Հիշել նախագիծը

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով:

Առաջարկվող փոփոխությամբ կազմակերպությունների գործունեության թափանցիկությունն ապահովելու և հանրությանը հասանելի դարձնելու նպատակով նախատեսվում է գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար:

  • Քննարկվել է

    30.08.2019 - 14.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 565

Տպել

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

13.09.2019

Առաջարկություն. Ընդլայնել կազմակերպության դատարան դիմելու ոլորտի շրջանակը: Միաժամանակ, առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել հետևյալ պահանջները. 1) մասնակցել է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին կամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի տրվել, և 2) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն 2 տարվա ընթացքում գործունեություն է ծավալել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Հարգանքով ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

13.09.2019

Առաջարկություն. Պետական ֆինանսավորում տրամադրելիս աուդիտի անցկացման ծախսերը ներառել իրականացվող ծրագրերի բյուջեում: 6. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն կազմակերպությունն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ներկայացնելու և պաշտպանելու իր և իր անդամների, շահառուների և կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն կազմակերպությունն իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «3. Կազմակերպությունը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել, եթե. 1) հայցադիմումը բխում է կազմակերպության կանոնադրական նպատակներից և խնդիրներից և ուղղված է կազմակերպության շահառուների` կազմակերպության կանոնադրային նպատակների հետ կապված կոլեկտիվ շահերի պաշտպանությանը, 2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում մասնակցել է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին կամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի տրվել, և 3) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն 2 տարվա ընթացքում գործունեություն է ծավալել սույն հոդվածի 2-րդ մասում նշված ոլորտում: Դատարան դիմելու իրավունքը սահմանափակվում է միայն շրջակա միջավայրի պահպանության ոլորտով, թեև բազմաթիվ երկրներում կան այլ ոլորտներ, որտեղ ՀԿ-ները իրավասություն ունեն դիմելու դատարան օրինակ՝ խտրականության դեմ պաշտպանության, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտներում: Կազմակերպությունները կարող են հայց ներկայացնել միայն այն դեպքում, եթե անմիջապես մասնակցություն են ունեցել հանրային քննարկումներին կամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի տրվել: Այս դրույթը սահմանափակում է հանրային շահի ներկայացման իրավունքը միայն այն կազմակերպություններին, որոնք մասնակցել են հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին կամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի տրվել, թեև հնարավոր են դեպքեր, երբ որևէ կազմակերպություն այդ գործընթացում չի մասնակցել և հետևաբար, դրանք ավտոմատ կերպով զրկվում են դատարան դիմելու հնարավորությունից: Հայց ներկայացնելու հնարավորությունը սահմանափակվում է այն կազմակերպությունների շրջանակով, որոնք առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Դատարան դիմելու հնարավորությունը չպետք է սահմանափակվի կազմակերպության որոշակի ժամկետում ակտիվ կամ պասիվ լինելու փաստով: Բացի այդ, օրենքը չի պարզաբանում, թե ինչ ապացույցներ պետք է կներկայացվեն կազմակերպության գործունեության ակտիվությունը գնահատելու համար: Այս սահմանափակումից ելնելով` նոր հիմված կազմակերպությունները, որոնք ստեղծվել են կոնկրետ խնդրի վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով, զրկվում են դատարան դիմելու հնարավորությունից: Այսպիսով, գործող օրենսդրական կարգավորումները արդարադատության խոչընդոտ են համարվում հասարակական կազմակերպությունների հանրային շահերի պաշպանության իրավունքի իրականացման տեսանկյունից: Որպես հանրային շահի պաշտպանությամբ զբաղվող և իր անդամների ու շահառուների իրավունքների և օրինական շահերի ջատագով, հաճախ հասարակական կազմակերպության համար անհրաժեշտ և էական է դատարանում հանդես գալ որպես հայցվոր այնպիսի հարցերով, որոնք առնչվում են հանրային շահին, ընդհանուր բնույթի են և չունեն կոնկրետ շահառուներ: Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպություններին դատարանում իր շահառուների օրինական շահերը ներկայացնելու հնարավորություն ընձեռնելն էական է, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարում, հանրային հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման և մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերում: Այսպիսով, հասարակական կազմակերպություններին՝ որպես քաղաքացիական հասարակության միավորի պետք է տալ հստակ իրավական լծակներ՝ իր առաքելությունը և հանրային շահերի ջատագովությունը արդյունավետ իրականացնելու համար: Հարգանքով ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

13.09.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Ս․թ․ օգոստոսի 30-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկման է ներկայացվել «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի համաձայն հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Ստորև ներկայացվում են ԹԻՀԿ առաջարկությունները օրինագծի վերաբերյալ. 1. Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը սահմանում է, որ Կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունը ներառում է օգտագործված դրամական միջոցների և/կամ գույքի մասին տեղեկատվությունը։ Կարծում ենք, սույն ձևակերպումը զերծ է իրավական որոշակիության կանոններից, և տարբեր մեկնաբանությունների և դրանից բխող բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ Մասնավորապես, ի՞նչ է հասկանալ օգտագործված գույք, արդյո՞ք պետք է ներառել յուրաքանչյուր օգտագործված (անշարժ և շարժական) գույքի մասին տեղեկատվությունը, ներառում է արդյո՞ք գույք հասկացությունը օգտագործված գրենական պիտույքների մասին տեղեկատվությունը, և այլն։ Որակյալ իրավական ակտի հիմնական չափանիշներից է իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը։ Իրավական որոշակիության սկզբունքի հետ աղերսներ ունեցող կոնկրետ իրավական ակտի սխալ մեկնաբանման հետևանքով հասարակական կազմակերպությունները կարող են թերի հրապարակել օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա հաշվետվությունը և այդ հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության։ Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը ոչ միայն խոչընդոտում է հասարակական կազմակերպությունների հաշվետվողականության խելամիտ ընթացակարգերի ներդրումը, այլև օրենսդրության ողջամիտ զարգացումը: Առաջարկություն. 24-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ Կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունը ներառում է օգտագործված դրամական միջոցների ընդհանուր գումարը։ 2. Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝ Կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունը ներառում է հաշվետու տարվա ընթացքում կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և դրա արդյունքում ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը։ Նախագծով առաջարկված ձևակերպումից հասկանալի չէ, թե ինչպիսի տեղեկատվություն է պարտավորվում ներկայացնել հասարակական կազմակերպությունը՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պարագայում, ինչը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Նշված կետը չի հստակեցնում, որ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը պետք է օգտագործել Կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ։ Սույն կետը շարադրված է այնպես, որ կարելի է եզրակացնել, որ հասարակական կազմակերպությունը կարող է նշված շահույթը օգտագործել այլ նպատակներով, ինչը ուղղակիորեն արգելված է գործող Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով։ Առաջարկություն. Տարատեսակ մեկնաբանություններից զերծ մնալու և իրավական որոշակիության սկզբունքը պահպանելու նպատակով առաջարկում ենք ձևափոխել Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը, այն շարադրելով հետևյալ կերպ՝ Հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն իրականացրել է, թե ոչ, եթե այո, ապա այդ գործունեության արդյունքում հաշվետու տարում ինչքան շահույթ է օգտագործել Կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ։ 3. Նախագծի 24-րդ հոդվածի 7-րդ մասը նախատեսում է, որ հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատում է Լիազոր մարմինը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Խիստ կարևոր է իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցությունը, գործընթացի թափանցիկությունն ու հաշվետվողականության ապահովումը, ինչպես նաև հանրային կարծիքի բացահայտումը: Առաջարկություն. Հաշվետվության օրինակելի ձևի, հրապարակման և ներկայացման կարգի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու նպատակով, առաջարկում ենք տվյալ նախագիծը տեղադրել e-draft էլեկտրոնային հարթակում՝ բոլոր շահագրգիռ կողմերին հնարավորություն ընձեռելով մասնակցել հանրային քննարկմանը։ _____________________________ Հաշվի առնելով, որ նախատեսվում են փոփոխություններ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում, անհրաժեշտ է անդրադառնալ դրա նաև այլ թերություններին և կատարել համապատասխան փոփոխություններ: 4. Նախագիծը կարգավորում է միայն հաշվետվության հրապարակման հիման վրա ծագող իրավահարաբերությունները, բայց չի անդրադառնում օրենքի 26-րդ հոդվածում նախատեսված հանրային միջոցներից ֆինանսավորման դեպքում ծագող պարտադիր աուդիտի իրականացման և աուդիտորի եզրակացությունը հաշվետվությանը կցելու պահանջին։ Գործող օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցներից) ֆինանսավորվել է 5 միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով: Համարում ենք, որ նշված շեմը շատ ցածր է աուդիտի անցկացման բարձր ծախսերի համեմատությամբ: Հասարակական կազմակերպությունների աուդիտի պահանջները պետք է համարժեք լինեն պետական ֆինանսավորման չարաշահումից առաջացած ռիսկի մակարդակին: Հիմնադրամների համար պարտադիր աուդիտի իրականացման համար սահմանված ֆինանսավորման շեմը «Հիմնադրամների մասին» օրենքով 10,000 միլիոն դրամ է, և տվյալ տարբերակումն ու առավել խիստ պահանջը հասարակական կազմակերպությունների համար բոլորովին արդարացված չէ: Առաջարկություն. Բարձրացնել պարտադիր աուդիտի համար նախատեսվող ֆինանսավորման շեմը և սահմանել ոչ պակաս հիմնադրամների համար նախատեսված շեմից: 5. «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված չէ, որ աուդիտի ծախսերը կարող են ներառվել պետության կողմից հատկացվող ֆինանսավորման մեջ, ինչը կարող է տարընթերցման հնարավորություն տալ և մի կազմակերպությունը կարող է այն ներառել նախահաշվում, մյուսը՝ չներառել: Մյուս կողմից, հասարակական կազմակերպությունները, որպես կանոն, չունեն սեփական միջոցներ՝ հոգալու աուդիտի ծախսերը, ինչը կարող է խոչընդոտներ ստեղծել և սահմանափակել նրանց համագործակցությունը պետության հետ: Անհրաժեշտ է, որ պետությունը աուդիտի պարտադիր պահանջին զուգահեռ նախատեսի դրա ծախսերի ծածկումը պետական բյուջեի հաշվին: Հարգանքով ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Տեսնել ավելին