Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հողերի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  լրացում կատարելու մասին» և «Հողերի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին»

ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

1

Անհրաժեշտությունը

 

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տարբեր պատճառներով չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերը շրջանառության մեջ ընդգրկելու (առանց սեփականության իրավունքից զրկելու), հանրապետությունում հողօգտագործման արդյունավետությունը բարձրացնելու համար նախադրյալներ և գործուն մեխանիզմներ ստեղծելու հրամայականով:

2

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

1.   Հանրապետության գրեթե բոլոր մարզերում առկա են գյուղատնտեսական հողերի չմշակման, ոչ նպատակային և անարդյունավետ օգտագործման հիմնախնդիր, իսկ մշակովի հողերի զգալի մասում նկատվում է մշակա­բույսերի բերքատվության նվազում: Ըստ ՀՀ 2018 թվականի հողային հաշվեկշռի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 445,6 հազար հեկտար վարելահողերից 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նպատակային չի օգտագործվել շուրջ 202,7 հազար հեկտարը կամ 45,5 %-ը:

 Գյուղատնտեսական հողերի չմշակման պատճառները բազմազան են՝ ցածր եկամտաբերություն, շրջանառու միջոցների անբավարարություն, ոռոգման ջրի անհասանելիություն կամ անբավարար մատակարարում, գյու­ղատնտեսական արտադրանքի իրացման դժվարություն, հողօգտագործողի` սեփականատիրոջ բացակայություն, այլ աշխատանքով զբաղվածություն, աշխատուժի բացակայություն, հողի ցածր բերրիություն և այլն:

Հարկ է նշել, որ եթե ընթացող գյուղատնտեսության աջակցության ծրագրերի (ինտենսիվ այգիներ հիմնելու, կարկտապաշտպան ցանցեր, ոռոգման արդիական համակարգեր տեղադրելու համար, գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներին տրամադրվող նպատակային վարկերի սուբսիդավորում, գյուղտեխնիկայի լիզինգ և այլն) իրականացման արդյունքում առաջիկա տարիներին կարելի է ակնկալել գյուղատնտեսական հողերի մշակման արդյունավետության բարձրացում, այնուամենայնիվ բաց է մնում մի կարևոր խնդիր` այսպես կոչված լքված հողերի հիմնախնդիրը: Դրանք այն հողերն են, որոնց սեփականատերերը հայտնի չեն, որոնց սեփականատերերը բացակայում են հանրապետությունից, ինչպես նաև այն հողերը, որոնք չեն մշակվում սեփականատերերի այլ աշխատանքով զբաղված լինելու կամ աշխատուժի բացակայության (տարեց հողօգտագործողներն ի վիճակի չեն մշակել իրենց հողատարածքները) պատճառներով:

2.  ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «գյուղատնտեսական նշանակության հողամասը երեք տարվա ընթացքում չօգտագործելը` հողամասի յուրացման, մելիորատիվ շինարարության, տարերային աղետներից հետո վերականգնման և նման օգտագործումը բացառող այլ հանգամանքների վերացման համար անհրաժեշտ ժամկետի հաշվանցով.» հիմքով հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարեցման դրույթը գործնականորեն չի կիրառվում՝ համայնքի կողմից դատական, նոտարական և հողային իրավունքների գրանցման ծախսերի վճարման դժվարության պատճառով, մյուս կողմից՝ համայնքի ղեկավարը չի գնում այդ քայլին` առաջնորդվելով համայնքի անդամների հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու սկզբունքով, կամ պատճառաբանմամբ, որ հետագայում չի կարողանալու լուծել այդ հողերի օգտագործման խնդիրը։

3

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65 որոշմամբ ընդունված Կառավարության ծրագրում, մասնավորապես 5.10 կետում, նշված է՝ «Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ և Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը նպատակայնորեն օգտագործելու ուղղությամբ»։

4

Կարգավորման նպատակը և բնույթը

 

 

  5

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծերի և դրանից բխող իրավական ակտերի ընդունումն ու կիրառումը էական դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործման քաղաքականության իրականացման, ներդրումային գործունեության խթանման, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավման կամ անարդյունավետ օգտագործման հիմնախնդրի լուծման համար:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  լրացում կատարելու մասին» և «Հողերի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին»

ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  լրացում կատարելու մասին» և «Հողերի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  լրացում կատարելու մասին» և «Հողերի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

1

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  լրացում կատարելու մասին» և «Հողերի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում «Գյուղատնտեսական նշանակության հողերը  որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և որպես չօգտագործվող հողեր հաշվառելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտություն է առաջանում:

2

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  լրացում կատարելու մասին» և «Հողերի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը չի հակասում ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

  • Քննարկվել է

    24.09.2019 - 09.10.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5993

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Սարաֆյան

27.09.2019

հողերի չմշակման խնդիրը այսպես չեն լուծում, հանել նախագիծը,

Արմեն Վարդանյան

25.09.2019

<<Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծից հստակ պարզ չէ, թե ինչ նպատակով և խնդիր լուծելու համար է անհրաժեշտ գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելն ու հաշվառելը, ինչն է դրա վերջնարդյունքը: Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը անհրաժեշտ է նախատեսել գյուղնշանակության հողերը չօգտագործվող հողերի դասակարգելու և դրա նպատակների ու հետևանքների վերաբերյալ նոր կարգավորումներով՝ առանձին հոդվածով կամ հոդվածներով, ընդորում՝ սահմանելով նաև <<չօգտագործվող հող>> հասկացությունը, որովհետև չկա դրա բնորոշումը և չօգտագործվող հող համարելու հիմքերն ու դեպքերը: «ՀՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում հաշվի առնել, որ հիմնավորման կարիք ունի, թե ինչու պետք է առաջարկվող դիտարկումը, որպես վերահսկողություն, լինի բացառապես նախարարության լիազորություն այն դեպքում, երբ ոլորտային վերահսկողությունը և դրա պատասխանատ մարմինը /տեսչական մարմին/ պետք է հստակ տարանջատվեն քաղաքականության մշակումից և իրականացումից ու դրա պատասխանատու մարմնից /նախարարությունից/: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ չնայած օրենքը հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին է և 4-րդ հոդվածում ևս վերահսկողություն է սահմանված, այնուհանդերձ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի համապատասխան դրույթներով՝ 95-99-րդ հոդվածներում խոսքը հսկողության մասին է, իսկ այս պարագայում առնվազն խնդրահարույց է և քննարկման առարկա հսկողության և վերահսկողության նույնացումը կամ տարբերակումը: Միաժամանակ քննարկման առարկա է նաև հարցը, թե ինչու և ինչ հիմնավորմամբ է, որ առաջարկվող դիտարկումը, որպես հսկողություն, չեն կարող կատարել օրենքի 4-րդ հոդվածով արդենիսկ սահմանված մարմինները: ՀԱշվի առնել, որ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում և առանձին հավելվածով սահմանված դիտարկման կարգում նշված դիտարկումը հստակեցնելու և որպես հասկացություն սահմանելու կարիք ունի, քանի որ պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում դիտարկումը, որն է նպատակը, որն է դրա կատարման հետևանքը կամ վերջնարդյունքը: Պարզ չէ նաև դիտարկման կարգի 16-րդ կետով նշված որոշման և հողը որպես չօգտագործվող հող հաշվառելու հետևանքը, այդ թվում՝ իրավական: Եթե այդպիսի որոշման և հաշվառման արդյունքում կարող է առաջ գալ սեփականության իրավունքի փոփոխության հարց, ապա առաջանում է սեփականության իրավունքի սահմանադրական խնդիր, որովհետև ՀՀ Սահմանադրության 60 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք, 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով, 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի, 5-րդ մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:

Տեսնել ավելին