Добавить в избранное

В стадии разработки

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

Ներկայացվող նախագծերի նպատակը կենսաթոշակի, խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է:

 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածով սահմանվում է կենսաթոշակի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

Անկանխիկ կամ կանխիկ եղանակով են վճարվում նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարները (այդ թվում՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը), ինչպես նաև կենսաթոշակառու մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարը։

Հարկ է նշել, որ կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ ձեռքբերելու ծախսերը ՀՀ 2018թ. կազմել են 1,439.1 մլն դրամ, որի հիմնական մասը` 1,329.7 մլն դրամը կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերման մասով:  Այսինքն, խնդրո առարկա ծախսերի գերակշիռ մասն ուղղվում է կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերմանը:

Գումարային այս տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բանկի հետ կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար բանկին տրվում է ամսական երեսուն դրամ անկախ վճարվող գումարի չափից, իսկ կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրով ծառայության վճարը նախատեսված է վճարվող գումարի մեկ տոկոսի չափով: 

Ըստ այդմ, նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարումները   անկանխիկ եղանակով կատարելը:

 «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածով սահմանվում է խնամքի նպաստի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ խնամքի նպաստի վճարվում է ծնողի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

Միաժամանակ, Օրենքի 28-րդ հոդվածով հստակեցված չէ, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։

Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով։

Առաջարկվում է բացառություն սահմանել այն դեպքում, երբ ծնողը  առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է։

Միաժամանակ, առաջարկվում է հստակեցնել, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։

Միաժամանակ, հաշվի առնելով փոքր բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը՝ սահմանվում է, որ Կառավարության սահմանած՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում մինչև 2023 թվականի հունվարի 1-ը խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ ծնողի դիմումի հիման վրա։

Լուծումներ են առաջադրվում նաև անցումային շրջանի խնդիրներին։

  • Обсуждалось

    08.10.2019 - 23.10.2019

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7215

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

21.10.2019

ԿԱՐԾԻՔ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Ընդհանուր առմամբ ողջունելով քննարկվող օրենքների մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը, կարծում ենք, որ դրանցով չեն փարատվում ՀՀ քաղաքացիներից, հատկապես ՀՀ երկքաղաքացիների վաստակած կենսաթոշակ ստանալու սահմանադրական իրավունքի իրացման դժվարությունները։ Կարծում էինք, որ ձեռնարկվող փոփոխությունները պետք է համահունչ լինեին ՀՀ վարչապետի 2019 թ․ սեպեմբերի 22-ին Լոս Անջելեսում հայ մեծաքանակ սպյուռքի ներկայացուցիչներին տրված խոստումները՝ համահայակակնության եւ Հայաստանով ապրելու գաղափարների իրագործման առումով։ Այդ տեսակետից մենք գտնում ենք, որ առայժմ շատ դժվարեցված է ՀՀ այն քաղաքացիների իրենց վաստակած կենսաթոշակը նշանակելու եւ վճարելու գործընթացները, որոնք երկքաղաքացի են եւ բնակվում են Հայստանից դուրս։ Այսպես, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետում նշված է, որ «1. Կենսաթոշակ նշանակվում է` 1) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.»։ Մեր կարծիքով այս կարգավորումը խիստ դժվարեցնում է ինչ-ինչ հանգամանքներով Հայաստանից դուրս այլ երկրներում բնակվող ՀՀ երկքաղաքացիների սահմանադրական իրավունքների՝ օրենքով սահմանված հավասար ու ոչ խտրական իրավունքների, իրացման ուղղությամբ։ Պետք է նշել, որ Օրենքի «»ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ» գլխի ողջ կարգավորումները առանձին վերցրած ՀՀ երկքաղաքացիների համար հակասում են ՀՀ սահմանադրության 28-րդ եւ 29-րդ հոդվածներին։ Այսպես, Օրենքի 33-րդ հոդվածի իրավանորմերին համապատասխան որպեսզի ՀՀ երկքաղաքացին կարողանա օգտվել իր կենսաթոշակ ստանալու սահմանադրական իրավունքից, նա ստիպված է իր բնակության վայրից տեղափոխվել եւ ներկայանալ Հայաստանի Հանրապետությունում իր հաշվառման կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանում եւ անձամբ ներկայացնի դիմում եւ անհրաժեշտ փաստաթղթեր։ Ընդ որում, այդ դիմումը ներկայացնելու ժամկետը սահմանափակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո երեք ամսով։ Այս կարգավորումը էական խոչընդոտներ է առաջացնում ՀՀ երկքաղաքացիների համար։ Կարծում ենք, որ նրանց կենսաթոշակ ստանալու իրավունքի իրացումը հեշտացնելու եւ դրա նկատմամբ անհրաժեշտ հսկողություն ապահովելու նպատակով, նպատակահարմար է օրենքով սահմանված ժամկետը 3 ամսից դարձնել 1 տարի։ Ավելին, առաջարկում ենք այդ գործողությունների կատարումը վերապահել ՀՀ երկքաղաքացիների բնակության վայրի ՀՀ դեսպանատներում եւ/կամ հյուպատոսություններում։ 2. Մեր կարծիքով Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող փոփոխությունը էլ ավելի շփոթություն է առաջացնում կենսաթոշակները հանխիկ կամ անականխիկ վճարելու պայմանների մեջ։ Այս կապակցությամբ կարծում ենք, որ սույն կետով պետք է սահմանվի միայն կենսաթոշակի անկախիկ ստանալու պայմաններն ու սուբյեկտները։ 3. Ավելին, կարծում ենք, որ սույն մասում պետք է լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ․ «ՀՀ երկքաղաքացիներին կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով ՀՀ համապատասխան դեսպանատանը եւ հյուպատոսությանը ներկայացված դիմումին համաձայն՝ իրենց բնակության երկրում նշված հայաստանյան բանկի ներկայացուցչությունում եւ/կամ այդ երկրի այն բանկում, որտեղ նա ունի բանկային անվանական հաշիվ։ Այդ դիմումները ամեն տարի թարմացվում են ՀՀ երկքաղաքացիների բնակության վայրի ՀՀ համապատասխան դեսպանատնում եւ/կամ հյուպատոսությունում»։ Այդ փոփոխությամբ էապես կթեթեւանան ՀՀ երկքաղաքացիների խնդիրները եւ նրանք ստիպված չեն լինի իրենց կյանքի արդար վաստակած գումարները ամբողջությամբ ծախսել (ավելին, կատարել այդ կենսաթոշակի տարեկան գումարը 2 եւ անգամ գերազանցող ծախսեր Հայաստան այցելելու համար) ամեն տարի Հայաստան հասնելու ճանապարհածախսի վրա, որպեսզի ստորագրություն տան այն մասին, որ նրանք դեռ ողջ են եւ ցանկանում են ետ ստանալ ժամանակին ՀՀ համապատասխան հիմնադրամին պահ տված իրենց արդար քրտինքով վաստակած գումարները։ 4. Մեր կարծիքով Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում առաջարկվող փոփոխությունը նույնպես պետք է համապատասխանեցվի վերահիշյալ կետում մեր ներկայացված առաջարկությանը։ 5. Մեր սույն առաջարկության գաղափարախոսությանը համապատասխան փոփոխություններ պետք է կատարվեն նաեւ ինչպես ողջ Օրենքում, այնպես էլ՝ ՀՀ կառավարության 2011 թ․ մայիսի 5-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման համապատասխան դրույթների մեջ։ Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Узнать больше