Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի ԹԻՎ 350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ  1636-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը առաջնային և հրատապ լուծում պահանջող խնդիրներից է: Այս խնդրի արդյունավետ լուծումը մեծապես կապված է քրեակատարողական առողջապահական առկա համակարգի գործունեության արդյունավետության ապահովման և ըստ այդմ որակյալ  բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման հետ:

ՄԱԿ-ի «Ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողության հիմնական սկզբունքների»[1] 9-րդ կետի համաձայն. «Ազատությունից զրկված անձանց պետք է հասանելի լինեն երկրում առկա առողջապահական ծառայությունները՝ առանց իրենց իրավական իրավիճակի հետ կապված խտրականության»: Եվրոպայի խորհրդի «Եվրոպական բանտային կանոնների»[2] 40.2-րդ կանոնի համաձայն. «Բանտերում առողջության պահպանման քաղաքականությունը պետք է ներհյուսված և համահունչ լինի առողջության պահպանման ազգային քաղաքականությանը:»:

Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքի երաշխավորումը բխում է նաև Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հանձնարարականների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին»  եվրոպական կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման և քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքին առնչվող ՀՀ-ի վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի խախտում արձանագրող վճիռների ամբողջական կատարման[3] անհրաժեշտությունից:

Քրեակատարողական առողջապահության համակարգի բարեփոխման անհրաժեշտության պահանջը ամրագրված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի N 2 արձանագրային որոշման հավելվածով հաստատված՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգում, որում մանրամասն վերլուծվել են բանտային առողջապահության ոլորտի խնդիրները: Ոլորտում արդեն իսկ իրականացված և իրականացվող բարեփոխումները ուղղված են հետևյալ հիմնական խնդիրների լուծմանը՝

  1. բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող անձնակազմի մասնագիտական անկախության ապահովում,
  2. բուժանձնակազմի հանդեպ ազատությունից զրկված անձանց վստահության ամրապնդում,
  3. քրեակատարողական համակարգ որակյալ բուժաշխատողների ներգրավում,
  4. բժշկական անձնակազմի անհրաժեշտ որակավորման ապահովման և հանրային առողջապահական համակարգին ինտեգրելու արդյունավետ հնարավորությունների ստեղծում.
  5. Որակյալ և պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցում:

   ՀՀ կառավարությունը  2018 թվականի մարտի  1-ին ընդունեց  «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ N 204-Ն որոշումը, որով մեկնարկեց քրեակատարողական հիմնարկների բժշկական ծառայությունների՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ենթակայական տարանջատման և ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության հանձնման և դրանց՝ ՀՀ առողջապահական ընդհանուր համակարգին ինտեգրման գործընթացը:

Միաժամանակ, արդեն իսկ մշակվել են կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող  բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները, որոնք հիմք են հանդիսանալու քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման որակյալ ծառայությունների տրամադրման, տեխնիկատեխնոլոգիական և մասնագիտական հագեցվածության միօրինականացման, կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի պատշաճ ապահովման անհրաժեշտ երաշխիքներ ստեղծելու համար:

Բանտային առողջապահության ոլորտում կատարված այս բարեփոխումներով պայմանավորված նաև անհրաժեշտ է նաև կատարել փոփոխություններ այլ իրավական ակտերում: Այսպես,

1) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2017 թվականի  հունվարի 19-ի նիստի թիվ 2  արձանագրային որոշմամբ հաստատված  ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգի պահանջներից (այսուհետ՝ Հայեցակարգ): Մասնավորապես, հայեցակարգում վերհանվել, ուսումնասիրվել են կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման տարիներ շարունակ կուտակված խնդիրները և ներկայացվել են առաջարկություններ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման համալիր գործողություններ կատարելու վերաբերյալ:

Հայեցակարգով սահմանված առաջարկությունների իրականացման նախնական փուլում սկսվեց բժշկական ծառայությունների՝ քրեակատարողական հիմնարկներից տարանջատման գործընթացը, որի արդյունքում ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 1-ի թիվ 204-Ն որոշմամբ ստեղծվեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը պետք է իրականացնի կալանավորված անձանց և դատապարտյալների արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը: ՊՈԱԿ-ը ՀՀ լիցենզավորման օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգավորումների շրջանակում լիցենզավորելու նպատակով  մշակվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումները, որոնք սահմանում են «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի լիցենզավորմանը ներկայացվող պահանջները՝ նկատի ունենալով նաև դրա գործունեության առանձնահատկությունները: Կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվող բժշկական ծառայությունների արդիականացմանն ուղղված աշխատանքների հաջորդ փուլը վերաբերում է բուն բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերանայմանը և բխում է Հայեցակարգի 6-րդ գլխի պահանջներից, որի, «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության» բաժնում ներառված են ստորև ներկայացվող առաջարկները.

ա) վերանայել ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման իրավական կարգավորումները, նախատեսելով նույն ծավալով և որակով ծառայությունների մատուցում, ինչպիսին նախատեսված է ազատության մեջ գտնվող անձանց համար, հաշվի առնելով ազատությունից զրկված անձանց կարգավիճակից բխող առանձնահատկությունները, սակայն անհարկի չսահմանափակելով վերջիններիս իրավունքները.

բ) մշակել բժշկական օգնության և սպասարկման անվճար մատուցման անխափան մեխանիզմ՝ քրեակատարողական հիմնարկի բյուջեի միջոցների անբավարարության դեպքում դրանք համալրելու հնարավորությամբ, միաժամանակ, մշակել նաև ազատազրկված անձանց սեփական միջոցներով այլ բժիշկ-մասնագետների ծառայություններից կամ բժշկական հաստատություններից օգտվելու ընթացակարգ.

գ) վերանայել ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու ընթացակարգի իրավական կարգավորումն, վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ հաստատված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը և համապատասխանեցնել այն Հիվանդությունների միջազգային դասակարգմանը։

Հիմք ընդունելով վերը նշված հայեցակարգային առաջարկությունները, ինչպես նաև այն, որ  անկախությունից ի վեր կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը էական բարեփոխումների չի ենթարկվել, ինչը բերել է նրանց՝ ոչ լիարժեք, ոչ բավարար ծավալների բժշկական օգնության և սպասարկման տրամադրմանը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել և ամբողջովին նոր խմբագրությամբ շարադրել կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կանոնակարգող մայր փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշումը,

2) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ  350-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս որոշմամբ սպառիչ կերպով սահմանված են հոգեկան խանգարում ունեցող անձանց հաշվառման և հաշվառումից հանելու, վկայարկման նպատակը, դեպքերը, մինչդեռ կալանավորված անձանց և դատապարտյալների պարագայում առկա են առանձնահատկություններ, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ սահմանելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ  350-Ն որոշման մեջ սահմանել բացառություններ.

3) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ  1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է Հայեցակարգի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության»  բաժնում ներառված և արդեն վկայակոչված  պահանջերի, մասնավորապես կալանավորված անձի նկատմամբ ծանր հիվանդության հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության,  ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու նպատակահարմարության վերաբերյալ բժշկական եզրակացության տրամադրելու գործընթացը առավել թափանցիկ և գործուն դարձնելու անհրաժեշտությամբ,

4) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված  է կալանավորված անձանց և դատապարտյալների՝ քաղաքացիական բժշկական հաստատություններ ուղեգրման գործընթացը դյուրացնելու, այդ գործընթացում ավելորդ օղակները վերացնելու անհրաժեշտությամբ:

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

1) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ. Նախագծով առաջարկվում է.

ա) կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում, ընդ որում, արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը՝ ՊՈԱԿ-ի քրեակատարողական հիմնարկներում տեղակայված արտահիվանդանոցային բժշկական ստորաբաժանումների կողմից.

բ) կալանավորված անձանց, դատապարտյալներին տրամադրվող արտահիվանդանոցային, ներառյալ շարունակական հսկողության, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալը և բովանդակությունը համապատասխանեցնել քաղաքացիների համար նախատեսված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծավալին և բովանդակությանը.

գ) դյուրացնել և ավելի հասանելի դարձնել կալանավորված անձանց, դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը՝ այն ամբողջովին կազմակերպելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ սուբորդինացիոն հարաբերությունների մեջ չգտնվող բժշկական անձնակազմի կողմից,

դ) դյուրացնել կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրումը քաղաքացիական բժշկական հաստատություններ, այն կազմակերպելով բացառապես բժիշկների կողմից տրված ուղեգրերի վրա՝ հանելով ուղեգրման գործընթացից՝ լրացուցիչ օղակներ հանդիսացող քրեակատարողական հիմնարկի վարչակազմին և առողջապահության նախարարությանը,

գ) վերանայել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների  վիճակագրական դասակարգչին է  համապատասխանեցվել խափանման միջոց կիրառված կալանքի, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը, որն, ըստ նախագծի կարգավորումների, կիրառվելու է նաև խափանման միջոց կիրառված կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ: Բացի այդ ՀՀ օրենսդրությամբ առաջին անգամ սահմանվել է, որ այդ ցանկը սպառիչ չէ, այլ կողմնորոշիչ և ցանկում չընդգրկված, սակայն կալանավորված անձին կամ դատապարտյալի կյանքին իրական սպառնալիք հանդիսացող հիվանդությունը և կամ հիվանդությունների համակցությունը ևս կարող է հիմք հանդիսանալ խափանման միջոց ընտրված կալանքի, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու համար միջնորդության ներկայացման: Պետք է նշել, որ այս  կարգավորման մշակման շրջանակներում ուսումնասիրվել է Ֆրանսիայի, Էստոնիայի, Ռումինիայի, Ավստրիայի փորձը, որտեղ հիվանդությունների ցանկեր ընդունված չեն, փոխարենը կիրառվում են որոշակի չափանիշներ, օրինակ՝ կյանքին վտանգ սպառնալը, որը կարող է կրել նաև կարճատև բնույթ, և առողջության մշտական բնույթ ունեցող խանգարումները, որոնք անհամատեղելի է ազատազրկման հետ: Նկատի ունենալով ՀՀ-ում  նման փորձի բացակայությունը, նախագծով առաջարկվում է մեկտեղել ՀՀ առկա փորձը եվրոպական նշված երկրների մոտեցումների հետ, սահմանելով կողմնորոշիչ ցանկ՝ չբացառելով ցանկում չընդգրկված հիվանդության, խանգարման կամ վիճակի առկայության դեպքում խափանման միջոց ընտրված կալանքի, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու նպատակահարմարության վերաբերյալ բժշկական եզրակացության տրամադրումը.

դ) ծանր հիվանդությամբ (խանգարում, վիճակ)  տառապելու հիմքով խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու վերաբերյալ եզրակացության տրամադրման գործառույթը վերցնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ  1636-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովներից, ստեղծել նոր հանձնաժողով, որտեղ բացառությամբ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչի պետք է ընդգրկված լինեն բացառապես բժիշկ-մասնագետներ առողջապահության նախարարությունից և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից, իսկ անհրաժեշտության դեպքում  կստեղծվեն հանձնաժողովին կից աշխատանքային խմբեր, որոնք անհրաժեշտ նեղ մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում կտան բժշկական եզրակացություն ծանր հիվանդությամբ տառապելու հիմքով խափանման միջոց ընտրված կալանքի, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու վերաբերյալ: Հանձնաժողովի գործունեության անկախության և արդյունավետության նպատակով սահմանվում է, որ հանձնաժողովի անդամների, ինչպես նաև դրան կից աշխատանքային խմբերի գործունեությունը լինելու է վճարովի: Հանձնաժողովը, դրան կից աշխատանքային խմբերը պետք է գործեն համապատասխան կարգին համապատասխան, որը հաստատելու իրավասությունը նախագծով առաջարկվում է տալ արդարադատության նախարարին.

ե) առաջին անգամ ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի սեփական միջոցների հաշվին բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կարգը, սահմանելով տարբեր մեխանիզմներ առողջական տարբեր կարիքների ունեցող կալանավորված անձանց և  դատապարտյալների համար:

2) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ  350-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ. Նախագծով սահմանվում է, որ հոգեկան խանգարում ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման և հաշվառումից հանելու, վկայարկման նպատակը, դեպքեր, ընդհանուր կարգավորումներն, հաշվի առնելով որոշակի առանձնահատկությունները, կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման համաձայն,

3) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ  1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ. Նախագծով առաջարկվում է 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովից վերցնել ծանր հիվանդության տառապելու հիմքով խափանման միջոց ընտրված կալանքի, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու վերաբերյալ եզրակացության տրամադրման գործառույթը,

4) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ. Նախագծով առաջարկվում է պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկման ուղեգիր տրամադրող կազմակերպությունների ցանկում ներառել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը և նրան սահմանված կարգով տրամադրել այդ ուղեգրերի ստացման համապատասխան քվոտա:

3.Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցումը, կհստակեցվի կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալը, բովանդակությունը, կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրման գործընթացի արդյունավետությունը, կստեղծվեն անհրաժեշտ երաշխիքներ և կառուցակարգեր՝ կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի՝ ներառյալ պատշաճ և պետության կողմից երաշխավորված ամբողջ ծավալով բժշկական օգնության և սպասարկման ապահովման համար:

 

 

[1] Տես՝ http://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/BasicPrinciplesTreatmentOfPrisoners.aspx

[2] Տես՝ http://www.coe.int/t/dgi/criminallawcoop/Presentation/Documents/European-Prison-Rules_978-92-871-5982-3.pdf

[3] Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Մարդու իրավունքների եվրպական դատարանի` «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 34334/04, ուժի մեջ է մտել 15 սեպտեմբերի 2010թ.) և «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 29736/06, ուժի մեջ է մտել` 30 հունիսի 2015թ.) գանգատներին: Այդ վճիռներով արձանագրվել է, որ նշված գանգատներով դիմումատուները ենթարկվել են անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի, քանի որ ազատազրկման ընթացքում նրանց համարժեք բժշկական օգնություն չի տրամադրվել: Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուներն ունեցել են մշտական խնամքի, մասնավորապես` մասնագիտացված բժշկական հետազոտությունների և հսկողության կարիք, որը, սակայն, տևական ժամանակ նրանց չի տրամադրվել:

 

  • Քննարկվել է

    31.07.2018 - 15.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8806

Տպել