Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Գևորգ Մալխասյան 14.08.2019 10:24:58 Գտնում եմ, որ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը քրեականացնելը հակասում է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի պահանջներին: Բացի այդ նման պայմաններում սահմանափակվում են փաստաբանների իրավունքները, որոնք կարող են և իրավունք ունեն նաև բռնությանն արդարացման հիմքեր բերել: Բացի այդ անհրաժեշտ է հասստկեցնել, թե ինչ չափանիշներից է որոշվելու թե տվյալ կոչը անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր է: Չի ընդունվել: Նախագծով առաջարկվող կարգավորմամբ պահպանված է անհրաժեշտ հավասարակշռությունը խոսքի ազատության և այլոց իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջև և որևէ կերպ անհիմն սահմանափակման չի ենթարկվում ազատ արտահայտվելու իրավունքը: Փաստաբանի կողմից իրավական տիրույթում և իր գործառույթների շրջանակներում պաշտպանյալի արարքների վերաբերյալ ներկայացված փաստարկները սույն հանցակազմի իմաստով պատժելի չեն, եթե փաստաբանի դիտավորությունն ուղղված չէ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործարելու կոչերին, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզելուն:
2 Գևորգ Մալխասյան 16.08.2019 11:39:06 Ի լրումն իմ նախորդ առաջարկության հայտնում եմ նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի միայն 397.1 և 226.1-ին հոդվածներով է նախատեսվում առանձնապես ծանր հանցագործությունների արդարացման համար քրեական պատասխանատվություն: Չեմ կարծում, որ բռնության արդարացումը համարժեք է ցեղասպանության կամ ահաբեկչության արդարացմանը: Կառաջարկեի նաև ուսումնասիրել օրենսգիրքը քարոզի մասով ևս: Չի ընդունվել: Հրապարակայնորեն արդարացնել ասելով պետք է հասկանալ անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքերի, ինչպես նաև բուն գաղափարի հրապարակային ընդունում և պաշտպանություն կամ նման բռնություն գործադրած անձանց արդարացում և պաշտպանություն: Այլ կերպ ասած` նշված դեպքերում անձը հրապարակային հայտարարում է, որ նման բռնությունը համարվում է ճիշտ, ենթակա է պաշտպանության և ընդօրինակման: Վերոնշյալից պարզ է դառնում, որ անձի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելն օժտված է բարձր հանրային վտանգավորությամբ:
3 Արթուր Այվազյան 14.08.2019 11:34:17 Ասֆալտին փռելը մտնումա տակը՞ Չի ընդունվել: Նախագծի վերաբերյալ առաջարկ չի պարունակում:
4 Harutyun Amirjanyan 14.08.2019 15:27:35 Այս օրենքը հավասար կիրառելու դեպքում կտուգանվեն հայաստանի բոլոր քաղաքացիները։ Անձ՝ թալեաթ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրող՝ Սողոմոն Թեհլերյան, արդարացիորեն բռնությունը հրապարակայնորեն արդարացնող՝ բոլոր հայերը։ Օրենքը անհրաժեշտ է վերամշակել այնպես որ այն թույլ չտա այսպիսի ընդհանուր մեկնաբանություններ։ Չի ընդունվել: Նախագծով առաջարկվող հանցակազմի տարերը հստակ են՝ օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ: Մասնավորապես՝ հանցակազմի լրացուցիչ անմիջական օբյեկտը մարդու կյանքի և առողջության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են: Օբյեկտիվ կողմը դրսևորվում է անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնությունը քարոզելու ձևով: Սուբյեկտիվ կողմից արարքը դրսևորվում է դիտավորությամբ: Հանցագործության սուբյեկտը 16 տարին լրացած յուրաքանչյուր մեղսունակ ֆիզիկական անձն է: Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարծում ենք, որ Նախագծով առաջարկվող կարգավորումն ընդհանուր մեկնաբանություններ տեղիք չի կարող տալ:
5 Արմեն Վարդանյան 15.08.2019 12:24:19 1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող նոր՝ 226.2-րդ հոդվածը խմբագրել, որովհետև առաջարկվող ձևակերպումից ստացվում է, որ պատժվում է /մեջբերում հոդվածից/ <<… հրապարակային կոչերը, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը>>, այսինքն՝ շարահյուսության և մտքի ձևակերպման ու ընկալման տեսանկյունից ստացվում է, որ պատժի ենթակա արարք են …կոչերը, ... բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը, ինչպես նաև նման բռնությունը քարոզելը: Ինչու, որովհետև նախ՝ քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվում են արարքի կամ գործողության համար, իսկ մյուս կողմից էլ՝ տվյալ դեպքում հոդվածում <<կոչերը>> բառը կամ եզրույթը բառացի և նախադասության մեջ օգտագործված է որպես գոյական, այլ ոչ թե բայ, ինչը նշանակում է, որ գործողություն իմաստով պետք է լիներ առնվազն <<կոչեր անել>> ձևակերպմամբ, հակառակ դեպքում՝ առաջարկվող ձևակերպումը ենթադրում է ոչ թե 3, այլ 2 արարք՝ առաջինը -հրապարակային կոչերը և բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը, երկրորդը՝ բռնությունը քրոզելը, այնինչ նախագծի հեղինակները ամենայն հավանականությամբ նկատի են ունեցել 3 արարք՝ բռնության կոչ անելը, բռնությունը հրապարակային արդարացնելը և բռնությունը քարոզելը: 2. Հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել, թե որ դեպքերում է պատժվում տուգանքով կամ կալանքով կամ ազատազրկմամբ, որովհետև իրավական որոշակիության սկզբունքի պահանջով պարզ չէ, թե տուգանքը կիրառվելու է օրինակ՝ կոչի թե բռնության հրապարակային արդարացման, թե բռնությունը քարոզելու համար, նույնը վերաբերում է կալանքին կամ ազատազրկմանը: 3. Հոդվածի ձևակերպումից հետևում է, որ կոչը կամ բռնությունը հրապարակային արդարացնելը կամ բռնության քարոզը հանցավոր արարքի տրամաբանությամբ ունեն նույն վտանգավորությունը կամ հետևանքը, այնինչ, որպես արարք կամ գործողություն՝ դրանք պետք է տարբերվեն ոչ միայն փաստացի, այլև հնարավոր վտանգավորության և հետևանքների տեսնակյուններից: Բացի այդ, առերևույթ և ընկալման տեսակետից՝ կոչը և քարոզը նույնացվում են և դժվար է դրանց տարբերակումը. սոցիալական ցանցով կամ որոշակի տեղում կամ պայմաններում մարդկանց ներկայությամբ արված կոչը փաստացի կարող է որակվել և ընդունվել քարոզ, հետևաբար կամ պետք է տալ կոչի և քարոզի սահմանումները կամ դրանց նույնացման պարագայում պետք է օգտագործել մեկ՝ ընկալման և որակման տեսակետից առավել հստակ և հնարավորինս անխոցելի ձևակերպում կամ եզրույթ: Իմ կարծիքով կոչը և քարոզը տարբերվում են լսարանի՝ հասցատիրոջ առումով, քանի որ կոչը կարող է լինել անորոշ լսարանին ուղղված, որի դեպքում որոշակիացված կամ կոնկրետացված չէ պոտենցիալ լսարանը և լսելիությունը մնում է հարցականի տակ, օրինակ՝ լսեցին կամ կարդացին, թե ոչ, իսկ քարոզն ունի որոշակիացված լսարան և կատարվում է այդ լսարանի համար և/կամ ներկայությամբ և լսելիության խնդիր այս դեպքում չկա: 4. Ոչ միայն կոչի կամ քարոզի հետ կապված, այլև օրենքի նախագծի առաջարկվող խմբագրությամբ ընդունման պարագայում անխուսափելի են կիրարկման ժամանակ կամայական և սուբյեկտիվ մեկնաբանություններն ու որակումները և վճիռները՝ հնարավորություն տալով միևույն տեսակի իրավիճակի կամ դեպքերի ժամանակ միևնույն իրավախախտման կամ հանցանքի համար դրսևորել տարբեր մոտեցումներ և ընդունել տարբեր վճիռներ: 1. Ընդունվել է ի գիտություն: 2. Չի ընդունվել: 3. Չի ընդունվել: 4. Չի ընդունվել: 1.Համաձայն ենք առաջարկի հիմքում ընկած տրամաբանության հետ,այնուամենայնիվ, կարծում ենք, որ փոփոխությունը նպատակահարմար չէ, քանզի կխաթարվի ՀՀ քրեական օրենսգրքի հասկացութային միասնականությունը, քանի որ «կոչերը» որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի տարր նկարագրված են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ, 225.1-րդ, 226.1-րդ, 301-րդ, 385-րդ հոդվածներում: 2. Տե՛ս չորրորդ առաջարկում շարադրված պատասխանը: 3. Հրապարակային կոչեր ասելով պետք է հասկանալ անձանց գիտակցության և կամքի վրա այնպիսի ազդեցություն, որն ուղղված է անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելուն: Հրապարակայնորեն արդարացնել ասելով պետք է հասկանալ անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքերի, ինչպես նաև բուն գաղափարի հրապարակային ընդունում և պաշտպանություն կամ նման բռնություն գործադրած անձանց արդարացում և պաշտպանություն: Այլ կերպ ասած` նշված դեպքերում անձը հրապարակային հայտարարում է, որ նման բռնությունը համարվում է ճիշտ, ենթակա է պաշտպանության և ընդօրինակման: Քարոզ ասելով պետք է հասկանալ անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրելուն ուղղված գաղափարների տարածում: Քննարկվող արարքներից յուրաքանչյուրը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ, սակայն դրանք պարտադիր պետք է լինեն հրապարակային, այլ կերպ ասած` արարքներից յուրաքանչյուրում պարունակվող տեղեկատվությունը պետք է լսի և ընկալի անձանց լայն շրջանակ (խումբ): Վերոնշյալից պարզ է դառնում, որ Նախագծով առաջարկվող հացակազմի օբյեկտիվ կողմը կազմում են տարբեր արարքներ: Մասնավորապես` 1.բռնություն գործադրելու հրապարակային կոչ, 2.բռնություն գործադրելու դեպքերի և բուն գաղափարի արդարացում, այլ կերպ ասած`պաշտպանություն և 3. բռնություն գործադրելուն ուղղված գաղափարների քարոզ, այլ կերպ ասած`տարածում: Ավելին, առաջակվող կարգավորման պարագայում, հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը, գործ ունենք ձևական հանցակազմի հետ: Հետևաբար, հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքներից որևէ մեկի կատարումը, անկախ հետևանքներից, ավարտված հանցագործություն է: 4. Առաջարկված սանկցիայի պայմաններում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ելնելով կատարված կոնկրետ արարքի (կոչ, քարոզ, արդարացում) արարքի հանրային վտանգավորության աստիճանից ու բնույթից, հնարավոր է անհատականացնել պատիժը և ընտրել կատարված արարքին համաչափ պատիժ։ Կատարված արարքի համար պատժի նշանակումը բացառապես դատարանի իրավասությունն է: Հետևաբար, կիրարկման ժամանակ կամայական և սուբյեկտիվ մեկնաբանությունների ու որակումների խնդիր չի կարող առաջանալ:
6 Արմեն Վարդանյան 15.08.2019 12:25:28 Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկում եմ հոդվածը շարադրել հետևյալ սկզբունքով /սահմանել կոնկրետ սանկցիան, իսկ 2 և ավելի սանկցիա սահմանելու դեպքում՝ հստակ նշել, թե տվյալ արարքի ինչ դրսևորման կամ հետևանքի համար ինչպիսի պատիժ է սահմանվում: 226.2. Անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչ անելը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը, նման բռնությունը քարոզելը 1. Անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչ անելը պատժվում է … օրինակ՝ տուգանք- առաջին անգամ հրապարակային կոչ անելու համար՝ 500 հազարի չափով տուգանք – նշված արարքը որոշակի ժամանակահատվածում կրկնելու համար՝ 1 մլն չափով կալանք- որոշակի ժամանակահատվածում նման կոչը շարունակական անելու համար՝ նայած ինչքան…, ազատազրկում – նման կոչի արդյունքում բռնությունը սկսվելու կամ շարունակվելու կամ բռնության տարբեր հետևանքների դեպքերում՝ սահմանելով ազատազրկման կոնկրետ չափեր 2. Նման բռնությունը քարոզելը պատժվում է … /ձևակերպել վերոգրյալ սկզբունքով/ օրինակ՝ տուգանք- առաջին անգամ քարոզ անելու համար՝ 1 մլն չափով, որոշակի ժամանակահատվածում նման քարոզը կրկնելու համար՝ 2 մլն, կալանք- որոշակի ժամանակահատվածում շարունակական քարոզի համար՝ նայած ինչքան … ազատազրկում - քարոզի արդյունքում բռնությունը շարունակվելու կամ բռնության տարբեր հետևանքների դեպքում ՝ նայած ինչքան… 3. Նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը պատժվում է … /ձևակերպել վերոգրյալ սկզբունքով/ 4. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝ 1) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում է …./սահմանել վերագրյալ սկզբունքով/ 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է …./սահմանել վերագրյալ սկզբունքով: Առաջարկում եմ նաև հնարավորինս որոշակիացնել, թե ինչ պաշտոնների կամ գործունեությունների մասին է խոսքը, որոնց դեպքում կիրառելի և արադարացված նպատակ է զբաղեցնելու կամ զբաղվելու իրավունքի զրկումը, դրանց համար ևս սահմանելով որոշակիացված ողջամիտ ժամկետներ: Չի ընդունվել: Իրավական որոշակիության խնդիր տվյալ դեպքում չի կարող առաջանալ, ավելին՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ ձևակերպված են նույն տրամաբանությամբ, մասնավորապես՝ հոդվածի դիսպոզիցիայում թվարկված են բոլոր այն գործողությունները, որոնցով դրսևորվում է հանցակազմի օբյեկտիվ կողմը, իսկ սանկցիայում թվարկված են գործողությունների համար նախատեսված պատժատեսակներն ու պատժաչափերը, և կոնկրետ արարքի դեպքում պատժատեսակի և պատժաչափի ընտրության հարցը վերապահված է բացառապես դատարանի իրավասությանը:
7 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 29.08.2019 15:54:55 Վերլուծելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը՝ առաջարկում ենք հետեւյալ ձեւակերպումը․ Վերլուծություն Ներկայացված Հոդվածի դիսպոզիցիան վերացական է, դրանում նկարագրված չեն արարքի հիմնական բնութագրիչ հատկանիշները, հստակեցված չի նաեւ հանցագործության օբյեկտը՝ հասարակական այն հարաբերությունները, որոնց դեմ են ուղղված եւ որոնց վնաս են հասցնում տվյալ հանրորեն վտանգավոր արարքները: Օբյեկտիվ կողմի հետ կապված, հստակ չէ հանրորեն վտանգավոր արարքի եւ հետեւանքի միջեւ պատճառական կապը: Առաջարկվող լրացումը գործածության մեջ որակման հետ կապված կարող է հակասություն առաջացնել ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի հետ՝ 1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Ինքնին այն կարող է խախտել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որն ամրագրում է․ «Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք»։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Հետեւաբար դրական կամ բացասական կարծիք ունենալն ու դրանց տարածելը, հրապարակային կոչերը, կամ որոշակի բռնություն պարունակող արարքների արդարացումը ոչ բոլոր դեպքերում կարող են որակվել որպես հանցագործություն, շատ կարեւոր են դրանց առաջացրած հետեւանքները։ Արտահայտման ազատության և հավասարության Կեմդենյան սկզբունքների 12-րդ սկզբունքը վերոգրյալ դաշնագրի 20-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա տալիս է ատելության խոսքի սահմանումը. «Բոլոր պետությունները պարտավոր են ընդունել ցանկացած ազգային, ռասայական կամ կրոնական ատելության քարոզչության արգելքի մասին օրենսդրություն, որն իրենից ներկայացնում է խտրականության, թշնամանքի կամ բռնության հրահրում»: Սույն սկզբունքի 12.1-րդ կետը պարտավորեցնում է պետություններին իրավական համակարգում ուղղակի ամրագրման կամ մեկնաբանության միջոցով հստակեցնել «ատելություն», «թշնամանք», «քարոզ» և «հրահրում» տերմինները, ըստ որի՝ 1) «Ատելություն» և «թշնամանք» տերմինները կիրառելի են որոշակի խմբի նկատմամբ ինտենսիվ և իռացիոնալ հակակրանքի դեպքում, 2) «Քարոզ» տերմինը պետք է ընկալվի որպես որոշակի խմբի նկատմամբ հրապարակայնորեն ատելության բորբոքման դիտավորություն, 3) «Հրահրում» տերմինը ազգային, ռասայական կամ կրոնական խմբի նկատմամբ արտահայտություններն են, որոնք անմիջականորեն ծնում են խտրականության, թշնամանքի կամ բռնության վտանգ այդ խմբի անդամների նկատմամբ: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ) չունի ատելության խոսքի ուղղակի ամրագրում, սակայն ԵԽ Նախարարաների կոմիտեն անդրադարձել է դրան մի շարք հանձնարարականներում, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԿ)՝ մի շարք որոշումներում, ընդ որում՝ ՄԻԵԿ 17-րդ հոդվածի լույսի ներքո: Ատելության խոսքի սահմանումը ամբողջականացվել է 30.10.1997թ.-ի «Ատելություն սերմանող խոսքի մասին» ԵԽ Նախարարների կոմիտեի թիվ R(97)20 Հանձնարարականում, որի համաձայն որպես լրատվամիջոցներով տարածվող ատելության խոսք` «պետք է հասկանալ բոլոր այն արտահայտությունները, որոնք տարածում, հրահրում եւ արդարացնում են ռասայական ատելություն, քսենոֆոբիա, հակասեմիտիզմ եւ անհանդուրժողականության բոլոր այլ ձեւերը, ինչպիսիք են` ագրեսիվ ազգայնականության եւ էթնոցենտրիզմի միջոցով արտահայտվող անհանդուրժողականությունը, խտրականությունը փոքրամասնությունների, միգրանտների հանդեպ»: Սույն հանձնարարականով ատելության խոսքի կարգավորման առարկան ընդգրկում է անհանդուրժողականության բոլոր ձևերը, այդ թվում նաև խտրականությունը փոքրամասնությունների և միգրանտների նկատմամբ, ավելին՝ հանձնարարականը հստակ նշում է ատելության եղանակները՝ 1) տարածում, 2) հրահրում, 3) արդարացում: «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն Մասնակից պետությունները դատապարտում են ցանկացած քարոզչություն և բոլոր այն կազմակերպություններին, որոնք հիմնված են մի ռասայի կամ մաշկի որոշակի գույն կամ էթնիկական ծագում ունեցող անձանց խմբի գերազանցության գաղափարների կամ տեսությունների վրա կամ որոնք փորձում են արդարացնել կամ խրախուսել ռասայական ատելությունն ու խտրականությունը, ինչ ձևով էլ որ դրանք դրսևորվելիս լինեն, նրանք պարտավորվում են ձեռնարկել անհապաղ ու դրական միջոցներ՝ ուղղված նման խտրականության ցանկացած հրահրում կամ իրականացում վերացնելուն և, այդ նպատակով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված սկզբունքների ու սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածում շարադրված իրավունքներին համապատասխան, այլ միջոցների թվում՝ (ա) օրենքով պատժելի հանցանք են համարում ռասայական գերազանցության կամ ռասայական ատելության վրա հիմնված գաղափարների տարածումը, ռասայական խտրականության հրահրումը, ինչպես նաև ցանկացած ռասայի կամ մաշկի այլ գույն կամ էթնիկական այլ ծագում ունեցող անձանց խմբի դեմ ուղղված բռնության գործողությունները կամ դրանց հրահրումը, ինչպես նաև ռասիստական գործունեությանն օգնություն տրամադրելը, ներառյալ՝ նման գործունեության ֆինանսավորումը, (բ) հակաօրինական են հայտարարում և արգելում են այն կազմակերպությունները, ինչպես նաև կազմակերպված ու ցանկացած այլ քարոզչական գործունեություն, որոնք խրախուսում ու հրահրում են ռասայական խտրականություն, և մասնակցությունը նման կազմակերպություններին կամ գործունեությանը համարում են օրենքով պատժելի հանցագործություն, (գ) պետական իշխանության ազգային կամ տեղական մարմիններին կամ պետական հաստատություններին չեն թույլատրում խրախուսել կամ հրահրել ռասայական խտրականություն։ Բացի այդ հստակ չէ հոդվածի սանկցիան․ պետք է պարզ նշել, թե հանրորեն վտանգավոր կոնկրետ որ գործողության հետևանքի առաջացման համար ինչպիսի պատիժ է սահմանվում: Առաջարկ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ՀՀ քրեական օրենսգրքում կատարվող լրացումը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝ Հոդված 226.2 Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնութունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը 1. Անձի կյանքի կամ առողջության դեմ ցանկացած տեսակի բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, ինչպես նաեւ ատելության խոսքը՝ կապված անձի սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների հետ, եւ նման բռնության գործադրումը հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներով արդարացնելը կամ նման բռնության գործադրումը քարոզելը, որն առաջացրել է կամ կարող է առաջացնել ծանր հետեւանք: Չի ընդունվել: Նախագծով առաջարկվող կարգավորումը ներառված է ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ գլխում, մասնավորապես՝ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների շարքում: Հետևաբար, հանցագործության հիմնական անմիջական օբյեկտը պետության և հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտներում պետության, հասարակության և անձի կենսական շահերի պաշտպանության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են, իսկ որպես լրացուցիչ անմիջական օբյեկտ հանդիսանում են մարդու կյանքի և առողջության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները: Հանրորեն վտանգավոր արարքի և հետևանքի միջև պատճառական կապի վերաբերյալ արված դիտարկման մասով հարկ է նշել, որ Նախագծով առաջակվող կարգավորման պարագայում, հաշվի առնելով արարքի բարձր հանրային վտանգավորությունը, գործ ունենք ձևական հանցակազմի հետ: Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների շարքում բավականաչափ շատ են ձևական հանցակազմի միջոցով նկարագրվածները: Ձևական հանցակազմերում հետևանքները հանդես չեն գալիս որպես հանցակազմի պարտադիր հատկանիշ: Նման դեպքերում արարքն ավարտված հանցագործություն համարելու համար բավական է օրենքով նկարագրված արարքի կատարումը: Այլ խոսքով, կան արարքներ, որոնց կատարումն ինքնին հանրորեն այնքան վտանգավոր է, որ զուտ գործողության կամ անգործության կատարումը, անկախ հետևանքներից, դիտվում է ավարտված հանցագործություն:
8 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ 29.08.2019 23:51:52 Նախագծով ամրագրված հոդվածը չի բխում իրավական որոշակիության սկզբունքից. հանցակազմի դիսպոզիցիայում բացակայում է հանցագործության կատարման եղանակը։ Միեւնույն ժամանակ նպատակը սուբյեկտիվ կողմից նշված չէ։ Հարկ է նկատել, որ ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2008 թվականի մայիսի 13-ի № ՍԴՈ-753 որոշման մեջ, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, հայտնել է դիրքորոշում, համաձայն որի՝ իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաեւ իրավական օրենքի առկայություն, որը պետք է լինի բավականաչափ մատչելի, որպեսզի իրավունքի սուբյեկտները համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կանխորոշելու, թե տվյալ դեպքում իրավական ինչ նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ։ Նույնաբովանդակ իրավական դիրքորոշումներ են տեղ գտել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում (օրինակ՝ «Սանդեյ Թայմս ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով 1979 թվականի ապրիլի 26-ի վճիռ, գանգատ № 6538/74, կետ 49): Միեւնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ առհասարակ «ատելության խոսք»-ի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հանցակազմի հիմքում ընկած է խտրականության դրսեւորումները (ռասիզմ, քսենոֆոբիա, գենդերային պատկանելության եւ սեռական կողմնորոշման հիմքով խտրականություն եւ այլն) եւ ատելության խոսքն ուղղված է բռնության, սպառնալիքի, թշնամանքի կամ խտրականության հարուցմանը որոշակի խումբ անձանց նկատմամբ։ Ավելին, Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի «Ատելության խոսք»-ի դեմ պայքարի №15 հանձնարարականի համաձայն՝ ատելության խոսքը կարող է հանգեցնել այլոց ահաբեկման, նրանց նկատմամբ բռնության կիրառման, թշնամանքի եւ խտրականության: Վերոնշյալ հանձնարարականում բազմիցս արտահայտվել է այն դիրքորոշումը, որ քրեական պատասխանատվությունը պետք է կիրառվի ատելության խոսքի ծայրահեղ դրսեւորման համար: Մասնավորապես՝ քրեական պատասխանատվության միջոցներն անհրաժեշտ են այն դեպքերում, երբ ատելության խոսքն ուղղված է բռնության, սպառնալիքի, թշնամանքի կամ խտրականության հարուցմանը որոշակի խումբ անձանց նկատմամբ։ Միեւնույն ժամանակ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ատելության խոսքի վերաբերյալ պետությունները պետք է մշակեն իրավական մեխանիզմներ՝ ապահովելու հստակ տարանջատումը խոսքի ազատության իրավունքի եւ ատելության խոսքի դրսեւորումների՝ «Ատելության խոսքի» վերաբերյալ Եվրոպայի խորհրդի №R (97) 20 հանձնարարականի 2-րդ սկզբունքով սահմանվում է, որ անդամ պետությունների կառավարությունները պետք է ստեղծեն կամ պահպանեն ատելության բորբոքման դեմ պայքարի այնպիսի ամուր իրավական հիմքեր, որոնք յուրաքանչյուր դեպքում կապահովեն անհրաժեշտ հավասարակշռությունը խոսքի ազատության եւ այլոց իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության միջեւ։ Համանման տարբերակով «Ռասիզմի եւ այլատյացության որոշ ձեւերի եւ արտահայտությունների դեմ պայքարի մասին» ԵՄ շրջանակային որոշմամբ սահմանվում է, որ անդամ պետությունները պետք է պատիժ նախատեսեն բռնության կամ ատելության դիտավորյալ եւ հրապարակային հրահրման, ինչպես նաեւ միջազգային որոշ հանցագործությունների հրապարակային թողտվության, ժխտման կամ այն սովորական երեւույթ դարձնելուն, ինչը կարող է հանգեցնել բռնության կամ ատելության։ Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք Նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ՝ ապահովելով հանցակազմի իրավական որոշակիությունն ու նախատեսել օրենսդրական նաեւ այլ պատասխանատվության միջոցներ եւս եւ քրեական պատասխանատվություն նախատեսել ատելության խոսքի բացառապես ծայրահեղ դրսեւորումների նկատմամբ։ Չի ընդունվել: Հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնությունը քարոզելու ձևով: Այլ խոսքով, հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքները հստակ թվարկված են «Հայաստանի հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող հոդվածի դիսպոզիցիայում, դրանք են՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության կոչ, հրապարակային արդարացում, քարոզ: Քննարկվող արարքներից յուրաքանչյուրը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ և կատարվել տարբեր եղանակներով, սակայն դրանք պարտադիր պետք է լինեն հրապարակային, այլ կերպ ասած` արարքներից յուրաքանչյուրում պարունակվող տեղեկատվությունը պետք է լսի և ընկալի անձանց լայն շրջանակ (խումբ): Արարքների կատարման բոլոր հնարավոր եղանակներն օրենսդրորեն սահմանել հնարավոր չէ, քանի որ պրակտիկայում դրսևորվող իրավիճակները միշտ ավելի բազմազան են, քան օրենքի դիսպոզիցիայում դրանք հնարավոր է նկարագրել Նորմի շարադրանքից պարզորոշ կերպով բխում է, որ սուբյեկտիվ կողմից արարքը դրսևորվում է դիտավորությամբ: Ինչ վերաբերում է արարքի կատարման նպատակին, ապա, հարկ է նշել, որ անկախ նպատակից արարքներից յուրաքանչյուրն ինքնին իրենից բարձր հանրային վտանգավորություն է ներկայացնում և ավարտված հանցագործություն է համարվում կատարման պահից՝ անկախ վրա հասնող հետևանքներից: Բացի այդ, ինչպես ընդգծված է Նախագծին կից երկայացված հիմնավորման մեջ, նպատակ ունենալով պահպանել անհրաժեշտ հավասարակշռությունը խոսքի ազատության և այլոց իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջև՝ պատասխանատվություն է նախատեսվել ատելության խոսքի բացառապես ծայրահեղ դրսևորումների, այն է՝ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, արդարացման, քարոզի համար: