Հիշել նախագիծը

«Տեղեկատվության ազատության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մաuին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված տարբերակ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը

  1. Սույն օրենքը սահմանում է տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման սկզբունքները, տեղեկությունների գրանցման, դասակարգման, հրապարակման, տրամադրման և դրանք ստանալու կարգը և պայմանները:
  2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, պետական հիմնարկների և կազմակերպությունների, համայնքային կազմակերպությունների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների և հանրային կազմակերպությունների վրա։

 

Հոդված 2. Տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը

  1. Տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և այլ նորմատիվ իրավական ակտերից:

 

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) տեղեկություն՝ անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (թղթային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ և այլն).

2) տեղեկություն տնօրինող՝ տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձինք, պետական հիմնարկներ և կազմակերպություններ, համայնքային կազմակերպություններ, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններ կամ հանրային կազմակերպություններ.

3) բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություն` ոչ պետական կամ ոչ համայնքային կազմակերպություն, որն ամբողջությամբ կամ մասնակի ֆինանսավորվում է պետական բյուջեից կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեից կամ պետական մարմնի արտաբյուջեից.

 4) հանրային կազմակերպություն՝ ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող կամ առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող կամ պետության կողմից պատվիրակված լիազորություններ իրականացնող ոչ պետական կազմակերպություններ.

5) հարցում՝ տեղեկություն փնտրելու կամ այն ստանալու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով տեղեկություն տնօրինողին ուղղված դիմում՝ ներկայացված գրավոր կամ բանավոր ձևով.

6) գրավոր հարցում՝ թղթային կամ էլեկտրոնային ձևով ներկայացված դիմում.

7) բանավոր հարցում՝ բանավոր ձևով ներկայացված դիմում.

8) հանրային տեղեկատվական հարթակ` պետության կողմից վարվող էլեկտրոնային միասնական կայք, որտեղ յուրաքանչյուր ոք սույն օրենքով սահմանված կարգով կարող է հարցումով դիմել պետական մարմիններին.

9) հրապարակում՝ տեղեկությունը մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, համացանցով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով հանրությանը տեղեկացնելը և մատչելի դարձնելը.

10) Տեղեկատվության ազատության խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ)՝ տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության հարցերով զբաղվող Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքներին պաշտպանին առընթեր Խորհուրդ:

 

Հոդված 4. Տեղեկատվության ազատության սկզբունքները

  1. Տեղեկություն տնօրինողն ապահովում է տեղեկատվության ազատության իրավունքի իրականացումը հրապարակայնության, հասանելիության, մատչելիության, ամբողջականության ու հավաստիության սկզբունքների հիման վրա:

 

Հոդված 5. Տեղեկությունների ռեեստրը

  1. Տեղեկություն տնօրինողը վարում է իր տնօրինության տակ գտնվող տեղեկությունների ռեեստրը:
  2. Տեղեկությունների ռեեստրը տվյալների բազա է, որը ներառում է՝

1) տեղեկություն տնօրինողի իրավասությունների շրջանակում գտնվող տեղեկությունների ցանկը.

2) տեղեկություն տնօրինողի կողմից պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը.

  1. Սույն հոդվածով նախատեսված տեղեկությունների ռեեստրի օրինակելի ձևը և դրա վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:
  2. Հանրապետական գործադիր մարմիններից բացի այլ մարմինները ինքնուրույն են սահմանում ռեեստրի ձևը և վարման կարգը՝ որպես նվազագույն պահանջներ դիտարկելով սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները:
  3. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված մարմինների կողմից որոշում չընդունելու դեպքում, կիրառելի է սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված որոշումը։

 

Հոդված 6. Տեղեկատվության ազատության իրավունքի իրականացումը

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող ֆիզիկական անձինք, անկախ կազմակերպաիրավական ձևից` Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, որոնք հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում` բացառությամբ 100 տոկոս պետական մասնակցությամբ կազմակերպությունների, իրավունք ունեն ծանոթանալու իրենց փնտրած տեղեկությանը կամ այն ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։
  2. Օտարերկրյա անձինք սույն օրենքով նախատեսված իրավունքներից և ազատություններից կարող են օգտվել կապված Հայաստանի Հանրապետությունում իրենց իրավունքների և պարտականությունների հետ, ինչպես նաև միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում:
  3. Տեղեկատվությանազատության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված նպատակներով:

 

Հոդված 7. Պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները

  1. 1. Եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կամ օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա տեղեկություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է (այդ թվում իր պաշտոնական կայքում) իր գործունեությանն առնչվող հետևյալտեղեկությունները և դրանցում կատարված փոփոխությունները.

1) հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները և ծառայությունները, դրանց գները (սակագները).

2) տեղեկություն տնօրինողի գործունեությանը վերաբերող իրավական ակտերը.

3) իր բյուջեն,  բյուջեի նախագիծը, բյուջեի կատարման հաշվետվությունը, աուդիտի հաշվետվությունները.

4) գործունեության ծրագրերը և դրանց կատարման հաշվետվությունը.

5) շրջակա միջավայրի վրա ներգործությունը.

6) գրավոր հարցումների ձևերը և դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները.

7) տեղեկություն տնօրինողի կառուցվածքը, հաստիքացուցակները (ներառյալ աշխատավարձի չափը), «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված, ինչպես նաև քաղաքացիական աշխատանք կատարող անձանց անունները, ազգանունները, պաշտոնը, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց համառոտ կենսագրությունը (ներառյալ՝ կրթությունը և մասնագիտությունը) և աշխատանքի նկարագրությունը.

8) աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը.

9) քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը և վայրը.

10) տեղեկություն տնօրինողի կողմից իրականացվող գնումներին վերաբերող տեղեկություններ, առնվազն՝ ընթացակարգի, ընտրության չափանիշների, մրցույթի արդյունքների, ստորագրված պայմանագրերի և կատարողական հաշվետվությունների մասին.

11) սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված ռեեստրը.

12) ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերի մասին ամփոփ վիճակագրական տվյալները.

13) տեղեկություն տնօրինող և տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները (պաշտոնական հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն):

  1. 2. Տեղեկություն տնօրինողն անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձևով (այդ թվում իր պաշտոնական կայքում) հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը։
  2. 3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկություններում կատարված փոփոխությունները հրապարակվում են դրանք կատարվելուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում։
  3. Հանրային կազմակերպությունները կարող են չհրապարակել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 7-րդ կետերում սահմանված տեղեկությունները և դրանց փոփոխությունները։

 

          Հոդված 8. Տեղեկություն ստանալու կարգը

  1. Տեղեկություն փնտրելու կամ ստանալու նպատակով տեղեկություն տնօրինողին կարող է ներկայացվել գրավոր կամ բանավոր հարցում:
  2. Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը:
  3. Բանավոր հարցումը ներկայացվում է տեղեկություն տնօրինողի պաշտոնատար անձին կամ աշխատակցին` պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ:
  4. Բանավոր հարցմամբ դիմողը նախապես հայտնում է իր անունը և ազգանունը։
  5. Հարցումն էլեկտրոնային փոստով ներկայացվում է տեղեկություն տնօրինողի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով կամ հանրային տեղեկատվական հարթակի միջոցով: Հանրային տեղեկատվական հարթակի շահագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  6. Գրավոր հարցումները գրանցվում են ստացման օրը՝ տվյալ մարմնի ներքին գործավարության կարգին համապատասխան:
  7. 7. Գրավոր հարցումը պարունակում է`

1) դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը,

2) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը) կամ այն հասցեն (այդ թվում` էլեկտրոնային), որով դիմողը պահանջում է ստանալ պատասխանը:

  1. 8. Անձի՝ իր մասին տեղեկություն ստանալու հարցման առանձնահատկությունները կարգավորվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 9. Տեղեկությունների տրամադրման պայմանները

  1. Տեղեկություն տնօրինողի կողմից տեղեկության տրամադրումն իրականացվում է անվճար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Դիմողը պետք է հատուցի միայն տեղեկության վերարտադրման և առաքման իրական ծախսերը:  Տեղեկության վերարտադրման և առաքման ծախսերի  հատուցման կարգը և առավելագույն չափը սահմանում է Հայաստանի  Հանրապետության կառավարությունը: Տեղեկության վերարտադրման ծախսերը ենթակա չեն հատուցման հետևյալ դեպքերում.

1) բանավոր հարցումներին պատասխանելիս.

2) մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս.

3) տեղեկությունն էլեկտրոնային փոստով տրամադրելիս.

4) սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված դեպքերում տեղեկության հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի, ինչպես նաև տեղեկության տրամադրման ժամկետի փոփոխման մասին տեղեկություններ տրամադրելիս.

5) սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկություններ տրամադրելիս.

6) տեղեկության տրամադրումը մերժելիս։

  1. 2. Հանրային կազմակերպություններն ինքնուրույն են որոշում տեղեկությունների տրամադրման համար գանձվող գումարի չափը, որը չի կարող գերազանցել այդ տեղեկության վերարտադրման ծախսերը։
  2. 3. Ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած տեղեկություն տնօրինողը պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով անվճար տրամադրել ճշգրտված տվյալներով տեղեկություն:

 

Հոդված 10. Պատասխանին ներկայացվող պահանջները

  1. Հարցման պատասխանը պետք է լինի հավաստի և լրիվ` պարունակելով բոլոր առաջադրված հարցերի հիմնավոր պատասխանները: Դիմողի կողմից մեկից ավելի հարցերի առաջադրման դեպքում հերթական համարակալման միջոցով տրամադրվում է բոլոր հարցերի հավաստի և լրիվ պատասխանները:
  2. 2. Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում։
  3. 3. Բանավոր հարցման պատասխանը տրվում է, եթե՝

1) տեղեկությունը վերաբերում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերին.

2) տեղեկությունը վերաբերում է տեղեկություն տնօրինողի հետ կապի միջոցներին, համապատասխան բնագավառի համար պատասխանատու անձի տվյալներին.

3) հարցումը վերաբերում է տեղեկություն տնօրինողի մոտ համապատասխան տեղեկության առկայությանը.

4) տեղեկությամբ պարզաբանվում է տեղեկություն տնօրինողի կողմից քաղաքացիների ընդունելության կարգն ու պայմանները, ինչպես նաև տեղեկություն տնօրինողին գրավոր հարցում ներկայացնելու կարգը:

  1. 4. Բանավոր հարցում ստացած անձը կարող է հետաձգել պատասխանի տրամադրումը կամ ուղղորդել այլ իրավասու անձի, եթե տվյալ պահին պատասխանելը խոչընդոտում է նրա հիմնական պարտականությունների կատարմանը՝ բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի: Բանավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե այն դուրս է տեղեկատվություն տնօրինողի իրավասության շրջանակներից կամ չի համապատասխանում սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
  2. 5. Եթե բանավոր հարցմանը հնարավոր չէ բանավոր պատասխանել, ապա տեղեկություն տնօրինողը հայտնում է բանավոր չպատասխանելու պատճառը և առաջարկում է դիմել գրավոր հարցումով։
  3. 6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական կառավարման մարմինների համար կարող են սահմանվել բանավոր հարցմանը պատասխանելու՝ սույն օրենքին չհակասող այլ պայմաններ:
  4. 7. Գրավոր հարցման պատասխանը պարունակում է.

1) տեղեկություն տնօրինողի անվանումը,

2) հարցմանը պատասխանող անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, ծառայողական հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,

3) հարցումը ստանալու (գրանցելու) ամսաթիվը, պատասխանի ամսաթիվը և համարը,

4) կցվող նյութի անվանումը և թերթերի քանակը (առկայության դեպքում), իսկ էլեկտրոնային տարբերակով պատասխանի դեպքում` նիշքի (ֆայլի) անվանումը,

5) ստորագրությունը (այդ թվում՝ էլեկտրոնային ստորագրությունը)։

  1. 8. Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.

1) եթե հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

2) եթե հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա այն  դիմողին է տրվում հարցումը ստանալուց հետո՝ առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել վճարում, ապա տեղեկություն տնօրինողը տեղեկությունը պատրաստ լինելուց հետո, բայց ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո չորս աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է դիմողին` նշելով վճարման չափը:

3) եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ առավելագույնը քսանհինգ աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Վճարման անհրաժեշտության դեպքում տեղեկությունը պատրաստ լինելուց հետո, բայց ոչ ուշ, քան վերջնական ժամկետը լրանալուց մեկ աշխատանքային օր առաջ դրա մասին տեղեկություն տնօրինողը գրավոր տեղեկացնում է դիմողին` նշելով վճարման ենթակա գումարի չափը: Որպես տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ լրացուցիչ աշխատանք է դիտվում տեղեկության արդիականությունը ճշտելու, վերլուծություն կատարելու, տեղեկություն տնօրինողի ստորաբաժանումներից տեղեկությունը հավաքելու անհրաժեշտությունը:

  1. Տեղեկությունը դիմողին տրամադրվում է վճարման անդորրագիրը կամ վճարումը հավաստող այլ փաստաթուղթ ներկայացվելուց կամ վճարման փաստն այլ կերպ հաստատվելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե տեղեկության մի մասը ենթակա է տրամադրման առանց վճարի, ապա այդ մասով տեղեկությունը տրամադրվում է վճարման անհրաժեշտության մասին դիմողին տեղեկացնելու հետ միաժամանակ:
  2. 10. Գրավոր հարցման պատասխանը տրվում է հարցման մեջ նշված նյութական կրիչով։ Եթե նյութական կրիչը նշված չէ կամ անհնար է պահանջվող տեղեկության նյութական կրիչից կրկնօրինակում (պատճենահանում) կատարել հարցման մեջ նշված նյութական կրիչին, ապա հարցման պատասխանը տրվում է էլեկտրոնային եղանակով կամ տեղեկությունը տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով։
  3. 11. Եթե հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա տեղեկատվություն տնօրինողի և դիմողի փոխադարձ համաձայնությամբ դիմողը կարող է տեղում ծանոթանալ տեղեկությանը՝ հետ վերցնելով իր գրավոր հարցումը: Գրավոր հարցումը հետ վերցնելու դեպքում դրան պատասխան չի տրամադրվում:
  4. 12. Եթե տեղեկություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա հարցումն ստանալուց հետո՝ առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմողին, իսկ հարցումը վերահասցեագրում է այն տեղեկությունը տնօրինողին, որն ունի փնտրվող տեղեկությունը (իրավասու է տրամադրել փնտրվող տեղեկությունը):
  5. 13. Եթե տեղեկություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա հարցումն ստանալուց հետո՝ առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ մնացած մասով հարցումը վերահասցեագրում է այն տեղեկությունը տնօրինողին, որն ունի փնտրվող տեղեկությանը վերաբերող մյուս տվյալները` այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

 

Հոդված 11. Հարցումն առանց պատասխան թողնելը

  1. 1. Հարցումն առանց պատասխան է թողնվում, եթե՝

1) հարցումը չի համապատասխանում սույն  օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասում նշված պահանջներին.

2) սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում տեղեկացվելուց հետո` քսան աշխատանքային օրվա ընթացքում տեղեկության տրամադրման համար անհրաժեշտ վճարումը չի կատարվել.

3) դա նույն անձի կողմից նույն տեղեկությունն ստանալու պահանջով վերջին վեց ամսվա ընթացքում կրկին ներկայացված նույնաբովանդակ դիմումն է, որին արդեն պատասխանվել է, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։

 

Հոդված 12. Տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերը և կարգը

  1. Տեղեկություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝

1) պարունակում է օրենքով սահմանված պետական, ծառայողական, բանկային, առևտրային կամ այլ գաղտնիք.

2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի  գաղտնիությունը.

3) պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները.

4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք և այլն).

5) խախտում է մտավոր սեփականության իրավունքները.

  1. Տեղեկություն տնօրինողը կարող է մերժել տեղեկության տրամադրումը օրենքով նախատեսված այլ դեպքերում:
  2. Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկությունը տրամադրվում է մնացած մասի վերաբերյալ:
  3. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում տեղեկությունը (տրամադրման ենթակա փաստաթուղթը) պետք է տրամադրվի մերժման ենթակա տեղեկություններն անընթեռնելի դարձնելու (ծածկելու, սևացնելու կամ ջնջելու) միջոցով` չխմբագրելով տեղեկության (փաստաթղթի) մնացած մասը: Եթե տեղեկություն տնօրինողի կողմից տրամադրվող տեղեկության նշանակալի (15 և ավելի տոկոս) մասը պետք է անընթեռնելի դարձվի, ապա տեղեկությունը կարող է տրամադրվել թույլատրելի էջերի կամ քաղվածքի տեսքով:
  4. 5. Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե տեղեկությունը չհրապարակելը տվյալ իրավիճակում ավելի մեծ վնաս կհասցնի հանրային շահին, քան հրապարակելը, այդ թվում՝

1) վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող դեպքերին, ինչպես նաև տարերային (ներառյալ՝ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետևանքներին.

2) կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը.

3) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը.

4) չտրամադրելը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա:

  1. 6. Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկություն տնօրինող հարցումն ստանալուց հետո` առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր հայտնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքը, օրենքի համապատասխան նորմը, ինչպես նաև մերժման բողոքարկման կարգը։
  2. Տեղեկություն տնօրինողի պաշտոնատար անձը կամ աշխատակիցը մերժում է բանավոր հարցմամբ տեղեկությունը տրամադրելը, եթե հարցմանը պատասխանելը տեղեկություն տնօրինողի իրավասության շրջանակներից դուրս է կամ հարցումը չի համապատասխանում 8-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կամ 10-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված պահանջներին:

 

Հոդված 13. Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձը

  1. Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձը տեղեկություն տնօրինողի աշխատակազմի ղեկավարն է, իսկ այդպիսին չլինելու դեպքում ՝ տեղեկություն տնօրինողի ղեկավարը։
  2. Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձն օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում և վերահսկում է հարցմամբ պահանջվող տեղեկությունների տրամադրումը կամ դրանց մերժումը, այդ թվում՝

1) տեղեկություն փնտրողին մատչելի ձևով տեղեկության տրամադրման կարգը և պայմանները բացատրելը, անհրաժեշտության դեպքում պարզաբանում և խորհրդատվություն տալը.

2) գրավոր հարցման ձևակերպմանը օժանդակելը, իսկ հնարավորության դեպքում նաև գրավոր հարցում կազմելը.

3) ստացված հարցումների վիճակագրական և ամփոփ տվյալների մշակումը։

  1. Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձի մանրամասն պարտականությունները նշվում են վերջինիս՝ որպես տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձ նշանակելու մասին համապատասխան իրավական ակտում կամ պարտականությունները սահմանող այլ իրավական ակտում:

Հոդված 14. Տեղեկատվության ազատության խորհուրդը

  1. Խորհուրդը`

1) ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված տեղեկատվության ազատությանը վերաբերող հարցերով ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքները.

2) բողոքին առնչվող հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին ներկայացնում է առաջարկություն՝

ա. իրենց գործունեության ընթացքում սույն օրենքի պահանջները խախտած տեղեկատվություն տնօրինողներին խախտումը վերացնելու, սույն օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների մատչելիությունը և հրապարակայնությունը ապահովելու, օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տեղեկություն տնօրինողից փնտրվող տեղեկությունը տրամադրելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար համապատասխան մարմիններին միջնորդությամբ դիմելու վերաբերյալ.

բ. իրավապահ մարմիններին հանցագործության տարրեր պարունակող գործողությունների մասին տեղեկացնելու վերաբերյալ.

գ. տեղեկատվության ազատության չափանիշներին գործող օրենսդրության համապատասխանությանը հետևելու վերաբերյալ.

դ. տեղեկատվության ազատության օրենսդրությունում համապատասխան փոփոխություններ մտցնելու առաջարկությամբ հանդես գալու վերաբերյալ.

ե. տվյալ ոլորտում օրենսդրության իրականացման մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու վերաբերյալ.

3) տեղեկություն տնօրինողի կողմից սույն օրենքի պահանջների խախտման վերաբերյալ դեպքերի ուսումնասիրության արդյունքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին տալիս է եզրակացություն օրենքի խախտման կամ խախտման բացակայության մասին.

4) տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի միջոցով ներկայացնում է հրապարակային հաշվետվություն՝ տեղեկատվության ազատության բնագավառում առկա իրավիճակի և նախորդ տարվա գործունեության վերաբերյալ.

5) կատարում է հետազոտություններ, կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ և կրթական ծրագրեր, տրամադրում է տեղեկատվության ազատության իրավունքի իրացման վերաբերյալ խորհրդատվություն, տեղեկացնում է տեղեկատվության ազատության իրավունքի վերաբերյալ լավագույն փորձի մասին.

6) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 15. Պատասխանատվությունը տեղեկատվության ազատության խախտման համար

  1. Բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելը, տեղեկությունները թաքցնելը կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելը, ինչպես նաև սույն օրենքի պահանջների այլ խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
  2. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկության հրապարակումը չի կարող առաջացնել պատասխանատվություն։

 

Հոդված 16. Անցումային և եզրափակիչ դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
  2. Սույն օրենքի 5-րդ հոդվածը, 7-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 11-րդ մասը, 13-րդ հոդվածը և 14-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո։
  3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-11-Ն օրենքը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մասով.

«5. Պաշտպանին առընթեր գործում է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Տեղեկատվության ազատության խորհուրդը, որը քննում է Պաշտպանին ուղղված՝ տեղեկատվության ազատությանը վերաբերող հարցերով ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումները և իրականացնում նշված օրենքով սահմանված գործառույթները: Տեղեկատվության ազատության խորհրդի գործունեության կարգը և խորհրդի անդամի վարքագծի կանոնները հաստատում է Պաշտպանը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Հոդված 1. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մայիսի 18-ի օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հարցմանը կցվում է տվյալների սուբյեկտի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի դեպքում՝ նաև ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը».

2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ կետով.

«5.1) իր կամ իր խնամարկյալի, հոգաբարձության տակ գտնվողի, մերձավոր ազգականների գույքի, իրավունքների, ազատությունների, պարտականությունների, իրավունքների սահմանափակումների կամ պատասխանատվության վերաբերյալ:»:

 

          Հոդված 2 Օրենքն 15-րդ հոդվածի 6-րդ մասում, 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերում, 20-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում «տեղեկատվություն» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «տեղեկություն» բառով:

 

          Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 1897-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

          «Հոդված 1897. Տեղեկություն տալու կամ հրապարակելու պարտականությունը չկատարելը

  1. Օրենքով նախատեսված տեղեկությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, պետական հիմնարկների և կազմակերպությունների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների և հանրային կազմակերպությունների կողմից ապօրինաբար չտրամադրելը, թաքցնելը կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

  1. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

  1. Օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, պետական հիմնարկների և կազմակերպությունների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների և հանրային կազմակերպությունների կողմից չհրապարակելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

  1. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածով նախատեսված արարքների համար պատասխանատվությունը կրում է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձը, եթե չի ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:»:

 

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  պահից վեց ամիս հետո:

 

 

  

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 75-րդ հոդվածի 5-րդ մասում «8-րդ հոդվածի 3-րդ» բառերը փոխարինել «12-րդ հոդվածի 5-րդ» բառերով:

 

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    31.03.2017 - 30.04.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 20684

Տպել

Առաջարկներ`

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն

05.05.2017

5. ՏԱ խորհուրդը, որն ամրագրված է Նախագծի 14-րդ հոդվածում, չի համապատասխանում ՏԱ լիազոր մարմնի միջազգայնորեն ընդունված մոդելին եւ դրա լիազորություններն չեն բավարարում այն պահանջներին, որոնք անհրաժեշտ են ՏԱ լիազոր մարմնին բնորոշ գործառույթները պատշաճ իրականացնելու համար: Մասնավորապես, ՏԱ լիազոր մարմինների ինստիտուտի միջազգային փորձը վկայում է, որ տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության լավագույն երաշխիքը տեղեկատվության ազատության լիազոր մարմինն է, որը սովորաբար կոչվում է հանձնակատար: Տեղեկատվության ազատության բողոքներն ուսումնասիրելու նպատակով հատուկ նման մարմիններ են ստեղծվել եվրամիության 17 երկրներում (այդ թվում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Հունգարիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Սլովենիա, Էստոնիա, Իտալիայում եւ այլն): ՏԱ հանձնակատարներն են գործում նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, Նոր Զելանդիայում, Հնդկաստանում, եւ այլուր։ ՏԱ հանձնակատարի հիմնական նպատակներն են ՏԱ օրենսդրության կիրառումը, Աջակցել վարչական մարմիններին ճիշտ կիրառել ՏԱ օրենսդրությունը, ՏԱ խախտումների բողոքարկումը: Հանձնակատարը արտադատական կարգով լուծում է տեղեկատվության ազատության ոլորտում առաջացած վեճերը։ Բացի վերոնշյալը՝ գտնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը գործող օրենսդրությամբ արդեն իսկ կարող է ՏԱ ոլորտում իր լիազորությունները պատշաճ կատարել, ինչը չի արել կամ անում մինչ այժմ թերեւս այլ իրավունքների պաշտպանությամբ ծանրաբեռնված լինելու պատճառով: Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները համադրելի չեն միջազգային լավագույն փորձից բխող ՏԱ հանձնակատարի գործառույթներին, մյուս կողմից, ՏԱ հայաստանյան պրակտիկան վկայում է, որ անգամ իր լիազորությունների շրջանակում ՄԻՊ-ը օրենքի կիրարկման 14 տարիների ընթացքում չի հանդիսացել ՏԱ իրավունքի պաշտպանության արդյունավետ ատյան: Վերոնշյալը հաշվի առնելով՝ գտնում ենք, որ ՏԱ լիազոր մարմինը պետք է ստեղծվի ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածի հիմքով՝ որպես ինքնավար մարմին:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն

05.05.2017

4. Տեղեկությունը շատ արագ հնացող եւ արդիականությունը կորցնող է: Դրանով է պայմանավորված, որ տեղեկություն տրամադրելու համար սահմանված են սեղմ ժամկետներ: Միաժամանակ, տեղեկություներ տրամադրելու պահանջով դատարան դիմելու դեպքում դատական գործերը կարող են տեւել մինչեւ հինգ տարի (ԻԱԿ-ի դատական գործերի նախադեպերը), այնինչ այդքան ժամանակ անց տեղեկությունն այլեւս դիմողին անհրաժեշտ չի լինում: ՏԱ վերաբերյալ գործերը պետք է քննվեն հնարավորինս սեղմ ժամկետում: Հետեւաբար առաջարկում ենք նախատեսել ՏԱ վերաբերյալ գործերով արագացված դատաքննության կամ գործերը սեղմ ժամկետում քննելու այլ մեխանիզմ:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն

05.05.2017

3. Նախագծի 9-րդ հոդվածը սահմանում է, որ «Բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելը, տեղեկությունները թաքցնելը կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելը, ինչպես նաև սույն օրենքի պահանջների այլ խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:»: ՏԱ մասին ՀՀ օրենքի խախտման համար պատասխանատվությունը նախատեսված է ՎԻՎՈ 189.7-րդ հոդվածով, սակայն նախատեսված չեն արդյունավետ մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվություն կիրառելու համար: Մասնավորապես, ինչպես նախկինում, այժմ էլ վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասությունը թողնած է դատարաններին, այնինչ ՏԱ օրենքի կիրառման պրակտիկան վկայում է, որ դատարանների կողմից ՏԱ իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության միջոցներ որպես կանոն չեն կիրառվում: Օրենքի գործողության 14 տարիների ընթացքում միայն երկու դեպքում է կիրառվել վարչական պատասխանատվություն, ընդ որում, հանրային պաշտոնյայի նկատմամբ՝ 1 դեպքում (Ելփինի գյուղապետի նկատմամբ): Մի կողմից, վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ պահանջները արգելքի են հանդիպում հայցի ընդունելության փուլում (օրինակ, ԻԱԿ-ն ըննդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության վարչական դատական գործով), մյուս կողմից, վարչական պատասխանատվությունը կապված է պահանջված տեղեկությունը չտրամադրելու հետ, այնինչ դատական գործընթացները երկարատեւ են եւ դրանց ընթացքում տեղեկություն տնօրինողը որպես կանոն տրամադրում է անհրաժեշտ տեղեկությունը, հայցի պահանջը դառնում է առարկայազուրկ եւ գործը կարճվում: Գտնում ենք, որ վարչական պատասխանատվության հարցը լուծելու արդյունավետ մեխանիզմ կլինի վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասությունը ՏԱ լիազոր մարմնին վերապահելը: Արդյունքում, վարչական պատասխանատվության հարցը կազատվի դատավարական կանոնների ծանրաբեռնվածությունից, կկիրառվի վարչարարության եւ վարչական վարույթի կանոններով, ինչպես նաեւ վարչական պատասխանատվության հարցը կլուծվի ավելի սեղմ ժամկետում (քան տարիներ տեւող դատական գործերի դեպքում), ինչի արդյունքում արդյունավետ մեխանիզմ կդառնա ՏԱ իրավունքի խախտումները կանխելու համար:

Տեսնել ավելին