Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ  ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը 

       Իրավական ակտի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կողմից 2010թ. վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթներից, որտեղ ամրագրված է, որ բոլոր հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն ապրել համայնքում` որպես հավասար քաղաքացիներ: Նշված հոդվածը վերաբերում է «անկախ ապրելուն և համայնքի կյանքում ներգրավված լինելուն»: Ավելին, Կոնվենցիային մասնակից պետությունները պարտավորվել են ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան ընտրելու իրենց բնակության վայրը և իրենց հետ բնակվողներին, ստանալ տարատեսակ համայնքային օժանդակության ծառայություններ` համապատասխան իրենց գնահատված կարիքներին, ստանան համայնքում ապրելու և ներգրավվելու, ինչպես նաև համայնքից չմեկուսացվելու համար  անհրաժեշտ անձնական աջակցություն, հնարավորություն ունենան օգտվելու բնակչության համար նախատեսված համայնքային ծառայությւոններց և հնարավորություններից: Միաժամանակ, ընտանիքում ապրելու՝ մարդու իրավունքը և փակ հաստատություններն աստիճանաբար ապաինստիտուցիոնալացնելը համահունչ է նաև Կառավարության որդեգրած մոտեցումներին ու սկզբունքներին:

  • Ընթացիկ իրավիճակը և խնդիրները 

ՀՀ գործող օրենսդրության համաձայն տնային պայմաններում խնամքի և սպասարկման ծառայություններ չեն տրամադրվում Կառավարության սահմանած հիվանդությունների ցանկում ընդգրկված որոշակի խումբ անձանց, այդ թվում` հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին: Հետևաբար, այն անձինք, ովքեր  ունեն հոգեկան առողջության խնդիրներ, սակայն չունեն ակտիվ բուժման կարիք, այլ միայն խնամքի կարիք ունեն, չեն կարողանում օգտվել տնային խնամքի ծառայություններից և նրանց ընտանիքի անդամները  երբեմն կանգնում են դժվարին ընտրության առջև` թողնել աշխատանքը և խնամել ընտանիքի անդամին, թե նրան տեղափոխել համապատասխան մասնագիտացված խնամքի հաստատություն: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների մեջ քիչ չեն նաև միայնակ, օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող անձիքն, որոնք բացի շուրջօրյա խնամքի հատուկ հաստատություն ընդունվելը, այլընտրանք չունեն:  Այդ անձինք, եթե տնային պայմաններում (առկայության դեպքում) ստանան խնամք և այլ սոցիալական ծառայություններ, ապա չեն դիմի շուրջօրյա խնամքի հատուկ հաստատություններ ընդունվելու համար: Այս ծրագիրը համահունչ է խնամքի ծառայությունների ապաիստիտուցիոնալացման գաղափարին և մարդասիրական է այն առումով, որ անձը չի հեռանում իր հարազատ միջավայրից և մնում է իր համայնքում, իր տանը:

Ներկա դրությամբ նախարարությունում խնամքի հատուկ հաստատություն ընդունվելու համար հաշվառված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ավելի քան 50 անձ, որոնց մեջ կան նաև այնպիսիք, որոնք տնային պայմաններում խնամքի ծառայությունների առկայության պարագայում չէին դիմի շուրջօրյա խնամքի հատուկ հաստատություն ընդունվելու համար: Բացի այդ, տնային խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններից պարբերաբար ստանում ենք տեղեկություններ, որ հաճախ իրենց  դիմում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընտանիքներ՝ իրենց հարազատին տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրելու խնդրանքով, սակայն կազմակերպությունները ստիպված են լինում մերժել, քանի որ նման կարգ չկա:

Նախագծի ընդունման պարագայում ըստ նախնական հաշվարկների 50 անձի տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 11 հաստիքային միավոր (հոգեբույժ - 1,0, սոցիալական աշխատող - 2,0,  հոգեբան – 1,0, արտթերապիստ-1,0, բուժքույր - 2,0, սոցիալական սպասարկող – 4,0, որոնք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատելու փորձ ունեն): Հաստիքային միավորները նախատեսվել են հաշվի առնելով շահառուների կարգավիճակը և մատուցվող ծառայության առանձնահատկությունները, քանի որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի ծառայություններ ներկա դրությամբ չի մատուցվում, ուստի չկան համապատասխան չափորոշիչներ և նախատեսվում են դրանք մշակվել մինչ  այս ծառայության ներդնումը:

    1.2 Կարգավորման նպատակը և բնույթը

    Վերը նշված խնդիրը կարգավորելու նպատակով մշակվել է սույն նախագիծը, որի ընդունման արդյունքում տնային պայմաններում խնամքի ծառայություններ կստանա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող  առնվազն 50 մարդ, ինչը կնպաստի և նրա ընտանիքի սոցիալական ու բարոյա-հոգեբանական վիճակի բարելավմանը, և կկանխարգելի անձանց մուտքը հաստատություններ և կնպաստի անձի սոցիալականացմանն ու համայնքում ապրելու իր իրավունքի իրացմանը:

    Ծառայությունը կմատուցվի մրցակցային սկզբունքով, մրցույթում հաղթած կազմակերպության կամ կազմակերպությունների կողմից:

2. Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված  ինստիտուտները և անձինք 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

2. Ակնկալվող արդյունքը 

Նախագծի ընդունման արդյունքում կկանխարգելվի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող առնվազն 50 անձի մուտքը խնամքի հատուկ հաստատություն և կապահովվի համայնքում ապրելու  նրանց իրավունքը:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ  ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

          Սույն նախագծի ընդունման առնչությամբ անհրաժեշտ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատել «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի չափորոշիչներ»: 

 ՏԵՂԵԿԱՆՔ 

«ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ  ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ      ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեում կառաջանա լրացուցիչ ծախսերի  անհրաժեշտություն՝ տարեկան շուրջ 12 000,0 հազ.դրամի չափով, որը նախատեսվում է 50 անձի տնային խնամքով զբաղվող 10 հաստիքային միավոր աշխատողի աշխատավարձերի և ճանապարհածախսի փոխհատուցման համար:

 

 

  • Քննարկվել է

    19.08.2019 - 03.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1678

Տպել

Առաջարկներ`

Հանրային քաղաքականության ինստիտուտ

29.08.2019

Առաջին գլխի (Տնային պայմաններում խնամքի տրամադրումը) 2-րդ կետի համաձայն՝ խնամքը տրամադրվելու է աշխատանքային օրերին՝ ցերեկային ժամերին (ժամը 09։00-18։00-ն)։ Նման պահանջն անհարկի սահմանափակում է շահառուի՝ շուրջօրյա, ինչպես նաև՝ ոչ աշխատանքային օրերին խնամք ստանալու հնարավորությունը։ Խնամք տրամադրող կազմակերպությունների շարքում կարող են լինել այնպիսիք (եթե ոչ հիմա, ապա՝ հետագայում), որոնք բավարար ռեսուրսներ ունեն և իրավասու են՝ խնամք իրականացնելու նաև ոչ աշխատանքային օրերին և շուրջօրյա: Առաջարկում ենք հանել «խնամքը տրամադրվելու է աշխատանքային օրերին՝ ցերեկային ժամերին (ժամը 09։00-18։00-ն)» սահմանափակումը։

Հանրային քաղաքականության ինստիտուտ

29.08.2019

Նախագծի 4-րդ գլխի (Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստանալու համար դիմելը և խնամք տրամադրելու մասին որոշումը) 4-րդ կետի համաձայն՝ ՍԱՏՄ է ներկայացվում նաև մասնագիտական հոգեբուժական հաստատության կողմից տրված եզրակացությունը, որում ներառվում է «շահառուի տնային պայմաններում խնամվելու հնարավորության մասին» տեղեկատվությունը։ Ձևակերպումը լայն է և պարզաբանման կարիք ունի։ Եթե խոսքը շահառուի ստացիոնար բուժման կարիք չունենալու մասին է, ապա դա նախորդ կետով արդեն նշվում է, իսկ եթե խոսքը բնակարան կամ դրանում անհրաժեշտ պայմաններ ունենալու մասին է, ապա դա պետք է գնահատվի սոցիալական աշխատողի կողմից։ Առաջարկվում է հստակեցնել «տնային պայմաններում խնամվելու հնարավորության մասին» անհրաժեշտ տեղեկատվության պահանջը։

Հանրային քաղաքականության ինստիտուտ

29.08.2019

Նախագծի 4-րդ գլխի (Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստանալու համար դիմելը և խնամք տրամադրելու մասին որոշումը) 2․12-րդ կետի համաձայն՝ սոցիալական աշխատողը «պետք է կատարի տնային այցելություն՝ շահառուի և նրա ընտանիքի անդամների կարիքների գնահատման (կենսապայմանների ուսումնասիրության) համար»։ Կարիքների գնահատումը չի ենթադրում միայն կենսապայմանների ուսումնասիրություն։ Առաջարկվող ձևակերպումը տպավորություն է ստեղծում, որ կարիքների գնահատումը նույնացվում է կենսապայմանների ուսումնասիրությանը։ Առաջարկում ենք հանել «կենսապայմանների ուսումնասիրությունը» բառակապակցությունը։

Տեսնել ավելին