Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ             ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1.      Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի անհրաժեշտությունը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 243-րդ հոդվածի 1-2-րդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քննում է սույն օրենսգրքի (…) 193.3-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։

Սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձը:

Նշված իրավանորմերից բխում է, որ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն կամ Լիազոր մարմին), որպես իրավասու մարմնի ի թիվս այլնի վերապահված է քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից իրենց տրված լիցենզիաներով ամրագրված պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանմանն առնչվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը։

Oրենսգրքի 193.3-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն՝ քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։

Առանց քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների գործունեություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։

Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով։

ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի  29-ի թիվ 295-Ն որոշմամբ հաստատված «Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման կարգի»               13-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված են այն պայմանները և պահանջները, որոնք պետք է պահպանվեն քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության գործունեության ընթացքում:

Հարկ է նկատի ունենալ, որ քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից իրենց տրված լիցենզիաներով ամրագրված պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանումը, հավաստումը, ինչպես նաև վարչական իրավախախտումների բացահայտումը հնարավոր կլինի իրականացնել միայն նշված արտադրություններ այցելելու և տեղում համապատասխան պահանջների պահպանված լինելու հանգամանքը պարզելու ճանապարհով:

Նշված ընթացակարգը ՀՀ օրենսդրությամբ (օրենքով նախատեսված դեպքերում) նկարագրված է որպես դիտարկում, (պետական վերահսկողություն), ինչպես նաև ստուգում, սակայն «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ուսումնասիրությունից հետևում է, որ Օրենսգրքով Նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք իրականացումը բավարար չափով հնարավոր չէ ապահովել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի շրջանակներում, քանի որ վերջինիս իմաստով պետական մարմնի կողմից ստուգումների անցկացման նպատակով կազմվում է ստուգումների տարեկան ծրագիր` հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը, որում ընդգրկվում են տնտեսավարող սուբյեկտների մինչև քսան տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ ստուգում իրականացնող մարմնի գործունեությունը պայմանավորված է ռիսկերի վրա հիմնված մոտեցմամբ, ինչը ենթադրում է՝

1) տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության գնահատում,

2) այդ գնահատումների հիման վրա տնտեսավարողների խմբավորում բարձր, միջին և ցածր ռիսկայնության խմբերում,

3) ստուգումների տարեկան ծրագրի կազմավորում՝ խիստ պահպանելով չափաբաժինները, մասնավորապես՝ բարձր ռիսկայնության խմբում ընդգրկելով տնտեսավարողների մինչև քսան տոկոսը՝ ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:

Հետևաբար, պետք է արձանագրել, որ ստուգումների իրականացման իրավաչափությունը կախված է նախնական ռիսկային վերլուծության առկայությունից և դրա արդյունքների վրա հիմնված ընտրությունից։ Առանց այդ փուլերի ապահովման հնարավոր չէ ձևավորել տարեկան ծրագիր, որը վերահսկող մարմնի համար հանդիսանում է ստուգումներ իրականացնելու միակ իրավաչափ հիմքը:

Մինչդեռ տվյալ դեպքում, Լիազոր մարմնի կողմից անհրաժեշտ է ապահովել քաղաքացիական և ծառայողական զենքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ոլորտում չափազանց զգայուն, անվտանգության հետ անմիջապես կապված պարտադիր պահանջների պահպանման ամբողջական վերահսկումը՝ ընդգրկելով վերը նշված արտադրության ոլորտում գորոծունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, առանց նախնական ռիսկային գնահատման։ Վերջինս բխում է այն հանգամանքից, որ տվյալ ոլորտում նույնիսկ ամենաչնչին շեղումը կարող է առաջացնել անհամեմատ մեծ վնաս հասարակական և պետական անվտանգության համար, ինչն անհամատեղելի է սահմանափակ շրջանակներով դիտարկում իրականացնելու մեխանիզմների հետ:

Հարկ է նշել, որ իրավական ակտերով սահմանված են այն պայմաններն ու պահանջները, որոնք լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել։ Այդ իրավական ակտերում ամրագրված են տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջներն ու պայմանները, որպիսի պարագայում տրամադրված լիցենզիաներով սահմանված պայմանների պահպանման վերահսկումն իր իրավաբանական բնույթով չի կարող կախված լինել ռիսկայնության գնահատման փուլից կամ տարեկան ծրագրում ներառվելուց, քանի որ կրելու է համատարած բնույթ:

Նշված հանգամանքից հետևում է, որ տրված լիցենզիայի պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, կրում է համատարած և անընդհատ գործընթաց է, որը չի կարող պայմանավորված լինել ռիսկայնության գնահատման արդյունքներով կամ տարեկան վերահսկողական ծրագրում համապատասխան սուբյեկտի ընդգրկմամբ։

Ուստի, հաշվի առնելով, որ լիցենզավորված անձինք գործունեություն են իրականացնում հատուկ իրավական ռեժիմի շրջանակներում, նրանց նկատմամբ վերահսկողությունը կրում է համընդհանուր և շարունակական բնույթ, ինչը բխում է ինչպես հանրային շահերի պաշտպանության, այնպես էլ լիցենզավորման ինստիտուտի էությունից։

Ամփոփելով վերոգրյալը պետք է փաստել, որ  Լիազոր մարմնի համար անհրաժեշտ է գործիքակազմ, որը թույլ կտա արձագանքել ցանկացած պահի, օպերատիվ կերպով և անմիջապես, ուստի վերահսկողության իրականացման համար օրենսդրորեն կիրառելի միակ իրավաչափ և մատչելի ընթացակարգը հանդիսանում է դիտարկումը, որպես պետական վերահսկողության ձև, որն իրականացվում է տեղում՝ առանց նախնական ռիսկային վերլուծության պահանջի։

Այդ պատճառով անհրաժեշտ է կիրառել «դիտարկում» իրավական կարգավորումը, որը միակ կատարելագործված և իրավաչափ ձևաչափն է՝ լիցենզիայի պայմանների իրական պահպանումը տեղում արձանագրելու և Նախարարությանը Օրենսգրով վերապահված լիազորությունն իրականացնելու համար, որն էլ առաջարկվում է իրականացնել սույն նախագծի շրջանակներում:

 

2.Ակնկալվող արդյունքը.

Դիտարկումների արդյունքում բացահայտել օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման դեպքերը, գործադրել միջոցներ՝ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունում օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումը կանխելու և նվազեցնելու, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց հասցվող հնարավոր վնասի հավանականությունը նվազեցնելու վերաբերյալ։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. 

Սույն նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

 

4       Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում (հարկ է նշել, որ սույն նախագծով ներկայացված գործառույթներն իրականացվելու են Նախարարության հաստիքացուցակով սահմանված աշխատակիցների կողմից, իսկ իրականացված վարչարարության արդյունքում կարող է պետական բյուջեում նախատեսվել եկամուտների ավելացում):

Միաժամանակ, հարկ է նշել, որ դիտարկման ընթացքում մասնագետների կամ փորձագետների ներգրավման, պահանջվող փաստաթղթերի և տվյալների լուսապատճենահանման, ինչպես նաև ծառայողական տեսախցիկների օգտագործման ծախսերը կատարվելու են Նախարարության պահպանման միջոցների հաշվին:

 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Ներկայացված նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի «2.3 Բարձր տեխնոլոգիաներ» մասի, «Ռազմարդյունաբերություն» բաժնի դրույթներից:

  • Տևողություն

    29.01.2026 15.02.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Գերատեսչություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 162

Տպել

Առաջարկներ`

Մուշեղ Բաբայան

29.01.2026

Առաջարկություններ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ>> օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ

 

 

        Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 45-րդ կետով, ըստ որի՝ դիտարկումը հետևյալ երկու խումբ նպատակներով իրականացվող գործունեություն է․

1․ առանց քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների գործունեություն  իրականացնելու դեպքերը բացահայտելու, խախտումն արձանագրելու, օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով,

2․ Օրենքի 32.1-ին հոդվածով սահմանված կարգով` քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների պարտադիր պահանջների կամ պայմանների համապատասխանության ապահովման, խախտման կանխարգելման, բացահայտման նպատակով։

Ինչպես երևում է Նախագծի այս նորմի շարադրանքից՝ խախտումն արձանագրելու, օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակը վերաբերելի է միայն 1-ին դեպքերին՝ առանց լիցենզիաների գործունեություն  իրականացնելուն։ Այնինչ, ակնհայտ է, որ վարչական պատասխանատվության ձևաչափով արձագանքման ենթակա են նաև 2-րդ դեպքերը՝ լիցենզիաների պարտադիր պահանջների կամ պայմանների խախտումները։ Հետևաբար, կարծում եմ, որ Նախագծի այս նորմը նպատակահարմար է վերախմբագրել այն հաշվարկով, որ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակը վերաբերելի լինի երկու խումբ խախտումներին էլ։

Բացի այդ, որոշակի շփոթմունք է առաջանում Նախագծով առաջարկվող՝ 32․1-ին հոդվածի շարադրանքում՝ կարգավորման առարկայի կապակցությամբ։ Մասնավորապես, Օրենքի 2-րդ հոդվածի վերը նշված 45-րդ կետի ձևակերպումից բխում է, որ 32․1-ին հոդվածի կարգավորումները, այդ հոդվածով սահմանված դիտարկումը վերաբերվում է միայն 2-րդ խումբ նպատակներին՝ լիցենզիաների պարտադիր պահանջների կամ պայմանների համապատասխանության նկատմամբ վերահսկողությանը։ Այդ մասին է վկայում նաև հենց 32․1-ին հոդվածի 1-ին մասի շարադրանքը՝

<<1. Քաղաքացիական և ծառայողական զենքի, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության բնագավառում տրամադրված լիցենզիաների պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ  իրականացվում է դիտարկումներ>>։

Եթե Նախագծի հեղինակների դիրքորոշումն է, որ 32․1-ին հոդվածով չեն կարգավորվելու 1-ին խումբ նպատակներով իրականացվող դիտարկումները (առանց լիցենզիաների գործունեություն  իրականացնելու դեպքերը բացահայտելու և այլն), ապա անհասկանալի է մնում, թե վերջիններն ինչ նորմերով են կարգավորվելու։ Այս պարագայում անհասկանալի է, թե 32․1-ին հոդվածի 3-րդ մասի կարգավորումներն ինչու են միջանցիկ տեղավորվել այս հոդվածում։

Իսկ եթե  Նախագծի հեղինակների դիրքորոշումն է, որ 32․1-ին հոդվածով կարգավորվելու են Օրենքի համապատասխան նորմով նախատեսված բոլոր նպատակներով (երկու խմբեր) իրականացվող դիտարկումները (ինչը կարծում եմ առավել ճիշտ կլինի), ապա այս հոդվածի 1-ին մասի շարադրանքը պետք է այնպես ձևակերպվի, որ տարընթերցման տեղիք չտա։

Ավելին, ցանկացած պարագայում Նախագծի 32․1-ին հոդվածի 3-րդ մասի ձևակերպումը կարծում եմ խմբագրման կարիք ունի, քանի որ ըստ այդ նորմի՝ առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնելու դեպքերի բացահայտման հիմք են հանդիսանում հաղորդումները (բողոքները) կամ այլ արժանահավատ տեղեկատվությունը: Իրականում՝ հաղորդումները, բողոքները, արժանահավատ տեղեկատվությունը, կարծում եմ, դեպքերի բացահայտման նպատակով դիտարկումներ իրականացնելու հիմք կարող են հանդիսանալ, ոչ թե բացահայտման։

Բացի այդ, Նախագծում առկա են նաև իրավական տեխնիկայի կապակցությամբ որոշ անհամապատասխանություններ, որոնք կարծում եմ, պետք է շտկվեն։ Այսպես՝ <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ <<3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի>>: Այնինչ, Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող 32․1-ին հոդվածի 11-րդ մասում այս կանոնը պահպանված չէ։

Մուշեղ Բաբայան

 

 

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: