Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ             ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով և դրանց զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի համար, որպես արարքը ծանրացնող հանգամանքներ նախատեսված են միևնույն պատժատեսակներն ու պատժաչափերը:  Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տեսակներն ու չափերը սահմանվում են ՀՀ կառավարության 2018թ.-ի հունիսի 27-ի N 707-Ն որոշմամբ: Ընդ որում, նշված որոշմամբ միմյանցից առանձին սանդղակներով են նախատեսված թմրամիջոցների,  հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների չափերը:

Մասնավորապես նախատեսված են թմրամիջոցների 943 տեսակ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի 98 տեսակ և սահմանված են դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերն ըստ առանձին տեսակների, իսկ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների 21 տեսակ է նախատեսված և սահմանված են դրանց միայն խոշոր և առանձնապես խոշոր չափերը, որոնց առկայության դեպքում միայն քրեաիրավական իմաստով կարող են համարվել պրեկուրսորներ:

Մաքսանենգության թվարկված առարկաների համար միասնական պատժողական համակարգ սահմանելն արդարացված և հիմնավորված չէ կրիմինալոգիական, մարդասիրական (հումանիստական) և սոցիալական տեսանկյուններից:

Մասնավորապես` կրիմինալոգիական տեսանկյունից թմրամիջոցներն հիմնականում անօրինական շրջանառության մեջ են գտնվում թմրաբիզնեսի հանցավոր գործունեության արդյունքում` թմրամոլությամբ տառապող անձանց կողմից դրանց վերջնական սպառման նպատակով, որի դիմաց մեծ մասամբ կատարվում են վճարումներ, որն ընդհանուր օրինական տնտեսության մեջ շրջանառվող գումարները տեղափոխում է ստվերային շրջանառություն, այնուհետև տեղի է ունենում «կեղտոտ» փողերի լվացում: Այդպիսով, անխուսափելիորեն վնաս է պատճառվում ինչպես տնտեսությանը, այնպես էլ` բնակչության առողջությանը:

Հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը գործնականում հանդիպում են միայն պատրաստի դեղորայքի մեջ որոշակի չափաքանակների տեսքով, ընդ որում՝ նշված դեղերը, անկախ նրանից ՀՀ-ում գրանցված են, թե՝ ոչ, ունենում են գործարանային ծագում, փաթեթավորում և պիտակավորում, որոնք շատ դեպքերում համաշխարհային ճանաչում ունեցող դեղագործական ընկերությունների արտադրանք են հանդիսանում:

ՀՀ-ում հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մաքսանենգությունների դեպքերի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ նման պարունակությամբ դեղորայքները մաքսանենգ ճանապարհով տեղափոխվում են հիմնականում տարբեր հիվանդություններ կամ առողջական խնդիրներ ունեցող անձանց համար որպես օգնություն: Շատ դեպքերում նման դեղորայքներ ուղարկվում են հիվանդ անձանց ազգականների կամ մերձավոր ազգականների կողմից, ովքեր տվյալ դեղորայքն իրենց գտնվելու երկրներում ձեռք են բերում օրինական կարգով: Բացի այդ, առանձին դեպքերում հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կոնկրետ չափերը ՀՀ կառավարության նշված որոշմամբ գերազանցում են թմրամիջոցների համար սահմանված համապատասխան չափաքանակներին, արդյունքում թմրամիջոցի մաքսանենգությունը, գործող հոդվածի ավելի մեղմ պատիժ նախատեսող մասով է պատժվում, իսկ հոգեմետ նյութ պարունակող դեղի մաքսանենգությունը` ավելի խիստ:

Ընդ որում, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մաքսանենգությունների համար քրեական պատասխանատվություն նախագծով առաջարկվում է` սկսած զգալի չափերից, քանի որ մանր և մանր չափից ցածր քանակությունները չունեն քերաիրավական հանրային վտանգավորություն, ի տարբերություն` թմրամիջոցների:

Գործնականում տեղի ունեցող մաքսանենգությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերով ակնհայտ է, որ թմրամիջոցների մաքսանենգությունն առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարք է, քան թե՝ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մաքսանենգությունը: Դրա մասին է վկայում մաքսանենգություն կատարող անձանց անձը բնութագրող հատկանիշները, արարքը կատարելու շարժառիթները, մաքսանենգության առարկաների տեղափոխման (արարքի կատարման) եղանակները և մյուս հանգամանքները:

Չնայած, թմրամիջոցների որոշ տեսակներ նույնպես կարող են դեղերի բաղադրության մեջ առկա լինել, սակայն թմրամիջոցների մաքսանենգության պատժելիության համակարգը չի կարող բաղդատվել պայմանավորված այն հանգամանքով, թե դրանք հայտնաբերվել են դեղերի բաղադրության մեջ, թե որպես առանձին զանգված:

Գործնականում հնարավոր են դեպքեր, երբ դեղերում առկա թմրամիջոցների քանակությունները քիմիական սինթեզման ճանապարհով կարող են առանձնացվել և օգտագործվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կամ թմրամոլությամբ տառապող անձանց կողմից:

     Ինչ վերաբերվում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներին, ապա դրանց համար ՀՀ կառավարության նշված որոշմամբ զգալի չափեր չեն նախատեսվում և գործող օրենսդրությամբ միայն խոշոր և առանձնապես խոշոր չափերի մաքսանենգության համար կարող է քրեական պատասխանատվություն առաջանալ, ինչը նաև գործող կարգավորմամբ է:

Սակայն դրանց խոշոր և առանձնապես խոշոր չափերի մաքսանենգությունները կրկին իրենց հանրային վտանգավորության աստիճանով համարժեք չեն կարող լինել խոշոր և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգությունների հետ:

Բացի այդ, պրեկուրսորները կարող են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի միայն բաղադրատարր հանդիսանալ, բայց ինքնին կարող են ունենալ նաև կենցաղային նշանակություն, անկախ չափերից, օրինակ` ացետոնը, ծծմբական թթուն և այլն: Ուստի, պրեկուրսորների մաքսանենգության պատժելիությունն՝ ըստ չափերի և հանրային վտանգավորության, կարող է համարժեք լինել հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մաքսանենգության դեպքերի հետ, այլ՝ ոչ թե թմրամիջոցների:

Վերը նշված հիմնավորումներով՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) նախատեսել նոր 267.2 հոդված` հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների մաքսանենգության դեպքերի համար` թմրամիջոցների մաքսանենգության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածից առանձին, համեմատական առավել մեղմ պատժաչափերով:

Օրենսգրքի գործող 267.1 հոդվածի սանկցիաներն (պատժելիությունը) թողնել առանց փոփոխության` միայն թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի համար, հետևաբար նշված հոդվածի վերնագրից և բոլոր մասերի դիսպոզիցիաներից առաջարկվում է հանել «հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ» բառակապակցությունները:

Նոր հոդվածի համարը` «267.2», լրացնել Օրենսգրքի բռնագանձումը նախատեսող` 103.1 հոդվածում ինչպես նաև մաքսանենգությունների բոլոր տեսակների հասկացությունը սահմանող օրենսգրքի 215.1 հոդվածի 7-րդ մասում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ-ի կողմից:

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

          Նպատակը՝ մաքսանենգության թվարկված առարկաների համար առանձնացված պատժողական համակարգ նախատեսելն է:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    18.06.2019 - 04.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8655

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

19.06.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 267.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված սանկցիաները՝ գույքի բռնագրավման մասով չեն բխում ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի պահաջներից, որի համաձայն գույքի բռնագրավումը կարող է նշանակվել միայն շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար: Իսկ նախագծի 267.2-րդ 1-ին և 2-րդ մասերի հոդվածներով նախատեսված հանցագործությունները ՀՀ քրեական օրեսնսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն չեն հանդիսանում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ:

Դավիթ Թումասյան

19.06.2019

Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր 267.2-րդ հոդվածով, որի երեք մասերի սանկցիաներում որպես լրացուցիչ պատիժ նախատեսված է գույքի բռնագրավումը: Նման կարգավորումը հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումանը, որի համաձայն՝ գույքի բռնագրավումը կարող է նշանակվել շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում: Այսինքն, այս պատժատեսակը նշանակելու համար միաժամանակ պետք է լինի 3 պայման՝ ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված լինելը, շահադիտական հանցագործություն լինելը և ծանր և առանձնապես ծանր հանցագործություն լինելը: Առաջարկվող 267.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սանկցիաները փաստում են, որ թե՛ 1-ին, թե՛ 2-րդ մասերում նախատեսված արարքները միջին ծանրության հանցագործություններ են (համապատասխանաբար նախատեսում են ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով և մեկից չորս տարի ժամկետով): Հետևաբար առաջարկվում է 267.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «՝ գույքի բռնագրավմամբ» բառերը:

Տեսնել ավելին