Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է գործատուների վարչական բեռը թեթևացնելու, գործատուի և վարձու աշխատողի միջև հարաբերությունների ազատականացման, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանների շուրջ պայմանավորվելու հնարավորության ստեղծման նպատակով։

  • Քննարկվել է

    13.06.2019 - 04.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Աշխատանք և զբաղվածություն, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14406

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

04.07.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը խիստ խնդրահարույց է աշխատողի իրավունքների պաշտպանության նվազագույն երաշխիքների ապահովման տեսանկյունից: Այսպես, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Գործատուի մոտ աշխատողի համար հասանելի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի առկայության դեպքում, գործատուի կողմից ներքին և անհատական իրավական ակտերին աշխատողի պատշաճ կարգով իրազեկում համարել նաև այդ համակարգով իրազեկումը: Միևնույն ժամանակ չի սահմանվում աշխատողի կողմից ծանուցումը ստանալու մասին էլեկտրոնային հավաստման պահանջ, հետևաբար, նախագծով ըստ էության սահմանվում է աշխատողի ծանուցված լինելու կանխավարկածը` անկախ աշխատողի կողմից իրականում ծանուցված լինելու հանգամանքից: Գտնում ենք, որ նման իրավակարգավորումը չի երաշխավորում աշխատողի իրավունքների լիարժեք իրականացման հնարավորությունը և վերջինիս իրավունքների խախտման դեպքում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է գործատուի պահանջով թույլատրելի համարել Աշխատանքային օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված բոլոր դեպքերում արտաժամյա աշխատանքի կատարումը: Մինչդեռ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը թույլատրելի է համարում գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքի կատարումը նաև այն դեպքում, երբ առկա է գործատուի պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտություն: Մեջբերված դրույթի ձևակերպումը հնարավորություն է տալիս գործատուին իր հայեցողությամբ գնահատելու համապատասխան աշխատանքի կատարման անհրաժեշտությունը և ըստ էության առանց որևէ սահմանափակման պահանջելու աշխատողից արտաժամյա աշխատանքի կատարում` պայմանավորելով այն «իր պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտությամբ»: Ելնելով վերոգրյալ դրույթի ձևակերպման անորոշությունից` գտնում ենք, որ 145-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքում արտաժամյա աշխատանքը կարող է կատարվել միայն կողմերի համաձայնությամբ: Հետևաբար, առաջարկվում է Օրենսգրքի 144-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Արտաժամյա աշխատանք կարող է կատարվել կողմերի համաձայնությամբ կամ սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված դեպքերում՝ գործատուի պահանջով: Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Աշխատանքային օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ի մասը, որով սահմանվում է արտաժամյա աշխատանքի կատարման առավելագույն ժամաքանակը իրար հաջորդող երկու օրվա, ինչպես նաև տարվա ընթացքում: Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունը չի բխում աշխատողի իրավունքների պաշտպանության համար նվազագույն երաշխիքների ապահովման պետության գործառույթից և հղի է գործնականում աշխատողներին արտաժամյա աշխատանքում ներգրավելու չարաշահման, վերջիններիս իրավունքների ոտնահարման վտանգներով: Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվում է ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդների տևողությունների սահմանումը թողնել կողմերի հայեցողությանը` ի հակադրություն գործող իրավակարգավորման, որով ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդների նվազագույն տևողությունները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ: Արդյունքում, պետությունն ըստ էության հրաժարվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը գերազանցող պայմաններում աշխատողների, չնորմավորված աշխատանքային օրով աշխատողների համար հանգստի իրավունքը երաշխավորող նվազագույն պահանջները սահմանելու գործառույթից: Հաշվի առնելով ՀՀ-ում արձանագրվող գործազրկության ցուցանիշները, ակնհայտ է, որ վերոգրյալ կատեգորիաների աշխատողների համար երկարացված և լրացուցիչ արձակուրդների նվազագույն տևողությունները սահմանելու իրավունքը կողմերի հայեցողությանը թողնելը փաստացի հանգեցնելու է գործատուի հայեցողությամբ դրանք սահմանելու անսահմանափակ իրավունքին: Նախագծի 11-րդ և 12-րդ հոդվածներով առաջարկվում է կողմերի համաձայնությամբ սահմանել հավելման չափերը, որոնք ենթակա են վճարման աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը գերազանցող պայմաններում աշխատող աշխատողներին, ինչպես նաև արտաժամյա և գիշերային աշխատանք կատարող աշխատողներին: Մինչդեռ, գործող Աշխատանքային օրենսգրքով սահմանվում է ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ, ինչպես նաև արտաժամյա և գիշերային աշխատանք կատարելու համար վճարման ենթակա հավելման նվազագույն չափեր` բացառելով հավելման չափի որոշման բնագավառում գործատուի բացարձակ հայեցողությունը: Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող լուծումները գործնականում հանգեցնելու են աշխատողների աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի (ներառյալ` անվտանգության ապահովման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանները, հանգստի իրավունքը), աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքների կոպիտ ոտնահարմանը:

Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական արհմիություն

04.07.2019

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2018թ. մարտի 23-ին քննարկվել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների միության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախագիծը արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից ենթարկվել է հիմնավորված քննադատության և Հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ չի ընդունվել: /Եռակողմ հանձնաժողովի նիստին մասնակցել է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչը:/ Այնուհետև՝ 2018թ. հունիսին, նույն նախագիծը քննարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ դարձյալ արժանանալով բացասական գնահատականի, քանի որ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսդրության մի շարք պահաջների: Ակնհայտ է, որ նախագիծը վատթարացնում է աշխատողի վիճակը և աջակցում է գործատուին, ավելի ուժեղացնելով նրան՝ որպես աշխատանքային հարաբերությունների կողմի: Մինչդեռ պետությունը, առանց խտրականության, պարտավոր է պահպանել կողմերի իրավահավասարության սկզբունքը և հնարավորինս աջակցել աշխատողին՝ որպես աշխատանքային հարաբերությունների թույլ կողմի: Օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված են արտաժամյա աշխատանքը թույլատրելու բացառիկ դեպքերը: Մեր գնահատմամբ այս հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերից բացի՝ մնացած 2-6 ենթակետերի դեպքերում գործատուն արտաժամյա աշխատանքի ներգրավելու համար պարտավոր է ստանալ աշխատողի գրավոր համաձայնությունը, մինչդեռ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արտաժամյա աշխատանքի ներգրավելու անհրաժեշտության դեպքում գործատուն այդ մասին ողջամիտ ժամկետներում տեղեկացնում է աշխատողին»: Իսկ եթե աշխատողը չի կատարում գործատուի պահանջը, կարող է ենթարկվել կարգապահական տույժի: Մեր կարծիքով՝ դա հարկադիր աշխատանքի կիրառում է և հակասում է Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1 մասի 2-րդ ենթակետին և ԱՄԿ-ի թ.29 կոնվենցիայի 2-րդ հոդվածին, համաձայն որի՝ «հարկադիր կամ պարտադիր աշխատանք եզրույթը նշանակում է որևէ պատժի սպառնալիքի տակ որևէ անձից պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:» Տվյալ պահանջից ելնելով՝ պետք է փոփոխություն կատարել 145-րդ հոդվածի 2-րդ մասում և խմբագրել այլ կերպ, oրինակ՝ «Սույն հոդվածի 1-ին մասի 2-6 ենթակետերի դեպքերում աշխատողին արտաժամյա աշխատանքի ներգրավելու համար անհրաժեշտ է աշխատողի գրավոր համաձայնությունը»: Օրենսգրքի 183-րդ, 184-րդ հոդվածների՝ նախագծով առաջարկված փոփոխությունները, փաստորեն, աշխատողին թողնում են առանց պետական նվազագույն երաշխիքի: Ակնհայտ է, որ աշխատողը չի կարողանալու գործատուի հետ վարել արդյունավետ բանակցություններ՝ արժանավայել հավելավճարի համար: Եվ, քանի որ հանրապետության ձեռնարկություններում /որոշ բացառություններով/ չի անցկացվել ըստ աշխատանքի պայմանների աշխատատեղերի պարտադիր ատեստավորում, աշխատողը նաև տեղեկացված չէ իր աշխատատեղում առկա վտանգների և իր առողջության համար վնասակար պայմանների ազդեցության հետևանքների մասին: Պետությունը պարտավոր է առանց խտրականության բոլոր աշխատողների /ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների աշխատողների/ համար սահմանել նվազագույն հավելավճարի շեմը, որից հետո աշխատողը, ելնելով իր որակավորումից և պահանջվածությունից, կարող է պահանջել ավելին: Ավելացնենք նաև, որ 2013թ.-ից դադարեցված է Աշխատանքի պետական տեսչության գործունեությունը և փաստացի չի իրականացվում պետական հսկողություն աշխատանքային օրենսդրության կիրառման նկատմամբ: Չի իրականացվում նաև հասարակական հսկողություն ձեռնարկությունների զգալի մասում արհեստակցական կազմակերպությունների բացակայության հետևանքով: Ուստի նման փոփոխությունների ընդունումը համարում ենք ժամանակավրեպ:

Աննա Բարիկյան

04.07.2019

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի այս նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռևս 2017 թվականին, որի վերաբերյալ շահագրգիռ կողմերի, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և այդ թվում Աշխատանքի միջազգային կազմակերպության գրասենյակի կողմից բազմաթիվ բացասական եզրակացություններ են հնչեցվել, որի արդյունքում 2018թ.-ին՝ հեղափոխությունից հետո, այդ նախագիծը մերժվեց և շրջանառությունից դուրս եկավ: Այժմ նորից անդրադառնալ նույն նախագծի որոշ հոդվածների գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա: Նախագծում մասնավորապես առաջարկված են հարցեր, որոնք աշխատողների միայն տնտեսական և սոցիալական վիճակը վաթարացնող միտում ունեն: Մասնավորապես նախագծով սահմանվում է, որ արտաժամյա աշխատանքը կարող է կատարվել կողմերի համաձայնությամբ կամ Աշխատանքային օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ գործատուի պահանջով: Արտաժամյա աշխատանքի տարեկան տևողությունը սահմանված է Աշխատանքային օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել: Նախ նշենք, որ օրենսգրքի 146-րդ հոդվածը ունի ընդհամենը մեկ մաս, եթե ուժը կորցրած է ճանաչվում, ապա հոդվածը ամբողջովին պետք է ուժը կորցրած ճանաչել: Ուժը կորցրած ճանաչելու դեպքում էլ վերանում է տարվա ընթացքում օրենքով նախատեսված գործատուի կողմից աշխատողի արտաժամյա աշխատանքին ներգրավելու աշխատաժամանակի տևողությունը, որի արդյունքում գործատուի համար հնարավորություն է ստեղծվում աշխատողին արտաժամյա աշխատանքի ներգրավելու անսահմանափակ տևողությամբ: Նախագծի 8-րդ հոդվածով սահմանվում է, որ ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդները միավորել Օրենսգրքի 160-րդ հոդվածում, իսկ 161-րդ հոդվածն էլ ուժը կորցրած ճանաչել: Այստեղ նախագծի հեղինակները հաշվի չեն առել, որ ամենամյա երկարացված արձակուրդը տրվում է հատուկ պայմաններում աշխատողներին, իսկ ամենամյա լրացուցիչ արձակուրդը՝ հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին: Այդ արձակուրդների իրավունք ունեցող աշխատողների ցանկերը մի դեպքում սահմանում է կառավարությունը (պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների աշխատողների համար), մյուս դեպքում՝ կողմերի համաձայնությամբ (մասնավոր հատվածում աշխատողների համար): Միաժամանակ նախագծով նախատեսվում է, որ պետական հատվածում աշխատողների ամենամյա արձակուրդների տևողությունը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից,իսկ մասնավոր հատվածում՝ կողմերի համաձայնությամբ: Սա պետք է դիտարկել պետական և մասնավոր հատվածների միջև խտրականության դրսևորում: Նախագծով նախատեսվում է նաև աշխատանքի ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատողների հավելաչափը հանրային բնագավառի աշխատողների համար սահմանում է ՀՀ կառավորությունը, իսկ մասնավոր հատվածի աշխատողների համար՝ կողմերի համաձայնությամբ և ամրագրվում է աշխատանքային և (կամ) կոլեկտիվ պայմանագրերում, որը ևս խտրականության դրսևորում է պետական և մասնավոր հատվածների աշխատողների միջև: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի իրավաբանական բաժնի իրավախորհրդատու

Տեսնել ավելին