27.02.2026
Համաձայն նախագծի՝ առաջարկվում է ոչ աշխատանքային օր չհանդիսացող սգո և հիշատակի օրերին թույլատրել գովազդի հեռարձակումը՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ ներկայումս օրենքով գովազդի հեռարձակումը արգելվում է առհասարակ՝ անկախ դրա բովանդակությունից։ Նախագիծը մշակողի գնահատմամբ՝ նման համընդհանուր արգելքը ծայրահեղ մոտեցում է, քանի որ գովազդը կարող է չպարունակել զվարճալի և/կամ ժամանցային տարրեր, ինչի հետ ես համամիտ եմ։
Սակայն առաջարկվող կարգավորման կիրառման արդյունքում կարող է ձևավորվել մեկ այլ ծայրահեղ իրավիճակ, երբ ոչ աշխատանքային օր չհանդիսացող սգո և հիշատակի օրերին կթույլատրվի գովազդի հեռարձակումը՝ անկախ դրա տեսակից, այդ թվում՝ զվարճալի և/կամ ժամանցային տարրեր պարունակող գովազդի, ինչը, իմ կարծիքով, խնդրահարույց է։
Վերոգրյալից ելնելով՝ առաջարկում եմ ոչ աշխատանքային օր չհանդիսացող սգո և հիշատակի օրերին արգելել բացառապես զվարճալի և/կամ ժամանցային տարրեր պարունակող գովազդի հեռարձակումը, իսկ աշխատանքային օր համարվող սգո և հիշատակի օրերին պահպանել գովազդի հեռարձակման ընդհանուր արգելքը։
Հետևաբար առաջարկվում է օրենքի նախագիծը շարադրել վերոնշյալ տրամաբանությամբ՝ համաձայն կից ներկայացվող փաստաթղթի։
Նշեմ նաև, որ սույն առաջարկի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություններ կատարել նաև նախագծի հիմնավորման մեջ՝ այն համապատասխանեցնելով նախագծի վերանայված բովանդակությանը։
Կից ներկայացվում է իմ կողմից լրամշակված օրենքի նախագիծը և փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ օրենքի նախագիծը ներկայացրած մարմնի ներկայացրած նախագծի համեմատությամբ, ներառյալ առաջարկվող լրացումները։