Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ

 ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ

 ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2003 թվականի ապրիլի 18-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 103.1-ին հոդվածի 1-ին մասում «267.1-ին» բառից հետո լրացնել «, 267.2-րդ» բառը:

Հոդված 2. Օրենսգրքի 215.1-ին հոդվածի 7-րդ մասում «267.1-ին» բառից հետո լրացնել «, 267.2-րդ» բառը:

Հոդված 3.  Օրենսգրքի 267.1 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 267.1 Թմրամիջոցների մաքսանենգությունը

  1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների մաքսանենգությունը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

  1. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) թմրամիջոցների զգալի չափերով.

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

  1. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) թմրամիջոցների խոշոր չափերով.

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

  1. Սույն հոդվածի առաջին, երկրորդ կամ երրորդ մասերով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերով.

2) կազմակերպված խմբի կողմից.

3) մաքսային կամ սահմանային հսկողություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:»:

Հոդված 4. Օրենսգիրքը  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 267.2 հոդվածով.

«Հոդված 267.2.     Հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների մաքսանենգությունը

  1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի չափերով և (կամ) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր չափերով մաքսանենգությունը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

  1. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի խոշոր չափերով և (կամ) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների առանձնապես խոշոր չափերով.

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

  1. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առանձնապես խոշոր չափերով.

2) կազմակերպված խմբի կողմից.

3) մաքսային կամ սահմանային հսկողություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    18.06.2019 - 04.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8654

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

19.06.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 267.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված սանկցիաները՝ գույքի բռնագրավման մասով չեն բխում ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի պահաջներից, որի համաձայն գույքի բռնագրավումը կարող է նշանակվել միայն շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար: Իսկ նախագծի 267.2-րդ 1-ին և 2-րդ մասերի հոդվածներով նախատեսված հանցագործությունները ՀՀ քրեական օրեսնսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն չեն հանդիսանում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ:

Դավիթ Թումասյան

19.06.2019

Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր 267.2-րդ հոդվածով, որի երեք մասերի սանկցիաներում որպես լրացուցիչ պատիժ նախատեսված է գույքի բռնագրավումը: Նման կարգավորումը հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումանը, որի համաձայն՝ գույքի բռնագրավումը կարող է նշանակվել շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում: Այսինքն, այս պատժատեսակը նշանակելու համար միաժամանակ պետք է լինի 3 պայման՝ ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված լինելը, շահադիտական հանցագործություն լինելը և ծանր և առանձնապես ծանր հանցագործություն լինելը: Առաջարկվող 267.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սանկցիաները փաստում են, որ թե՛ 1-ին, թե՛ 2-րդ մասերում նախատեսված արարքները միջին ծանրության հանցագործություններ են (համապատասխանաբար նախատեսում են ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով և մեկից չորս տարի ժամկետով): Հետևաբար առաջարկվում է 267.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «՝ գույքի բռնագրավմամբ» բառերը:

Տեսնել ավելին