Հիշել նախագիծը

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

Ներկայացվող նախագծերի նպատակը կենսաթոշակի, խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է:

 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածով սահմանվում է կենսաթոշակի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

Անկանխիկ կամ կանխիկ եղանակով են վճարվում նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարները (այդ թվում՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը), ինչպես նաև կենսաթոշակառու մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարը։

Հարկ է նշել, որ կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ ձեռքբերելու ծախսերը ՀՀ 2018թ. կազմել են 1,439.1 մլն դրամ, որի հիմնական մասը` 1,329.7 մլն դրամը կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերման մասով:  Այսինքն, խնդրո առարկա ծախսերի գերակշիռ մասն ուղղվում է կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերմանը:

Գումարային այս տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բանկի հետ կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար բանկին տրվում է ամսական երեսուն դրամ անկախ վճարվող գումարի չափից, իսկ կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրով ծառայության վճարը նախատեսված է վճարվող գումարի մեկ տոկոսի չափով: 

Ըստ այդմ, նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարումները   անկանխիկ եղանակով կատարելը:

 «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածով սահմանվում է խնամքի նպաստի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ խնամքի նպաստի վճարվում է ծնողի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

Միաժամանակ, Օրենքի 28-րդ հոդվածով հստակեցված չէ, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։

Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով։

Առաջարկվում է բացառություն սահմանել այն դեպքում, երբ ծնողը  առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է։

Միաժամանակ, առաջարկվում է հստակեցնել, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։

Միաժամանակ, հաշվի առնելով փոքր բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը՝ սահմանվում է, որ Կառավարության սահմանած՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում մինչև 2023 թվականի հունվարի 1-ը խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ ծնողի դիմումի հիման վրա։

Լուծումներ են առաջադրվում նաև անցումային շրջանի խնդիրներին։

  • Տևողություն

    08.10.2019 23.10.2019
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 209

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: