Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾ

   

   

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ

ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՄԱՆ

 

 

 

 

 

     

 

N o                   -Ն                                      «_____» ______________________  2026 թ.

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1.               Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի օգոստոսի 27-ի՝ «Պետական թանգարանային աշխատողների ատեստավորման կարգի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 66-Ն հրամանում՝

1)               1-ին կետից հետո լրացնել «2. Սույն հրամանով հաստատված ատեստավորման կարգի օրինակելի ձևը կարող է կիրառվել նաև համայնքային թանգարանների կողմից» կետով:

2)              «2.» թիվը փոխարինել «3.» թվով:

2.               հաստատել հրամանի N 1 հավելվածը նոր խմբագրությամբ:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:     

 

ՆԱԽԱՐԱՐ՝   Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թ. ---------- ------ի N -- Ն հրամանի

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. օգոստոսի 27-ի N 66-Ն հրամանի

 

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են պետական թանգարանային աշխատողների (այսուհետ՝ աշխատող) ատեստավորման կազմակերպման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացակարգերը։

2. Ատեստավորման նպատակն է`

1) գնահատել աշխատողների մասնագիտական կարողությունները և զբաղեցրած պաշտոնին համապատասխանումը,

2) նպաստել թանգարանային գործունեության արդյունավետության բարձրացմանը,

3) խթանել աշխատողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը։

3. Ատեստավորման հանձնաժողովի կազմը հաստատվում է թանգարանի տնօրենի հրամանով։ Ատեստավորման կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է առանձին հրամանով, որով սահմանվում են՝

1) ատեստավորման անցկացման ժամանակահատվածը,

2) աշխատողներին ատեստավորման մասին ծանուցման ժամկետը,

3) ատեստավորմանը մասնակցելու համար դիմումների ընդունման սկիզբը և վերջնաժամկետը,

4) ատեստավորման հանձնաժողովի կազմը:

4. Ատեստավորումը կարող է լինել հերթական կամ արտահերթ։

5. Հերթական ատեստավորումը կրում է կամավոր բնույթ և իրականացվում է յուրաքանչյուր տարի՝ որպես աշխատողների մասնագիտական կարողությունների գնահատման և խրախուսման գործիք։

6. Ատեստավորման ժամանակացույցը հաստատվում է թանգարանի տնօրենի կողմից յուրաքանչյուր տարվա սկզբում։

7. Եթե աշխատողը ցանկություն է հայտնել մասնակցելու ատեստավորմանը, սակայն հարգելի պատճառով չի մասնակցել, նրա համար ատեստավորումն անցկացվում է բացակայության պատճառի վերացումից հետո՝ առավելագույնը երեք ամսվա ընթացքում:

8.Արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել`

1) աշխատողի պաշտոնեական առաջխաղացման դեպքում,

2) աշխատողի մասնագիտական կարողությունների գնահատման անհրաժեշտության դեպքում:

9. Ատեստավորմանը կարող են մասնակցել թանգարանի կառավարչական, գիտահետազոտական, թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրությունների, թանգարանային կրթական ծրագրերի կազմակերպման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների մասնագիտական անձնակազմը։

10. Թանգարանում համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակված աշխատողը կարող է ատեստավորվել պաշտոնի նշանակվելուց ոչ շուտ, քան վեց ամիս հետո` բացառությամբ սույն կարգով սահմանված արտահերթ ատեստավորման դեպքերի:

11. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող աշխատողը կարող է դիմել ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց վեց ամիս հետո` բացառությամբ սույն կարգով սահմանված արտահերթ ատեստավորման դեպքերի:

 

2. Ատեստավորման հանձնաժողովը

 

12. Ատեստավորման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) բաղկացած է յոթ անդամից՝ նախագահից, անդամներից և քարտուղարից:

13. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են՝

1) պետական թանգարանների ներկայացուցիչներ (երեք անդամ՝ համաձայնությամբ),

2) թանգարանի լիազոր պետական մարմնի ներկայացուցիչ (մեկ անդամ՝ համաձայնությամբ),

3) գիտակրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ (երկու անդամ՝ համաձայնությամբ), որոնք առաջադրվում են գիտակրթական կազմակերպությունների կողմից՝ մասնագիտական կրթության ոլորտում ներգրավված մասնագիտական կազմից,

4) «ԻԿՕՄ»-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացուցիչ (մեկ անդամ՝ համաձայնությամբ), որն առաջադրվում է «ԻԿՕՄ»-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահի կողմից:

 

3. Ատեստավորման կազմակերպման կարգը

 

14. Աշխատողներն ատեստավորման գործընթացի մեկնարկի մասին ծանուցվում են ատեստավորումից առնվազն երեսուն օր առաջ։

15. Ատեստավորումն իրականացվում է թանգարանի տնօրենի հրամանով յուրաքանչյուր մասնագիտական պաշտոնի խմբի համար սահմանված ժամկետներում:

16. Ատեստավորման մասին ծանուցումը պարունակում է՝

1) դիմումների ընդունման մանրամասները՝

ա. սկիզբը և վերջնաժամկետը,

բ. ընդունող անձը,

գ. մասնագիտական պաշտոնների ցանկը և ատեստավորման ժամանակացույցը,

դ. գրավոր թեստավորման փուլի անցկացման վայրը և հատկացվող ժամանակը:

17. Աշխատողի կողմից ներկայացվող ատեստավորման դիմումը ներառում է հետևյալ տեղեկությունները՝

1) անունը, ազգանունը, հայրանունը,

2) զբաղեցրած պաշտոնը,

3) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.

4) աշխատողի էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը

5) կրթությունը հավաստող փաստաթղթեր,

6) դրույթ այն մասին, որ «տեղեկացված եմ, որ ատեստավորման թեստավորման փուլը տեսաձայնագրվում է և այդ կապակցությամբ առարկություններ չունեմ»:

18. Ատեստավորումն իրականացվում է երկու փուլով՝

1) գրավոր թեստավորում,

2) հարցազրույց:

19. Թանգարանը յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ թանգարանի կայքէջում հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող հարցերի բնույթը, ձևաթղթի և թեստի լրացման կարգը, առաջադրանքների նմուշներ։

20. Գրավոր թեստավորումն աշխատողի տվյալ պաշտոնի համար թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները սահմանելու մասին լիազոր պետական մարմնի ղեկավարի հրամանով սահմանված իրավական ակտերի, միջազգային կոնվենցիաների, ԻԿՕՄ-ի թանգարանային աշխատողների «Մասնագիտական էթիկայի կոդեքսի» (վարքագծի կանոնա­գիրք) վերաբերյալ գիտելիքների ստուգումն է։

21. Հարցազրույցն աշխատողի տվյալ պաշտոնի համար պահանջվող  հմտությունների, թիմային աշխատանքի և վերլուծական մտածողության գնահատումն է։

22. Հարցազրույցի փուլին մասնակցում են գրավոր թեստավորման փուլը հաղթահարած աշխատողները։

 

4. Գրավոր թեստավորման փուլի կազմակերպումը

 

23. Գրավոր թեստավորման առաջադրանքները կազմվում են՝ ըստ թանգարանային աշխատողների մասնագիտական խմբերի որակավորման չափանիշներին համապատասխան պահանջների: Առաջադրանքները հաստատվում են թանգարանի լիազոր պետական մարմնի ղեկավարի հրամանով։

24. Գրավոր թեստավորումն իրականացվում է այդ նպատակով առանձնացված սենյակում (այսուհետ` թեստավորման սենյակ):

25. Աշխատողների ատեստավորման թեստավորման փուլը տեսաձայնագրվում է:

26. Գրավոր թեստավորման փուլը սկսվելուց մեկ ժամ առաջ հանձնաժողովի քարտուղարը թեստավորման սենյակում հանձնաժողովի անդամներին տրամադրում է թեստի պատասխանների լրացման ձևաթղթերի ծրարը և ատեստավորմանը մասնակցող աշխատողների անվանացուցակը:

27. Հանձնաժողովի քարտուղարը թեստի պատասխանների լրացման ձևաթղթերը տրամադրում է ատեստավորվողներին:

28. Ատեստավորվող անձանց մուտքը թեստավորման սենյակ սկսվում է թեստավորման համար նշանակված ժամից առնվազն 30 րոպե առաջ՝

1) թեստավորման համար նշանակված ժամից ուշացած ատեստավորվողի մուտքը թեստավորման սենյակ չի թույլատրվում, և վերջինս համարվում է թեստավորման փուլին չներկայացած,

2) թեստավորման սենյակում ատեստավորվող յուրաքանչյուր աշխատող ստանում է առաջադրանքների լրացման ձևաթուղթը և ատեստավորմանը մասնակցող աշխատողների անվանացուցակում իր անվան դիմաց ստորագրությամբ հաստատում է պատասխանների լրացման ձևաթուղթը ստանալու փաստը և տեղ զբաղեցնում թեստավորման սենյակում տեղադրված որևէ նստարանի:

29. Մինչև թեստավորման սկիզբը հանձնաժողովի քարտուղարը ատեստավորմանը մասնակցող աշխատողների համար ընթերցում է թեստավորման անցկացման կարգը:

30. Ատեստավորվողը պատասխանների լրացման ձևաթղթում լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը:

31. Հանձնաժողովի քարտուղարը փակ ծրարներով առաջադրանքները բաժանում է ատեստավորվողներին:

32. Ատեստավորվողը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր անունը, ազգանունը, հայրանունը:

33. Հանձնաժողովի նախագահը հայտարարում է թեստավորման սկիզբը, տևողությունը, ցուցատախտակի վրա կատարվում է նշում թեստավորման սկզբի և ավարտի վերաբերյալ:

34. Ատեստավորվողին արգելվում է իր հետ թեստավորման սենյակ տանել կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր:

35. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև ինքնակամ լքել թեստավորման սենյակը:

36. Թեստավորման ընթացքում ատեստավորվողի կողմից աղմկելու, հուշելու, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալու դեպքում հանձնաժողովի անդամները մեկ անգամ բանավոր նախազգուշացնում են ատեստավորվողին, իսկ խախտումը կրկնվելու դեպքում՝ դադարեցվում է վերջինիս թեստավորումը և դուրս է հրավիրվում թեստավորման սենյակից՝ արձանագրելով խախտումը և տվյալ աշխատողի տվյալները:

37. Թեստավորման ընթացքում ատեստավորվողը թեստավորման սենյակից կարող է դուրս գալ միայն բացառիկ դեպքերում` հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ուղեկցությամբ:

38. Թեստավորման ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների լրացման ձևաթղթերը փոխարինվում են նորով՝ արձանագրությունների համապատասխան տողում այդ մասին կատարելով նշում: Թերություններ ունեցող պատասխանների լրացման ձևաթղթերի կամ թեստերի վրա գրվում են «Խոտանված է» բառերը:

39. Թեստավորման սենյակում, բացի ատեստավորվողներից՝ կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները, թանգարանի տնօրենի հրամանով նշանակված թեստավորման գործընթացի կազմակերպման պատասխանատուները:

40. Թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հանձնաժողովի նախագահը ատեստավորվողների ուշադրությունը հրավիրում է ժամանակի վրա:

41. Թեստավորումն ավարտելուց հետո ատեստավորվողը թեստը և պատասխանների լրացման ձևաթուղթը հանձնում է թեստավորման պատասխանատուներին` ստորագրելով ատեստավորմանը մասնակցող աշխատողների անվանացուցակում՝ իր անվան դիմաց:

42. Ատեստավորման պատասխանատուներից որևէ մեկը պատճենահանում է պատասխանների լրացված ձևաթուղթը և պատճենը հանձնում է ատեստավորվողին:

43. Չի թույլատրվում պատասխանների ձևաթղթերի վրա կատարել ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ, մեկ հարցի համար նշել մեկից ավելի պատասխաններ: Նման դեպքերում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:

44. Սույն կարգի 33-րդ կետում նշված՝ թեստավորման առաջադրանքի կատարման համար հատկացված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովի քարտուղարը պատասխանների լրացման ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), ատեստավորմանը մասնակցած աշխատողների անվանացուցակի ծրարները, պատասխանների լրացման ձևաթղթերի՝ անձնական տվյալ պարունակող հատվածները և թեստերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված) հաշվում է և արձանագրում:

45. Պատասխանը ստուգելուց և աշխատողին նույնականացնելուց հետո (անձնագրային կամ նույնականացման այլ տվյալների հիման վրա) համապատասխան միավորը գրանցվում է որպես աշխատողի թեստավորման արդյունք:

46. Գրավոր թեստավորման պատասխանները ստուգվում են հանձնաժողովի ներկայությամբ:

47. Թեստավորման առաջադրանքը կազմվում է ըստ թանգարանի աշխատողների մասնագիտական խմբերի որակավորման չափորոշիչների պահանջների՝

1) մասնագիտական պաշտոնների 1-3-րդ խմբերի համար առաջադրանքը բաղկացած է 50 հարցից, որից 10-ը՝ մշակույթի ոլորտի իրավական ակտերի, 10-ը՝ միջազգային կոնվենցիաների, 20-ը՝ թանգարանների ոլորտի, իսկ 10-ը՝ գործառութային պարտականությունների վերաբերյալ,

2) մասնագիտական պաշտոնների 4-րդ խմբի համար առաջադրանքը բաղկացած է 40 հարցից, որից 10-ը մշակույթի ոլորտի իրավական ակտերի,  20-ը՝ թանգարանների ոլորտի, իսկ 10-ը՝ գործառութային պարտականությունների վերաբերյալ,

3) մասնագիտական պաշտոնների 5-7-րդ խմբերի համար առաջադրանքը բաղկացած է 30 հարցից, որից 20-ը՝ թանգարանների ոլորտի իրավական ակտերի, 10-ը՝ գործառութային պարտականությունների վերաբերյալ,

4) մասնագիտական պաշտոնների 8-9-րդ խմբերի համար առաջադրանքը բաղկացած է գործառութային պարտականությունների վերաբերյալ 20 հարցից:

48. Թեստերը բաղկացած են հիմնականում ընտրովի պատասխաններ պահանջող առաջադրանքներից։ Անհրաժեշտության դեպքում կարող են ներառվել նաև կարճ պատասխան պահանջող հարցեր։

49. Գրավոր թեստավորման փուլը հաղթահարված է համարվում ատեստավորման առաջադրանքի կատարման 90 % (կամ՝ անհրաժեշտության դեպքում վերանայել՝ 70–80 % շեմ սահմանելու նպատակով) և ավելի արդյունք գրանցելու դեպքում:

 

5. Հարցազրույցի փուլի կազմակերպումը

 

50. Գրավոր թեստավորման փուլը հաղթահարած աշխատողը մասնակցում է հաջորդ՝ հարցազրույցի փուլին:

51. Հարցազրույցն անցկացվում է ատեստավորման հանձնաժողովի կողմից՝ յուրաքանչյուր աշխատողի հետ անհատական ձևաչափով։

52. Հարցազրույցի ընթացքում գնահատվում են՝

1) մասնագիտական գիտելիքների գործնական կիրառման կարողությունը, աշխատանքային իրավիճակների վերլուծության և որոշումների կայացման հմտությունները,

2) հաղորդակցման և թիմային աշխատանքի կարողությունները,

3) մասնագիտական էթիկայի նորմերի իմացությունը և կիրառումը,

4) զբաղեցրած պաշտոնի գործառույթների իրականացման պատրաստվածությունը։

53. Հարցազրույցի հարցերը ձևավորվում են աշխատողի մասնագիտական խմբին համապատասխան հետևյալ ձևաչափերով՝

1) հարցարան. կոնկրետ հարցերի միջոցով մասնագիտական գիտելիքների գործնական կիրառման կարողության գնահատում,

2) աշխատանքային իրավիճակներ. կոնկրետ առաջադրանքի միջոցով աշխատանքային իրավիճակում մասնակցի վերլուծության, որոշումների կայացման հմտությունների, տվյալ իրավիճակի դրական, բացասական հետևանքների և դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ ներկայացված առաջարկների գնահատում,

3) բարեվարքություն. հաղորդակցման և թիմային աշխատանքի կարողությունների, մասնագիտական էթիկայի նորմերի իմացության և կիրառման գնահատում,

54. Հարցազրույցը կարող է տեսաձայնագրվել հանձնաժողովի որոշմամբ։

55. Հարցազրույցի փուլը համարվում է հաղթահարված ատեստավորման հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի կողմ քվեարկության արդյունքում:

56. Քվեարկությանը մասնակցում են միայն ատեստավորման հանձնաժողովի անդամները, որոնք իրավունք չունեն ձեռնպահ մնալու քվեարկությունից:

57. Ձայների հավասարության դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի դիրքորոշումը։

58. Հարցազրույցի փուլը չհաղթահարած աշխատողը համարվում է ատեստավորումը չանցած։

 

6. Ատեստավորման արդյունքների ամփոփումը

 

59. Ատեստավորման վերջնական արդյունքը ձևավորվում է գրավոր թեստավորման և հարցազրույցի փուլերի արդյունքների համակցությամբ։

60. Ատեստավորված է համարվում այն աշխատողը, որը հաղթահարել է գրավոր թեստավորման և հարցազրույցի փուլերը։

 61. Ատեստավորման արդյունքներով հանձնաժողովը կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը`

1) աշխատողը ատեստավորված է,

2) աշխատողը չի ատեստավորվել։

62. Ատեստավորման արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որը ստորագրվում է ատեստավորման հանձնաժողովի նախագահի ու անդամների կողմից:

63. Ատեստավորված թանգարանային աշխատողների համար թանգարանի տնօրենի հրամանով սահմանվում է հավելավճար՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխան։

64. Ատեստավորված աշխատողների համար հավելավճարի չափը, հիմք ընդունելով սույն կարգի պահանջները, սահմանում է թանգարանի տնօրենը՝ համաձայնեցնելով լիազոր պետական մարմնի հետ:

65. Ատեստավորված աշխատողների համար ամսական հավելավճարի մեծության չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Հչ = ((ՆԱԱ × Գու + ՀՏՊՎ) − Դր) × Գթմ

որտեղ՝

Հչ-ն հավելավճարի ամսական մեծության չափն է,

ՆԱԱ«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափն է (առանց աշխատավարձից վճարվող հարկերի, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարների),

Գու-ն մասնագիտական պաշտոնների նկատմամբ կիրառվող գործակիցն է,

ՀՏՊՎաշխատավարձից վճարվող հարկերն ու սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներն են,

Դր-ն ատեստավորված աշխատողների աշխատավարձի դրույքաչափն է,

Գթմ-ն թանգարանի մեծության գործակիցն է։

66  Մասնագիտական պաշտոնների նկատմամբ կիրառվում են հետևյալ գործակիցները

 

Մասնագիտական պաշտոնների խումբը

Պաշտոնի անվանումը

Մասնագիտական պաշտոնների նկատմամբ կիրառվող գործակիցը

 (Գու)

1

Տնօրեն

       2.53

2

Թանգարանի գիտահետազոտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ

        2.31

Թանգարանի մասնաճյուղերի գծով տեղակալ

Թանգարանի գիտական քարտուղար

Թանգարանի գլխավոր ավանդապահ

3

Թանգարանի գիտահետազոտական բաժնի ղեկավար

        2.11

4

Թանգարանի գիտական հետազոտող

        1.94

Թանգարանի մասնաճյուղի ղեկավար

Թանգարանի ցուցահանդեսների կազմակերպման բաժնի ղեկավար

Թանգարանի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար

Թանգարանի վերականգնման արհեստանոցի/լաբորատորիայի/ ղեկավար

Թանգարանային հավաքածուի հաշվառման ենթաբաժնի ղեկավար

Թանգարանային հավաքածուի պահպանության ենթաբաժնի ղեկավար

Թանգարանի ցուցահանդեսների գլխավոր ինժեներ-մոնտաժող

Թանգարանի ավանդապահ

Թանգարանային առարկաների և հավաքածուի բարձրագույն կարգի վերականգնող

5

Թանգարանի ցուցահանդեսների մոնտաժման մասնագետ

        1.79

Թանգարանի կրթական ծրագրերի պատասխանատու-վարող

Միջոցառումների համակարգող

Թանգարանային առարկաների և հավաքածուի առաջին կարգի վերականգնող

Ավագ նկարիչ-վերականգնող

6

Թանգարանի ցուցահանդեսների համադրող

        1.63

Թանգարանի ցուցահանդեսների լուսային մոնտաժման մասնագետ

Թանգարանային առարկաների և հավաքածուի երկրորդ կարգի վերականգնող

Թանգարանային առարկաների և հավաքածուի  երրորդ կարգի  վերականգնող

7

Թանգարանի ցուցադրության էքսկուրսավար

        1.48

8

Թանգարանի ցուցահանդեսների մոնտաժման մասնագետ

        1.35

9

Թանգարանային առարկաների շրջանակավորման մասնագետ

        1.24

Թանգարանային ցուցանմուշների հսկիչ

 

67. Թանգարանների դասակարգումն ըստ մեծության (փոքր, միջին, խոշոր, մեծ) սահմանվում է թանգարանի լիազոր պետական մարմնի կողմից՝ հաշվի առնելով աշխատողների թվաքանակը, հավաքածուների քանակը և այցելությունների միջին տարեկան ցուցանիշը։

68. Սույն կարգի 65-րդ կետով հաշվարկվող բանաձևում կիրառվում են թանգարանի մեծության հետևյալ գործակիցները (Գթմ)

մասնագիտական պաշտոնների խումբը

թանգարանների դասակարգումն ըստ մեծության

փոքր

 միջին

խոշոր

մեծ

1

1.00

1.13

1.28

1.45

2

1.00

1.13

1.28

1.45

3

1.00

1.00

1.00

1.00

4

1.00

1.00

1.00

1.00

5

1.00

1.00

1.00

1.00

6

1.00

1.00

1.00

1.00

7

1.00

1.00

1.00

1.00

8

1.00

1.00

1.00

1.00

9

1.00

1.00

1.00

1.00

 

69. Ատեստավորված աշխատողի համար սույն կարգով հաշվարկված բանաձևում (Դր-(ՆԱԱ × Գու+ՀՏՊՎ) թվաբանական արտահայտության բացասական մեծության դեպքում աշխատողի աշխատավարձը ենթակա է պահպանման։

70. Ատեստավորված աշխատողի մեկ պետական թանգարանից մյուս պետական թանգարան տեղափոխվելու դեպքում՝

1) նախկինում սահմանված հավելավճարը պահպանվում է, եթե աշխատողը շարունակում է զբաղեցնել նույն կամ համարժեք պաշտոն,

2) եթե նոր պաշտոնը պատկանում է այլ մասնագիտական խմբի՝ հավելավճարի չափը վերահաշվարկվում է տվյալ խմբի համար սահմանված չափին համապատասխան։

 

7. Բողոքարկման կարգ

 

71. Ատեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել աշխատողի կողմից։

72. Ատեստավորման արդյունքների վերաբերյալ բողոքարկումը ներկայացվում է գրավոր՝ արդյունքների հրապարակումից անմիջապես հետո։

73. Գրավոր թեստավորման արդյունքների բողոքարկումը քննվում է թանգարանում ձևավորված բողոքարկման հանձնաժողովի կողմից, որի կազմը չի կարող համընկնել ատեստավորման հանձնաժողովի կազմի հետ։

74. Հարցազրույցի փուլի և ատեստավորման վերջնական արդյունքների բողոքարկումը ներկայացվում է թանգարանի լիազոր պետական մարմին։

75. Լիազոր պետական մարմնում բողոքարկումն իրականացվում է նախարարի հրամանով ձևավորված անկախ բողոքարկման հանձնաժողովի կողմից։

76. Բողոքարկման հանձնաժողովը դիմումը քննարկում է այն ստանալուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում։

77. Բողոքարկման արդյունքում կարող է ընդունվել հետևյալ որոշումներից մեկը՝

1) թողնել արդյունքն անփոփոխ,

2) նշանակել կրկնակի գնահատում,

3) անվավեր ճանաչել համապատասխան փուլի արդյունքները և նշանակել վերահանձնում։

78. Բողոքարկման հանձնաժողովի որոշումը վերջնական է:

 

8. Եզրափակիչ դրույթներ

 

79. Ատեստավորման գործընթացի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը պահպանվում են թանգարանի արխիվում։

 

 

 

  • Տևողություն

    01.04.2026 16.04.2026
  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Մշակութային

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

  • Սկզբնական տարբերակի հղում

    https://www.arlis.am/hy/acts/196893

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 328

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: