Հիշել նախագիծը

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետև՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Կազմակերպության գործունեության հաշվետվությունը

  1. Կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում է գործունեության տարեկան հաշվետվություն։
  2. Կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունը ներառում է հետևյալ տեղեկատվությունը.

1) Կազմակերպության` լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը և պաշտոնական ինտերնետային կայքը (առկայության դեպքում),

2) Գործադիր մարմնի ղեկավարի անունը և պաշտոնը,

3) Կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան և նպատակները,

4) Կազմակերպության անդամների, ինչպես նաև այն կամավորների թիվը, որոնց աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը (հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ),

5) Հաշվետու տարվա ընթացքում ժողովի իրականացված նիստերի քանակը,

6) Հաշվետու տարվա ընթացքում իրականացված ծրագրերի անվանումը և համառոտ նկարագրությունը (վայր, նպատակ, կարգավիճակ),

7) Տարեկան մուտքերի (դրամական և/կամ գույքային) ընդհանուր գումարը,

8) Օգտագործված դրամական միջոցները և/կամ գույքը,

9) Հաշվետու տարվա ընթացքում կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և դրա արդյունքում ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը։

  1. Այն Կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուրը հաշվետու տարվա ընթացքում հանդիսացել են հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները), ապա նրանց գործունեության տարեկան հաշվետվություններում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունից բացի ներառում է.

1) հանրային դրամական միջոցներով իրականացվող ծրագրի անվանումն ու վայրը, ծրագրի կարգավիճակը (ավարտված կամ ընթացքի մեջ) և տեղեկատվություն դրանց մասին (նպատակ,  հիմնական արդյունքներ).

2) hանրային դրամական միջոցների տարեկան մուտքերի (դրամական և/կամ գույքային) ընդհանուր գումարը՝ ըստ ստացման աղբյուրների.

3) hանրային դրամական միջոցների և/կամ տրամադրված գույքի օգտագործման ծախսերը.

  1. Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը Կազմակերպությունների կողմից հրապարակվող էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգի (այսուհետև՝ Համակարգ) անձնական էջում և իր պաշտոնական ինտերնետային կայքում (այդպիսին ունենալու դեպքում) հրապարակել գործունեության տարեկան հաշվետվությունը:
  2. Կազմակերպությունը Համակարգի անձնական էջում սույն հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը յուրաքանչյուր տարի չի լրացնում, իսկ դրանց վերաբերող փոփոխությունները ինքնաշխատ եղանակով թարմացվում են:
  3. Կազմակերպությունների կողմից Համակարգի անձնական էջում հաշվետվությունը հաստատելու դեպքում, այն հրապարակվում է ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության պաշտոնական կայքում (www.taxservice.am), որը հասանելի է յուրաքանչյուրին:
  4. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատում է Լիազոր մարմինը:
  5. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը պահպանվում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող հինգ տարուց պակաս լինել:»:

 

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «օրենքների» բառը փոխարինել «օրենքի» բառով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    30.08.2019 - 14.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8669

Տպել

Առաջարկներ`

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ

14.09.2019

Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ պետք է հրապարակել կազմակերպության անդամների, ինչպես նաեւ այն կամավորների թիվը, որոնց աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը (հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ)։ Հարկ է նկատել, որ համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Վենետիկի հանձնաժողովի «Միավորումների ազատության մասին» համատեղ ուղեցույցի` «Միավորումները չպետք է պարտավորված զգան բացահայտելու իրենց անդամների անուններն ու հասցեները թե՛ միավորման ազատության իրենց իրավունքի, եւ թե՛ մասնավոր կյանքը հարգելու իրավունքի անհամատեղելիության պատճառով: Ավելին «Օրենսդրությունը պետք է նաեւ ապահովի շահառուների, անդամների եւ միավորումների հիմնադիրների գաղտնիության իրավունքի հարգումը, ինչպես նաեւ ցանկացած ոտնահարման դիմաց փոխհատուցումը:»։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերաշարադրել Նախագծում տեղ գտած այս կարգավորումն ու այն համապատասխանեցնել հարցի վերաբերյալ առկա միջազգային կարգավորումներին։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ

14.09.2019

Նախագծի 2-րդ հոդվածով ամրագրվում է, որ պետք է հրապարակվի տարեկան մուտքերի (դրամական եւ/կամ գույքային) ընդհանուր գումարն ու նշվում, որ հաշվետվության օրինակելի ձեւը հաստատում է Լիազոր մարմինը։ Նշվածի առնչությամբ անհրաժեշտ է նկատել, որ այդ օրինակելի ձեւը պետք է կազմվի այնպես, որպեսզի չհակասի շնորհատուների գաղտնիության իրավունքին, թե՛ իրավական եւ թե՛ ֆիզիկական անձանց պարագայում: Համաձայն Եվրոպային խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպայում ոչ կառավարական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ» CM/Rec(2007)14 hանձնարարականի` «Բոլոր հաշվետվությունները պարտավոր են հարգել շնորհառուների, շահառուների եւ աշխատակազմի իրավունքները, ինչպես նաեւ օրինական բիզնեսի գաղտնիությունը պահպանելու իրավունքը։» : Համանման տարբերակով՝ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Ուկրաինայի մասին համատեղ կարծիքի համաձայն` «Շնորհատուի` անանուն մնալու ցանկությունը պետք է հարգվի եւ գաղտնիության իրավունքին կարելի է միջամտել միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ պահպանելով համաչափության սկզբունքը։»։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հաշվետվության օրինակելի ձեւը կազմելիս հիմք ընդունել շնորհատուների գաղտնիության իրավունքի պահպանման սկզբունքը թե՛ իրավական եւ թե՛ ֆիզիկական անձանց պարագայում։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ

14.09.2019

«Հասարակական կազմակերպությունների մասին» գործող ՀՀ օրենքում հանրային միջոցներ ստացող կազմակերպությունների կողմից հրապարակային հաշվետվություն ներկայացնելու մասին դրույթը ներառվել է 2016 թվականի դեկտեմբերին՝ նպատակ ունենալով ապահովել հանրային ծախսերի թափանցիկությունը: Նման դրույթի ամրագրման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել այն իրողությամբ, որ պետական հաստատությունների կողմից գումարներ էին հատկացվում հանրությանն անհայտ հասարակական կազմակերպություններին, որոնց գործունեության, նվաճումների եւ ստացած դրամաշնորհների արդյունքների մասին որեւէ հանրային տեղեկություն առկա չէր: Տրամաբանորեն ակնհայտ է, որ հանրային միջոցներից օգտվող կազմակերպությունները գտնվում են այլ հասարակական կազմակերպություններից տարբեր իրավիճակում եւ նրանք պետք է հանրության առջեւ հաշվետվողականության ավելի մեծ բեռ կրեն: Ուստի, հստակ եւ կոնկրետ պատճառ կար «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում ձեւակերպելու ավելի մեծ հաշվետվողականության պահանջ այն հասարակական կազմակերպությունների նկատմամբ, որոնց վստահված էր հանրային միջոցների կառավարումը։ Հարկ է նկատել, որ առհասարակ իրավաչափ է հաշվետվողականություն պահանջը, սակայն ինչպես ամրագրված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Վենետիկի հանձնաժողովի «Միավորումների ազատության մասին» համատեղ ուղեցույցի` «Իրավաչափ է հաշվետվողականություն եւ թափանցիկություն պահանջել միավորումների ձեռք բերած միջոցների մասին, այդուհանդերձ, նման պահանջը չպետք է անհարկի ծանր բեռ լինի, եւ պետք է լինի միավորման չափին եւ գործունեության շրջանակին համաչափ՝ հաշվի առնելով նրա գույքի եւ եկամուտների ծավալը։» : Հաշվի առնլեով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք հաշվետվողականության եւ թափանցիկության վերաբերյալ դրույթներն ամրագրել հաշվի առնելով միավորման չափն ու գործունեության շրջանակն եւ չհիմնավորված ու անհամաչափ բեռ չդնել հասարակական կազմակերպությունների վրա` առանց պատշաճ հիմնավորման եւ առանց հստակեցնելու դրա անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում՝ այդպիսով սահմանափակելով ՀՀ Սահմանադրությամբ եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված միավորումների ազատության իրավունքը:

Տեսնել ավելին