Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Karine Badalyan 20.08.2019 11:10:44 Տնային պայմաններում խնամքի ծառայություններից բացի կարելի է կազմակերպել նաև այդ հիվանդների համար զբաղվածությունը ապահովող միջոցառումներ՝ արևէ արտադրություն՝ ասենք կոշիկների արտադրության մեջ օգտագործվող որևէ գործառույթ, որը մեխանիկական պրոցես է, մտածողություն չի պահանջում: ԵՎ հիվանդը գոհ կլինի, և տնտեսությունը կշահի, կամ արկղների պատրաստում, կամ թղթից պարկեր և այլ նմանատիպ գործեր <<Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Կարինե Բադալյանի առաջարկությունը միանշանակ ընդունելի է և նախարարությունը այն ընդունում է ի գիտություն՝ հետագա ծրագրերի և նախագծերի մշակման համար: Միաժամանակ, նախագծի առաքելությունը միայն տնային պայմաններում խնամքի ծառայությունների տրամադրումը չէ, այնտեղ նշված է, որ մասնագիտացված կազմակերպության մասնագետների կողմից ի թիվս այլ գործառույթների, իրականացվում են նաև շահառուի հմտությունները, կարողությունները զարգացնող միջոցառումներ, արտթերապիայի անցկացում և այլ ծառայություններ, և դրանով չի սահմանափակվում շահառուի՝ զբաղվածության ապահովման կամ որևէ արհեստով զբաղվելու հնարավորությունը. սոցիալական աշխատողի աջակցությամբ շահառուն կարող է նաև զբաղվել տնայնագործական տարբեր աշխատանքներով: Առաջարկությունն ամբողջությամբ տեղավորվում է Նախագծի տրամաբանության մեջ:
2 Հանրային քաղաքականության ինստիտուտ 29.08.2019 17:13:39 Նախագծում համարակալումը սխալ է արված: Առաջարկվում ենք փոփոխել՝ հետագա խառնաշփոթից խուսափելու համար։ Ներքոնշյալ առաջարկություններն արվել են առկա համարակալման հիմքով։ Ընդունվել է:
3 Հանրային քաղաքականության ինստիտուտ 29.08.2019 17:13:39 Նախագծի նպատակն է՝ «նպաստել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը»: Նման ձևակերպումը թիրախավորում է միայն այն մարդկանց, որոնք ունեն ընտանիք: Այս շրջանակից դուրս են մնում ընտանիք չունեցող կամ ընտանիքից հեռու գտնվող միայնակ անձինք: Առաջարկվում է «ընտանիք» բառը փոխարինել «անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու» իրավունքի իրացմամբ, ինչն ամրագրված է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Կոնվենցիայի Հոդված 19-ով, որի «բ» կետով սահմանվում է ներտնային աջակցություն ստանալու հնարավորությունը։ Չի ընդունվել, քանի որ եթե ընտանիքում չի ապրում (ընտանիքը կարող է բաղկացած լինել միայն մեկ անձից՝ շահառուից), ապա տնային պայմաններում խնամքի տրամադրում չի կարող իրականացվել: Առաջարկության հեղինակի կողմից նշված իրավունքի իրացումը կարող է կիրառվել ցերեկային կենտրոններում ծառայությունների տրամադրման պարագայում:
4 Հանրային քաղաքականության ինստիտուտ 29.08.2019 17:13:39 Նախագծի վերնագրում նշված է «հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած ․․․», հետևաբար, Նախագիծը վերաբերում է ոչ միան հոգեկան առողջության խնդիրներ, այլ նաև՝ մտավոր խնդիրներ ունեցող անձանց։ Սակայն նպատակի սահմանման մեջ, ինչպես նաև 4-րդ գլխի (Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստանալու համար դիմելը և խնամք տրամադրելու մասին որոշումը) 2․12-րդ և 7-րդ կետերում նշված չէ «և մտավոր խնդիրներ ունեցող» բառակապակցությունը։ Առաջարկում ենք վերոնշյալ կետերում հավելել «և մտավոր խնդիրներ ունեցող» բառակապակցությունը։ Ընդունվել է և Նախագծում ավելացվել է <<մտավոր խնդիրներ>> բառերը:
5 Հանրային քաղաքականության ինստիտուտ 29.08.2019 17:13:39 Նախագծի 4-րդ գլխի (Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստանալու համար դիմելը և խնամք տրամադրելու մասին որոշումը) 5-րդ կետի համաձայն՝ «ծառայությունները տրամադրվում են «խնամող չունեցող կամ խնամողի՝ աշխատելու պարագայում»։ Ընդ որում, նույն գլխի 10-րդ կետի համաձայն՝ ՍԱՏՄ պետք է ներկայացվի նաև շահառուին խնամող անձի աշխատելու փաստը հավաստող տեղեկանք՝ աշխատավայրից։ Նման պահանջը թիրախավորում է միայն գրանցված աշխատանք ունեցող խնամողներին: Մինչդեռ մեծ թվով անձինք ինքնազբաղված են կամ աշխատում են առանց որևէ պայմանագրային հիմքի, հետևաբար՝ չեն կարող համապատասխան տեղեկանք ներկայացնել։ Այսպիսով, խնամող անձինք կարող են ունենալ զբաղվածության տարբեր տեսակներ (նաև՝ ոչ աշխատանքային, որոնց մի մասը՝ չգրանցված), ինչը փաստացի խոչընդոտ է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ խնամք իրականացնելու համար: Առաջարկում ենք. շահառուին խնամող անձի աշխատելու փաստը հավաստող տեղեկանքին համարժեք դիտարկել սոցիալական աշխատողի կողմից տրված եզրակացությունը՝ խնամողի զբաղվածության վերաբերյալ (այն դեպքերում, երբ նման տեղեկանք ներկայացնելը փաստացի անհնարին է): Ընդունվել է մասնակի և լրացուցիչ քննարկման կարիք ունի:
6 Հանրային քաղաքականության ինստիտուտ 29.08.2019 17:13:39 Նախագծի 4-րդ Գլխի (Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստանալու համար դիմելը և խնամք տրամադրելու մասին որոշումը) 2․12-րդ կետի համաձայն՝ ՍԱՏՄ-ի սոցիալական աշխատողին ներկայացվող պահանջներից է «պարտադիր վերապատրաստումը և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատանքային փորձը»։ Հստակ չեն վերապատրաստմանը և աշխատանքային փորձին առաջադրվող պահանջները։ Առաջարկում ենք սահմանել վերապատրաստմանն առաջադրվող չափանիշներ՝ ծանրաբեռնվածություն, ժամաքանակ և այլն, ինչպես նաև՝ աշխատանքային փորձի նվազագույն շեմ։ Ընդունվել է մասամբ և Նախագծի կետը խմբագրվել է:
7 Հանրային քաղաքականության ինստիտուտ 29.08.2019 17:13:39 Նախագծի 4-րդ գլխի (Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստանալու համար դիմելը և խնամք տրամադրելու մասին որոշումը) 2․12-րդ կետի համաձայն՝ սոցիալական աշխատողը «պետք է կատարի տնային այցելություն՝ շահառուի և նրա ընտանիքի անդամների կարիքների գնահատման (կենսապայմանների ուսումնասիրության) համար»։ Կարիքների գնահատումը չի ենթադրում միայն կենսապայմանների ուսումնասիրություն։ Առաջարկվող ձևակերպումը տպավորություն է ստեղծում, որ կարիքների գնահատումը նույնացվում է կենսապայմանների ուսումնասիրությանը։ Առաջարկում ենք հանել «կենսապայմանների ուսումնասիրությունը» բառակապակցությունը։ Նախագծի համապատասխան կետը խմբագրվել է:
8 Հանրային քաղաքականության ինստիտուտ 29.08.2019 17:13:39 Նախագծի 4-րդ գլխի (Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստանալու համար դիմելը և խնամք տրամադրելու մասին որոշումը) 4-րդ կետի համաձայն՝ ՍԱՏՄ է ներկայացվում նաև մասնագիտական հոգեբուժական հաստատության կողմից տրված եզրակացությունը, որում ներառվում է «շահառուի տնային պայմաններում խնամվելու հնարավորության մասին» տեղեկատվությունը։ Ձևակերպումը լայն է և պարզաբանման կարիք ունի։ Եթե խոսքը շահառուի ստացիոնար բուժման կարիք չունենալու մասին է, ապա դա նախորդ կետով արդեն նշվում է, իսկ եթե խոսքը բնակարան կամ դրանում անհրաժեշտ պայմաններ ունենալու մասին է, ապա դա պետք է գնահատվի սոցիալական աշխատողի կողմից։ Առաջարկվում է հստակեցնել «տնային պայմաններում խնամվելու հնարավորության մասին» անհրաժեշտ տեղեկատվության պահանջը։ Ընդունվել է, Նախագծի համապատասխան կետը խմբագրվել է:
9 Հանրային քաղաքականության ինստիտուտ 29.08.2019 17:13:39 Առաջին գլխի (Տնային պայմաններում խնամքի տրամադրումը) 2-րդ կետի համաձայն՝ խնամքը տրամադրվելու է աշխատանքային օրերին՝ ցերեկային ժամերին (ժամը 09։00-18։00-ն)։ Նման պահանջն անհարկի սահմանափակում է շահառուի՝ շուրջօրյա, ինչպես նաև՝ ոչ աշխատանքային օրերին խնամք ստանալու հնարավորությունը։ Խնամք տրամադրող կազմակերպությունների շարքում կարող են լինել այնպիսիք (եթե ոչ հիմա, ապա՝ հետագայում), որոնք բավարար ռեսուրսներ ունեն և իրավասու են՝ խնամք իրականացնելու նաև ոչ աշխատանքային օրերին և շուրջօրյա: Առաջարկում ենք հանել «խնամքը տրամադրվելու է աշխատանքային օրերին՝ ցերեկային ժամերին (ժամը 09։00-18։00-ն)» սահմանափակումը։ Առաջարկությունը ընդունվել է, նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: