Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՖՈՆԴԻՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«____»____________2019 թ. N____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՖՈՆԴԻՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Oրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետը և  «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 24-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ սույն որոշման դրույթները չեն տարածվում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պարգևատրման ֆոնդից, համապատասխան մարմնի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից, աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից, և օրենքով չարգելված այլ աղբյուրներից տրվող պարգևատրման հետ կապված հարաբերությունների վրա, ինչպես նաև աշխատանքների փորձարարական կազմակերպման ծրագիր իրականացնող ստորաբաժանման (ստորաբաժանումների) քաղաքացիական ծառայողների վրա:
  3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո պետական մարմիններում գործող պարգևատրման կարգերը համապատասխանեցվում են սույն որոշման պահանջներին:
  4. Սույն որոշման դրույթները չեն տարածվում Ազգային անվտանգության ծառայությունում պարգևատրման հետ կապված հարաբերությունների վրա:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

«_____» __________ N ___Ն որոշման

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՖՈՆԴԻՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ

 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից, ինչպես նաև համապատասխան պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի համար նախատեսված բյուջետային միջոցներն արդյունավետ, օգտավետ և (կամ) խնայողաբար կառավարելու արդյունքում առաջացող տնտեսումն աշխատողների պարգևատրման ուղղելու դեպքում՝ այդ միջոցներից պետական մարմիններում քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պարգևատրման միասնական կարգը և պայմանները:
  2. Սույն կարգով նախատեսված պարգևատրումները տրվում են`

1) սույն կարգի 1-ին կետում նշված անձանց՝ որակյալ աշխատանքի համար՝ պարգևատրման ցուցիչների հիման վրա .

2) փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողին՝ համակարգման ամիսների ընթացքում կատարած աշխատանքների համար.

3) անընդմեջ երկու ամիս և ավելի ժամկետով բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար: 

  1. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված պայմանների առկայության դեպքում, յուրաքանչյուր պայմանի համար պարգևատրումը հաշվարկվում է առանձին:    4. Սույն կարգով նախատեսված պարգևատրումները տրվում են օրենսդրությամբ համապատասխան լիազորություններ ունեցող պաշտոնատար անձի անհատական իրավական ակտի հիման վրա, բացառությամբ սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերի:
  2. Պետական մարմնի ղեկավարի, պետական մարմնի գլխավոր քարտուղարի, պարգևատրումը տրվում է համապատասխան մարմնի ղեկավարի անհատական իրավական ակտի հիման վրա: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարգևատրումը տրվում է վարչապետի, Սահմանադրական դատարանի անդամների պարգևատրումը՝ Սահմանադրական դատարանի նախագահի, իսկ դատական դեպարտամենտի ղեկավարի պարգևատրումը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի անհատական իրավական ակտերի հիման վրա։
  3. Դատավորների պարգևատրման չափը որոշվում է տվյալ ամսվա համար բարձրագույն դատական խորհրդի անդամների պարգևատրման համար կիրառված տոկոսաչափերի միջինով:

 

  1. ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ՝ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
  2. Համապատասխան մարմնի (բացառությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովի աշխատակազմի և վարչապետի աշխատակազմի, անկախ և ինքնավար մարմինների) ղեկավարի անհատական իրավական ակտով սահմանվում են քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական, պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք կատարող անձանց (այսուհետ՝ աշխատող) պարգևատրման ցուցիչները: Հանրապետության նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում և վարչապետի աշխատակազմում աշխատողների պարգևատրման ցուցիչները հաստատում է համապատասխան աշխատակազմի ղեկավարը: Անկախ և ինքնավար մարմիններում համապատասխան հանձնաժողովի կամ խորհրդի կամ պալատի անդամների պարգևատրման ցուցիչները հաստատվում են կոլեգիալության սկզբունքով, իսկ այդ մարմիններում մյուս աշխատողների պարգևատրման ցուցիչները հաստատվում են համապատասխան մարմնի ղեկավարի անհատական իրավական ակտով: Սահմանադրական դատարանի անդամների պարգևատրման ցուցիչները հաստատվում են աշխատակարգային որոշմամբ, իսկ աշխատակազմի աշխատողների պարգևատրման ցուցիչները հաստատվում են Սահմանադրական դատարանի նախագահի անհատական իրավական ակտով:
  3. Պարգևատրման ամսական ցուցիչները կարող են սահմանվել տարվա կամ կիսամյակի կամ եռամսյակի պարբերականությամբ: Պարգևատրման ցուցիչները սահմանվում են ըստ աշխատանքի ակնկալվող արդյունքի մակարդակի: Պարգևատրման ցուցիչների վերաբերյալ անհատական իրավական ակտը ծանուցվում է բոլոր աշխատողներին՝ հաշվի առնելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված առանձնահատկությունները:
  4. Մարմնի ղեկավարի համար պարգևատրման ցուցիչներ չեն սահմանվում: Մարմնի ղեկավարը պարգևատրվում է, եթե տվյալ մարմնում աշխատանքի ակնկալվող արդյունքի նվազագույն մակարդակից ցածր արդյունք ունեցող աշխատողների թիվը չի գերազանցում հաշվետու ամսվա ընթացքում փաստացի աշխատած աշխատողների ընդհանուր թվի 10 տոկոսը:
  5. Պարգևատրման ցուցիչը (ցուցանիշը) այն նպատակային արդյունքն է, որն ակնկալվում է ստանալ համապատասխան աշխատողի կողմից կատարվող աշխատանքից: Պարգևատրման ցուցիչները պետք է սահմանվեն հաշվի առնելով աշխատողի կողմից կատարվող աշխատանքների բնույթը և բովանդակությունը: Պարգևատրման ցուցիչները պետք է լինեն հստակ և չափելի և յուրաքանչյուր աշխատողի աշխատանքից ակնկալվող արդյունքից կախված կարող են ունենալ տարբեր չափման միավորներ:
  6. Աշխատողների համար սահմանված պարգևատրման ցուցիչները պետք է կապված լինեն օրենքով կամ այլ իրավական ակտով համապատասխան աշխատողի լիազորությունների և (կամ) գործառույթների շրջանակում իրականացվող աշխատանքների նպատակների հետ և բնութագրվեն այդ աշխատանքների յուրաքանչյուր ամսվա ակնկալվող արդյունքներով:
  7. Աշխատողի պարգևատրման չափը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ տոկոսային արտահայտությամբ: Աշխատողի պարգևատրման չափը պետք է արտահայտվի աշխատանքից ակնկալվող և փաստացի ձեռք բերված արդյունքով:
  8. Համապատասխան մարմնում պարգևատրման առավելագույն չափը հաստատում է մարմնի ղեկավարը, որը չի կարող գերազանցել աշխատողի պաշտոնային դրույքաչափի 200 տոկոսը:
  9. Տվյալ ամսվա ընթացքում աշխատողի կատարած աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքները գնահատում է անմիջական ղեկավարը և ներկայացնում է աշխատողին պարգևատրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
  10. Աշխատողը չի պարգևատրվում, եթե աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքի մակարդակը ցածր է աշխատանքի ակնկալվող արդյունքի մակարդակից։ Այս դեպքում աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքը համարվում է բացասական:
  11. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնողին սույն կարգով նախատեսված պարգևատրումը չի վճարվում այն ամիսների համար, որի ընթացքում նա պարգևատրվել է Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշմանը համապատասխան:
  12. Կարգապահական տույժի ենթարկված աշխատողները ենթակա չեն պարգևատրման կարգապահական տույժը ստանալու օրվանից սկսած 3 ամսվա ընթացքում:
  13. Աշխատողը պարգևատրվում է, եթե հաշվետու ժամանակահատվածում փաստացի աշխատել է տվյալ ամսվա աշխատանքային օրերի առնվազն երկու երրորդը:
  14. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձի պարգևատրման ցուցիչները սահմանում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը՝ հաշվի առնելով աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետներն ու որակը:
  15. Պարգևատրման ցուցիչների հիման վրա պարգևատրումները տրվում են ամսական պարբերականությամբ:

 

  1. ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ ԿԱՄ ՓՈՐՁՆԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ

 

  1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողը համակարգման ժամանակահատվածում կատարած աշխատանքների համար պարգևատրվում է աշխատանքների ավարտից հետո՝ համակարգողին տրված գնահատականի հիման վրա:
  2. Փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողի պարգևատրման չափը որոշվում է հետևյալ բանաձևով.

ՊՉ = պաշտոնային դրույքաչափ * 15% * n * գործակից,

որտեղ ՊՉ-ն պարգևատրման չափն է, n-ը՝ փորձաշրջանի կամ փորձնակի աշխատանքների համակարգման ժամանակահատվածն ընդգրկող ամիսների թիվը, գործակիցը որոշվում է փորձաշրջան անցած քաղաքացիական ծառայողի կամ փորձնակի կողմից համապատասխան համակարգողի գնահատման համար լրացված թերթիկի արդյունքների հիման վրա, իսկ դրա բացակայության դեպքում՝ սույն կարգի 23-րդ կետով սահմանված հաստատուն միավորով։

  1. Գնահատման թերթիկի առկայության դեպքում գործակիցը որոշելու համար հաշվարկվում է գնահատման թերթիկում «գերազանց», «լավ», «բավարար» և «անբավարար» գնահատված չափորոշիչների քանակը, և գնահատականներից յուրաքանչյուրի քանակը բազմապատկվում է աղյուսակ 1-ում նշված համապատասխան միավորով, այնուհետև ստացված արտադրյալների գումարը բաժանվում է չափորոշիչների ընդհանուր քանակին։ Փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգողի գնահատման թերթիկի բացակայության դեպքում գործակիցը ընդունվում է 0.75 միավոր:

                                                      

                                                                                         Աղյուսակ 1.

Գնահատման թերթիկում չափորոշիչների գնահատականները

 Միավոր

գերազանց

1.25

լավ

1

բավարար

0.75

անբավարար

0.25

 

  1. ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ

 

  1. Երկու ամիս և ավելի ժամկետով բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար, աշխատանքի փաստացի ձեռք բերված դրական արդյունքի դեպքում փոխարինող աշխատողը պարգևատրվում է, եթե փոխարինումն իրականացվել է համապատասխան պաշտոնատար անձի անհատական իրավական ակտի հիման վրա:
  2. Սույն կարգի 24-րդ կետով նախատեսված պարգևատրումը աշխատողին տրվում է փոխարինման յուրաքանչյուր ամսվա համար՝ փոխարինողի պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով:

 

  1. ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ
  2. Պարգևատրման ցուցիչների հիման վրա հաշվարկվող ամսական պարգևատրումները յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար տրվում են մինչև հաջորդող ամսվա 15-ը, բացառությամբ դեկտեմբեր ամսվա, որի համար պարգևատրումը տրվում է մինչև դեկտեմբերի 25-ը:
  3. Փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողին համապատասխան աշխատանքները կատարելու համար պարգևատրումը տրվում է համապատասխան աշխատանքներն ավարտելուց և գնահատվելուց հետո՝ սույն կարգի 26-րդ կետում նշված ժամկետներում:
  4. Բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար սույն կարգի 24-րդ կետով նախատեսված պարգևատրումը փոխարինող աշխատողին տրվում է երկրորդ ամսվա ավարտից հետո, իսկ յուրաքանչյուր հաջորդ ամսվա համար՝ սույն կարգի 26-րդ կետում նշված ժամկետներում:
  5. Տվյալ ամսվա համար նախատեսված պարգևատրման ֆոնդի տնտեսված միջոցները տեղափոխվում և միացվում են հաջորդ ամսվա պարգևատրման ֆոնդին, բացառությամբ դեկտեմբեր ամսվա: Դեկտեմբեր ամսվա համար նախատեսված պարգևատրման ֆոնդի չբաշխված միջոցները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

  • Տևողություն

    08.02.2019 23.02.2019
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1391

Տպել

Առաջարկներ`

Արման Հարությունյան

18.02.2019

«Ամփոփաթերթ» բաժնում Սահմանադրության 6-րդ հոդվածին համապատասխանության հարցով Ձեր կողմից ներկայացված փաստարկները, մասնավորապես՝ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածը վերաբերվում է բյուջեի կատարմանը, այսինքն սահմանում է որոշակի գործիքակազմ, տվյալ դեպքում «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) պահանջների կատարումն ապահովելու համար և չի պարունակում Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի «պետական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդ»-ի մասով հավելյալ որևէ լիազորող նորմ: Ինչ վերաբերվում է Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 24-րդ կետին, ապա այն առնվազը, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով պետական մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդի մասով, չի բխում Օրենքի պահանջից: Օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանվել է, որ տնտեսված միջոցները համապատասխան պետական մարմնի աշխատակիցների պարգևատրմանն ուղղելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը՝ ի հավելումն այլ օրենքներով սահմանված պարգևատրման պայմանների, այդ թվում` սահմանափակումների, այսինքն Կառավարությունը տնտեսված միջոցները պետական մարմնի աշխատակիցների պարգևատրմանն ուղղելու լիազորության հետ միաժամանակ ձեռք է բերում նաև այդ միջոցների մասով պագևատրման հավելյալ պայմաներ սահմանելու լիազորություն: Հետևաբար՝ հիմնավորման մեջ նշված իրավական ակտերի դրույթները, ինչպես նաև աշխատողների պարգևատրման միջազգային փորձը չեն կարող Կառավարությանը լիազորել պետական մարմինների աշխատակիցների պարգևատրման համար հիմնական պայմաններ և կարգ սահմանել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով պետական մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից, քանի որ հիշյալ պարգևատրման ֆոնդը չի կարելի նույնացնել Օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված տնտեսվող միջոցների հետ, չնայած որ դրանք կարող են ուղղվել միևնույն նպատակին՝ խրախուսմանը (պարգևատրմանը): Հաշվի առնելով վերոգրյալը, մասնավորապես՝ Օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով Կառավարության լիազորությունը՝ ի հավելումն այլ օրենքներով սահմանված պարգևատրման պայմանների, այդ թվում` սահմանափակումների, սահմանելու պարգևատրման կարգ և պայմաններ՝ միայն նշված կետով նախատեսված տնտեսումից աշխատողների պարգևատրմանն ուղղված միջոցների մասով. Առաջարկում եմ. 1. Նախագծի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սահմանել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված միջոցներից՝ պետական մարմինների աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի» 2. Հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 17-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ» 3. Հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից, ինչպես նաև» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված`» բառերով: 4. Հավելվածի 1-ին կետում «քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական» բառերը փոխարինել «պետական պաշտոններ և» բառերով: 5. Հավելվածի 11-րդ կետում «2010» թիվը փոխարինել «2011» թվով: Ինչ վերաբերվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասին, ապա անհրաժեշտ է արձանագրել օրենսդրական բացի մասին, քանի որ նշված հոդվածը սահմանում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրման աղբյուրները և այդ աղբյուրներից պարգևատրում ստանալու նրանց իրավունքը, սակայն, ի տարբերություն պետական ծառայության պաշտոնների, պարգևատրման կարգը սահմանված չէ, ինչպես նաև պարգևատրման կարգ սահմանելու լիազորությունը վերապահված չէ որևէ մարմնի, որի արդյունքում կիրառվում է Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որն անկասկած անթույլատրելի է և ենթակա է շտկման օրենսդրական ճանապարհով: Պարգևատրման միասնական կարգ և պայմաններ սահմանելու գաղափարն անշուշտ ողջունելի է, և հուսանք, որ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով, պետական մարմինների բոլոր աշխատակիցների համար Կառավարությունն առաջիկայում կնախաձեռնի օրենսդրությանը համապատասխան բոլոր անհրաժեշտ քայլերը դրա իրագործման համար:

Սոնա Սարգսյան

15.02.2019

Առաջարկում եմ հստակ չափանիշներ սահմանել , թե ինչն է ավելացնում կամ պակասեցնում պարգևատրման տոկոսը : Պարգևատրման առավելագույն չափ կարելի է սահմանել 100 տոկոսը, կարծում եմ 200 տոկոսը կտրամադրվի միայն յուրայիններին: Իսկ նվազագույն չափ կարելի է սահմանել 30 տոկոսը, այդ թվից ներքև պարգևատրումն իմաստ չունի:

Տիգրան Սարաֆյան

11.02.2019

1․Կարգավորված չէ նախագծի կետերի հերթականությունը, 2․Ըստ ընդհանուր դրույթների 2-րդ կետից ենթադրվում է, որ պետական մարմնի ղեկավարն ինքն իրեն պետք է պարգևատրի։ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ՝ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ բաժնի 4-րդ կետի «Մարմնի ղեկավարը պարգևատրվում է, եթե տվյալ մարմնում աշխատանքի ակնկալվող արդյունքի նվազագույն մակարդակից ցածր արդյունք ունեցող աշխատողների թիվը չի գերազանցում հաշվետու ամսվա ընթացքում փաստացի աշխատած աշխատողների ընդհանուր թվի 10 տոկոսը:», նշված դրույթն անհրաժեշտ է փոփոխել մարմնի ղեկավարի պարգևատրման մոտեցումը՝ պարգևատրման գործառույթը վերապահելով նրա ղեկավարին (օրինակ՝ նախարարի պարագայում՝ վարչապետին)՝ բացառելով «ինքն իրեն պարգևատրելու» մոտեցումը։ նշյալ դրույթը ստեղծում է աշխատողներին բավարար գնահատելու (եթե նույնիսկ աշխատողի աշխատանքը անբավարար է) միտվածություն՝ հիմքում ունենալով «մարմնի ղեկավարին պարգևատրումից չզրկելու մոտիվացիան»։ 3․3-րդ կետի առթիվ կարգում ներկայացնել պետական կառավարման մարմինների պարգևատրման ցուցիչների սահմանման օրինակներ։ 4․8-րդ կետում անհասկանալի է թե ինչ հիմքով է վերցված պարգևատրման առավելագույն չափը աշխատողի պաշտոնային դրույքաչափի 200 տոկոսի չափով նախատեսելը: Այն չի ծառայելու աշխատանքների որոկի պատշաճ կատարման ապահովմանը և ապահովելու է ընտրովիության սուբյեկտիվ դրսևորումների խորացմանը` խախտելով անձնակազմի ներսում բարոյահոգեբանական մթնոլորտը: 5․15-րդ կետում առաջարկում եմ պարգևատրումները տալ նաև եռամսյակային պարբերականությամբ, 6․ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ: բաժնի1-ին և 2-րդ կետերի մասով հարկ է նշել, որ Հստակ չէ թե ինչու 2 ամիս և ավելի ժամկետով բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար, աշխատանքի փաստացի ձեռք բերված դրական արդյունքի դեպքում փոխարինող աշխատողը պարգևատրվում է, գտնում եմ ավելի ճիշտ կլինի որ լինեն փոխարինող աշխատողներ` աշխատանքի ծավալի բաշխման ու նաև այլ աշխատողներին ևս մոտիվացիայից չզրկվելու հնարավորություն ունենալու համար, որի կապակցությամբ հարկավոր է վերանայել նաև փոխարինման պարգևատրման չափը սահմանելով ոչ թե 15 այլ 25 կամ 30 տոկոսի չափով, փոխարինողների մասին ներկայացվում է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից փոխարինման օրվանից եռօրյա ժամկետում:

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: