Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ       

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

 --------- ---------------- 2019  թվականի  N     - Լ 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ՆԵՐԱՌՄԱՆ   2020  ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ   ԾՐԱԳԻՐԸ  ԵՎ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածի բ. կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
  2. հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
  3. Սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը 2020 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Ազգային ժողով:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հարջորդող օրվանից:

                              Հավելված N 1

            ՀՀ  կառավարության  2019  թվականի

                                                                                    սեպտեմբերի __-ի N ______ - Լ  որոշման  

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՆԵՐԱՌՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020թ. տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածին համապատասխան:
  3. Տարեկան ծրագիրը ընդգրկում է, հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով, 2020 թվականի ընթացքում պետական մարմինների կողմից իրականացման ենթակա միջոցառումները:
  4. Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները: 

 1. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ 

Ծրագրի նպատակն է`

  1. Հավասար և մատչելի պայմաններ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար:

Ծրագրի խնդիրներն են`

  1. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումն ապահովող օրենսդրական դաշտի բարելավումը,
  2. հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական կրթության, աշխատանքի ու զբաղվածության պետական երաշխիքների ապահովումը,
  3. հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովումը,
  4. հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների և կարիքների գնահատումն` ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման /այսուհետ` ԱՀԿ ՖՄԴ/ սկզբունքների և մոտեցումների,
  5. հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և մշակութային ծրագրերի մատչելիության ապահովումը,
  6. հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումը,
  7. հաշմանդամության հիմնախնդիրների լուծմանն ու համընհանուր դիզայնի սկզբունքների ներդրմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումը,
  8. հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց ապրելու վայրը ընտրելու, աջակցության ծառայություններից հավասարապես օգտվելու և անձնական օգնական ունենալու հնարավորությունների ապահովումը: 

III. ՆԵՐԿԱ  ԻՐԱՎԻՃԱԿԸ

Նախապատրաստական աշխատանքներ են իրականցվում ՄԱԿ-ի 2006թ.-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոննցիայի կամընտիր արձանագրության վավերացնելու ուղղությամբ:

  1. Մշակվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծը.
  2. Աշխատանքներ են տարվում անձի կարիքների բազմակողմանի գնահատման և գնահատման արդյունքներով համապատասխան ծառայությունների որոշարկման նոր մոդել ներդնելու ուղղությամբ: Մշակվել է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագիծը և «Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և ֆունցիոնալության գնահատման համակարգի ներդրման» ծրագրի նախագիծը:
  3. Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են աջակցող միջոցներ պետական հավաստագրերի միջոցով: Աջակցող միջոցների տրամադրման գործընթացում պետական հավաստագրերի ներդրումը նպաստում է աջակցող միջոցների տեսականու ընդլայնմանը, որակի բարձրացմանը և անձին տալիս է և' ծառայություն մատուցող կազմակերպությունը, և' տրամադրվող աջակցող միջոցն ընտրելու հնարավորություն:
  4. Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:
  5. Միաժամանակ, պետական աջակցություն է ցուցաբերվում հասարակական կազմակերպություններին` ցերեկային կենտրոններում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցելու նպատակով: 2019 թվականին ցերեկային կենտրոններում սոցիալ-վեականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպությունները ընտրվել են մրցութային կարգով: Կառավարությունը նախատեսում է ընդլայնել ցերեկային կենտրոններին տրամադրվող դրամաշնորհները` նպատակ ունենալով ընդլայնել հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ ծառայություններ մատուցող կենտրոնների աշխարհագրությունը, մեծացնել հնարավորությունները սպասարկելու ավելի մեծ թվով շահառուներ` իրենց համայնքներում:
  6. Մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման» և «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման» տեղեկատվական համակարգերի արդիականացման նոր տեխնիկական առաջադրանքները: Համապատասխան աշխատանքներ են իրականացվում ապահովելու տեղեկատվական համակարգերում հաշմանդամություն ունեցող անձանց վիճակագրական տվյալների և պետական հավաստագրերի միջոցով աջակցող միջոցների տրամադրման գործընթացի վերահսկելիությունը, ինչպես նաև ընդլայնելու տարբեր ձևաչափերով վերլուծություներ իրականացնելու  հնարավորությունը:
  7. 2019թ. հունիսի 30-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 189405 հաշմանդամություն ունեցող անձ, որից 104390 անձ /55,1%/ աշխատանքային տարիքի են:
  8. 2019թ հունվարի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 2478 հաշմանդամություն ունեցող անձ: 2018 թվականի ընթացքում աշխատանքի է տեղավորվել 234 հաշմանդամություն ունեցող անձ, որից38-ը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի արդյունքում: Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 126 հաշմանդամություն ունեցող անձ:
  9. Առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական ոլորտներում իրականացվում են բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման հասցեական ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի պայմանների ապահովմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիալական ու մասնագիտակական կարողությունների զարգացմանն ու կյանքի բոլոր բնագավառներում նրանց ներառմանն ու մասնակցությանը:
  10. Շարունակվում են աշխատանքները ներառական կրթության ընդլայնման ուղղությամբ. ներառական կրթություն իրականացնելու իրավունք վերապահված 201 հանրակրթական դպրոցներում 2018-2019 ուսումնական տարում սովորել է 6225 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:
  11. Երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: Գնահատման հիմքում դրված են ԱՀԿ ՖՄԴ սկզբունքները:
  12. 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց համար ապահովվել է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
  13. Հասարակության իրազեկության բարձրացման նպատակով` հաշմանդամության ոլորտում իրականացվող բարեփոխումների, խնդիրների կարգավորման արդի մոտեցումների պարբերաբար լուսաբանվել են հեռուստատեսությամբ` նախարարության մասնագետների և ոլորտում գործող շահագրգիռ հասարակական կազմակերպությունների կողմից:
  14. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ: 
  1. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ 
  1. 2020թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերացմանը:
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և նրանց կյանքի որակի բարձրացման նպատակով, բոլոր ոլորտներում իրականացվելու են նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:
  3. Շարունակվելու են աշխատանքները հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները կանոնակարգող օրենսդրությունը Կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ, մասնավորապես՝
  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունում և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների  ներդնում.
  • «Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի ընդունում, հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալության գնահատման և ծառայությունների տրամադրման նոր համակարգի ներդնում.
  • Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագրից բխող միջոցառումների իրականացում:
  1. Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքն ապահովելու նպատակով իրականացվելու են հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող) մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման աշխատանքներ: Մասնավորապես այլընտրանքային համայնքային ծառայությունների, այդ թվում` համայնքային փոքր տներ, տնային խնամքի ծառայությունների, անձնական օգնականի ծառայությունների ներդնելուն ուղղված աշխատանքներ:
  2. Ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունները, ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:
  3. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղված 2020 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 12 հիմնական ուղղություններով` համաձայն N 2 հավելվածի:

 

 

  • Քննարկվել է

    12.08.2019 - 28.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7380

Տպել

Առաջարկներ`

«ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

25.08.2019

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ողջունում է ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու նախաձեռնությունը և հույս հայտնում, որ նորընտիր ՀՀ Ազգային ժողովը կվավերացնի այն: «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը պատրաստ է նախարարության հետ համագործակցել այս արձանագրության վավերացման կարևորությունը ԱԺ պատգամավորներին ներկայացնելու և այն վավերացնելու համար անհրաժեշտ այլ գործողություններ կազմակերպելու ուղղությամբ Միաժամանակ, ուսումնասիրելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը՝ առաջարկում է, 1. Լիազոր մարմնի հետ քննարկել և միջոցառումների համապատասխան բաժնում ծրագրում ներառել «Երևանի մետրոպոլիտենի կայարանների հարմարեցում հաշմանդամություն ունեցող անձանց անձանց համար՝ ներառյալ անվտանգության և ուղին նշող տակտիլային սալահատակների, կողմնորոշիչ նշանների և վագոններում լուսատախտակներ տեղադրում և առնվազն երկու կայարանի հարմարեցում վերելակի տեղադրմամբ» միջոցառումը: 2. Լիազոր մարմնի հետ քննարկել և միջոցառումների համապատասխան բաժնում ծրագրում ներառել «Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջ` e-draft.am և Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ՝ arlis.am» կայքերի մատչելիության ապահովում միջոցառումը: 3. Լիազոր մարմնի հետ քննարկել և միջոցառումների համապատասխան բաժնում ծրագրում ներառել «Մատչելի Երևան» ծրագրի ներդրման և իրականացման համար ռազմավարության մշակում» միջոցառումը: 4. Լիազոր մարմնի հետ քննարկել և միջոցառումների համապատասխան բաժնում ծրագրում ներառել «Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում հարմարեցված մարզադպրոցի ապահովում» միջոցառումը: 5. Լիազոր մարմնի հետ քննարկել և միջոցառումների համապատասխան բաժնում ծրագրում ներառել «Համանդամություն ունեցող անձանց համար համապատասխան մարզական գույքի ձեռքբերում և հասարակական կազմակերպություններին ու մարզադպրոցներին տրամադրում» միջոցառումը 6. Լիազոր մարմնի հետ քննարկել և միջոցառումների համապատասխան բաժնում ծրագրում ներառել «Բարձրագույն ուսումնական հաստատություններում աջակցող խմբերի ստեղծում» միջոցառումը՝ ակնկալվող արդյունքը նշելով «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսման համար համապատասխան պայմանների ստեղծմանը աջակցություն»: 7. 3.11 միջոցառման անվանման վերջում ավելացնել «և վիճակագրական գործիքների բարելավում» բառերը՝ նպատակ ունենալով ստանալ հնարավորինս ընդգրկուն և ամբողջական վիճակագրական տվյալներ հաշմանդամություն ունեցող ուսանողների վերաբերյալ: 8. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծրագրեր բաժնում ներառված» ծառայությունների պատվիրակումն իրականացնել ոչ թե մրցութային կարգով, այլ հավաստագրերի տրամադրման միջոցով, ինչը ծառայությունները կդարձնի հասանելի և հասցեական՝ խթանելով համայնքային ծառայությունների ստեղծմանը: 9. Առողջապահության նախարարության կողմից ֆինանսավորվող վերականգնողական ծառայությունների պատվիրակումն իրականացնել հավաստագրերի միջոցով, ինչը ծառայությունները կդարձնի համայնքնային հասանելի և հասցեական: Հարկ է նշել նաև, որ 2.3 և 3.4 կետերում արդյունքները հաշվելի չեն, հասկանալի չէ քանի տրանսպորտային միջոց, քանի դպրոցի և մատչելիության ինչ աշխատանքների մասին է խոսքը: Անհրաժեշտ է հնարավորության դեպքում հստակեցնել:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

13.08.2019

ԿԱՐԾԻՔ ՀՀ ԱՍՀՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ https://www.e-draft.am/projects/1855/about «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ողջունում է ՀՀ ԱՍՀՆ կողմից ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), ինչը համարում է ժամանակին եւ հրատապ։ Վերոհիշյալի հետ մեկտեղ մենք ունենք հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները Նախագծի վերաբերյալ․ 1. Նախագծի հավելված 1-ի «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ» (այսուհետ՝ Ծրագիր) ներածությունում նշված են այն իրավական այն հիմքերը, որոնց հիման վրա մշակվել է Նախագիծը։ Հարց է առաջանում արդյոք Նախագծի մշակման ժամանակ ընդգրկվել են ՔՀԿ-ները եւ արդյոք հաշվի են առնվել նրանց առաջարկությունները։ 2. Ծրագրի 1-ին բաժինը վերնագրված է «ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ», մինչդեռ Նախագծում ներկայացված է մեկ նպատակ եւ հաջորդականությունը ներկայացված սկզբում՝ նպատակաը եւ ապա՝ խնդիրները։ Հետեւաբար կարծում ենք, որ Նախագծի 1-ին բաժինը պետք է վերնագրվի «ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ»։ 3. Համարում ենք, որ հիմնականում Ծրագրում ճիշտ են սահմանված որոշման նպատակը եւ խնդիրները։ 4. Ծրագրի 32-րդ կետում նշված է, որ․ «Ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունները, ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:»։ Դրական գնահատելով նախաձեռնությունը, կարծում ենք, որ ի թիվս վերոհիշյալի՝ պետք է նախատեսել նաեւ քաղաքացիական մասնագիտացված հասրակական կազմակերպությունների ներգրավումը Ծրագրի եւ դրա կատարման միջոցառումների մշտադիտարկմանը (մոնիթորինգին) եւ վերահսկողությանը։ 5. Նախագծի հավելված 2-ում ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկում» (այսուհետ՝ Միջոցառումների ցանկ) հիմնականում արտացոլված են Ծրագրից բխող միջոցառումներ։ Այդուհանդերձ առաջարկում ենք, որպեսզի Միջոցառումների ցանկի․  1․3․ ենթակետով նախատեսված «Ֆունկցոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը ներգրավվել նաեւ ՀՀ առողջապահության նախարարությանը եւ մասնագիտացված ՔՀԿ-ների ներկայացուցիչներին,  2-րդ կետում ավելացվեն միջոցառումներ՝ ուղղված հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների շինարարության շինարարակն նորմատիվների այնպիսի փոփոխությանը, որոնք առավել հարմարավետ կդարձնեն դրանք հաշմանդամություն ունեցող անձանց համար,  «Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և զբաղվածության իրավունքի ապահովում» 4-րդ կետում ավելացվեն միջոցառումներ, ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ներգրավումը խթանելու նպատակով՝ ՀՀ օրենսդրությունում (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, ՀՀ հարկային օրենսգիրք եւ դրանց համապատասխան այլ իրավական նորմատիվ ակտեր) համապատասխան փոփուխություններ եւ լրացումներ կատարելուն՝ գործատուներին համապատասխան արտոնություններ տալու եւ մոտիվացիայի այլ ազդակներ տալու իմաստով,  «Հաշմանդամություն ունեցող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովում» 6-րդ կետում լրացնել միջոցառում՝ ուղղված պալեատիվ բժշկության շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց մշտական սոցիալական ու առողջապահական խնամքի տրամադրմանը,  «Սոցիալական գործընկերություն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների միջև» 6-րդ կետում լրացնել միջոցառում՝ ուղղված սույն, ինչպես նաեւ բյուջետային այլ ծրագրի կատարման մշըտադիտարկումն (մոնիթորինգ) ու վերահսկողությունը ՔՀԿ-ներին վերապահելու մասին նպատակային ծրագիր։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Տեսնել ավելին