Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                    ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

 ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենսգրքի 298-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Արտաքին տնտեսական գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության, բացառությամբ սույն օրենսգրքի 1040.2-րդ հոդվածով նախատեսված դեպքի:»:

Հոդված 2. Օրենսգրքի 470-րդ հոդվածում լրացնել 6-րդ մաս` հետևյալ բովանդակությամբ.

«6. Ռեպո պայմանագրի նկատմամբ սույն գլխով նախատեսված դրույթները չեն տարածվում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի 56.1-րդ գլխում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասում երկրորդ պարբերությունից հետո լրացնել երրորդ պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.

«Ռեպո պայմանագրի գործողության ընթացքում այդ պայմանագրի առարկա հանդիսացող ֆինանսական գործիքների և որպես մարժային փոխանցում տրամադրված ֆինանսական գործիքների դիմաց թողարկողի կողմից վճարվող եկամուտներին, մասնավորապես՝ արժեկտրոնային վճարումներին, շահաբաժիններին, մարումներին և նմանատիպ այլ վճարումներին համարժեք գումար ռեպո պայմանագրի կողմերից մեկի կողմից մյուսին փոխանցելը նվիրատվություն չի համարվում:»:

Հոդված 4. Օրենսգրքի 907-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բանկային ավանդի գումարի վրա տոկոսներն հավելագրվում են ավանդը բանկ մուտք լինելու օրվանից կամ դրան հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրը կամ այդ օրվան նախորդող օրը: Եթե բանկային ավանդի պայմանագրով նախատեսված չէ տոկոսների հավելագրման կարգ, ապա բանկային ավանդի գումարի վրա տոկոսներն հավելագրվում են ավանդը բանկ մուտք լինելուն հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:»: 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի  (այսուհետ՝ Օրենսգիրք) յոթերորդ բաժինը լրացնել ութերորդ ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ.

                                                          « ՈՒԹԵՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ        

                                                                   ԱՅԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ 

                                                                             ԳԼՈՒԽ 56.1.

                                                                    ՌԵՊՈ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հոդված 1040.1      Ռեպո պայմանագիր

  1. Ռեպո պայմանագրով կողմերից մեկը՝ վաճառողը, պարտավորվում է մյուս կողմին՝ գնորդին, որպես սեփականություն փոխանցել ֆինանսական գործիքներ, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ֆինանսական գործիքները և վճարել դրանց դիմաց, այնուհետև պայմանագրով սահմանված ժամկետում վաճառողին հետ վաճառել ձեռքբերված նույն տեսակի ֆինանսական գործիքները կամ պայմանագրով սահմանված դրանց համարժեք այլ ֆինանսական գործիքներ, վաճառողն էլ պարտավոր է ընդունել այդ ֆինանսական գործիքները և վճարել դրանց դիմաց:
  2. Սույն գլխի իմաստով ֆինանսական գործիքներ են համարվում արժեթղթերը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրամական շուկայի գործիքները, արժեթղթի ձեռքբերման իրավունք հավաստող ածանցյալ ֆինանսական գործիքները, բանկային ոսկին և վարկերի նկատմամբ պահանջի իրավունքը:
  3. Ռեպո պայմանագիրը չի հանդիսանում ածանցյալ ֆինանսական գործարք:
  4. Սույն Օրենսգրքի 31-րդ գլխով սահմանված կանոնները տարածվում են ռեպո պայմանագրերի նկատմամբ, եթե դա նախատեսված է կողմերի միջև կնքված պայմանագրով:

 

Հոդված 1040.2     Ռեպո պայմանագրի ձևը

  1. Ռեպո պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի:
  2. Ռեպո գործարքը կարող է կնքվել նաև բանավոր, եթե կողմերի միջև այդ մասին առկա է գրավոր համաձայնություն:
  3. Ռեպո գործարքը բանավոր կնքելու մասին գրավոր համաձայնությամբ կողմերը կարող են նախատեսել, որ իրենց բանավոր խոսակցությունները կձայնագրվեն՝ այդ ձայնագրությունները որպես պայմանագրի պայմանների վերաբերյալ ապացույց օգտագործելու նպատակով:   

Հոդված 1040.3   Ռեպո պայամանագրի պայմանները

  1. Ռեպո պայմանագրով կարող է նախատեսվել, որ գնորդը պարտավոր է պայմանագրի գործողության ընթացքում ֆինանսական գործիքների դիմաց թողարկողի կողմից վճարվող եկամուտներին, մասնավորապես՝ արժեկտրոնային վճարումներին, շահաբաժիններին, մարումներին և նմանատիպ այլ վճարումներին համարժեք գումար փոխանցել վաճառողին:
  2. Ռեպո պայմանագրով կարող է նախատեսվել ռեպո պայմանագրով վաճառված ֆինանսական գործիքների շուկայական գնի տատանման հետևանքով հավելյալ ռիսկ ստանձնած կողմի իրավունքը իր ռիսկը ծածկելու նպատակով պահանջելու մյուս կողմից իրեն որպես սեփականություն հանձնել ֆինանսական գործիքներ կամ դրամական միջոցներ՝ միաժամանակ ստանձնելով դրանք կամ դրանց համարժեքը վերադարձնելու պարտականություն (մարժային փոխանցումներ): Լրացուցիչ ֆինանսական գործիքները կամ դրամական միջոցները ստանալու և (կամ) դրանց համարժեքը վերադարձնելու կարգը, ժամկետները և դրանց հետ կապված այլ հարցերը կարգավորվում են պայմանագրով: Կողմերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնները կարող են կիրառել մարժային փոխանցումների ժամանակ:
  3. Որպես մարժային փոխանցում տրամադրվող դրամական միջոցների վրա կարող են հաշվեգրվել տոկոսներ:
  4. Այն դեպքերում, երբ ռեպո պայմանագրով վաճառված կամ որպես մարժային փոխանցում տրամադրված ֆինանսական գործիքը մարվում է նախքան պայմանագրով սահմանված դրա համարժեքը վերադարձնելը, ապա համարժեք ֆինանսական գործիքի փոխարեն վերադարձվում են մարման գումարները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 1281-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Արտաքին տնտեսական գործարքը, որի մասնակիցներից թեկուզև մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ իրավաբանական անձ է, անկախ գործարքը կնքելու վայրից, կնքվում է գրավոր, բացառությամբ սույն օրենսգրքի 1040.2-րդ հոդվածով նախատեսված դեպքի:»:

Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրը:                                     

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                   ՆԱԽԱԳԱՀ                                                                Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

  • Քննարկվել է

    04.02.2019 - 22.02.2019

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    ՀՀ կենտրոնական բանկ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1835

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Մխիթար Ասլանյան

22.02.2019

Միջազգային պրակտիկայում ռեպո համաձանագրերը դիտարկվում են որպես ածանցյալ գործիքներ, քանի որ դրանք, ըստ էության բաղկացած են երկու մասից, առաջինը հանդիսանում է սփոթ գործարքը, որի միջոցով պայմանագրի կնքման պահին վաճառվում են հիմքում ընկած ֆինանսական ակտիվները, իսկ երկրորդ մասը հանդիսանում է ֆորվարդային գործարք, համաձայն որի կողմերը պարտավորություն են ստանձնում որոշակի ժամանակ հետո` ապագայում կատարեն պայմանագրի հիմքում ընկած ֆինանսական ակտիվի ետ գնում/վաճառաք` պայմանագրում սահմանված պայմաններով: Բացի այդ. 1. եթե դիտարկենք ռեպո գործարքը գործարար պրակտիկայում, ապա կտեսնենք, որ հիմնականում կողմը ով ցանկանում է ստանալ եկամուտ պարտատոմսերի և ռեպոյի տոկոսադրույքների տարբերությունից, նույն առևտրային օրվա ընթացքում իրականացնում է պարտատոմսերի գնում և այն նույն բանկի հետ ում միջոցով ձեռք է բերել պարտատոմսերը կնքում է ռեպո: Արդյունքում մտնում է գործարքի մեջ առանց զգալի դրամական միջոցներ, այն է` պարտատոմսերի ամբողջ անվանական արժեքը, ներդնելով` ապահովելով եկամուտի ստացում: 2. Նախագծով նախատեսվում է նաև մարժային վճարումների իրականցում, ինչը կիրառվում է նաև միջազգային շուկաներում, որի պարագայում ենթադրվում է, որ պետք է լինի փոփոխուն մարժայի հաշվարկ, աջակցող մարժայի վճարումներ, սահմանված նախնական մարժայից ավել մասի ետ ստացում և այլն: Արդյունքում ստացվում է, որ ռեպո համաձայնագրերի կնքման պարագայում կողմերի մոտ ի հայտ են գալիս դրամական հոսքեր կապված պայմանագրի հիմքում ընկած ֆինանսական ակտիվ շուկայական գնի փոփոխությունից: 3. Ռեպոյի ժամկետի ավարտին մարում կարող է իրականցվել միևնույն սխեմայով, որը նկարագրված է 1-ին կետում, ինչը և կապահովի վերջնահաշվարկի իրականցում առանց պարտատոմսերի ետ գնման, բացի այդ, առաջարկվող նախագծով էլ նախատեսվում է պարտատոմսերի մարման դեպքում տարբերության փոխանցում կողմին: Արդյունքում ստացվում է որ ռեպո համաձայնագրի կնքման վերջահշվարկը տեղի ունեցավ դրամական եղանակով `ապագայում: Վերը նշված բնութագրիչները հավաստում են, որ ռեպո համաձայնագիրը համաձայն Հաշվապահական Հաշվառման միջազգային ստանդարտներ 39-ի հանդիսանում է ածանցյալ ֆինանսական գործիք և քաղաքացիական օրենսգրում նման դրույթի ամրագրումը, այն է` ռեպոն չի հանդիսանում ածանցյալ ֆինանսական գործիք, չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, չունի հիմնավորում և հետևաբար մեր ֆինանսական շուկան դարձնում “յուրահատուկ”:

Տիգրան Սարաֆյան

07.02.2019

1. Հետաքրքիր է ստացվում եթե քաղ .օրենսգրքով սահմանված չէր ռեպո պայմանագրերը, ապա ԿԲ-ն ինչ հիմքով էր կնքում ռեպո պայմանագրեր բանկերի հետ, որպես դրամավարկային գործիք, 2. նախագծի հոդված 3-ում ոնց որ լավ չի նկարագրված այն որ թողարկողի կողմից վճարվող եկամուտներիը նվիրատվություն չեն համարվում, հիմնավորման մեջ ավելի լավ է բացատրված, տաընթերցում չլինի հետագայում, ֆին .հաշվառման կամ հարկման տեսանկյուններից, 3. նախագծի հոդված 1040.2-ի 3-րդ մասում հարկավոր է լրացնել, որ ձայնագրությունների հիման վրա գոնե եռօրյա ժամկետում պետք է կնքվի գոնե մեկ էջանոց գործարքի հիմնավորման փաստաթուղթ ֆին հաշվառման փաստաթղթավորման նպատակով, ձայնագրությունը դա ընդամենը գործարքը արագ իրականացնելու համար է, իսկ դա հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթուղթ չէ, անկախ գլխավոր համաձայնության առկայությունից,

Տիգրան Սարաֆյան

07.02.2019

1. Հետաքրքիր է ստացվում եթե քաղ .օրենսգրքով սահմանված չէր ռեպո պայմանագրերը, ապա ԿԲ-ն ինչ հիմքով էր կնքում ռեպո պայմանագրեր բանկերի հետ, որպես դրամավարկային գործիք, 2. նախագծի հոդված 3-ում ոնց որ լավ չի նկարագրված այն որ թողարկողի կողմից վճարվող եկամուտներիը նվիրատվություն չեն համարվում, հիմնավորման մեջ ավելի լավ է բացատրված, տաընթերցում չլինի հետագայում, ֆին .հաշվառման կամ հարկման տեսանկյուններից, 3. նախագծի հոդված 1040.2-ի 3-րդ մասում հարկավոր է լրացնել, որ ձայնագրությունների հիման վրա գոնե եռօրյա ժամկետում պետք է կնքվի գոնե մեկ էջանոց գործարքի հիմնավորման փաստաթուղթ ֆին հաշվառման փաստաթղթավորման նպատակով, ձայնագրությունը դա ընդամենը գործարքը արագ իրականացնելու համար է, իսկ դա հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթուղթ չէ, անկախ գլխավոր համաձայնության առկայությունից,

Տեսնել ավելին