Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է գործատուների վարչական բեռը թեթևացնելու, գործատուի և վարձու աշխատողի միջև հարաբերությունների ազատականացման, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանների շուրջ պայմանավորվելու հնարավորության ստեղծման նպատակով։

  1. 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

           Օրենսգիրքն ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին և ուժի մեջ մտել 2005 թվականի հունիսի 21-ից: Օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո ենթարկվել է մի շարք փոփոխությունների` սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացման պահանջներին համաչափ:  

          Այնուամենայնիվ, Օրենսգրքի նշված փոփոխություններից հետո ևս, իրավակիրառական պրակտիկան ցույց է տալիս, որ առկա է Օրենսգրքի դրույթների շարունակական բարելավման ու կատարելագործման անհրաժեշտություն՝ նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման առավել ճկուն մեխանիզմներ նախատեսելու տեսանկյունից:

          Մյուս կողմից, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում կարևորվում է նաև փոքր բիզնեսով զբաղվող գործատուների համար աշխատանքային հարաբերությունների կարգավորման որոշակի խթանների և առանձնահատկությունների սահմանումը։

          Նախագծի մշակման շրջանակներում, հաշվի առնելով վերոգրյալը և գնահատելով առկա իրավիճակը՝ առանձնացվել են իրավակիրառական պրակտիկայից բխող, ինչպես նաև առավել ճկուն լուծումներ պահանջող հետևյալ խնդիրները, որոնց անհրաժեշտ է տալ օրենսդրական կարգավորումներ, մասնավորապես՝

  • փոքր բիզնեսով զբաղվող գործատուների համար առավել ճկուն կարգավորման, առանձնահատուկ մոտեցումների բացակայությունը,
  • գործատուի և աշխատողի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի կազմակերպման հնարավորության բացակայությունը,
  • արտաժամյա, գիշերային, ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների համար հավելումների կոշտ կարգավորումների առկայություն՝ սահմանված նվազագույն չհիմնավորված չափեր (գիշերային աշխատանքի համար՝ 30 տոկոս, արտաժամ՝ 50 տոկոս, ծանր, վնասակար՝ 30 տոկոս, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար՝ 50 տոկոս),
  • ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդների տրամադրման կոշտ կարգավորումների առկայություն (ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված են արձակուրդի այս տեսակների իրավունքն ունեցող աշխատողների ցանկերը և տևողությունները),
  • Օրենսգրքի պահանջով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված են ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների ցանկերը, որի արդյունքում միևնույն աշխատանքի՝ իրարից էապես տարբերվող պայմաններ ապահոված գործատուների համար սահմանված են նույն պարտավորությունները՝ հավելումների վճարում, լրացուցիչ արձակուրդի տրամադրում և չի խրախուսվում գործատուի ներդրումները աշխատանքի պայմանների բարելավման ուղղությամբ։

          3 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

          ՀՀ կառավարությունը որդեգրել է պետական կարգավորումների արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման և պարզեցման քաղաքականություն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

          Նախագծով առաջարկվում են աշխատանքային հարաբերությունների կարգավորման առավել արդյունավետ և ճկուն մեխանիզմներ աշխատանքային հարաբերությունների կողմերի համար՝ հիմնված երկուստեք փոխհամաձայնության և փոխշահավետ լուծումների վրա։ Նախատեսվում են աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն հիմքեր հատկապես փոքր բիզնեսով զբաղվող գործատուների համար, մասնավորապես՝ Նախագծով

  • փոքր բիզնեսի համար վարչական բեռի թեթևացման նպատակով սահմանվել է, որ այն գործատուները, որոնք հանդիսանում են գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողներ, կարող են չընդունել ներքին իրավական ակտեր, բացառությամբ աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտերից,
  • ամրագրվել է, որ ներքին իրավական ակտեր չընդունելու դեպքում գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուն ներքին իրավական ակտերով կարգավորման ենթակա պայմանները ներառում է աշխատանքային պայմանագրում, որի օրինակելի ձևը սահմանում է աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարը,
  • սահմանվել է, որ գործատուի մոտ աշխատողի համար հասանելի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի առկայության դեպքում, գործատուի կողմից ներքին և անհատական իրավական ակտերին աշխատողի պատշաճ կարգով իրազեկում է համարվում նաև այդ համակարգով իրազեկումը,
  • սահմանվել են գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները,
  • նախատեսվել է արտաժամյա աշխատանքի կազմակերպման ճկուն և կողմերի համար փոխշահավետ հնարավորություն ապահովել և վերացնել ավելորդ սահմանափակումները: Մասնավորապես, նախատեսվում է կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանք կիրառելու հնարավորությունը,
  • ամրագրվել է, որ հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական կամ հիշատակի օրերին կատարած աշխատանքի համար աշխատողին վճարովի այլ հանգստյան օր տրամադրելու դեպքում, դրա տևողությունը պետք է ավելի երկար լինի, քան նրա կողմից կատարված աշխատանքի տևողությունը, սակայն ոչ ավել, քան դրա կրկնակին, աշխատողին տրամադրվող հանգստի տևողությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ,
  • կատարվել է խմբագրական փոփոխություն, մասնավորապես՝ «(անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու)» բառերը փոխարինվել են «(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանվելու»)
  • ուժը կորցրած են ճանաչվում ներկայումս ամրագրված դրույթը առ այն, որ գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը
  • նախատեսվել է, որ լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը սահմանվում են կողմերի համաձայնությամբ և ամրագրվում աշխատանքային և (կամ) կոլեկտիվ պայմանագրերում
  • ամրագրվել է, որ գործատուի համաձայնությամբ օտարերկրյա ուսումնական հաստատություններում իր մասնագիտական որակավորումը բարձրացնելու կամ անմիջապես աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր հմտություններ ձեռք բերելու կամ զարգացնելու համար աշխատողին կարող է տրվել ուսումնական արձակուրդ ուսման ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան 2 տարի:».
  • ուժը կորցրած են ճանաչվում ներկայումս ամրագրված դրույթները առ այն, որ երկարացված` 25 աշխատանքային օր տևողությամբ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, (բացառիկ դեպքերում` 35 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 42 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) ամենամյա արձակուրդ տրամադրվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ: Նշվածի փոխարեն ամրագրվում է այն անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն ստանալ ամենամյա լրացուցիչ արձակուրդ, ինչպես նաև նախատեսվում է, որ ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդների տևողությունները պետք է սահմանվեն կողմերի համաձայնությամբ և ամրագրվեն աշխատանքային և (կամ) կոլեկտիվ պայմանագրերում: Միաժամանակ նախատեսվում է, որ պետական հատվածում այդ հավելումների չափերը պետք է սահմանվեն ՀՀ կառավարության կողմից (փոփոխություններն առաջարկվել են Օրենսգրքի 183-րդ և 184-րդ հոդվածներում):

                Նախագծով նախատեսվող հստակ կարգավորումների փոխարինումը կողմերի միջև ձեռք բերվող համաձայնություններով  կհանգեցնեն սոցիալական երկխոսության և պատասխանատվության խթանման, վարչական բեռի թեթևացման, գործատուի սխալվելու ռիսկի նվազեցման, «աշխատավարձ-արտադրողականություն» արդյունավետ հարաբերակցության խթանման, ստվերային աշխատանքի և վարձատրության կրճատմանը։ Ազատ տնտեսական հարաբերությունները կհանգեցնեն տնտեսության մրցունակության աճին և արտադրանքի ինքնարժեքի նվազեցման՝ հաշվի առնելով էներգակիրների ցածր արժեքը գիշերային ժամերին։

                Միաժամանակ, ինչ վերաբերում է միջազգային փորձին, ապա օրինակ Մեծ Բրիտանիայի օրենսդրությամբ սահմանված է, որ արտաժամյա աշխատանքի կազմակերպման և իրականացման պայմանները որոշում են կողմերը՝ սահմանելով դրանք աշխատանքային պայմանագրով: Ավելին Մեծ Բրիտանիայի կարգավորումների համաձայն՝ նորմալ աշխատաժամանակն այն է, որը որոշում են կողմերը իրենց համաձայնությամբ: Սահմանված է նաև, որ ամեն դեպքում, շաբաթական առավելագույն աշխատաժամանակը չպետք է գերազանցի 48 ժամը  (www.gov.uk):

Շվեյցարիայում սահմանված  շաբաթական առավելագույն աշխատաժամանակը  45-50 ժամ է՝ կախված ոլորտից, ընդ որում՝ ՀՀ-ում  շաբաթական աշխատաժամանակը, ներառյալ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել 48 ժամը: Համեմատության մեջ ստացվում է, որ Հայաստանում սահմանված առավելագույն շաբաթական  աշխատաժամանակը, ներառյալ արտաժամը, գրեթե միջինում չի գերազանցում Շվեյցարիայում սահմանված նորմալ աշխատաժամանակը առանց արտաժամի:

Իտալիայի Սահմանադրության 36-րդ հոդվածը սահմանում է, որ առավելագույն աշխատաժամանակը պետք է կարգավորվի օրենքով: Այն 1997թ. թիվ 196 օրենքով սահմանված է 40   ժամ: Արտաժամյա աշխատանք է համարվում շաբաթական 40 ժամից ավել կատարվող ցանկացած աշխատանք, որի առավելագույն սահմանը համաձայնեցվում է կոլեկտիվ պայմանագրով:

Մալթայի աշխատանքային օրենսդրությամբ սահմանված է, որ արտաժամյա աշխատանքը կարող է կատարվել կողմերի համաձայնությամբ՝ աշխատողի համար հանգստի նվազագույն տևողությունների պահպանմամբ:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների պարզեցում, աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարման նոր ճկուն հիմքերի ապահովում՝ հատկապես գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար, ինչպես նաև տնտեսավարողների մրցունակության բարձրացում, քաղաքացիների և բիզնեսի համար կողմերի համագործակցությամբ սոցիալական և տնտեսական խնդիրների շուրջ արդյունավետ և փոխշահավետ որոշումների կայացման ապահովում:

  • Քննարկվել է

    13.06.2019 - 04.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Աշխատանք և զբաղվածություն, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14662

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

04.07.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը խիստ խնդրահարույց է աշխատողի իրավունքների պաշտպանության նվազագույն երաշխիքների ապահովման տեսանկյունից: Այսպես, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Գործատուի մոտ աշխատողի համար հասանելի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի առկայության դեպքում, գործատուի կողմից ներքին և անհատական իրավական ակտերին աշխատողի պատշաճ կարգով իրազեկում համարել նաև այդ համակարգով իրազեկումը: Միևնույն ժամանակ չի սահմանվում աշխատողի կողմից ծանուցումը ստանալու մասին էլեկտրոնային հավաստման պահանջ, հետևաբար, նախագծով ըստ էության սահմանվում է աշխատողի ծանուցված լինելու կանխավարկածը` անկախ աշխատողի կողմից իրականում ծանուցված լինելու հանգամանքից: Գտնում ենք, որ նման իրավակարգավորումը չի երաշխավորում աշխատողի իրավունքների լիարժեք իրականացման հնարավորությունը և վերջինիս իրավունքների խախտման դեպքում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է գործատուի պահանջով թույլատրելի համարել Աշխատանքային օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված բոլոր դեպքերում արտաժամյա աշխատանքի կատարումը: Մինչդեռ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը թույլատրելի է համարում գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքի կատարումը նաև այն դեպքում, երբ առկա է գործատուի պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտություն: Մեջբերված դրույթի ձևակերպումը հնարավորություն է տալիս գործատուին իր հայեցողությամբ գնահատելու համապատասխան աշխատանքի կատարման անհրաժեշտությունը և ըստ էության առանց որևէ սահմանափակման պահանջելու աշխատողից արտաժամյա աշխատանքի կատարում` պայմանավորելով այն «իր պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտությամբ»: Ելնելով վերոգրյալ դրույթի ձևակերպման անորոշությունից` գտնում ենք, որ 145-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքում արտաժամյա աշխատանքը կարող է կատարվել միայն կողմերի համաձայնությամբ: Հետևաբար, առաջարկվում է Օրենսգրքի 144-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Արտաժամյա աշխատանք կարող է կատարվել կողմերի համաձայնությամբ կամ սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված դեպքերում՝ գործատուի պահանջով: Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Աշխատանքային օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ի մասը, որով սահմանվում է արտաժամյա աշխատանքի կատարման առավելագույն ժամաքանակը իրար հաջորդող երկու օրվա, ինչպես նաև տարվա ընթացքում: Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունը չի բխում աշխատողի իրավունքների պաշտպանության համար նվազագույն երաշխիքների ապահովման պետության գործառույթից և հղի է գործնականում աշխատողներին արտաժամյա աշխատանքում ներգրավելու չարաշահման, վերջիններիս իրավունքների ոտնահարման վտանգներով: Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվում է ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդների տևողությունների սահմանումը թողնել կողմերի հայեցողությանը` ի հակադրություն գործող իրավակարգավորման, որով ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդների նվազագույն տևողությունները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ: Արդյունքում, պետությունն ըստ էության հրաժարվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը գերազանցող պայմաններում աշխատողների, չնորմավորված աշխատանքային օրով աշխատողների համար հանգստի իրավունքը երաշխավորող նվազագույն պահանջները սահմանելու գործառույթից: Հաշվի առնելով ՀՀ-ում արձանագրվող գործազրկության ցուցանիշները, ակնհայտ է, որ վերոգրյալ կատեգորիաների աշխատողների համար երկարացված և լրացուցիչ արձակուրդների նվազագույն տևողությունները սահմանելու իրավունքը կողմերի հայեցողությանը թողնելը փաստացի հանգեցնելու է գործատուի հայեցողությամբ դրանք սահմանելու անսահմանափակ իրավունքին: Նախագծի 11-րդ և 12-րդ հոդվածներով առաջարկվում է կողմերի համաձայնությամբ սահմանել հավելման չափերը, որոնք ենթակա են վճարման աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը գերազանցող պայմաններում աշխատող աշխատողներին, ինչպես նաև արտաժամյա և գիշերային աշխատանք կատարող աշխատողներին: Մինչդեռ, գործող Աշխատանքային օրենսգրքով սահմանվում է ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ, ինչպես նաև արտաժամյա և գիշերային աշխատանք կատարելու համար վճարման ենթակա հավելման նվազագույն չափեր` բացառելով հավելման չափի որոշման բնագավառում գործատուի բացարձակ հայեցողությունը: Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող լուծումները գործնականում հանգեցնելու են աշխատողների աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի (ներառյալ` անվտանգության ապահովման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանները, հանգստի իրավունքը), աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքների կոպիտ ոտնահարմանը:

Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական արհմիություն

04.07.2019

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2018թ. մարտի 23-ին քննարկվել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների միության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախագիծը արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից ենթարկվել է հիմնավորված քննադատության և Հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ չի ընդունվել: /Եռակողմ հանձնաժողովի նիստին մասնակցել է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչը:/ Այնուհետև՝ 2018թ. հունիսին, նույն նախագիծը քննարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ դարձյալ արժանանալով բացասական գնահատականի, քանի որ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսդրության մի շարք պահաջների: Ակնհայտ է, որ նախագիծը վատթարացնում է աշխատողի վիճակը և աջակցում է գործատուին, ավելի ուժեղացնելով նրան՝ որպես աշխատանքային հարաբերությունների կողմի: Մինչդեռ պետությունը, առանց խտրականության, պարտավոր է պահպանել կողմերի իրավահավասարության սկզբունքը և հնարավորինս աջակցել աշխատողին՝ որպես աշխատանքային հարաբերությունների թույլ կողմի: Օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված են արտաժամյա աշխատանքը թույլատրելու բացառիկ դեպքերը: Մեր գնահատմամբ այս հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերից բացի՝ մնացած 2-6 ենթակետերի դեպքերում գործատուն արտաժամյա աշխատանքի ներգրավելու համար պարտավոր է ստանալ աշխատողի գրավոր համաձայնությունը, մինչդեռ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արտաժամյա աշխատանքի ներգրավելու անհրաժեշտության դեպքում գործատուն այդ մասին ողջամիտ ժամկետներում տեղեկացնում է աշխատողին»: Իսկ եթե աշխատողը չի կատարում գործատուի պահանջը, կարող է ենթարկվել կարգապահական տույժի: Մեր կարծիքով՝ դա հարկադիր աշխատանքի կիրառում է և հակասում է Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1 մասի 2-րդ ենթակետին և ԱՄԿ-ի թ.29 կոնվենցիայի 2-րդ հոդվածին, համաձայն որի՝ «հարկադիր կամ պարտադիր աշխատանք եզրույթը նշանակում է որևէ պատժի սպառնալիքի տակ որևէ անձից պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:» Տվյալ պահանջից ելնելով՝ պետք է փոփոխություն կատարել 145-րդ հոդվածի 2-րդ մասում և խմբագրել այլ կերպ, oրինակ՝ «Սույն հոդվածի 1-ին մասի 2-6 ենթակետերի դեպքերում աշխատողին արտաժամյա աշխատանքի ներգրավելու համար անհրաժեշտ է աշխատողի գրավոր համաձայնությունը»: Օրենսգրքի 183-րդ, 184-րդ հոդվածների՝ նախագծով առաջարկված փոփոխությունները, փաստորեն, աշխատողին թողնում են առանց պետական նվազագույն երաշխիքի: Ակնհայտ է, որ աշխատողը չի կարողանալու գործատուի հետ վարել արդյունավետ բանակցություններ՝ արժանավայել հավելավճարի համար: Եվ, քանի որ հանրապետության ձեռնարկություններում /որոշ բացառություններով/ չի անցկացվել ըստ աշխատանքի պայմանների աշխատատեղերի պարտադիր ատեստավորում, աշխատողը նաև տեղեկացված չէ իր աշխատատեղում առկա վտանգների և իր առողջության համար վնասակար պայմանների ազդեցության հետևանքների մասին: Պետությունը պարտավոր է առանց խտրականության բոլոր աշխատողների /ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների աշխատողների/ համար սահմանել նվազագույն հավելավճարի շեմը, որից հետո աշխատողը, ելնելով իր որակավորումից և պահանջվածությունից, կարող է պահանջել ավելին: Ավելացնենք նաև, որ 2013թ.-ից դադարեցված է Աշխատանքի պետական տեսչության գործունեությունը և փաստացի չի իրականացվում պետական հսկողություն աշխատանքային օրենսդրության կիրառման նկատմամբ: Չի իրականացվում նաև հասարակական հսկողություն ձեռնարկությունների զգալի մասում արհեստակցական կազմակերպությունների բացակայության հետևանքով: Ուստի նման փոփոխությունների ընդունումը համարում ենք ժամանակավրեպ:

Աննա Բարիկյան

04.07.2019

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի այս նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռևս 2017 թվականին, որի վերաբերյալ շահագրգիռ կողմերի, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և այդ թվում Աշխատանքի միջազգային կազմակերպության գրասենյակի կողմից բազմաթիվ բացասական եզրակացություններ են հնչեցվել, որի արդյունքում 2018թ.-ին՝ հեղափոխությունից հետո, այդ նախագիծը մերժվեց և շրջանառությունից դուրս եկավ: Այժմ նորից անդրադառնալ նույն նախագծի որոշ հոդվածների գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա: Նախագծում մասնավորապես առաջարկված են հարցեր, որոնք աշխատողների միայն տնտեսական և սոցիալական վիճակը վաթարացնող միտում ունեն: Մասնավորապես նախագծով սահմանվում է, որ արտաժամյա աշխատանքը կարող է կատարվել կողմերի համաձայնությամբ կամ Աշխատանքային օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ գործատուի պահանջով: Արտաժամյա աշխատանքի տարեկան տևողությունը սահմանված է Աշխատանքային օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել: Նախ նշենք, որ օրենսգրքի 146-րդ հոդվածը ունի ընդհամենը մեկ մաս, եթե ուժը կորցրած է ճանաչվում, ապա հոդվածը ամբողջովին պետք է ուժը կորցրած ճանաչել: Ուժը կորցրած ճանաչելու դեպքում էլ վերանում է տարվա ընթացքում օրենքով նախատեսված գործատուի կողմից աշխատողի արտաժամյա աշխատանքին ներգրավելու աշխատաժամանակի տևողությունը, որի արդյունքում գործատուի համար հնարավորություն է ստեղծվում աշխատողին արտաժամյա աշխատանքի ներգրավելու անսահմանափակ տևողությամբ: Նախագծի 8-րդ հոդվածով սահմանվում է, որ ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդները միավորել Օրենսգրքի 160-րդ հոդվածում, իսկ 161-րդ հոդվածն էլ ուժը կորցրած ճանաչել: Այստեղ նախագծի հեղինակները հաշվի չեն առել, որ ամենամյա երկարացված արձակուրդը տրվում է հատուկ պայմաններում աշխատողներին, իսկ ամենամյա լրացուցիչ արձակուրդը՝ հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին: Այդ արձակուրդների իրավունք ունեցող աշխատողների ցանկերը մի դեպքում սահմանում է կառավարությունը (պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների աշխատողների համար), մյուս դեպքում՝ կողմերի համաձայնությամբ (մասնավոր հատվածում աշխատողների համար): Միաժամանակ նախագծով նախատեսվում է, որ պետական հատվածում աշխատողների ամենամյա արձակուրդների տևողությունը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից,իսկ մասնավոր հատվածում՝ կողմերի համաձայնությամբ: Սա պետք է դիտարկել պետական և մասնավոր հատվածների միջև խտրականության դրսևորում: Նախագծով նախատեսվում է նաև աշխատանքի ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատողների հավելաչափը հանրային բնագավառի աշխատողների համար սահմանում է ՀՀ կառավորությունը, իսկ մասնավոր հատվածի աշխատողների համար՝ կողմերի համաձայնությամբ և ամրագրվում է աշխատանքային և (կամ) կոլեկտիվ պայմանագրերում, որը ևս խտրականության դրսևորում է պետական և մասնավոր հատվածների աշխատողների միջև: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի իրավաբանական բաժնի իրավախորհրդատու

Տեսնել ավելին