ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-------------------------ի 2026 թվականի N – Ն
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 136-Ն որոշման դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տվյալների շտեմարանի կանոնակարգը՝ համաձայն հավելվածի
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
___________ N ____–Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
1) տվյալների շտեմարան՝ գործունեության մասին ծանուցած զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տեղեկատվական համակարգում գրանցված տվյալների համակարգված ամբողջություն․
2) զբոսաշրջային ծառայություն մատուցող անձ՝ «Զբոսաշրջության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձինք․
3) Օրենք՝ «Հանրային տեղեկությունների մասին» օրենք։
2. Սույն կանոնակարգը նախատեսում է դրույթներ տվյալների շտեմարանի կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, պաշտպանության, վերակազմավորման և դադարեցման, այլ պետական մարմինների կամ Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում նշված իրավաբանական անձի կողմից տվյալների մշակման և տվյալների շտեմարանի թարմացման, տվյալների շտեմարան հավաքվող տվյալների կազմի, հավաքման աղբյուրի, դրանք ներկայացնողների և ներկայացման վերաբերյալ:
3. Տվյալների հավաքումը տվյալների շտեմարան իրականացվում է միայն «մեկ հարցման» սկզբունքի հիման վրա:
4. Տվյալների շտեմարանում չեն հավաքագրվում այն տվյալները, որոնք հանդիսանում են այլ պետական տվյալների շտեմարանների սկզբնաղբյուր տվյալներ։
5. Տվյալների շտեմարանը ապահովում է միաժամանակ առնվազն 500 (հինգ հարյուր) օգտատիրոջ սպասարկման հնարավորություն։ Այն պետք է ապահովի նաև ինքնաշխատ մասշտաբավորման (autoscaling) հնարավորություն, որպեսզի կարողանա կարճաժամկետ ծանրաբեռնվածության ժամանակ միաժամանակ սպասարկել մինչև 2000 (երկու հազար) օգտատիրոջ։
6. Տվյալների շտեմարանում ներառված տվյալները համապատասխանում են «Զբոսաշրջության մասին» օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, չափորոշիչներին և կանոններին։
2. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՄԸ
7. Տվյալների շտեմարանը կառավարվում և շահագործվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից։ Կոմիտեն իրականացնում է տվյալների շտեմարանի օգտագործման, պահպանման, անվտանգության , թարմացման, վերակազմավորման և դադարեցման գործընթացները, ինչպես նաև ապահովում է այլ պետական մարմինների կամ Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում նշված իրավաբանական անձանց կողմից տվյալների մշակման գործընթացի համակարգումը և վերահսկումը՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով։
8. Տվյալների շտեմարանում առկա մշակված հանրային տեղեկություններին հասանելիություն ապահովվում է, եթե դրանում պարունակվող տեղեկություններին հասանելիությունը սահմանափակված չէ օրենքով:
9. Տվյալների շտեմարան մուտքագրված տեղեկությունները կարող են օգտագործվելնաև հետևյալ մարմինների կողմից՝
1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե,
2) Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե,
3) Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված և Կոմիտեի հետ կնքված պայմանագրի հիման վրա լիազորված իրավաբանական անձ։
10. Տվյալների շտեմարանում առկա տվյալները կարող են օգտագործվել վիճակագրական և վերլուծական նպատակով։
11. Տվյալների շտեմարանում առկա զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ հրապարակման ենթակա բաց տվյալները սույն Հավելվածի 9-րդ կետով նախատեսված մարմինների կողմից մշակվում են՝ փոխգործելիության շրջանակում տվյալների փոխանակման շերտի միջոցով, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացման համար:
12. Տվյալների շտեմարանում սույն Հավելվածի 9-րդ կետով սահմանված մարմինները հնարավորություն ունեն որոնել և զտել տվյալները տարբեր չափանիշների հիման վրա, ինչպիսիք են ծանուցում ներկայացրած անձի պետական գրանցման (հաշվառման) տվյալները, առկայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, վերջինիս պատկանող և սույն կանոնակարգի հիման վրա զբոսաշրջային ծառայության տեսակը, զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի գտնվելու վայրը։
3. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ ՀԱՎԱՔՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ՀԱՎԱՔՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ, ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
13. Տվյալների շտեմարանում հավաքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 136-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ե», «զ», «է» պարբերություններով, 2-րդ ենթակետի «գ», «ե», «զ» պարբերություններով և 5-րդ կետերով նախատեսված վավերապայմաններով տվյալները։
14. Տվյալների շտեմարանում սույն Հավելվածի 13-րդ կետով սահմանված տվյալները հավաքվում են զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանցից, ինչպես նաև՝ այլ իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից՝ փոխգործելիության շրջանակում տվյալների փոխանակման շերտի միջոցով։
15. Տվյալների շտեմարանում տվյալների կազմը ներկայացվում է զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց միջոցով Որոշման N 2 հավելվածի 2-րդ գլխով սահմանված կարգով սույն Հավելվածի 3-րդ կետով սահմանված սկզբունքի հիման վրա։
4. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
16. Տվյալների շտեմարան մուտք գործելու յուրաքանչյուր դեպք ենթակա է պարտադիր էլեկտրոնային հաշվառման։
17. Հաշվառվում են մուտք գործող սուբյեկտը, մուտքի նպատակը, ժամանակը և օգտագործված տվյալների շրջանակը։
18. Տվյալների շտեմարանի և այլ պետական տվյալների շտեմարանների միջև տվյալների փոխանակումն իրականացվում է Որոշման N 1 հավելվածի 6-րդ կետով սահմանված կարգով։
19. Տվյալների պատճենահանումը կամ փոխանցումը օրենքով չնախատեսված եղանակով արգելվում է։
5. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԹԱՐՄԱՑՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
20. Տվյալների շտեմարանում պահպանվում են սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված, ինչպես նաև փոխգործելիության շրջանակում տվյալների փոխանակման շերտի միջոցով ստացված տվյալները։
21. Տվյալների շտեմարանում տվյալները պահպանվում են անժամկետ՝ մինչև տվյալների շտեմարանի աշխատանքի դադարեցումը։
22. Տվյալների շտեմարանի աշխատանքը կարող է վերակազմավորվել և դադարեցվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում։
23. Տվյալների շտեմարանում պահվում են միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության մշակման, իրականացման և ոլորտում զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց գործունեության ծանուցման նպատակով։
24. Սույն կանոնակարգով և Որոշմամբ չնախատեսված որևէ տվյալ տվյալների շտեմարանում չի կարող պահվել։
25. Տվյալների շտեմարանում կարող են պահպանվել նաև Որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ փաստաթղթեր, եթե նշված տեղեկությունները թվային եղանակով գոյություն չունեն որևէ այլ տվյալների շտեմարանում։
26. Տվյալների շտեմարանում առկա սույն Հավելվածի 13-րդ կետով սահմանված տվյալները թարմացվում են, եթե Որոշման N 2 հավելվածի 12-րդ և 14-րդ կետերով նախատեսված կարգով զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը իրականացնում է իր տվյալների փոփոխություն։
27. Տվյալների շտեմարանում սույն Հավելվածի 13-րդ կետով սահմանված տվյալները թարմացվում են սույն հավելվածի 26-րդ կետով նախատեսված փոփոխությունը կատարելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը։
28. Փոխգործելիության շրջանակում տվյալների փոխանակման շերտի միջոցով ստացված տվյալները թարմացվում են ինքնաշխատ կերպով։
29. Տվյալների շտեմարանում պահպանվում են բոլոր փոփոխությունները՝ նշելով օգտատիրոջը, ժամանակը (timestamp) և փոփոխության պատճառը։
6. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
30.Տվյալների շտեմարանում տվյալների պաշտպանությունն ապահովվում է տեխնիկական և կազմակերպչական միջոցներով։
31. Տվյալների շտեմարանում ներառված անձնական տվյալների մշակումը իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան։
32. Տվյալների շտեմարանում պահպանվում են տվյալների անվտանգության և գաղտնիության ապահովման՝ «Զբոսաշրջության մասին» օրենքով սահմանված երաշխիքները՝ ապահովելով զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի և սպառողների կողմից տրամադրվող տվյալների պաշտպանությունը: Կոմիտեի կամ Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավաբանական անձի կողմից իրականացվում է տվյալների փոխանակման կոդավորում, մուտքի վերահսկում և անվտանգության կանոնավոր աուդիտներ՝ պաշտպանելու տվյալները չարտոնված մուտքից, խախտումներից կամ չարաշահումներից:
33. Սույն կանոնակարգի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
34. Տվյալների շտեմարանից Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով տվյալների փոխանցման մասին ամբողջական տեղեկությունը պահպանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակի իրադարձությունների մատյաններում՝ հաշվի առնելով Օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ՝ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-
Տևողություն
25.04.2026 10.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տնտեսական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 125
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: