Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

6 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 «      » «                         »   2026  թվականի  N _________ Լ

 

6 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 

        Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.        Հաստատել՝

1)       6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի (այսուհետ՝ Ծրագիր).

2)       Ծրագրի իրականացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի

2.        Ծրագրի իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը։

3.        Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հաստատել Ծրագրի իրականացման շրջանակում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության և առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների միջև համագործակցության պայմանագրի, ինչպես նաև սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված հավաստագրերի օրինակելի ձևերը։

4.        Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

«                 »  «      » N _____ Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ

6 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1.   Բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերը նպատակ ունեն աջակցել մեծ ընտանիքներին՝ ապահովելով նրանց արժանապատիվ բնակարանային պայմաններ ծնելիության, սոցիալական և ժողովրդագրական կայունության ու մարդկային կապիտալի զարգացման պետական քաղաքականությանը համապատասխան։

2.   Բազմազավակ ընտանիքներն առավել հաճախ են ենթարկվում ֆինանսական ճնշման։ Բնակարանի հասանելիությունն ու սեփական տուն ունենալը համարվում է ընտանիքի կայունության կարևոր հիմք այն բարելավում է կյանքի որակը, նվազեցնում սոցիալական լարվածությունը և ամրապնդում ընտանիքի կապը համայնքի հետ։

3.   Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր)։

 

II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

4.   Ծրագրի հիմնական նպատակներն են՝

1)  աջակցել բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար.

2)  խթանել բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում.

3)  ապահովել երեխաների համար ավելի հարմար և անվտանգ միջավայր, ինչը կհանգեցնի նրանց կյանքի որակի բարձրացման.

4)  թեթևացնել բազմազավակ ընտանիքների ֆինանսական բեռը, նվազեցնել աղքատության ռիսկը և ապահովել երեխաների հավասար հնարավորությունները։

 

III. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

5.   Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

1)  բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում.

2)  անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, որի դեպքում հավաստագրի իրացումն իրականացվում է կամ անհատական բնակելի տների կառուցման բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա կամ լիցենզավորված կազմակերպությունների կողմից մշակված, սահմանված կարգով փորձաքննություն անցած և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատական բնակելի տների կառուցումն իրականացվում է անհատական բնակելի տների կառուցման համար անհրաժեշտ լիցենզիա ունեցող քաղաքաշինական գործունեության սուբյեկտների միջոցով։

6.   Ծրագրի իմաստով շահառուն 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող անձն է, ով բավարարում է Ծրագրի հիմնական պայմաններին։

7.   Ընտանիքը հանդիսանում է շահառու, եթե ծնողը և երեխաները նույնականացվել են բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ Եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա նա հանդիսանում է շահառու, եթե նրան տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Այս դեպքում երեխայի և ծնողի միջև կապը ճշտվում է երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում ներառված՝ ծնողների վերաբերյալ տեղեկությունների (անունը, ազգանունը, առկայության դեպքում՝ հայրանունը) հիման վրա։

8.     Ընտանիքը, այդ թվում՝ յուրաքանչյուր երեխան, որպես շահառու, Ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում)։

9.   Ծրագրի հիմնական պայմաններն են՝

1)  շահառու ընտանիքի բոլոր անդամներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

2)  ձեռք բերվող կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չպետք է պակաս լինի 10 քմ-ից.

3)  բնակարանը կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը կամ անհատական բնակելի տունը ձեռք է բերվում կամ կառուցվում է Հայաստանի Հանրապետության որևէ մարզային բնակավայրում։ Ընդ որում՝ քաղաքային բնակավայրում հավաստագիրն իրացնելու համար շահառու ընտանիքի չափահաս անդամները (ծնողներից առնվազն մեկը) ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում պետք է հաշվառված լինեն տվյալ քաղաքային բնակավայրում, բացառությամբ Երևան քաղաքում հաշվառում ունեցող շահառուների, ովքեր հավաստագիրը կարող են իրացնել ցանկացած մարզային քաղաքային բնակավայրում.

4)  ընտանիքը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ, 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ և 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշումներով հաստատված ծրագրերից որևէ մեկի շահառու.

5)  շահառուն, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսինը, ծրագրին դիմելու օրվա դրությամբ պետք է ներկայացրած լինի նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը, որում ներկայացված եկամուտների (հարկվող և չհարկվող) հանրագումարը չպետք է գերազանցի 10 մլն դրամը.

6)  ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի բոլոր անդամների անվամբ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով.

7)  անհատական բնակելի տան կառուցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված ավարտական ակտը գործընկեր ֆինանսական կազմակերպություն է ներկայացվում գործընկեր ֆինանսական կազմակերպության հետ վարկային պայմանագրի կնքման օրվանից 18 ամսվա ընթացքում.

8)  Ծրագրի շրջանակում ինչպես հավաստագրի տրամադրման, այնպես էլ հավաստագրի իրացման և աջակցության չափի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում միայն ողջ (ծնողի խնամքին գտնվող) երեխաները։

10.                   Հիփոթեքային վարկի հիմնական պայմաններն են՝

1)  կանխավճարի չափը 0 տոկոս է.

2)  գործողության ժամկետը 120 ամիս է.

3)  հիփոթեքային վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով.

4)  հիփոթեքային վարկը տրամադրվում է ծրագրի շրջանակում գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից.

5)  կառուցվող շենքում բնակարանի ձեռքբերման վարկն ապահովված է՝

ա. կառուցապատողի հատուկ հաշվին գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից փոխանցված դրամական միջոցների և անշարժ գույքի ձեռքբերման իրավունքի գրավով՝ մինչև կառուցվող շենքում ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, որից հետո գրավ է հանդիսանում անշարժ գույքը,

բ. կառուցվող շենքում բնակելի անշարժ գույքի (բազմաբնակարան շենքում բնակարանի) ձեռքբերման իրավունքի գրավով և կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված վարկային միջոցների գրավով վարկավորման գումարի առնվազն 100%-ի չափով։

գ. մինչև կառուցվող բազմաբնակարան շենքի ավարտական ակտի ձևակերպումը կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված դրամական միջոցները ենթակա են սառեցման/կուտակման, և վերջինիս կողմից կարող են օգտագործվել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928.6-րդ հոդվածով սահմանված կարգով:

11.                   Աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով կազմում է 4 մլն դրամ։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը տալիս է գյուղական բնակավայրին, ապա այս դեպքում ընտանիքին տրամադրվում է հավելյալ 4 մլն դրամ, որը կարող է օգտագործվել հետևյալ ուղղություններով՝

1)  սույն հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի իրացման դեպքում՝ անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերում, կամ

2)  գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում։

12.     Աջակցության չափը վարկի տոկոսագումարների սուբսիդավորման համար հաշվարկվում է 10 տարվա հաշվարկով ամսական անուիտետային մարման եղանակով հաշվարկված ամսական վճարման գումարներին համապատասխան և վերավարկավորող կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին տրամադրվող ծրագրային վարկերի դեպքում կազմում է 11%, իսկ բանկի սեփական ռեսուրսով վարկավորման դեպքում կազմում է՝

1)    հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում մինչև 13%.

2)    լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք + 4% չափով՝ վարկի տրամադրման պահին։

13.     Լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում վարկավորման տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին հաջորդող ամիսների ընթացքում մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից սկսած այն վերափոխվում է լողացող տոկոսադրույքի՝ փոփոխվելով Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի +/- 1%-ից ավելի փոփոխության դեպքում (վարկային պայմանագրի համաձայն՝ տվյալ պահին գործող վարկի տոկոսադրույքի հիմքում դրված Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նկատմամբ)։ Լողացող տոկոսադրույքի փոփոխությունը կարող է իրականացվել տարեկան 2 անգամ՝ ապրիլ և հոկտեմբեր ամիսներին։ Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 4 տոկոսային կետով։

14.     Ծրագրի շրջանակում փոխհատուցվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 73-րդ հոդվածով և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցող գնահատման կազմակերպությունների կողմից անշարժ գույքի գնահատման, ինչպես նաև անշարժ գույքի առուվաճառքի գործարքի նոտարական վավերացման համար անհրաժեշտ վճարները՝ համապատասխան ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա։ 

15.     Եթե բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի իրացման արդյունքում առաջանում է դրական մնացորդ, ապա այն կարող է իրացվել հետևյալ ուղղություններով և սահմանաչափերով՝

1)  ծրագրի շրջանակներում ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ, և

2)  կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ։

16.     Ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ դադարեցվում է, եթե`

1)  ընտանիքի՝ տվյալ պահին անչափահաս առնվազն 2 անդամները նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս՝ բացառությամբ, եթե նրանք Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս են եղել ուսումնական հաստատություններում սովորելու կամ առողջապահական ծառայություններից օգտվելու նպատակով.

2)  ընտանիքի՝ առնվազն 2 անչափահաս անդամները գույքը ձեռքբերելուց (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման դեպքում՝ ավարտական ակտը ներկայացնելուց) առնվազն 1 տարի անց չեն հաճախում տվյալ համայնքում գործող դպրոցներից կամ մանկապարտեզներից որևէ մեկը։ Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրն առնվազն 3 տարի պետք է հաճախի համայնքում գործող դպրոց կամ մանկապարտեզ։

17.     Ծրագրով նախատեսված աջակցության դադարեցման դեպքում ձեռք բերված կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է պետությանը՝ համալրելով սոցիալական բնակարանային ֆոնդը։ Այս դեպքում աջակցության գումարի վճարումը գործընկեր ֆինանսական կազմակերպությանը շարունակվում է մինչև վարկի ամբողջական մարումը։

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

18.     Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է աջակցություն տրամադրել ծրագրի շահառու որակված բոլոր ընտանիքներին՝ իրենց բնակարանային ապահովության խնդիրները լուծելու համար։

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

«                 »  «      » N _____ Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

6 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.      Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից իրականացվող՝ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագրերի տրամադրման, փոփոխման, չեղարկման, հիփոթեքային վարկերի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված աջակցության գումարների տրամադրման և օգտագործման հետ կապված գործընթացները:

2.     Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

1)     ծրագիր` «6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր».

2)     դիմող՝ ծրագրի շահառուի կարգավիճակ ստանալու նպատակով առցանց դիմում ներկայացրած անձ, ով հանդիսանում է 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ծնողներից մեկը.

3)     շահառու` սույն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետով սահմանված անձ.

4)     հիփոթեքային վարկ` Հայաստանի Հանրապետությունում բնակարան կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տրամադրվող հիփոթեքային վարկ.

5)     կազմակերպություն` առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ, որոնք ծրագրի շրջանակում համագործակցում են ծառայության հետ.

6)     վարկային պայմանագիր` ծրագրի ներքո հիփոթեքային վարկի վերաբերյալ կազմակերպության և շահառուի միջև կնքված պայմանագիր.

7)     աջակցության գումար` հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված գումար, որը սուբսիդավորում է ծառայության կողմից սույն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով սահմանված սահմանաչափով.

8)     հավաստագիր՝ սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված, ինքնաշխատ եղանակով տրամադրվող և ծրագրի շահառու հանդիսանալու մասին փաստը հավաստող փաստաթուղթ.

9)     հաշիվ՝ կազմակերպության բանկային հաշիվ, որին ծրագրի շրջանակում ծառայությունը փոխանցում է աջակցության գումարը։

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

3.     Ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝

1)     դիմողը մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը էլեկտրոնային տարբերակով դիմում է ծառայություն՝ դիմում-հայտարարության մեջ նշելով՝

ա. իր և իր ընտանիքի անդամների տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը և հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), ազգակցական կապը),

բ. հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը,

գ. փաստացի բնակության վայրի հասցեն,

դ. սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետով նախատեսված աջակցության նախընտրելի եղանակը (բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերում, անհատական բնակելի տան կառուցում),

2)     ստացված դիմումի մշակման արդյունքում 10 աշխատանքային օրվա ընթացքում որոշման պահանջներին բավարարող դիմողն ինքնաշխատ եղանակով ստանում է շահառուի կարգավիճակ, հիմք ընդունելով՝

ա. բնակչության պետական ռեգիստրից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու վերաբերյալ,

բ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը երեխա-ծնող կապի, շահառուների ողջ լինելու ու գրանցված ամուսնության առկայության/բացակայության վերաբերյալ,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2027 թվականների ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի, ինչպես նաև 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների տվյալները՝ սույն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պայմանի ստուգման համար.

դ. Պետական եկամուտների կոմիտեից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը շահառուի, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսնու՝ ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ հայտարարագրի առկայության, ինչպես նաև դրանում ներկայացված եկամուտների (հարկվող և չհարկվող) հանրագումարի վերաբերյալ՝ սույն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված պայմանի ստուգման համար.

3)     ծրագրի շահառու հանդիսանալու դեպքում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է հավաստագիրը, որը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին.

4)     ծրագրի շահառու չհանդիսանալու դեպքում ինքնաշխատ եղանակով հաղորդագրություն է ուղարկվում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով սույն կետի 5-րդ ենթակետով նախատեսված մերժման հիմքերը.

5)     դիմումը մերժվում է, եթե՝

ա. դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը բնակչության պետական ռեգիստրից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվության համաձայն՝ չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

բ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվության համաձայն՝ առկա է երեխա-ծնող կապի, շահառուների ողջ լինելու ու գրանցված ամուսնության վերաբերյալ անհամապատասխանություն,

գ. դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել է հավաստագիր,

դ. դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2027 թվականների ծրագրի շահառու է,

ե. դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է.

զ. շահառուն, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսինը՝ ծրագրին դիմելու օրվա դրությամբ չի ներկայացրել նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը, կամ ներկայացված հայտարարագրում եկամուտների (հարկվող և չհարկվող) հանրագումարը գերազանցում է 10 մլն դրամը.

6)     հավաստագիրն ստանալուց հետո շահառուն դիմում է կազմակերպություն հիփոթեքային վարկավորման գործընթացն սկսելու համար.

7)     շահառուի հետ վարկային պայմանագիր կնքելուց և հիփոթեքային վարկը փաստացի հատկացնելուց հետո, կազմակերպությունը ծառայությանն է տրամադրում հիփոթեքային վարկի գծով վճարման ժամանակացույցը և վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկությունները.

8)     սույն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերում շահառուի հետ անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման նպատակով վարկի տրամադրման վարկային պայմանագիր կնքելուց և վարկը փաստացի հատկացնելուց հետո կազմակերպությունը ծառայությանն է տրամադրում վարկի գծով վճարման ժամանակացույցը և վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկությունները.

9)     սույն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերում շահառուի հետ գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման նպատակով վարկի տրամադրման վարկային պայմանագիր կնքելուց և վարկը փաստացի հատկացնելուց հետո կազմակերպությունը ծառայությանն է տրամադրում վարկի գծով վճարման ժամանակացույցը և վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկությունները.

10) ծառայությունն ամսական պարբերականությամբ կազմակերպության հաշվին է փոխանցում աջակցության գումարները՝ ըստ սույն կետի 7-9-րդ ենթակետերում, ինչպես նաև  սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամանակացույցի։ Ժամանակացույցով նախատեսված վճարումները (աջակցության գումարի սահմանաչափին համապատասխան) չիրականացնելու դեպքում ժամկետանց պարտավորությունների համար տույժերը, տուգանքները վճարում է ծառայությունը.

11) ծառայությունը սույն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետով սահմանված փոխհատուցման վճարները (համապատասխան ծախսերը հիմնավորող փաստաթղթերում նշված գումարները) շահառուի անվամբ կազմակերպությունում բացված բանկային հաշվին է փոխանցում սույն կետի 7-8-րդ ենթակետերում նշված ժամանակացույցով սահմանված վճարումների առաջին վճարման օրը.   

12) ծրագրի իրականացման ամբողջ գործընթացը (դիմումների ընդունում, տվյալների նույնականացում, հաստատում, մերժում, շահառուի կարգավիճակի տրամադրում, աջակցության վճարում, աջակցության դադարեցում) իրականացվում է համապատասխան ծրագրային ապահովման միջոցով՝ ինքնաշխատ եղանակով.

13) հավաստագիրը համապատասխան ծրագրային ապահովության միջոցով ենթակա է փոփոխման հավաստագրում ներառված ընտանիքի որևէ անդամի մահվան վկայականի կամ հավաստագիրը ստանալուց հետո մինչ դրա իրացումն այդ ընտանիքում ծնված երեխայի ծննդյան վկայականի հիման վրա։ Այս դեպքում ծառայությունը մահվան կամ ծննդյան վկայականը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հավաստագրից հեռացնում է ընտանիքի մահացած անդամի տվյալները կամ ավելացնում է նոր ծնված երեխայի տվյալները և շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին ուղարկում փոփոխված հավաստագիրը.

14) հավաստագիրը համապատասխան ծրագրային ապահովության միջոցով ենթակա է չեղարկման հավաստագրից հրաժարվելու վերաբերյալ շահառուի դիմումի հիման վրա։ Այս դեպքում ծառայությունը դիմումը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում չեղարկում է հավաստագիրը, որն այդ պահից սկսած դառնում է անվավեր, և շահառուն կարող է սույն կարգով սահմանված ընթացակարգով ներկայացնել նոր դիմում։

4.     Բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի իրացման արդյունքում առաջացած դրական մնացորդն իրացվում է հետևյալ ընթացակարգով՝

1)     եթե բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման (այդ թվում՝ հողամասի ձեռքբերման) նպատակով տրամադրված հիփոթեքային վարկի չափը փոքր է տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության չափից (հաշվարկվում է հավաստագրում ներառված ընտանիքի անչափահաս անդամների թվի հիման վրա), ապա այս դեպքում կազմակերպության կողմից հիփոթեքային վարկի գծով վճարման ժամանակացույցը և վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկությունները համապատասխան ծրագրային ապահովման միջոցով ծառայությանը տրամադրելուց հետո ինքնաշխատ եղանակով դիմողի կողմից առցանց դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է էլեկտրոնային ծանուցում, որում նշված է դրական մնացորդի չափը.

2)     էլեկտրոնային ծանուցումը ստանալուց հետո շահառուն դիմում է կազմակերպություն, եթե դրական մնացորդը ցանկանում է իրացնել սույն որոշման  հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ուղղությամբ, որից հետո շահառուի հետ վերանորոգման վարկի տրամադրման վարկային պայմանագիր կնքելուց և վարկը փաստացի հատկացնելուց հետո կազմակերպությունը ծառայությանն է տրամադրում վարկի գծով վճարման ժամանակացույցը և վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկությունները.

3)     եթե շահառուն դրական մնացորդը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման ուղղությամբ, ապա այս դեպքում աջակցության գումարը ծառայության կողմից փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հիման վրա՝ այն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում՝ շահառուն դրական մնացորդը կարող է իրացնել բացառապես նախապես սահմանված ապրանքատեսակների գնման համար։

5.     Սույն որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանի ստուգման նպատակով յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվում է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերն իրացրած շահառուների տվյալների (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) ինքնաշխատ համադրում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տվյալների շտեմարանում առկա՝ այդ շահառուների սահմանահատման վերաբերյալ տվյալների հետ։

6.     Սույն որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանի ստուգման նպատակով յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվում է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերն իրացրած շահառուների տվյալների (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) ինքնաշխատ համադրում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վարվող՝ դպրոցների և մանկապարտեզների կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների հետ։

7.     Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի մահվան դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, եթե շահառուի ժառանգը չի հանդիսանում ընտանիքի անդամ, ընդ որում՝ այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը։

 

  • Տևողություն

    02.04.2026 17.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 262

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: