Օր երրորդ

Դվինից ուխտավորները կշարժվեն դեպի Խոր Վիրապ՝ անցնելով մոտ 22 կմ: Խոր Վիրապում՝ որպես Լուսավորչի բանտարկված վայր, կկազմակերպվեն դիտարժան միջոցառումներ, մասունքների պահպանման և ցուցադրման գործողություններ և այլ արարողություններ, որպեսզի ուխտավորներն ամբողջությամբ և մաքսիմալ զգան վայրի ազդեցիկությունը:

 

Օր չորրորդ

Խոր Վիրապից ուղին կշարունակվի դեպի Զվարթնոց, որը կտևի 2 օր, իսկ գիշերային հանգրվանը կկազմակերպվի Արարատյան դաշտավայրում՝ Հրազդան գետի ափին՝ հատուկ նախատեսված վայրում, որտեղ կկառուցվի մեծ Նոյան Տապան – կացարան: Տապանը կկառուցվի փայտից և հարմարեցված կլինի մի շարք կենդանատեսակների բնակության համար և որոշակի թվով ուխտավորների գիշերակացի համար, որպեսզի նրանք մեկ գիշերով իրենց զգան բիբլիական կերպարների դերում: Տապանում կլինեն Նոյի և նրա որդիների կերպարներով դերասաններ, աղավնիներ, ձիթենու ճյուղեր և այլ հուշանվերներ: Այս վայրը կդառնա ցանկացած ուխտավորի երազանք՝ գիշերել տապանում կենդանիների հետ՝ Արարատի լանջին:  Ուղին կկազմի մոտ 25 կմ:

 

Օր հինգերորդ

Առավոտյան ուխտավորները կլքեն տապանը և կշարժվեն դեպի Զվարթնոցի տաճարի ավերակներ, որը կկազմի մոտ 25 կմ: Ճանապարհին կրկին կկազմակերպվեն մրգերի, հայկական ուտեստների ու այլ պարագաների ցուցադրություն-վաճառք: Զվարթնոցում կարելի է կազմակերպել հայկական ժողովրդական երաժշտության և պարերի ժամ: Ուխտավորները կգիշերեն Զվարթնոցի մոտակայքում կառուցված կացարաններում:

 

Օր վեցերորդ

Վերջին օրը ուղևորները առավոտ շուտ կշարժվեն դեպի Էջմիածին` որը կկազմի մոտ 5 կմ: Էջմիածնի վանքում կեսօրին տեղի կունենա պատարագ և կշնորհվեն ուխտագնացության վկայականները՝ անձնագրերում նշված կնիքների հիման վրա: Վկայականը կարող է լինել որևէ բնական նյութից, օրինակ՝ մագաղաթ: Իսկ անձնագրերը կարող են փոխարինվել, օրինակ, ձեռնափայտով, որի վրա բոլոր հանգրվանատներում կարվեն հատուկ նշումներ՝ հատուկ կնիքներով, կամ շիկացած մետաղական նշաններով: Տարբերակները կարելի է քննարկել:

Այսքանով, 6 օր տևող ուխտագնացությունը կավարտվի:

 

  1. Կացարանների, հանգստավայրերի և տապանի կառուցումը *

Բոլոր կացարանները կկառուցվեն նախապես հայտարարված մրցույթների հիման վրա՝ տարբեր տնտեսվարող սուբյեկտների միջոցներով: Բոլոր կառույցները նախագծված և հաստատված կլինեն նախագծի ղեկավարների կողմից: Ճանապարհին կազմակերպվող սննդի կետերը նույնպես կլինեն բացառապես հավատարմագիր ստացած անձանց, իսկ գործողությունները՝ համաձայնեցված ղեկավարների հետ: Բեմական արարողությունները և կերպարները կլինեն պետական կամ այլ աղբյուրից ֆինանսավորված: Այսպիսով՝ նախապատրաստական ծախսերի զգալի մասը կբաշխվի մի շարք տնտեսվարողների միջև և կնվազեցնի նախագծի ծախսատարությունը:
Թերևս ամենածավալուն և ծախսատար կառույցը կլինի տապանը և նրա բնակեցումը, բայց այն կդառնա ամբողջ ուղու ամենահիշարժան վայրը: Բոլոր կացարանները կլինեն վճարովի, բայց մատչելի՝ հասանելի բոլոր խավերի մարդկանց համար: Կլինեն նաև այլընտրանքային կացարաններ՝ ավելի լավ պայմաններով ու ավելի բարձր գներով: Բոլոր կացարաններն ու սննդի կետերը կունենան անվանական կնիքներ, որոնց հերթականությունը կփաստի ողջ ուղու անցումը:

 

  1. Ուխտավորները

Ուղին և ուղին անցնելու բոլոր պայմանները պատրաստելուց հետո կկազմվի ուխտավորների առաջին խումբը՝ համաշխարհային բարձր վարկանիշ և հետևորդներ ունեցող հայերից, ինչպիսիք են՝ Սերժ Թանկյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գարիկ Մարտիրոսյանը, և այլք: Նրանց շնորհիվ՝ ամբողջ աշխարհի ուշադրությունը կսևռվի նախագծի ուղղությամբ և հազարավոր մարդիկ կցանկանան կրկնել նույն ուղին: Հանրահայտ մասնակիցները գրառումներ և այլ հետքեր կթողնեն կացարաններում ու ճանապարհին և առաջինը կնշեն ուղու հետագիծը: Հանրահայտ ուխտավորներին կհետևեն նրանց միլիոնավոր երկրպագուներն ամբողջ աշխարհից՝ սոցցանցերի միջոցով: Կկազմակերպվեն մամլո ասուլիսներ, հարցազրույցներ և մի շարք լուսաբանումներ:

 

  1. Լուսաբանում

Լուսաբանումն ամբողջ աշխարհին պատշաճ տարբերակով իրականացնելու համար անհրաժեշտ կլինի նկարահանել վավերագրական ֆիլմ-ռեալիթի շոու՝ առաջին ուխտավորների մասնակցությամբ: Ֆիլմը նախատեսված կլինի ցուցադրել մի շարք ճանաչողական և լրատվական հեռուստաալիքներով: Առաջարկվում է ֆիլմի պատրաստումը վստահել ամերիկահայ ռեժիսոր և պրոդյուսեր, ElixirFilms ընկերության սեփականատեր Դավիթ Ալեքսանյանին, ով նախագծեր է ստեղծել National Geographic և DiscoveryChannel հեղինակավոր ալիքների համար և հեղինակն է մի շարք հաջողված նախագծերի, ինչպիսիք են.

LONG WAY ROUND (EwanMcGregorandCharleyBoorman)
LONG WAY DOWN (EwanMcGregorandCharleyBoorman)
THE WAY(MartinSheen, EmilioEstevez, DeborahUnger, JamesNesbitt, YorickvanWageningen)
Այս ֆիլմը պատմում է Կամինո դե Սանտիագոյի ուխտագնացության մասին
MARLEY AFRICA ROADTRIP (ZiggyMarley, RobbieMarleyandRohanMarley)
WHERE THE RED FERN GROWS (KrisKristofferson,DaveMatthews,DabneyColeman,)
WAKE UP AND SMELL THE COFFEE (EricBogosian)

Փորձառու և հեղինակավոր մասնագետների կողմից ստեղծված ֆիլմերը հեշտությամբ կընդունվեն մի շարք հեռուստաալիքների կողմից և կապահովեն լայնածավալ դիտողականություն:

 

  1. Ֆինանսավորում

Նախագծի ծավալուն ֆինանսավորումը հնարավոր է իրականացնել մի քանի աղբյուրներից.

  • պետական բյուջե
  • մասնավոր տնտեսվարողներ
  • անհատներ
  • հիմնադրամներ
  • եկեղեցի

Մի շարք շինարարական ծախսեր հնարավոր է իրականացնել մրցութային կարգով՝ տարբեր առևտրային տնտեսվարողների միջոցով՝ հետագայում շահույթ ստանալու ակնկալիքով: Կարող են ներգրավվել տարբեր ընկերությունների ֆինանսական միջոցներ՝ գովազդի դիմաց: Ինչպես նաև, ստեղծել հիմնադրամ և անհրաժեշտ միջոցներ հավաքել տարբեր անհատներից: Բնականաբար անխուսափելի է պետական բյուջեից մի շարք պարտադիր ծախսերի ֆինանսավորումը և խիստ ցանկալի է նաև ներգրավել եկեղեցուն՝ մասնակիցը լիներու ֆոնդի ստեղծմանը և հարստացմանը: Տարիների ընթացքում կարիք կառաջանա ավելացնել կացարանների և սրճարանների թիվը: Նախնական ֆինանսական վերլուծության շնորհիվ՝ հնարավոր կլինի կանխատեսել նախագծի  մոտավոր շահութաբերությունը միկրո և մակրո տնտեսական մասշտաբով:

 

  1. Այլ

Նախագծի համար անհրաժեշտ է ստեղծել խորհրդանիշ և տարբերանշան, պատրաստել վեբ կայք, էջեր սոցցանցերում, տպագրական նյութեր, վկայականների դիզայնը, մշակել կնիքների ստացման մեխանիզմը, նախապատրաստել բոլոր պարագաները, ստեղծել բազմապիսի հուշանվերներ, շապիկներ, գլխարկներ և թևնոցներ, համագործակցության պայմանավորվածություններ կազմակերպել տուրիստական գործակալությունների հետ, մասնակցել միջազգային ցուցահանդեսներին և, ամենակարևորը, թույլ չտալ նախագծում անձնական շահի գերակայությանը: Նախագծի նախապատրաստական աշխատանքները հնարավոր կլինի իրականացնել 3-5 տարվա ընթացքում: Գործարկելուց հետո նա կունենա անընդհատ աճող ու երկարաժամկետ արդյունք:

 (© 2012` Նախագիծը առաջարկվել է Աշոտ Փարսյանի կողմից` 2003 թ-ից ՀՀ-ում “Իսպանական Կենտրոնի” հիմանդիր և նախագահ, 2010 թ-ից “Դոն Փարսյան” պրոդյուսերական ընկերության հիմադիր և տնօրեն, 2012 թ-ից “ԹաիԳրուպի” համահիմադիր և սեփականատեր, ինչպես նաև՝ “Հայ Խեցգետնակերների Ֆեդերացիայի” և “Խեցգենաֆեստ” համահայկական փառատոնի հեղինակ և նախագահ: Վավերագրական ֆիլմերի, ռադիո և հեռուստանախագծերի հեղինակ և պրոդյուսեր: 2012 թ-ին “Կամինո դե Սանտիագո” ուխտագնացության մասնակից:  www.ashotparsyan.com):

 

 ՕՐԻՆԱԿ 2

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջարկ

 

Հայաստանում կրոնական զբոսաշրջության զարգացման նպատակով կազմվել է երկու ծրագիր՝

ա. ՛՛Լուսավորչի ճանապարհ՛՛ երթուղի (ներառում է Խոր Վիրապ, Զվարթնոց, Սբ Հռիփսիմե, Սբ Շողակաթ, Սբ Գայանե վանքերը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին): Երթուղին ունի նաև ընդարձակ տարբերակ, որի մեջ ընդգրկված են Թուրքիան, Իտալիան, Ռուսաստանը: Ներկայացնում է համաքրիստոնեական ճանաչում ունեցող Սբ Գրիգոր Լուսավորչի կյանքը և Հայոց Մեծ դարձը, նաև հնարավորություն տալով զբոսաշրջիկներին և ուխտավորներին խոնարհվելու սուրբի մասունքներին և հայցելու նրա բարեխոսությունը: 

բ. ՛՛Աստվածամուխ Սբ Գեղարդի ուխտի օր՛՛ - Հայրապետական սրբատառ կոնդակի համաձայն, ամեն տարի դուրս է բերվում համաքրիստոնեական սուրբ մասունքներից Գեղարդը, որը Ա. դարից պահվում է Հայոց Եկեղեցում:  Այս օրվան նվիրված ծրագրով զբոսաշրջիկներին և ուխտավորներին հնարավորություն է տրվում այցելելու Սբ Գեղարդավանք, մասնակցելու Ճաշուժամերգություններին, լինելու երևանյան որոշ թանգարաններում, ունկնդրելու այս օրվա առիթով կազմակերպված հոգևոր համերգին՝ մասնակցությամբ աշխարհահռչակ որևէ երաժշտական կոլեկտիվի, բուն օրը լինելու Մայր Աթոռում, մասնակցելու Սբ Պատարագին, խոնարհվելու Սբ Գեղարդին՝ ստանալով օրհնություն: Համաձայն ծրագրի, ուխտի օրը Մայր Աթոռում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ (բանախոսություն, ցուցահանդես, տոնավաճառ և այլն): 

 

ՕՐԻՆԱԿ 3

Այցելություն առաջին քրիստոնյա երկիր  

       

Միջոցառումների շարքը գեղարվեստական տոնակատարությունների տեսքով լիարժեք կներկայացնի Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր՝ պատմական սկզբնաղբյուրներով, փաստացի վկայագրերով, ծիսակարգերով և մշակութային դրսևորումներով։

Միջոցառումները կնկարահանվեն, սեղմ տարբերակով կթարգմանվեն տարբեր լեզուներով և  կներկայացվեն որպես զբոսաշրջային փաթեթ։

      

Առաջին օր

Միջոցառումը կանցկացվի Մատենադարանում:

  • Դիտակտիկ և փաստագրական նյութերով ուղեկցվող շնորհանդես, որի ընթացքում կցուցադրվեն քրիստոնյա Հայաստանի հազարամյա պատմության կենդանի վկայագրերը՝ ձեռագիր մատյանները։
  • Տեսաֆիլմերի ցուցադրում, այդ թվում նաև Հռոմի պապի այցելության, Վատիկանում կայացած նշանավոր արարողության դրվագները ներկայացնող ֆիլմաշարերը։
  • Շարական համույթի ելույթը։

Երկրորդ օր                                                                                                              

Ուխտագնացություն  Երևանի եկեղեցիներով։

Երրորդ օր։   

Առավոտյան ժամերգություն, այցելություն Վեհարան, այնուհետև Մայր Տաճարի բակում հոգևոր երգչախմբերի մասնակցությամբ՝ հայ հոգևոր երաժշտության գոհարների մատուցմամբ ու մեկնաբանությամբ։

Չորրորդ օր                                                                                                                                              

  • Ուխտագնացություն մոտակա եկեղեցիներով։

Հինգերորդ օր

«Տաղավար տոների և ծիսական ուտեստների փառատոն»

Փառատոնը կկայանա  Խոր Վիրապի  բակում

  • Առանձին հարթակներում կցուցադրվեն հայ եկեղեցու տոնացույցի բոլոր տոնակատարությունների նկարագիրը ներկայացնող տեսարաններ։
  • Սուրբ ծնունդ և Աստված հայտնության, Զատիկ, Վարդավառ, Վերափոխումը Սուրբ Աստվածածնի, Խաչվերաց։ Կներկայացվի նաև Տաղավարահայաց տոնը՝ որպես բերք ու բարիքի փառաբանման հանդիսություն։
  • Միջոցառմանը կմասնակցեն հայաստանյան թեմերը՝ /Արարատյան հայրապետական, Շիրակի, Արթիկի, Գուգարաց, Տավուշի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունյաց, Կոտայքի, Արցախի։ Հաջորդ տարիներին կհրավիրվեն նաև աշխարհի մայրցամաքներում գործող թեմերից/։
  • Յուրաքանչյուր թեմը կներկայացնի այս տոների իրենց ցուցադրումներն ու գեղարվեստական ծրագիրը, ծիսական ուտեստների ձևավորման ու մատուցման առանձնահատկությունները։
  • Փառատոնը կուղեկցվի բեմականացված տեսարաններով, համապատասխան գեղարվեստական արտահայտչամիջոցներով   /գեղանկար,  երաժշտություն,  պոեզիա և այլն/։
  • Երեկոյան Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից չորս ջահեր դուրս կբերվեն և վանքային համալիրի հյուսիսային, հարավային, արևմտյան և արևելյան բարձունքներում  կվառվեն  չորս հսկա  ջահամանների մեջ։

 

Վեցերորդ օր

  • Ուխտագնացություն մոտակա եկեղեցիներով։

Յոթերորդ օր

«Տաթևի վերածնունդ» փառատոն

Փառատոնը կանցկացվի Տաթևում։

Փառատոնը  կկայանա  պայմանականորեն բաժանված երեք հարթակներով:

  • Առաջին հարթակը ճոպանուղու մուտքին հարակից տարածքն է: Այստեղ հյուրերին կդիմավորեն երգ ու նվագով, կլինեն լարախաղացներ, դիմահայաց բարձունքներին կլինեն պարային խմբեր և այլն (դիմավորումը կլուծի կարևոր մի խնդիր՝ ճոպանուղու վերելքին սպասող հյուրերի համար կապահովի տոնական միջավայր ու տրամադրություն):
  • Երկրորդ հարթակը մինչև վանքային համալիր մուտքի հատվածն է, որտեղ կկազմակերպվի Սյունյաց աշխարհի բերք ու բարիքի ցուցահանդես վաճառք, որը կնպաստի շրջակա համայնքների բնակիչներին առավել կանոնակարգված, համապատասխան  հանդերձանքով, ճաշակով ձևավորված  տաղավարներում ներկայացնելու իրենց ստեղծածն ու  արտադրածը:
  • Երրորդ հարթակը Տաթևի վանքային համալիրն ընդգրկող ամբողջ տարածքն է, որտեղ էլ կանցկացվի բուն  փառատոնը:
  • «Տաթևի թևերում» բարձրանալու ընթացքում կհայտարարվի փառատոնի ծրագիրը:
  • Հազարամյակներ անց, իր պատմության բոլոր ձեռքբերումների մանրակերտերով, նորովի կկենդանան Տաթևի վանքը, վանքապատկան համալիրի երբեմնի մատենադարանը, դպրանոցները։ 
  • Առանձին հատվածներում, որոնք համապատասխան ձևավորման արդյունքում, ավերված սրահներից կվերածվեն յուրօրինակ լսարանների, կանցկացվեն բազմաբնույթ պարապմունքներ:
  • Մանրանկարչության դասասենյակում աշակերտները նկարազարդումներ են անում, արտագրում ձեռագրեր և այլն:
  • Ճարտասանության, գրականության, արվեստաբանության և այլ լսարաններում պարապմունքներն անց են կացնում գիտության և մշակույթի անվանի գործիչներ:
  • Երաժշտանոցում շարականներ են կատարում, նվագում է կամերային քառյակը և այլն:
  • Աջակողմյա երկու սենյակները գորգագործության, խեցեգործության, այլ աշխատանքների ցուցադրումներ են, ասեղնագործության և դեկորատիվ- կիրառական արվեստների ցուցադրումները զուգակցվում են տեղում իրականացվող ստեղծագործ աշխատանքով և վարպետության դասերով:
  • Նախկին գինու մառանների հատվածում գինեգործ վարպետները ավանդական կարասներով, կահկարասիով ու տակառներով ներկայացնում են իրենց գինիների բազմազանությունը:
  • Նախկին հացատան հատվածում, երգերի ու խաղիկների ուղեկցությամբ, լավաշ հաց են թխում:
  • Փառատոնը սկիզբ կդնի մի գեղեցիկ ավանդույթի՝ սահմանելով   «Գրիգոր Տաթևացու անվան»  հուշամեդալ: Այն կշնորհվի Հայաստանում, Արցախում և սփյուռքում գիտական գործունեություն ծավալող այն հայորդիներին, ովքեր  վաստակ ու ճանաչում են ստացել այն գիտությունների գծով, որոնք ժամանակին  ուսուցանվել են Տաթևի համալսարանում:
  • Պարգևատրման հադիսավոր արարողությանը կհաջորդի գեղարվեստական մասը:

 

Ութերորդ օր  

  • Ուխտագնացություն մոտակա եկեղեցիներով։

Իններորդ օր

«Գրի և դպրության փառատոն»

Փառատոնը կկայանա Օշական համայնքում։

  • Վանքային համալիրի ամբողջ տարածքը առանձին հարթակներում  ներկայացվում են հայ գրերի ստեղծման մասին պատմող ավանդապատումների, պատմական իրադարձությունների  թատերականացված դրվագներ։
  • Հատվածաբար կներկայացվեն  գրական – երաժշտական   կոմպոզիցիաներ

 Մշո նշանավոր ճառընտիրից։

  • Գրքերի շնորհանդեսներ։
  • Գրական-գեղարվեստական ողջույնով հանդես կգան Արցախի դպրոցականները, քանի որ Մեսրոպ Մաշտոցը գրերի գյուտից հետո առաջին դպրոցը բացեց Ամարասում։

Տասներորդ  օր

  • Ուխտագնացություն մոտակա եկեղեցիներով։

Ուխտագնացության բոլոր հանգրվանները նախապես կհամաձայնեցվեն  եկեղեցու թեմական առաջնորդարանների հետ, ընտրելով առավել արդյունավետ և նպատակային երթուղիներ։

Վերը նշված բոլոր փառատոները  ամեն տարի կկայանան ավանդաբար նույն օրերին, տեղն ու միջավայրը ևս փոփոխման չի ենթարկվի։

Նման փաթեթների հաճախակի պահանջի դեպքում, նույն վայրերում կկազմակերպվեն  նույն թեմատիկայով  առավել սեղմ, փոքրամասշտաբ միջոցառումներ։ Այդ փաթեթների իրականացման և կազմակերպման համար (նույնիսկ ամենամսյա) տիրապետում ենք պահանջվող ռեսուրսներին։

Հանրապետության բոլոր մարզերում մենք ունենք (երկար տարիների համագործակցության արդյունքում ձևավորված) գործընկերներ՝ հյուրանոցներ, հյուրատներ, ազգային խոհանոցներ, ռեստորանային համալիրներ, հանգստյան գոտիներ և այլն, որտեղ կկազմակերպվի հյուրերի գիշերակացն ու հյուրասիրությունը։

 

(Նախագիծը առաջարկվել է  Հայաստանի մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամի կողմից):

  

ՕՐԻՆԱԿ 4

 «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» երթուղին Լոռու մարզում

(ՀՀ Լոռու մարզպետարանի առաջարկ)

 

Օր առաջին

Ուխտավորները Երևանից կուղևորվեն դեպի Ալավերդի։

Ուղին կսկսվի Ալավերդի քաղաքից, ուխտավորներին կտրամադրվեն անհրաժեշտ պարագաներ ուղին սկսելու համար` քարտեզ, ուղեցույց, ուխտավորի անձնագիր, որոշակի խորհրդանիշներ և այլն։ Ալավերդի քաղաքում կմասնակցեն «Թատերական Լոռի» փառատոնին։ Ընթրիք և գիշեր Ալավերդիում։

Օր երկրորդ

Ուղին կսկսվի Ալավերդի քաղաքից` միջնադարյան Հայաստանի նշանավոր Սանահինի կամրջից (12-րդ դար)։ Այնուհետ կշարժվեն դեպի Սանահինի վանք (10-րդ դար), որը ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այստեղ ուխտավորները կճաշեն և կհանդիպեն տեղի արհեստավորների հետ և կշարունակեն ճանապարհը դեպի Հաղպատի վանք (10-րդ դար), որը ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ուխտավորները կգիշերեն Հաղպատում։

Օր երրորդ

Ուխտավորները Հաղպատ գյուղից կշարժվեն դեպի գյուղ Նեղոց, որտեղ կտեսնեն վաղ խաչքարագործության օրինակներից։ Այնուհետ կուղևորվեն դեպի Ախթալա։ Կճաշեն Ախթալա քաղաքի «Նուռիկ» զբոսաշրջության կենտրոնում, որտեղ նրանք հնարավորություն կունենան մասնակցելու լավաշի թխմանը, գաթայի պատրաստմանը և այլն, որից հետո կայցելեն Ախթալայի վանք (12-րդ դար), կմասնակցեն եկեղեցու բակում կազմակերպվող ամենամյա «Խորովածի փառատոնին»։ Ոխտավորները կգիշերեն վրաններում։

Օր չորրորդ

Ուխտավորներն Ախթալայից կուղևորվեն դեպի Դսեղ գյուղ (մեքենայով)։ Դսեղում կայցելեն Բարձրաքաշ Սբ. Գրիգոր եկեղեցի (13-րդ դար), Քառասնից Մանկանց վանք (13-րդ դար)։ Ուխտավորները կճաշեն բնության գրկում։ Կմասնակցեն Դսեղում կազմակերպվող «Ամենայն Հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանին նվիրված «Թումանյանական օրեր» Փառատոնին, որից հետո հրաշագեղ բնության ուղեկցությամբ կշարունակեն ճանապարհը դեպի Քոբայրի վանք (12-րդ դար) և Հոռոմայրի վանք (7-րդ դար)։ Այնուհետև կուղևորվեն Օձուն և կգիշերեն այնտեղ։

Օր հինգերորդ

Վերջին օրը ուխտավորները կայցելեն Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղից (6-րդ

դար) կուղևորվեն դեպի Արդվի, որտեղ ողջ ճանապարհը ուղեկցվում է բնության գեղատեսիլ տեսարաններով, կհասնեն Արդվուվանք (8-րդ դար), որտեղ նաև Սուրբ Հովհան Օձնեցի  կաթողիկոսի դամբարանն է, որտեղ և ուխտավորներին կշնորհվեն ուխտագնացության վկայականները` անձնագրերում նշված կնիքների հիման վրա։

Ուխտավորները կճաշեն Արդվի գյուղում և կշարունակեն ճանապարհը դեպի Կուրթան գյուղ, որտեղ կայցելեն Հնեվանք (10-րդ դար)։

Վերադարձ Երևան։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    20.05.2017 - 10.06.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Մշակութային, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

20.05.2017 15:59

anmkrtchyan@mineconomy.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7929

Տպել