Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Դավիթ Տուրյան 27.02.2026 13:20:32

Համաձայն նախագծի՝ առաջարկվում է ոչ աշխատանքային օր չհանդիսացող սգո և հիշատակի օրերին թույլատրել գովազդի հեռարձակումը՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ ներկայումս օրենքով գովազդի հեռարձակումը արգելվում է առհասարակ՝ անկախ դրա բովանդակությունից։ Նախագիծը մշակողի գնահատմամբ՝ նման համընդհանուր արգելքը ծայրահեղ մոտեցում է, քանի որ գովազդը կարող է չպարունակել զվարճալի և/կամ ժամանցային տարրեր, ինչի հետ ես համամիտ եմ։

Սակայն առաջարկվող կարգավորման կիրառման արդյունքում կարող է ձևավորվել մեկ այլ ծայրահեղ իրավիճակ, երբ ոչ աշխատանքային օր չհանդիսացող սգո և հիշատակի օրերին կթույլատրվի գովազդի հեռարձակումը՝ անկախ դրա տեսակից, այդ թվում՝ զվարճալի և/կամ ժամանցային տարրեր պարունակող գովազդի, ինչը, իմ կարծիքով, խնդրահարույց է։

Վերոգրյալից ելնելով՝ առաջարկում եմ ոչ աշխատանքային օր չհանդիսացող սգո և հիշատակի օրերին արգելել բացառապես զվարճալի և/կամ ժամանցային տարրեր պարունակող գովազդի հեռարձակումը, իսկ աշխատանքային օր համարվող սգո և հիշատակի օրերին պահպանել գովազդի հեռարձակման ընդհանուր արգելքը։

Հետևաբար առաջարկվում է օրենքի նախագիծը շարադրել վերոնշյալ տրամաբանությամբ՝ համաձայն կից ներկայացվող փաստաթղթի։

Նշեմ նաև, որ սույն առաջարկի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություններ կատարել նաև նախագծի հիմնավորման մեջ՝ այն համապատասխանեցնելով նախագծի վերանայված բովանդակությանը։

Կից ներկայացվում է իմ կողմից լրամշակված օրենքի նախագիծը և փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ օրենքի նախագիծը ներկայացրած մարմնի ներկայացրած նախագծի համեմատությամբ, ներառյալ առաջարկվող լրացումները։

Դիտել կցված փաստաթուղթը

Չի ընդունվել։ Գործող օրենսդրությամբ ամրագրված չեն համապատասխան չափանիշներ, որոնք թույլ կտան գնահատել կամ սահմանազատել գովազդում «զվարճալի տարրերի» առկայությունը։ Ավելին, այս հանգամանքը կարող է առաջացնել տարբեր մեկնաբանությունների, ինչպես ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների, այնպես էլ իրավակիրառող մարմինների կողմից, և հանգեցնել օրենքի ոչ միատեսակ կիրառելիության։

Նման պայմաններում «զվարճալի տարրեր» հասկացության ներառումը նախագծում, առանց հստակ չափորոշիչների և վերահսկողության մեխանիզմների, կարող է առաջացնել իրավական և գործնական լրացուցիչ բարդություններ, ինչն անհամատեղելի է նախագծի ընդունման նպատակի հետ։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: