Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  և  «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների,  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
  2. Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 181-րդ հոդվածի 1-ին մասի՝ ընտրական օրենսգրքով կարող է սահմանվել համայնքի ղեկավարի ուղղակի կամ անուղղակի ընտրություն: Նշված սահմանադրական նորմի հիման վրա 25.05.2016թ. ընդունված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանվեցին համայնքի ավագանու երկու տարբեր ընտրակարգեր: Համամասնական ընտրակարգ, որը վերաբերում է միայն Երևան քաղաքի և Գյումրի, Վանաձոր համայնքների ավագանիներին, և մեծամասնական ընտրակարգ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության մնացած բոլոր համայնքներին: Ընտրական օրենսգրքով, Գյումրի և Վանաձոր համայնքների ավագանիների մասով համամասնական ընտրակարգի անցումով պայմանավորված, համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարվեցին նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Մասնավորապես՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (նոր խմբագրությամբ) 5-րդ գլխով սահմանվեցին տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները Գյումրի և Վանաձոր համայնքներում: Վերը նշված գլխի շրջանակներում, ամրագրվեցին նաև համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության կառուցակարգերը, այն է՝ համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրելու մեխանիզմները:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 181-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը սահմանվում է Ընտրական օրենսգրքով։

Մինչդեռ Երևան, Գյումրի, Վանաձոր համայնքների ղեկավարների ընտրությունը սահմանվում է ՏԻՄ օրենքով և Երևան քաղաքում ՏԻՄ օրենքով, ինչն ըստ էության օրենքի բաց է:

  1. ՀՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանվում են ՏԻՄ հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու և թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները: Նաև սահմանվում է, որ քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը: Սակայն իրավակիրառական պրակտիկայում լինում են դեպքեր, երբ համայնքի դեռևս պաշտոնավարող ղեկավարի պաշտոնավարման ընթացքում տվյալ համայնքում ԿԸՀ կողմից սահմանված օրերից որևէ մեկի մոտավոր համապատասխանությամբ նշանակվում և անցկացվում է համայնքի ղեկավարի ընտրություն: Արդյունքում առաջանում է մի իրավիճակ, երբ համայնքի ղեկավարը դեռևս շարունակում է պաշտոնավարել, իսկ մեկ այլ անձ էլ ընտրվել է այդ պաշտոնում: Նպատակահարմար է վերանայել օրենքի նշված դրույթը և բացառել այդպիսի իրավիճակներն ու դրանցից բխող հետևանքները:

1) Ներկայումս շատ համայնքներում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ավագանու անդամների լիազորությունները չեն ավարտվել, սակայն ավագանու հետ միաժամանակ ընտրված համայնքի ղեկավարը չի պաշտոնավարում և համայնքի ղեկավարի արդեն 2-րդ, 3-րդ ընտրություններն են կազմակերպվել, ինչը ձեռնտու չէ ոչ ֆինանսապես, ոչ համայնքային հանրային տրամադրությունների տեսանկյունից: Համայնքներն ըստ էության հայտնվում են ընտրական տևական շրջապտույտների մեջ, իրենց բոլոր բացասական հետևանքներով արդյունավետ և համայնքի համար շահեկան տեղական ինքնակառավարման տեսակետից:

2) Բացի դրանից «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ավագանու լիազորությունների ցանկում ներառված է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման ընդունման իրավասությունը, սակայն ավագանու կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու համար համապատասխան մեխանիզմներ և ընթացակարգեր կան միայն  համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարների համար:

3) Երբ համայնքի ղեկավարը առաջադրվում է ավագանու կողմից, ներկայացնում է կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, նա առաջնորդվում  է ոչ թե անհատի կարծիքով, տեսակետով, այլ քաղաքական թիմի, որը ենթադրաբար առավել ծանրակշիռ և հանրայնորեն ընդունելի է:

Վերոգրյալը և բազմաթիվ այլ փաստարկներ հիմք են ծառայում, որպեսզի համայնքի ղեկավարի ընտրության նախընտրելի տարբերակ ընդունվի անուղղակի ընտրությունը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերի փաթեթով

Ա) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանել՝

- մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ.

- 4000 և ավելի ընտրող ունեցող և մինչև 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր  համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ.

  1. Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրը պետք է լինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը.
  2. համայնքների ավագանին բաղկացած է լինելու՝

1) հինգ անդամից` մինչև 1 000 ընտրող ունեցող համայնքում.

 2) յոթ անդամից` 1 000-ից մինչև 2 000 ընտրող ունեցող համայնքում.

3) ինն անդամից՝ 2000-ից 4000 ընտրող ունեցող համայնքներում.

4) տասնհինգ անդամից` 4 000-ից մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքում. (գործող 9-ի և 11-ի փոխարեն).

5) քսանմեկ անդամից` 10 000-ից մինչև 25 000 ընտրող ունեցող համայնքում (գործող 15-ի փոխարեն)

6) երեսուներեք անդամից` 25 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում  (գործող 15-ի փոխարեն, բացառությամբ Գյումրու և Վանաձորի, որտեղ ավագանու անդամների թիվը  33  է).

7) 65 անդամից՝ Երևան քաղաքում.

  1. Ընտրական գրավի չափը մեծամասնական ընտրության դեպքում՝ մինչև 1 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1 000-ից 4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի չափով ընտրական գրավ (ըստ գործող օրենքի՝ մինչև 500 ընտրող ունեցող համայնքներում չի նախատեսվում, 500-1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1 000-ից մինչև 2 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի չափով ընտրական գրավի փոխարեն):

Ընտրական գրավը համամասնական ընտրակարգի դեպքում ՝ Երևանի ավագանու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 3 000-ապատիկի չափով ընտրական գրավ , 25 000 և ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների դեպքում՝ 1 000-ապատիկի չափով ընտրական գրավ, 10000-ից 25 000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների դեպքում՝ 500-ապատիկի չափով, մինչև 10000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների դեպքում՝ 200-ապատիկի չափով ընտրական գրավ: (Գործող օրենքով՝ Երևանի ավագանու դեպքում սահմանված է նվազագույն աշխատավարձի 3 000-ապատիկի չափով ընտրական գրավ,Գյումրու և Վանաձորի ավագանիների դեպքում՝ 2 000-ապատիկի չափով ընտրական գրավ):

  1. Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախնտրական հիմնադրամի դրույթները սահմանվել են գործող մինչև 2000 ընտրող ունեցող համայնքների  ղեկավարի և ավագանու անդամի համար սահմանված չափով: 

Համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում  նախընտրական հիմնադրամի համար սահմանվում է. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամում կարող է (են) կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկի չափով մուծում, 25 000 և ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` մինչև նվազագույն աշխատավարձի 3 000-ապատիկի չափով մուծում, մինչև 25 000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում՝ մինչև նվազագույն աշխատավարձի 2 000-ապատիկի չափով մուծում:(Գործող կարգավորումները մնացել են նույնը Երևանի ավագանու ընտրության դեպքում և 25000 և ավելի ընտրող ունեցող համայնքների դեպքում սահմանվել են Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրության համապատասխան կարգավորումները):

  1. Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս գործող 8-ի փոխարեն և եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (6) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները (եթե ընտրությանը մասնակցել է 3 կուսակցություն(կուսակցությունների դաշինք)):
  2. Առաջարկվում է անցումային և եզրափակիչ դրույթներում սահմանել. այն համայնքներում, որտեղ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվել են մեծամասնական կարգով, և որոնց համար սույն օրենքով սահմանվում են ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եթե.
  • լրանում է ավագանու լիազորությունների ժամկետը կամ վաղաժամկետ դադարում (դադարեցվում) են ավագանու լիազորությունները, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չի լրանում, անցկացվում է  ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարում են օրենքի ուժով՝ օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կամ 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված որոշումն ընդունվելու հաջորդ օրը:
  • լրանում է համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը կամ վաղաժամկետ դադարում կամ դադարեցվում է նրա լիազորությունները, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը չի լրանում, անցկացվում է ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, իսկ մեծամասնական կարգով ընտրված ավագանու անդամների լիազորությունները դադարում են օրենքի ուժով օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կամ 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված որոշումն ընդունվելու հաջորդ օրը:
  1. ՀՀ ընտրական օրենսգիրքը լրացնել նոր 7-րդ բաժնով և սահմանել համայնքի ղեկավարի և Երևանի քաղաքապետի ընտրության անցկացման կարգը.
  2. Առաջարկվում է անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններին, քաղաքական կոալիցիա կազմելու և համայնքի ղեկավարի միասնական թելնածու առաջադրելու հնարավորություն տալ:
  3. Առաջարկվում է օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40 տոկոս ստացած կուսակցության ընտրական բոնուսը:

Բ) Առաջարկվում է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրության ժամանակ կուսակցությունների (դաշինքների) կողմից թեկնածուներ առաջադրելու իրավահարաբերություններին տարածել համամասնական ընտրակարգով ընտրվող բոլոր համայնքների ավագանիների ընտրության դեպքերի վրա:

Գ) Առաջարկվում է  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով Երևանի քաղաքապետի ընտրության հետ կապված կարգավորումները  ճանաչել ուժը կորցրած և այդ կառուցակարգերը սահմանել ՀՀ ընտրական օրենսգրքով:

Դ)  Առաջարկվում է լրացում կատարել գործող է  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի «Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը» վերտառությամբ 27-րդ հոդվածում: Համաձայն վերը նշված լրացման, առաջարկվում է օրենքով սահմանել համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու այն դեպքերը, երբ լրացել է համայնքի ղեկավարի պաշտոնավարման լիազորությունների ժամկետը, և հերթական ընտրության նշանակման օրը նախատեսված է այդ ժամկետի ավարտից հետո: Նման իրավիճակներում, նպատակ ունենալով կարգավորել համայնքի ղեկավարի պաշտոնի թափուր չլինելու հարցը, առաջարկվել է քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների դեպքում ՀՀ վարչապետին, իսկ բացառապես գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքների դեպքում մարզպետին վերապահել համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու իրավասություն: Առաջարկվող կարգավորմամբ, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը նշանակվում է մինչև նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

  1. Ակնկալվող արդյունքը

Ներկայացված օրենսդրական նախագծային փաթեթում ընդգրկված օրենքների նախագծերի   ընդունման  արդյունքում 4000-ից ավելի ընտրող ունեցող  համայնքների ղեկավարների մասով կգործի համայնքի ղեկավարի պաշտոնանկության,  այն՝ է համայնքի ավագանու կողմից վերջինիս անվստահություն հայտնելու ինստիտուտը: Այն ոչ միայն կհանդիսանա որպես փոխզսպման մեխանիզմ ավագանու և համայնքի ղեկավարի փոխհարաբերություններում, այլև հնարավորություն կընձեռի լիարժեքորեն ապահովելու սահմանադրական նորմի իրացումը, այն է՝ «Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև» (ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մաս): 4 000-ից ավելի ընտրող ունեցող ինչպես նաև մինչև 4000 ընտրող ունեցող  բազմաբնակավայր համայնքներում անցում կկատարվի համայնքի ավագանու ընտրության ամբողջական համամասնական ընտրակարգի, որով օրենսդրական մակարդակով համայնքի ներկայացուցչական մարմնի համար կընձեռվեն մրցակցային պայմաններ, կապահովվի լայն  քաղաքական ներգրավվածություն և ուժերի հարաբերակցություն: Այն լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգում՝ համայնքի ավագանու ինստիտուտի զարգացման մասով: Հնարավորություն կստեղծվի ներդնելու համայնքի ղեկավարի ընտրության անուղղակի ընտրակարգը, որով համայնքի ավագանին իր կազմից կընտրի և կնշանակի համայնքի ղեկավարին, հետևաբար՝ համայնքի ղեկավարն էլ իր հերթին պատասխանատվություն կկրի համայնքի ավագանու առջև:

Համամասնական ընտրակարգի տարածումը 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վրա պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված թվաքանակով ընտրող ունեցող համայնքների միջին բնակչությունը ենթադրաբար կկազմի շուրջ 5 000 մարդ, որի արդյունքում միանգամայն իրատեսական կհամարվի տեղական ընտրություններում քաղաքական մրցակցության ձևավորումը, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հետաքրքրվածությունը տեղական ընտրություններին հայտ ներկայացնելու և կուսակցական ցուցակներով ավագանու թեկնածություններ առաջադրելու իմաստով:

Ըստ էության, տեղական ընտրություններում մասնակցության ցուցաբերման  կուսակցական հետաքրքրվածությունը և շահագրգռվածությունը պայմանավորված են  հենց այն փաստով, որ թեկնածությունների առաջադրումը վերջիններիս կողմից իրականացվի այն համայնքներում, որոնք որևէ կերպ օժտված են քաղաքական մրցակցային պայմաններ ունենալու առանձնահատկություններով, այդ թվում՝ համայնքի մեծությամբ, բնակչության և ընտրազանգվածի առավել մեծ թվաքանակով, դրանով պայմանավորված համայնքի կարողունակությամբ, այդ համայնքում քաղաքական պաշտոն զբաղեցնելու և այդ պաշտոնից բխող լիազորությունների և գործառույթների իրականացման արդյունքում քաղաքական պատասխանատվության բեռը կրելու հանգամանքով:

Հայաստանի Հանրապետության համայնքների ընտրողների թվաքանակի վիճակագրությունը ցույց է տալիս, որ համայնքների զգալի մասն ունի 4 000-ից ավելի ընտրողներ, ինչն արդարացիորեն փաստում է այն մասին, որ արժանահավատ կլինի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգի անցումը սահմանել հենց նշված կատեգորիայի համայնքների մասով: Բացի այդ, համամասնական ընտրակարգի անցման սահմանումը  4 000 և ավելի ընտրող ունեցող համայնքների մասով, հնարավորություն կընձեռի համայնքների գերակշիռ մասում ունենալ համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի և վերջինիս կողմից ընտրվող համայնքի ղեկավար:

Միաժամանակ, չբացառելով մեծամասնական ընտրակարգով ավագանու անդամի և համայնքի ղեկավարի թեկնածության առաջադրման իրավական հնարավորությունը և անհրաժեշտությունը, Նախագիծը սահմանել է համապատասխան կարգավորումներ մինչև 4 000 ընտրող ունեցող համայնքների մասով, սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում կատարված վարչատարածքային բարեփոխումները համապատասխան պետական քաղաքականության մշակման և վարման արդյունքում կհասնեն իրենց տրամաբանական ավարտին, օրենսդիրը և (կամ) գործադիրը հետագայում կարող են նաև անդրադառնալ համընդհանուր համամասնական ընտրակարգ սահմանելու օրենսդրական նախաձեռնությանը:

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    17.02.2020 - 03.03.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11599

Տպել

Առաջարկներ`

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

02.03.2020

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն «համայնքի ավագանու անդամը իրավունք ունի ստանալու դրամական փոխհատուցում` սույն օրենքով սահմանված կարգով իր պարտականություններն իրականացնելու հետևանքով կատարած ծախսերի դիմաց:»: Իսկ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Համայնքի ավագանու անդամը իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30 տոկոսի չափով:»: Պետք է նշել, որ այս նորմը գրեթե չի կիրարկվում համապատասխան ընթացակարգերի բացակայության հետևանքով և համայնքի ավագանու անդամները չեն օգտվում իրենց վերապահված իրավունքից: Միաժամանակ նշենք, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով Երևանի ավագանու համար սահմանված է այլ կարգավորում, այն է. «Ավագանու անդամն իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի չափով:»: Երևանի ավագանու համար նախատեսված կարգավորումը ավելի հստակ է և կիրարկման խնդիր չի առաջացնում: Ելնելով վերոգրյալից առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասին դրույթը համապատասխանեցնել Երևանի ավագանու անդամի ծախսերի փոխհատուցման համար նախատեսված կարգավորումներին:

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

02.03.2020

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ. «Ավագանու հերթական նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը` նշելով նիստի անցկացման վայրը և ժամանակը: Այդ տեղեկությունները փակցվում են համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրում, տարածվում զանգվածային լրատվության միջոցներով, տեղադրվում համայնքի պաշտոնական համացանցային կայքում և հրապարակային ծանուցումների www.Azdarar.am կայքում: »: Առաջարկվում է նշված դրույթի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այդ տեղեկությունները փակցվում են համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրում, համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում՝ անկախ բնակչության թվաքանակից բնակիչների համար մատչելի և տեսանելի վայրերում, տարածվում զանգվածային լրատվության միջոցներով, տեղադրվում համայնքի պաշտոնական համացանցային կայքում և հրապարակային ծանուցումների www.Azdarar.am կայքում: »:

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

02.03.2020

Ավագանու նիստերի լայնորեն հրապարակումն ապահովելու համար առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «9. 3000 և ավել բնակիչ ունեցող համայնքներում ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում »

Տեսնել ավելին