Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Գևորգ Մալխասյան 14.06.2019 12:02:45 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Սույն նախագիծը մի քանի անգամ քննարկվել է ՀՀ կառավարության կողմից ու հավանության չի արժանացել, քանի որ այն ավելի շատ նոր խնդիրներ է առաջացնում քան լուծում հները: Այսպես՝ 1. 1-ին հոդվածի 1-ին մասի վերաբերյալ հայտնում եմ, որ գործատուն իրավունք ունի կամ պարտավոր է ընդունել բազում ներքին իրավական ակտեր: Այդ ակտերը կարող են ընդունվել թե մինչ աշխատողին աշխատանքի ընդունելը և թե հետագայում: Այս իսկ պատճառով դրանք չեն կարող ընդգրկվել աշխատանքային պայմանագրում: Բացի այդ ներկայումս գործատուների մեծ մասը գերադասում է անձին աշխատանքի ընդունել անհատական իրավական ակտով: Այս դեպքում պարզ չէ թե ներքին իրավական ակտերի նորմերը որտեղ պետք է լրացվեն: 2. 5-րդ հոդվածում լրացվող 4.1-ին մասը չի բխում «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի պահաջներից: Կարծում եմ, որ սույն մասում պետք է միայն հղում կատարել համապատասխան օրենքին:
2 Գևորգ Մալխասյան 14.06.2019 12:02:45 3. 2-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում եմ, որ սույն հոդվածով ու գերփոքր կազմակերպություններին վերաբերվող փոփոխություններով խախտվում են ՀՀ Սահմանադրությամբ սահմանված օրենքի առաջ հավասարության սկզբունքը: Բացի այդ այն հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջներին: Միաժամանակ պարզ չէ թե ինչու նշված նորմը չպետք է տարաշվի նաև ոչ առևտրային կազմակերպությունների վրա: Բացի այդ «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն գերփոքր են համարվում այն առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչեւ 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը: Այս պարագայում կազմակերպությունում յուրաքանչյուր տարի աշխատողների քանակը կարող է լինել 10-ից ավելի կամ պակաս ու գործատուն ամեն տարի ստիպված է լինելու փախել բոլոր իր իրավական կատերը: Կարծում եմ, որ սույն մոտեցումը որևէ լուրջ խնդիր չի լուծում: Եթե պետությունը ցանկանում է օգնել գործատուին, ապա պետք է մշակի համապասխան ներքին իրավական ակտերի օրինակելի ձևեր և առաջարկի գործատուներին, որոնք իրենք կորոշեն դրանց համաձայն մշակել իրենց իրավական ակտերը թե ինքնուրույն դրանք մշակեն:
3 Գևորգ Մալխասյան 14.06.2019 12:02:45 4. 146-րդ հոդվածն ունեցել է 2 մաս: 2-րդ մասն արդեն իսկ ուժը կորցրել է: Այս պարագայում անհրաժեշտ կլինի ուժը կորցրած ճանաչել ողջ հոդվածը, քանի որ առանց բովանդակության հոդվածի վերնագիրը որևէ մեկին անհրաժեշտ չէ: 5. Սույն փոփոխությունները տանելու են նրան, որ գործատուներն անխնա սկսելու են շահագործել աշխատողներին՝ ստիպելով նրանց աշխատել արտաժամյա, չվճարել հավելավճարներ, չտրամադրել լրացուցիչ արձակուրդներ և այլ: Պաշտպանված են մնալու միայն հանրային հատվածի աշխատողները: 6. Առաջարկում եմ նաև հանել կողմերի համաձայնությամբ տրվող չվճարվող արձակուրդների համար սահմանված ժամկետ: Առաջարկում եմ հանել նաև համատեղությամբ աշխատանքի ինստիտուտը, քանի որ ներկայումս հնարավոր չէ որոշել թե որն է հիմնական և ոչ հիմնական աշխատանք: Անհրաժեշտ է թույլ տալ աշխատողին աշխատել երկուսից ավելի գործատուների մոտ: ՀՀ աշխատանքային օրենսգրքում առկա են բազում այլ խնդիրներ, որոնք խոչընդոտում են թե գործատուի և թե աշխատողի աշխատանքին:
4 ԱԺ պատգամավոր 17.06.2019 17:02:23 Այս նախագծը գրեթե նույնությամբ, նույն խնդրահարույց կարգավորումներով շրջանառության մեջ է դրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից և շահագրգիռ քննարկումների արդյունքում նախորդ տարի հանվել է շրջանառությունից: Հիմա նորից շրջանառության մեջ դնելը այլ գերատեսչութան կողմից անտրամաբանակ է, իսկ նախագիծն՝ անընդունելի հետևյալ հիմնավորումներով. Կարևորելով աշխատանքային հարաբերություններում կողմերի համագործակցությամբ սոցիալական ու տնտեսական խնդիրների շուրջ արդյունավետ և փոխշահավետ որոշումների կայացումը, այդուհանդերձ մտահոգություն ենք հայտնում Նախագծի մի շարք կարգավորումների վերաբերյալ, որոնք իրավակիրառ պրակտիկայում աշխատանքի շահագործման կամ խտրականության դրսևորման պատճառ և առիթ կարող են հանդիսանալ։ Մասնավորապես, 1) Անընդունելի է Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունը, որով նախատեսվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 5-րդ հոդվածում ավելացնել դրույթ այն մասին, որ գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուները կարող են չընդունել ներքին իրավական ակտեր և փոխարենը ներքին իրավական ակտերով կարգավորման ենթակա պայմանները ներառել աշխատանքային պայմանագրում։ Այս դեպքում պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարը։ Եթե այս կարգավորումը միտված է գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների փաստաթղթաշրջանառության բեռի թեթևացմանը, ապա այն իր նպատակին չի ծառայում, քանի որ մեկ փաստաթղթի տեսքով ներքին իրավական ակտ ընդունելու փոխարեն գործատուն դրանով կարգավորման ենթակա պայմանները սահմանելու է անհատական աշխատանքային պայմանագրերով, ինչը նշանակում է, որ օրինակ՝ ներքին կարգապահական կանոնները շարադրվելու են ամեն աշխատողի կամ ամեն նոր աշխատանքի ընդունվողի անհատական աշխատանքային պայմանագրում՝ անտեղի ծանրաբեռնելով պայմանագրի բովանդակությունը և ծավալը։ Մինչդեռ դրա փոխարեն գործատուն, այդ թվում՝ գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուն, կարող է մեկ անգամ և մեկընդմիշտ ընդունել համընդհանուր կանոններ, որով կառաջնորդվեն բոլոր վարձու աշխատողները։ Ոլորտի լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից պայմանագրի օրինակելի ձևի սահմանումն անգամ չի թեթևացնելու անհատական պայմանագրի բովանդակությունն ու ծավալը և չի կրճատելու այն կազմելու համար գործատուի ժամանակը, քանի որ գործնականում լիազոր մարմնի կողմից կանխատեսել բոլոր ոլորտներն ու դրանց միասնական կարգավորումն ապահովելն ուղղակի հնարավոր չէ։ Այսինքն, պայմանագրի օրինակելի ձևը գործատուի կողմից դեռ լրացման և տեղայնացման կարիք ունի։ Բացի այդ, առաջարկվող փոփոխությունը հակասում է գործող Օրենսգրքի 14-րդ հոդվածին, քանի որ հիշյալ հոդվածի համաձայն՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Մինչդեռ նախագծի կարգավորումը վերաբերում է միայն աշխատանքային պայմանագրին, կարգավորումից դուրս թողնելով անհատական իրավական ակտով աշխատանքի ընդունման դեպքերը։ Առաջարկվող փոփոխությունը հակասում է նաև Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասին, որով սահմանված են աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում պարտադիր ներառման ենթական պայմանները, ի թիվս, որոնց առկա չէ գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների կողմից ներքին իրավական ակտերով կարգավորման ենթակա պայմանների նշումը։ Այսինքն, ստացվում է, որ Օրենսգրքի տարբեր հոդվածներ տարբեր պայմաններ են սահմանում աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի բովանդակության համար։ Այստեղից ծագում է հաջորդ հարցը՝ վարչական պատասխանատվության հետ կապված։ ՎԻՎ․ օր 169․5-րդ հոդվածով սահմանված է վարչական պատասխանատվություն՝ առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու համար։ Հարց՝ արդյո՞ք ներքին իրավական ակտերով կարգավորման ենթակա պայմանները գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների կողմից աշխատանքային պայմանագրում չներառելը ևս համարվում է օրենսդրության պահանջները չբավարարող պայմանագիր, դրանից բխող հետևանքներով։ Եթե այո, ապա այս փաթեթում այդ կարգավորումն առկա չէ, եթե ոչ՝ ուրեմն այս կարգավորումն ինքնանպատակ է։ 2) Արտաժամյա աշխատանքի շահագործման առումով մտահոգիչ է Նախագծի 5-րդ և 6-րդ հոդվածներով առաջարկվող Օրենսգրքի՝ համապատասխանաբար 144-րդ և 146-րդ հոդվածներում նախատեսվող փոփոխությունները: Գործող Օրենսգիրքը (հոդված 145) սահմանում է արտաժամյա աշխատանքի թույլատրելի բացառիկ դեպքերը, որից դուրս այլ հիմքով արտաժամյա աշխատանքի ներգրավելն արգելվում է: Բացի այդ արտաժամյա աշխատանքի ներգրավելը պետք իրականացվի որոշակի սահմանափակումների հաշվառմամբ, այն է՝ իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը: Առաջարկվող փոփոխությամբ անտեսվում են Օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված բացառիկ դեպքերը, և թույլատրելի է դառնում կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի կատարումը, տարեկան կտրվածքով առանց ժամային սահմանափակման: Այսպիսի կարգավորմամբ մեծանում է գործատուի կողմից աշխատանքի շահագործման ռիսկը, քանի որ տարվա ընթացում ցանկացած ժամաքանակով կարող է աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքի և միշտ պատճառաբանել, որ դա եղել է կողմերի համաձայնությամբ, քանի որ նախատեսված չէ համաձայնությունը գրավոր տալու ձևը: Մյուս կողմից աշխատողն արդարացիորեն կարող է մտավախություն ունենալ, որ արտաժամյա աշխատանք կատարելու գործատուի պահանջին չհամաձայնելը կորակվի որպես գործատուի հանձնարարության չկատարում՝ դրանից բխող բացասական հետևանքներով, ուստիև միշտ կհամաձայնի ցանկացած դեպքում և անկացած ժամաքանակով արտաժամյա աշխատանքին: 3) Անընդունելի և խտրական կարգավորում է Նախագծի 8-րդ հոդվածով Օրենսգրքի 160-րդ հոդվածում (նաև՝ փոխկապակցված 161-րդ հոդված) առաջարկվող փոփոխությունը, քանի որ պետական և մասնավոր հատվածի աշխատողների համար սահմանվում են տարբերակված կարգավորումներ: Գործող Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված է, որ առանձին կատեգորիայի աշխատողներին տրամադրվում է երկարացված արձակուրդ՝ 25-42 աշխատանքային օր տևողությամբ, իսկ ՀՀ կառավարության 11.08.2005թ․N1599-Ն որոշմամբ սահմանված է այդ կատեգորիայի աշխատողների ցանկը: Օրենսգրքի 161-րդ հոդվածը սահմանում է, որ որոշակի կատեգորիայի աշխատողներին, բացի տարեկան նվազագույն արձակուրդից, տրամադրվում է լրացուցիչ արձակուրդ։ Այդ կատեգորիայի աշխատողների ցանկը և լրացուցիչ արձակուրդի նվազագույն տևողությունը սահմանված է ՀՀ կառավարության 11․082005թ․ N1384-Ն որոշմամբ։ Նախագծով առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ կառավարությունը սահմանում ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, իսկ ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է այն աշխատողներին, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված՝ առողջության համար անվտանգ մակարդակի։ Ինչ վերաբերում է ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդների տևողություններին, ապա ըստ Նախագծի կարգավորման, դրանք սահմանվում են կողմերի համաձայնությամբ և ամրագրվում աշխատանքային և (կամ) կոլեկտիվ պայմանագրերում: Ստացվում է, որ պետությունը հրաժարվում է իր կարգավորիչ գործառույթից և ոչ միայն չի սահմանում ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող աշխատողների ցանկը, այլև չի նախատեսում գոնե այն թույլատրելի նվազագույն շեմը, որից ավելի քիչ քանակով գործատուն իրավունք չունի արձակուրդ տրամադրել հիշյալ կատեգորիայի աշխատողներին։ Կարգավորումը կողմերի համաձայնությանը թողնելով, պետությունը ոչ թե խրախուսում կամ խթանում է բանակցային հարաբերությունները գործատու և աշխատողի միջև, այլ աշխատողին թողնում է անպաշտպան անսահմանափակ լիազորություններ ունեցող և աշխատաշուկայում եղանակ թելադրող, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական հսկողությունից դուրս գտնվող գործատուի առաջ։ Վերջինս կարող է սահմանել, ասենք, կես օր երկարացված կամ լրացուցիչ արձակուրդ, և դա համարել ողջամիտ, և սրա հետ աշխատողի չհամաձայնելու հետևանքը կլինի աշխատանքը կորցնելը։ Նկատենք, որ այս կարգավորումը վերաբերում է միայն մասնավոր հատվածին, քանի որ Նախագծով սահմանված է, որ պետական և համայնքային հիմնարկների աշխատողների համար ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդների տևողությունները սահմանում է ՀՀ կառավարություն։ Սա աշխատողների նկատմամբ ակնհայտ խտրականություն է՝ գործատուի տեսակով պայմանավորված, ինչն անթույլատրելի է։ 4) Անընդունելի և խտրական կարգավորում է Նախագծի 39-րդ հոդվածով Օրենսգրքի 183-րդ հոդվածում և Նախագծի 40-րդ հոդվածով Օրենսգրքի 183-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը, քանի որ, բացի պետական և մասնավոր հատվածի աշխատողների համար տարբերակված կարգավորումներից, պարունակում են աշխատանքի շահագործման մեծ ռիսկեր։ Գործող Օրենսգրքի 183-րդ հոդվածով սահմանված են ոչ պակաս 30 և 50 տոկոս հավելումներ վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների կատարման դեպքում։ Այդպիսի աշխատանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 02․12․2010թ․ N1698-Ն որոշմամբ։ Նախագծի առաջարկվող կարգավորմամբ վնասակար և առանձնապես վնասակար աշխատանքների ցանկն այլևս չի սահմանվելու պետության կողմից, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների կողմերն են սահմանելու հավելումերի չափը։ Այսինքն, եթե գործատուն որոշի, որ սահմանել, 0.1 տտոկաս հավելում, ապա աշխատողը նրան այլ բան պարտադրել չի կարող և որևէ իրավական լծակ չունի գործատուի որոշման վրա ազդելու համար։ Նույնը վերաբերում է գիշերային և արտաժամյա աշխատանքի հավելումներին։ Գործող Օրենսգրքի 184-րդ հոդվածով սահմանված են ոչ պակաս 30 և 50 տոկոս հավելումներ, իսկ առաջարկվող կարգավորմամբ այդ չափը որոշելը թողնված է կողմերի համաձայնեցմանը։ Նկատենք, որ վնասակարության և արտաժամյա ու գիշերային աշխատանքի վարձատրության հետ կապված կարգավորումներում պետական և մասնավոր հատվածի աշխատողների համար տարբերակված մոտեցում է ցուցաբերված։ Նախագծի հիշյալ հոդվածների համաձայն՝ պետական և համայնքային հիմնարկների աշխատողների համար վնասակարության և արտաժամյա ու գիշերային աշխատանքի հավելումների չափը սահմանում է ՀՀ կառավարությունը։ Սա ակնհայտ խտրականության ևս մեկ դրսևորում է։ Պետությունը չեզոք վարքագիծ դրսևորելու փոխարեն, որպես կարգավորման հնարավոր տարբերակ, պետք է սահմանի թույլատրելի նվազագույն շեմը, (պետական և համայնքային հիմնարկների աշխատողների համար այն կարող է լինել առավելագույնը), որից ցածր գործատուն և աշխատողը սահմանելու իրավունք չունեն և բանակցեն այդ շեմից սկսած։
5 Իզաբելլա Իսկանդարյան 27.06.2019 13:43:47 ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք: Մևնույն ժամանաակ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանվել են պետության քաղաքականության այնպիսի հիմնական նպատակներ տնտեսական, սոցիալական ոլորտներում, ինչպիսիք են ` 1) գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը. 2) բնակչության զբաղվածության խթանումը և աշխատանքի պայմանների բարելավումը. Սույն նախագծով հետապնդվող նպատակը ծառայում է միայն գործարար միջավայրի խթանմանը։ Գործարկության այնպիսի միջավայրում, ինչպիսին առկա է ՀՀ-ում, պարզ է, որ աշխատաժամանակի և այլ պայմանների կարգավորումը թողնելով կողմերի համաձայնությանը, պետությունը, ըստ էության խոցելի է դարձնում աշխատողներին և գործատուներին ընձեռում է օրինական գործիք` աշխատողներին շահագործելու համար։ Ակնհայտ է, որ առօրյա հոգսերը հոգալու համար, աշխատանքը չկորցնելու համար աշխատողները համաձայնելու են գործատուի առաջարկած գրեթե ցանկացած պահանջներին։ նման նախագծի քննարկումը միայն ու միայն կարելի է դիտարկել, եթե գործեն աշխատողների իրավունքների պաշտպանության կատարյալ մեխանիզմներ։
6 Դավիթ Զաքարյան 28.06.2019 11:37:47 Ցանկալի և հեղափոխական մոտեցում է։ Աշխարհի շատ զարգացած երկրներում աշխատող և գործատու հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրերով։ Կարծում եմ նշված հարաբերությունների ճկունացումը կարող է գրավիչ լինել նաև օտարերկրյա ներդրողների համար։ Իսկ այն հիմնավորումները, որ գործատուն կարող է չարաշահել, կարծում եմ տեղին չէ այն առումով, որ ներկայիս օրենսգրքով էլ չարաշահողները չարաշահում են։
7 Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 01.07.2019 16:49:22 Նախագծի հոդվածներից շատերը մեկ անգամ արդեն բավականին երկար ու համապարփակ քննարկվել են և մերժվել տեղի ունեցած հեղափոխությամբ։ Նախագծի օրակարգ բերելը կարելի է որակել որպես հակահեղափոխության դրսևորում։ Նախագծի իրական նպատակն էր և, համոզված ենք, շարունակում է մնալ նաև այսօր, որոշ տնտեսվարողների համար իրենց անիրավաչափ գործողությունների օրինականացումը, քանի որ նրանք աշխատողներին չեն տրամադրել լրացուցիչ և երկարացված արձակուրդները, չեն վճարել օրենքով սահմանված հավելումներ արտաժամյա, գիշերային և վնասակար աշխատանքների համար։ Դրանով կարող է պայմանավորված լինել նաև աշխատանքի տեսչության ուժեղացման կամ լիազորությունների ավելացման ձգձգումները։ Նկատի ունենք, որ ամեն գնով խոչընդոտվում է աշխատանքի տեսչության լիազորությունների ավելացումը, մինչև այն պահը, երբ տնտեսվարողների նշված անօրինական գործողությունները կօրինականացվեն։ Նախագծի հոդված 1-ի վերաբերյալ․ թյուրիմացություն է, երբ ներքին իրավական ակտերի ընդունման պահանջը հանվում է և դա ներկայացվում է իբրև գործատուների վարչական բեռի թեթևացում։ Գործատուների կողմից ներքին իրավական ակտերի ընդունումը բխում է հենց գործատուների շահերից։ Որոշ դեպքերում, օրինակ՝ դատարանում, գործատուն կդժվարանա ապացուցել որևէ կատարված գործողություն, եթե դրա համար չկա ընդունված համապատասխան իրավական ակտ։ Նախագծի հոդված 5-ի ԱՕ Հոդված 144-ի առաջարկվող փոփոխության վերաբերյալ․ չի կարելի թույլատրել, որ արտաժամյա աշխատանքը կատարվի կողմերի համաձայնությամբ, քանի որ աշխատողները միշտ չէ, որ գիտակցում են իրենց առողջությանը սպառնացող վտանգները և, գայթակղվելով մի փոքր ավել գումար ստանալու հնարավորությամբ, կարող են համաձայնել արտաժամյա աշխատանքի մեջ ներգրավվելուն՝ առանց սահմանափակումների։ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է և ունի որոշակի սոցիալական պարտավորություններ։ Մարդը և նրա առողջությունը պետք է միշտ լինեն առաջնային, իսկ շահույթը ծառայի մարդու բարեկեցությանը։ Նախագծի հոդված 8-ով ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդների տևողությունները սահմանել կողմերի համաձայնությամբ, նշանակում է զրկել աշխատողներին օգտվելու դրանցից։ Օրենքը պետք է սահմանի դրանց նվազագույն չափերը, իսկ կողմերի համաձայնությամբ պետք է լինի նվազագույն չափից ավելի արձակուրդների տրամադրումը։
8 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 03.07.2019 16:58:33 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի առաջարկը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որն առաջարկում ենք հանել շրջանառությունից հետևյալ պատճառաբանությամբ․ Սույն թվականի մայիսիս 16-17-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որում առաջարկվել են հայեցակարգային փոփոխություններ և լրացումներ։ Արդյունքում որոշվել էր շարունակական դարձնել նախագծի շուրջ քննարկումները և ներկայացնել համալիր փաստաթուղթ մինչև 2020թ․, որի նպատակն է՝ համապատասխանեցնել ներկայիս օրենսգիրքը Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև լուծել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները։ Ստացվում է, որ ՀՀ գործադիր իշխանության համակարգում գործող երկու նախարարություններ ներկայացնում են աշխատանքային հարաբերությունները կարգավորող՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների տարբեր նախագծեր, ինչն անթույլատրելի է, քանի որ նման իրավիճակներում հնարավոր չէ բացառել հակասությունների և բացթողումների հավանականությունը։ Այս առումով հարկ է նշել, որ պետությունը պետք է առաջնորդվի միևնույն ոլորտը բարելավեուն ուղղված մեկ տեսլական ձևավորելու գաղափարախոսությամբ և այս տեսանկյունից ողջամիտ չէ շահագրգիռ կառույցների կողմից ներկայացված երկու նախագծերի վերաբերյալ ներկայացնել դիտարկումներ և մեկնաբանություններ։ Վերոնշյալ հանգամանքից ելնելով՝ առաջարկում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկման ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն իսկ ներկայացված և որոշակի քննարկումներ անցած նախագծի շրջանակներում։
9 Arean Cheka 04.07.2019 03:29:33 Այս նախագիծը հակամարդկային է, պարունակում է կոռուպցիոն բոլոր հիմքերը, ուղղված է աշխատողների իրավունքները ոտնահարելու, իսկ գործատուներին ազատ և առանց պատասխանատվության գործելու։ ՀՀ Վարչապետից պահանջում եմ որպեսզի պարզի, որ պաշտոնյան է եղել այս նախագծի պատասխանատուն, լոբբինգ իրականացնողը։ Այդ պաշտոնյան պահանջում եմ հեռացվի հետագայում ցանկացած առաջարկություններ կատարելու իրավունքից։ Աշխատողների իրավունքները ոչ մի իրավական կարգավորմամբ չի պաշտպանվում վարչական բոլոր գերատեսչությունների կողմից: Աշխատողների իրավունքները փաստացի ոտնահարված են։ ՀՀ յում չկա գործատուին վերահսկող, ստուգող, պաշտպանող, տուգանող վարչական մարմիններ և փաստացի պատասխանատվություն սահմանող նորմեր և օրենքներ։ Գործատուն առանց որև է սահմանափակման, իր ցանկության պարագայում, կարող է ցանկացած անօրինականություններ իրականացնի և շահագործի ցանկացած աշխատողին, զրպարտի և չարաշահումների ներքո ոտնահարի աշխատողի իրավունքները, իսկ աշխատողը այդ անօրինությանների դեմ կարող է պաշտպանվել միմիայն մի կերպ՝ դիմելով դատարան և վերջ։ Այս սկզբունքը և մոտեցումը անթույլատրելի է։ Պատկերացրեք իրավիճակ՝ գնել եք ժամկետ անց ապրանք, ձեզ խոշտանգեցին, ծեծի ենթարկեցին, ցանկացած պարագայում և իրավիճակում՝ դիմեք դատարան, իսկ ապացուցման բեռը տուժող կողմի վրա է, այս պարագայում կարելի է լուծարել բոլոր վարչական մարմինները, բացի դատարան դիմելուց։ Այսպիսով, նախագիծը ենթակա է ամբողջովին մերժման, բոլոր առաջարկները, որոնք ազատում են գործատուին կոնկրետ ժամկետներից միտված են որպեսզի գործատուն ազատ լինի իր պարտադրանքներում և կամակատարության գործողություններ իրականացնելու։ Հիմա Էկոնոմիկայի նախարարությունը, որպեսզի իսկապես պաշտպանի աշխատողներին, թեթևացնում է գործատուի պարտականությունները և կարծում եմ պաշտպանելով ինչ որ գործարարների շահերը, էլ ավելի ընձեռելով հնարավորություններ գործատուներին խոշտանգելու աշխատողներին և աշխատողների իրավունքները։ Պետք է պարզել, ով է ներկայացրել և առաջարկել այս նախագիծը, ով է եղել դրդող ուժը։ Բացված անդրադառնամ մեկ հոդվածին՝ 4.1 հոդվածը հետապնդում է միմիայն գործատուի շահերը, անթույլատրելի հոդված է, ենթակա է միանշանակ ՄԵՐԺՄԱՆ, հետևյալ պարզաբանմամբ՝ Ցանկացած էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով աշխատողին իրազեկումը չի կարող համարվել պատշաճ և իրավաչափ քանի որ գործատուի ցանկության դեպքում հնարավոր է իրազեկման բովանդակությունը ուղարկելուց հետո խմբագրել կամ հեռացնել։ Գործատուն հնարավորություն ունի այն կեղծել, փոխել ուղարկողի, ստացողի տվյալները և կեղծել ուղարկման ամսաթիվը, օրինակ եթե իրավական ակտի եղել է անօրեն, գործատուն կարող է հեռացնել իր իրազեկում իրականացնելու փաստը։ Գործատուները մեծամասամբ չեն պահպանում իրենց պարտականությունները, քանի որ գործատուին օրինական դաշտում գործելու պահանջը դրված է միմիայն աշխատողի ուսերին։ Այս հոդվածը կընձեռի գործատուներին իրականացնել վերը նշված խախտումները աշխատողների նկատմամբ, իսկ աշխատողը կարող է զրկված լինել իր պաշտպանություն իրականացնելու իրավունքից, քանի որ, այս պարագայում, այդ իրազեկման բոլոր ապացույցները լինում են հենց գործատուի սեփականության ներքո, գործատուի համակարգչում, գործատուի իսկ ենթակայության և սեփականության տակ, որը գտնում եմ ստեղծելու է ոչ իրավաչափ հարաբերություններ։ Ներքին և անհատական իրավական ակտերը, որոնք վերաբերելի են աշխատողներին, գործատուն պետք է աշխատողին իրազեկի և ծանուցի գրավոր, որի մեջ առկա է կողմերի ստորագրությունը և մեկ օրինակը մնում է աշխատողի մոտ։ Սա է միակ ապահով միջոցը ներկա աշխատանքային պայմաններում։ Երբ ստեղծված կլինի առանձին գերատեսչություն, որը կվերահսկի գործատուի աշխատանքը, օրենքներում սահմանված կլինեն խիստ պատիժներ այն խախտելու համար և այդ պարագայում կապահովվեն աշխատողի նկատմամբ ոտնձգությունների բացակայությունը համապատասխան վարչական մարմինների կողմից, միմիայն այդ պարագայում կարելի է անցնել վիրտուալ դաշտ և այն համարել օրինակելի։ Ներկա պարագայում, այն բերելու է բազում չարաշահումների, որոնց ապացուցման բեռը հանձնված է աշխատողի ուսերին, իսկ ապացույցներն էլ գտնվելու են հենց իրավախախտում կատարողի սեփականության ներքո։ Սա անթույլատրելի մոտեցում է պետության կողմից։ Ցանկացած էլեկտրոնային ծանուցում, էլեկտրոնային իրազեկում, պարտադիր է բացառել օրենսդրությամբ, միմիայն գրավոր երկու կողմերի ստորագրությամբ, ամեն մի կողմի մոտ իր օրինակի պահպանմամբ։ Մնացած մասին չեմ էլ անդրադառնում թե ինչքան թերի է գրված և ոչ մի կարգավորում չի պարունակում այս նախագիծը։
10 Arean Cheka 04.07.2019 03:29:49 Այս նախագիծը հակամարդկային է, պարունակում է կոռուպցիոն բոլոր հիմքերը, ուղղված է աշխատողների իրավունքները ոտնահարելու, իսկ գործատուներին ազատ և առանց պատասխանատվության գործելու։ ՀՀ Վարչապետից պահանջում եմ որպեսզի պարզի, որ պաշտոնյան է եղել այս նախագծի պատասխանատուն, լոբբինգ իրականացնողը։ Այդ պաշտոնյան պահանջում եմ հեռացվի հետագայում ցանկացած առաջարկություններ կատարելու իրավունքից։ Աշխատողների իրավունքները ոչ մի իրավական կարգավորմամբ չի պաշտպանվում վարչական բոլոր գերատեսչությունների կողմից: Աշխատողների իրավունքները փաստացի ոտնահարված են։ ՀՀ յում չկա գործատուին վերահսկող, ստուգող, պաշտպանող, տուգանող վարչական մարմիններ և փաստացի պատասխանատվություն սահմանող նորմեր և օրենքներ։ Գործատուն առանց որև է սահմանափակման, իր ցանկության պարագայում, կարող է ցանկացած անօրինականություններ իրականացնի և շահագործի ցանկացած աշխատողին, զրպարտի և չարաշահումների ներքո ոտնահարի աշխատողի իրավունքները, իսկ աշխատողը այդ անօրինությանների դեմ կարող է պաշտպանվել միմիայն մի կերպ՝ դիմելով դատարան և վերջ։ Այս սկզբունքը և մոտեցումը անթույլատրելի է։ Պատկերացրեք իրավիճակ՝ գնել եք ժամկետ անց ապրանք, ձեզ խոշտանգեցին, ծեծի ենթարկեցին, ցանկացած պարագայում և իրավիճակում՝ դիմեք դատարան, իսկ ապացուցման բեռը տուժող կողմի վրա է, այս պարագայում կարելի է լուծարել բոլոր վարչական մարմինները, բացի դատարան դիմելուց։ Այսպիսով, նախագիծը ենթակա է ամբողջովին մերժման, բոլոր առաջարկները, որոնք ազատում են գործատուին կոնկրետ ժամկետներից միտված են որպեսզի գործատուն ազատ լինի իր պարտադրանքներում և կամակատարության գործողություններ իրականացնելու։ Հիմա Էկոնոմիկայի նախարարությունը, որպեսզի իսկապես պաշտպանի աշխատողներին, թեթևացնում է գործատուի պարտականությունները և կարծում եմ պաշտպանելով ինչ որ գործարարների շահերը, էլ ավելի ընձեռելով հնարավորություններ գործատուներին խոշտանգելու աշխատողներին և աշխատողների իրավունքները։ Պետք է պարզել, ով է ներկայացրել և առաջարկել այս նախագիծը, ով է եղել դրդող ուժը։ Բացված անդրադառնամ մեկ հոդվածին՝ 4.1 հոդվածը հետապնդում է միմիայն գործատուի շահերը, անթույլատրելի հոդված է, ենթակա է միանշանակ ՄԵՐԺՄԱՆ, հետևյալ պարզաբանմամբ՝ Ցանկացած էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով աշխատողին իրազեկումը չի կարող համարվել պատշաճ և իրավաչափ քանի որ գործատուի ցանկության դեպքում հնարավոր է իրազեկման բովանդակությունը ուղարկելուց հետո խմբագրել կամ հեռացնել։ Գործատուն հնարավորություն ունի այն կեղծել, փոխել ուղարկողի, ստացողի տվյալները և կեղծել ուղարկման ամսաթիվը, օրինակ եթե իրավական ակտի եղել է անօրեն, գործատուն կարող է հեռացնել իր իրազեկում իրականացնելու փաստը։ Գործատուները մեծամասամբ չեն պահպանում իրենց պարտականությունները, քանի որ գործատուին օրինական դաշտում գործելու պահանջը դրված է միմիայն աշխատողի ուսերին։ Այս հոդվածը կընձեռի գործատուներին իրականացնել վերը նշված խախտումները աշխատողների նկատմամբ, իսկ աշխատողը կարող է զրկված լինել իր պաշտպանություն իրականացնելու իրավունքից, քանի որ, այս պարագայում, այդ իրազեկման բոլոր ապացույցները լինում են հենց գործատուի սեփականության ներքո, գործատուի համակարգչում, գործատուի իսկ ենթակայության և սեփականության տակ, որը գտնում եմ ստեղծելու է ոչ իրավաչափ հարաբերություններ։ Ներքին և անհատական իրավական ակտերը, որոնք վերաբերելի են աշխատողներին, գործատուն պետք է աշխատողին իրազեկի և ծանուցի գրավոր, որի մեջ առկա է կողմերի ստորագրությունը և մեկ օրինակը մնում է աշխատողի մոտ։ Սա է միակ ապահով միջոցը ներկա աշխատանքային պայմաններում։ Երբ ստեղծված կլինի առանձին գերատեսչություն, որը կվերահսկի գործատուի աշխատանքը, օրենքներում սահմանված կլինեն խիստ պատիժներ այն խախտելու համար և այդ պարագայում կապահովվեն աշխատողի նկատմամբ ոտնձգությունների բացակայությունը համապատասխան վարչական մարմինների կողմից, միմիայն այդ պարագայում կարելի է անցնել վիրտուալ դաշտ և այն համարել օրինակելի։ Ներկա պարագայում, այն բերելու է բազում չարաշահումների, որոնց ապացուցման բեռը հանձնված է աշխատողի ուսերին, իսկ ապացույցներն էլ գտնվելու են հենց իրավախախտում կատարողի սեփականության ներքո։ Սա անթույլատրելի մոտեցում է պետության կողմից։ Ցանկացած էլեկտրոնային ծանուցում, էլեկտրոնային իրազեկում, պարտադիր է բացառել օրենսդրությամբ, միմիայն գրավոր երկու կողմերի ստորագրությամբ, ամեն մի կողմի մոտ իր օրինակի պահպանմամբ։ Մնացած մասին չեմ էլ անդրադառնում թե ինչքան թերի է գրված և ոչ մի կարգավորում չի պարունակում այս նախագիծը։
11 Աննա Բարիկյան 04.07.2019 14:21:57 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի այս նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռևս 2017 թվականին, որի վերաբերյալ շահագրգիռ կողմերի, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և այդ թվում Աշխատանքի միջազգային կազմակերպության գրասենյակի կողմից բազմաթիվ բացասական եզրակացություններ են հնչեցվել, որի արդյունքում 2018թ.-ին՝ հեղափոխությունից հետո, այդ նախագիծը մերժվեց և շրջանառությունից դուրս եկավ: Այժմ նորից անդրադառնալ նույն նախագծի որոշ հոդվածների գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա: Նախագծում մասնավորապես առաջարկված են հարցեր, որոնք աշխատողների միայն տնտեսական և սոցիալական վիճակը վաթարացնող միտում ունեն: Մասնավորապես նախագծով սահմանվում է, որ արտաժամյա աշխատանքը կարող է կատարվել կողմերի համաձայնությամբ կամ Աշխատանքային օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ գործատուի պահանջով: Արտաժամյա աշխատանքի տարեկան տևողությունը սահմանված է Աշխատանքային օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել: Նախ նշենք, որ օրենսգրքի 146-րդ հոդվածը ունի ընդհամենը մեկ մաս, եթե ուժը կորցրած է ճանաչվում, ապա հոդվածը ամբողջովին պետք է ուժը կորցրած ճանաչել: Ուժը կորցրած ճանաչելու դեպքում էլ վերանում է տարվա ընթացքում օրենքով նախատեսված գործատուի կողմից աշխատողի արտաժամյա աշխատանքին ներգրավելու աշխատաժամանակի տևողությունը, որի արդյունքում գործատուի համար հնարավորություն է ստեղծվում աշխատողին արտաժամյա աշխատանքի ներգրավելու անսահմանափակ տևողությամբ: Նախագծի 8-րդ հոդվածով սահմանվում է, որ ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդները միավորել Օրենսգրքի 160-րդ հոդվածում, իսկ 161-րդ հոդվածն էլ ուժը կորցրած ճանաչել: Այստեղ նախագծի հեղինակները հաշվի չեն առել, որ ամենամյա երկարացված արձակուրդը տրվում է հատուկ պայմաններում աշխատողներին, իսկ ամենամյա լրացուցիչ արձակուրդը՝ հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին: Այդ արձակուրդների իրավունք ունեցող աշխատողների ցանկերը մի դեպքում սահմանում է կառավարությունը (պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների աշխատողների համար), մյուս դեպքում՝ կողմերի համաձայնությամբ (մասնավոր հատվածում աշխատողների համար): Միաժամանակ նախագծով նախատեսվում է, որ պետական հատվածում աշխատողների ամենամյա արձակուրդների տևողությունը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից,իսկ մասնավոր հատվածում՝ կողմերի համաձայնությամբ: Սա պետք է դիտարկել պետական և մասնավոր հատվածների միջև խտրականության դրսևորում: Նախագծով նախատեսվում է նաև աշխատանքի ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատողների հավելաչափը հանրային բնագավառի աշխատողների համար սահմանում է ՀՀ կառավորությունը, իսկ մասնավոր հատվածի աշխատողների համար՝ կողմերի համաձայնությամբ և ամրագրվում է աշխատանքային և (կամ) կոլեկտիվ պայմանագրերում, որը ևս խտրականության դրսևորում է պետական և մասնավոր հատվածների աշխատողների միջև: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի իրավաբանական բաժնի իրավախորհրդատու
12 Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական արհմիություն 04.07.2019 15:59:15 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2018թ. մարտի 23-ին քննարկվել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների միության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախագիծը արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից ենթարկվել է հիմնավորված քննադատության և Հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ չի ընդունվել: /Եռակողմ հանձնաժողովի նիստին մասնակցել է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչը:/ Այնուհետև՝ 2018թ. հունիսին, նույն նախագիծը քննարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ դարձյալ արժանանալով բացասական գնահատականի, քանի որ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսդրության մի շարք պահաջների: Ակնհայտ է, որ նախագիծը վատթարացնում է աշխատողի վիճակը և աջակցում է գործատուին, ավելի ուժեղացնելով նրան՝ որպես աշխատանքային հարաբերությունների կողմի: Մինչդեռ պետությունը, առանց խտրականության, պարտավոր է պահպանել կողմերի իրավահավասարության սկզբունքը և հնարավորինս աջակցել աշխատողին՝ որպես աշխատանքային հարաբերությունների թույլ կողմի: Օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված են արտաժամյա աշխատանքը թույլատրելու բացառիկ դեպքերը: Մեր գնահատմամբ այս հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերից բացի՝ մնացած 2-6 ենթակետերի դեպքերում գործատուն արտաժամյա աշխատանքի ներգրավելու համար պարտավոր է ստանալ աշխատողի գրավոր համաձայնությունը, մինչդեռ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արտաժամյա աշխատանքի ներգրավելու անհրաժեշտության դեպքում գործատուն այդ մասին ողջամիտ ժամկետներում տեղեկացնում է աշխատողին»: Իսկ եթե աշխատողը չի կատարում գործատուի պահանջը, կարող է ենթարկվել կարգապահական տույժի: Մեր կարծիքով՝ դա հարկադիր աշխատանքի կիրառում է և հակասում է Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1 մասի 2-րդ ենթակետին և ԱՄԿ-ի թ.29 կոնվենցիայի 2-րդ հոդվածին, համաձայն որի՝ «հարկադիր կամ պարտադիր աշխատանք եզրույթը նշանակում է որևէ պատժի սպառնալիքի տակ որևէ անձից պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:» Տվյալ պահանջից ելնելով՝ պետք է փոփոխություն կատարել 145-րդ հոդվածի 2-րդ մասում և խմբագրել այլ կերպ, oրինակ՝ «Սույն հոդվածի 1-ին մասի 2-6 ենթակետերի դեպքերում աշխատողին արտաժամյա աշխատանքի ներգրավելու համար անհրաժեշտ է աշխատողի գրավոր համաձայնությունը»: Օրենսգրքի 183-րդ, 184-րդ հոդվածների՝ նախագծով առաջարկված փոփոխությունները, փաստորեն, աշխատողին թողնում են առանց պետական նվազագույն երաշխիքի: Ակնհայտ է, որ աշխատողը չի կարողանալու գործատուի հետ վարել արդյունավետ բանակցություններ՝ արժանավայել հավելավճարի համար: Եվ, քանի որ հանրապետության ձեռնարկություններում /որոշ բացառություններով/ չի անցկացվել ըստ աշխատանքի պայմանների աշխատատեղերի պարտադիր ատեստավորում, աշխատողը նաև տեղեկացված չէ իր աշխատատեղում առկա վտանգների և իր առողջության համար վնասակար պայմանների ազդեցության հետևանքների մասին: Պետությունը պարտավոր է առանց խտրականության բոլոր աշխատողների /ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների աշխատողների/ համար սահմանել նվազագույն հավելավճարի շեմը, որից հետո աշխատողը, ելնելով իր որակավորումից և պահանջվածությունից, կարող է պահանջել ավելին: Ավելացնենք նաև, որ 2013թ.-ից դադարեցված է Աշխատանքի պետական տեսչության գործունեությունը և փաստացի չի իրականացվում պետական հսկողություն աշխատանքային օրենսդրության կիրառման նկատմամբ: Չի իրականացվում նաև հասարակական հսկողություն ձեռնարկությունների զգալի մասում արհեստակցական կազմակերպությունների բացակայության հետևանքով: Ուստի նման փոփոխությունների ընդունումը համարում ենք ժամանակավրեպ:
13 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 04.07.2019 18:02:59 ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը խիստ խնդրահարույց է աշխատողի իրավունքների պաշտպանության նվազագույն երաշխիքների ապահովման տեսանկյունից: Այսպես, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Գործատուի մոտ աշխատողի համար հասանելի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի առկայության դեպքում, գործատուի կողմից ներքին և անհատական իրավական ակտերին աշխատողի պատշաճ կարգով իրազեկում համարել նաև այդ համակարգով իրազեկումը: Միևնույն ժամանակ չի սահմանվում աշխատողի կողմից ծանուցումը ստանալու մասին էլեկտրոնային հավաստման պահանջ, հետևաբար, նախագծով ըստ էության սահմանվում է աշխատողի ծանուցված լինելու կանխավարկածը` անկախ աշխատողի կողմից իրականում ծանուցված լինելու հանգամանքից: Գտնում ենք, որ նման իրավակարգավորումը չի երաշխավորում աշխատողի իրավունքների լիարժեք իրականացման հնարավորությունը և վերջինիս իրավունքների խախտման դեպքում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է գործատուի պահանջով թույլատրելի համարել Աշխատանքային օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված բոլոր դեպքերում արտաժամյա աշխատանքի կատարումը: Մինչդեռ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը թույլատրելի է համարում գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքի կատարումը նաև այն դեպքում, երբ առկա է գործատուի պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտություն: Մեջբերված դրույթի ձևակերպումը հնարավորություն է տալիս գործատուին իր հայեցողությամբ գնահատելու համապատասխան աշխատանքի կատարման անհրաժեշտությունը և ըստ էության առանց որևէ սահմանափակման պահանջելու աշխատողից արտաժամյա աշխատանքի կատարում` պայմանավորելով այն «իր պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտությամբ»: Ելնելով վերոգրյալ դրույթի ձևակերպման անորոշությունից` գտնում ենք, որ 145-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքում արտաժամյա աշխատանքը կարող է կատարվել միայն կողմերի համաձայնությամբ: Հետևաբար, առաջարկվում է Օրենսգրքի 144-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Արտաժամյա աշխատանք կարող է կատարվել կողմերի համաձայնությամբ կամ սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված դեպքերում՝ գործատուի պահանջով: Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Աշխատանքային օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ի մասը, որով սահմանվում է արտաժամյա աշխատանքի կատարման առավելագույն ժամաքանակը իրար հաջորդող երկու օրվա, ինչպես նաև տարվա ընթացքում: Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունը չի բխում աշխատողի իրավունքների պաշտպանության համար նվազագույն երաշխիքների ապահովման պետության գործառույթից և հղի է գործնականում աշխատողներին արտաժամյա աշխատանքում ներգրավելու չարաշահման, վերջիններիս իրավունքների ոտնահարման վտանգներով: Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվում է ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդների տևողությունների սահմանումը թողնել կողմերի հայեցողությանը` ի հակադրություն գործող իրավակարգավորման, որով ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդների նվազագույն տևողությունները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ: Արդյունքում, պետությունն ըստ էության հրաժարվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը գերազանցող պայմաններում աշխատողների, չնորմավորված աշխատանքային օրով աշխատողների համար հանգստի իրավունքը երաշխավորող նվազագույն պահանջները սահմանելու գործառույթից: Հաշվի առնելով ՀՀ-ում արձանագրվող գործազրկության ցուցանիշները, ակնհայտ է, որ վերոգրյալ կատեգորիաների աշխատողների համար երկարացված և լրացուցիչ արձակուրդների նվազագույն տևողությունները սահմանելու իրավունքը կողմերի հայեցողությանը թողնելը փաստացի հանգեցնելու է գործատուի հայեցողությամբ դրանք սահմանելու անսահմանափակ իրավունքին: Նախագծի 11-րդ և 12-րդ հոդվածներով առաջարկվում է կողմերի համաձայնությամբ սահմանել հավելման չափերը, որոնք ենթակա են վճարման աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը գերազանցող պայմաններում աշխատող աշխատողներին, ինչպես նաև արտաժամյա և գիշերային աշխատանք կատարող աշխատողներին: Մինչդեռ, գործող Աշխատանքային օրենսգրքով սահմանվում է ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ, ինչպես նաև արտաժամյա և գիշերային աշխատանք կատարելու համար վճարման ենթակա հավելման նվազագույն չափեր` բացառելով հավելման չափի որոշման բնագավառում գործատուի բացարձակ հայեցողությունը: Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող լուծումները գործնականում հանգեցնելու են աշխատողների աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի (ներառյալ` անվտանգության ապահովման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանները, հանգստի իրավունքը), աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքների կոպիտ ոտնահարմանը: