Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

                                                  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ     ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ                 ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի մայիսի 10-ի ՀՕ-368-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն oրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական, ձեռքի մարտական հրաձգային զենքի շրջանառությունը, քաղաքացիական, ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների պարտադիր պահանջների կամ պայմանների հետ կապված հարաբերությունները:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 44-րդ, 45-րդ, 46-րդ կետերով ՝ հետևյալ բովանդակությամբ.

«44) լիցենզիաների պարտադիր պահանջներ կամ պայմաններ՝ իրավական ակտերով տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջներ կամ պայմաններ.

45) դիտարկում՝ համապատասխան բողոքի, հաղորդման կամ այլ արժանահավատ տեղեկատվության հիման վրա՝ առանց քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների գործունեություն  իրականացնելու դեպքերը բացահայտելու, խախտումն արձանագրելու, օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաև սույն օրենքի 32.1-ին հոդվածով սահմանված կարգով` քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների պարտադիր պահանջների կամ պայմանների համապատասխանության ապահովման, խախտման կանխարգելման, բացահայտման նպատակով իրականացվող գործողություններ.

46)  դիտարկում (վերահսկողություն) իրականացնող պետական մարմին (այսուհետ՝ դիտարկում իրականացնող պետական մարմին)՝ քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների պարտադիր պահանջների կամ պայմանների համապատասխանության ապահովման, խախտման կանխարգելման, բացահայտման և նախազգուշացման նպատակով օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող` պետական կառավարման համակարգի մարմին:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շրջանառության մեջ գտնվող զենքը ձեռք բերելու իրավունքը և դիտարկում իրականացնող պետական մարմնի, տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի (անձանց) իրավունքները և պարտականությունները»:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ գլխուխը լրացնել նոր 19.1-ին, 19.2.-րդ հոդվածներով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 19.1  Դիտարկում իրականացնող պետական մարմնի պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները

1. Դիտարկում իրականացնող պաշտոնատար անձն իր գործառույթներն իրականացնում է օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում՝ առաջնորդվելով օրինականության, օբյեկտիվության, անաչառության սկզբունքներով։

2. Դիտարկում իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի`

1) քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների պարտադիր պահանջների կամ պայմանների համապատասխանությունը պարզելու նպատակով տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ  անարգել մուտք գործել լիցենզավորված անձանց (այսուհետ՝ դիտարկման ենթակա կազմակերպություններ) տարածքներ՝ օրենքով սահմանված կարգով և սահմաններում.

2) պահանջել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ և տեղեկատվություն, որոնք առնչվում են դիտարկման իրականացմանը, այդ թվում՝ գրավոր և բանավոր պարզաբանումներ դիտարկվող անձանցից կամ նրանց ներկայացուցիչներից.

3) կատարել չափագրումներ, փաստերի ֆիքսում՝ ներառյալ դիտարկման վայրի լուսանկարում, տեսագրում կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործում՝ օրենքով սահմանված սահմանափակումների շրջանակում: Տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանվում է դիտարկում իրականացնող պետական մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով.

4) ներգրավել մասնագետներ կամ փորձագետներ, եթե դիտարկման առարկան պահանջում է հատուկ գիտելիքներ կամ համապատասխան գնահատում.

5) իրականացված դիտարկման արդյունքների վերաբերյալ կազմել զեկույցներ.

6) կատարել այլ գործողություններ, որոնք բխում են իր լիազորություններից և անհրաժեշտ են դիտարկման արդյունավետ և ամբողջական իրականացման համար:

3. Դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է`

1) գործել բացառապես օրենքի, ենթաօրենսդրական ակտերի և պաշտոնեական լիազորությունների սահմաններում, և չգերազանցել իրեն վերապահված իրավասությունները.

2) նախքան դիտարկումն սկսելը դիտարկում իրականացնելու մասին հրամանը ծանոթացման նպատակով ներկայացնել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին.

 3) ապահովել դիտարկման գործընթացի օբյեկտիվությունը և ամբողջականությունը, բացառել ցանկացած շահերի բախում և զերծ մնալ վարքագծից, որը կարող է կասկածի տակ դնել իր անաչառությունը.

4) պահպանել դիտարկման գործընթացում ստացված նյութերի գաղտնիությունը, բացի այն դեպքերից, երբ դրանց տրամադրումը (հրապակումը) նախատեսված է օրենքով.

5) ճշգրտորեն և ամբողջական ծավալով արձանագրել դիտարկման արդյունքները, կազմել համապատասխան ակտեր, արձանագրություններ, զեկույցներ կամ եզրակացություններ՝ հիմնվելով փաստական տվյալների վրա:»:

 

«Հոդված 19.2  Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքները և պարտականությունները

1. Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձն իրավունք ունի`

1) ծանոթանալ դիտարկում իրականացնող պետական մարմնի կողմից դիտարկման գործընթացի շրջանակներում ձեռք բերված նյութերին, կազմված իրավական ակտերին, անել քաղվածքներ և ստանալ դրանց պատճենները.

2) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դիտարկում իրականացնող անձի գործողությունները.

3) պահանջելու դիտարկում իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.

4) չկատարել դիտարկում իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև դիտարկման նպատակներից և ծրագրերից չբխող պահանջներ.

5) տնտեսավարող սուբյեկտն իր շահերի պաշտպանության նպատակով իրավունք ունի դիտարկման ցանկացած փուլում ներգրավել մասնագետների, փորձագետների, աուդիտորների և փաստաբանների։ Նշված իրավունքի իրացումը կատարվում է տնտեսավարող սուբյեկտի միջոցների: հաշվին

2. Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձը պարտավոր է`

1) չխոչընդոտել պետական դիտարկման ընթացքին, կատարել պետական դիտարկում իրականացնող պաշտոնատար անձանց օրինական պահանջները.

2) պետական դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի բանավոր կամ գրավոր պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են պետական դիտարկում իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ: Դիտարկում իրականացնող մարմնի կողմից տվյալ փաստաթղթերի առնչությամբ իրականացվող գործառույթների անհրաժեշտությունը վերանալուն պես, բայց ոչ ուշ, քան երեք տարուց, փաստաթղթերը վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին.

3) անհրաժեշտ պայմաններ ստեղծել պետական դիտարկում իրականացնող պաշտոնատար անձանց գործունեության համար.

4) պահպանել քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պայմանները և պահանջները:»:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Զենքի գործադրումը, շրջանառության նկատմամբ վերահսկողությունը, քաղաքացիական ու ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ոլորտներում  դիտարկումը»:

 

Հոդված 6. Օրենքի 8-րդ գլխուխը լրացնել նոր 32.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 32.1. Դիտարկումների իրականացումը

1. Քաղաքացիական և ծառայողական զենքի, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության բնագավառում տրամադրված լիցենզիաների պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ  իրականացվում է դիտարկումներ:

2. Դիտարկումն իրականացվում է դիտարկում իրականացնելու իրավուսություն ունեցող պետական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը), դիտարկվող սուբյեկտի կազմակերպաիրավական ձևը, հասցեն, դիտարկման նպատակը, ժամանակահատվածը և դիտարկվող հարցերի շրջանակը:

3. Առանց քաղաքացիական և ծառայողական զենքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիայի գործունեություն իրականացնելու դեպքերի բացահայտման հիմք են հանդիսանում անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև պաշտոնատար անձանց հաղորդումները (բողոքները) կամ այլ արժանահավատ տեղեկատվությունը:

4. Դիտարկումն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Դիտարկման իրականացման հրամանը նախքան դիտարկումն սկսելը ծանոթացման նպատակով ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Վերջիններիս բացակայության կամ անհնարինության դեպքում դիտարկման իրականացման հրամանը դիտարկումն իրականացնող պետական մարմնի կողմից դիտարկման ընթացքում ուղարկվում է տնտեսավարող սուբյեկտի կողմից պաշտոնապես նշված էլեկտրոնային փոստի հասցեին։

5. Դիտարկումն իրականացվում է դիտարկում իրականացնելու իրավուսություն ունեցող պետական մարմնի ղեկավարի իրավական ակտով հաստատված հարցաթերթի հիման վրա (այսուհետ՝ դիտարկման հարցաթերթ): Հարցաթերթում յուրաքանչյուր հարցի դիմաց առանձին սյունակով նշվում են տվյալ հարցի ձևակերպման համար հիմք հանդիսացող համապատասխան իրավական նորմերը:

6. Դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) լրացնում է (են) դիտարկման հարցաթերթը 2 օրինակից, որի մեկ օրինակը դիտարկումն ավարտվելուց հետո տրվում է տնտեսավարող սուբյեկտին:

7. Լրացված դիտարկման հարցաթերթը ստորագրում են դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը:

8. Հրամանում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել դիտարկմանը:

9. Դիտարկման ընթացքում իրականացվում են հետևյալ գործողությունները.

1) դիտարկման հարցաթերթով նախատեսված հարցերի շրջանակի վերաբերյալ դիտարկում.

2) եթե դիտարկման հարցաթերթով նախատեսված հարցերի շրջանակում խախտումներ չեն հայտնաբերվում, ապա կազմվում է տեղեկանք՝ խախտումներ չհայտնաբերելու մասին.

3) դիտարկման հարցաթերթով նախատեսված հարցերի շրջանակում խախտումներ հայտնաբերվելու դեպքում կազմվում է ակտի նախագիծ.

4)  դիտարկման հարցաթերթում ընդգրկված հարցերի շրջանակում, օրենսդրությամբ սահմանված պայմանները և պահանջները պահպանված լինելու կամ պահպանված չլինելու հանգամանքի արձանագրում՝ տեսաձայնագրության և (կամ) լուսանկարահանման միջոցով։

10. Տեսաձայնագրությունն ու լուսանկարահանումը կատարվում են դիտարկում իրականացնող պետական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից հատուկ ծառայողական տեսախցիկով, ապահովելով ստացված նյութերի ամբողջականությունը և չփոփոխված լինելու հավաստիությունը։ Ստացված տեսանյութերն ու լուսանկարները կցվում են դիտարկման նյութերին որպես փաստական տվյալներ (ապացույց) և հանդիսանում են դիտարկման արդյունքները հիմնավորող փաստաթղթերի անբաժանելի մասը:

11.  Դիտարկման արդյունքում խախտումներ հայտնաբերվելու դեպքում կազմվում է ակտի նախագիծ՝ երկու օրինակից։ Ակտի նախագծին կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր և (կամ) այլ նյութեր, որի մասին կատարվում է համապատասխան նշում։ Ակտի նախագիծը ստորագրում են դիտարկում իրականացնող անձը և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը կամ այլ լիազորված ներկայացուցիչ։

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կամ այլ լիազորված ներկայացուցչի` ակտը ստորագրելուց հրաժարվելու դեպքում ակտում այդ մասին կատարվում է համապատասխան գրառում:

Ակտի նախագծի վերաբերյալ առարկությունների առկայության դեպքում այդ մասին համապատասխան գրառում է կատարվում ակտի նախագծում։ Ակտի նախագծի մեկ օրինակը, տվյալ դիտարկման ընթացքում առձեռն հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին, իսկ վերջինիս բացակայության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային կամ փոստային եղանակով ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին` առարկություններ ներկայացնելու նպատակով։

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը 5 աշխատանքային օրվա ընթացքում ակտի նախագիծի վերաբերյալ կարող է ներկայացնել է իր առարկությունները:

Սույն մասի երրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետում, տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից ներկայացված առարկությունները դիտարկող մարմինը քննարկում է օրենքով նախատեսված իր գործառույթներն իրականցնելու ընթացքում:

12. Դիտարկման արդյունքում խախտումներ չհայտնաբերվելու դեպքում դիտարկում իրականացնող անձն ամփոփում է դիտարկման արդյունքները և կազմում է տեղեկանք՝ խախտումներ չհայտնաբերելու մասին: Տեղեկանքը` ստորագրված դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

13. Խախտումներ չհայտնաբերվելու դեպքում կազմված տեղեկանքում արձանագրվում են այն կազմելու ամսաթիվն ու վայրը, դիտարկումն  իրականացնող պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի անվանումները, դիտարկող պաշտոնատար անձանց կազմը, դիտարկման նպատակը, ժամկետը, արդյունքները:

14. Դիտարկման արդյունքում, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզիայի գործողության պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում, դիտարկում իրականացնող անձը պարտավոր է այդ մասին դիտարկման ժամկետում տեղեկացնել լիցենզավորող մարմնին:

15. Յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ սահմանվող մեկ դիտարկման ժամկետի առավելագույն տևողությունը կազմում է 10 անընդմեջ աշխատանքային օր:

 

16. Դիտարկման արդյունքները տեղադրվում են դիտարկում իրականացնող պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

17. Սույն հոդվածով սահմանված` դիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումները հիմք են տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար:»:

 

Հոդված 7. Օրենքում ավելացնել 81-ին գլուխ, 32.3-րդ, 32.4-րդ, 32.5-րդ, 32.6-րդ հոդվածներով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Գլուխ 8.1.

Դիտարկում  իրականացնող պետական մարմնի կողմից վարչական վարույթի իրականացումը

Հոդված 32.3. Վարչական վարույթի իրականացման կարգը և ժամկետը

1. Դիտարկող մարմինը վարչական վարույթն իրականացնում է այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն օրենքով:

2. Դիտարկումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:

3. Դիտարկող մարմնի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը երկու ամիս է:

 

Հոդված 32.4. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքը

1. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքն ապահովվում է վարույթի ընթացքում՝ մինչև վարչական ակտ կայացնելը վարչական ակտի հասցեատիրոջն ապացույցներ ներկայացնելու, հակափաստարկներ բերելու և իր դիրքորոշումը հայտնելու հնարավորություն տալով միջոցով: 

2. Դիտարկող մարմինը լսումներ անցկացնելու անհրաժեշտության դեպքում վարույթի մասնակիցներին և, ըստ անհրաժեշտության, այլ անձանց ծանուցում է վարչական լսումների ժամանակի և վայրի մասին:

3. Վարչական լսումների ժամանակի և վայրի մասին ծանուցված վարույթի մասնակցի չներկայանալը խոչընդոտ չէ լսումների անցկացման համար:

 

Հոդված 32.5. Վարչական վարույթի կասեցումը և վերսկսումը

1. Դիտարկող մարմնի կողմից իրականացվող վարույթը կասեցվում է, եթե՝

1) անհնարին է տվյալ վարույթի արդյունքում որոշման ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով կամ քրեական դատավարության կարգով քննվող վարույթով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը.

2) անհնարին է տվյալ վարույթի արդյունքում որոշման ընդունումը մինչև այլ վարչական վարույթով որոշում կայացնելը.

3) գործում է անհաղթահարելի ուժ կամ այլ հանգամանք, որը ժամանակավորապես խոչընդոտում է վարույթի ընթացքը.

4) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

2. Քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթը կարող է կասեցվել, եթե՝

1) չեն ներկայացվել պահանջված փաստաթղթերը, նյութերը կամ այլ տեղեկատվություն կամ ներկայացվել են ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ.

2) նշանակվել է փորձաքննություն.

3) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

3. Վարույթը կասեցվում է մինչև այն կասեցնելու հիմք հանդիսացած հանգամանքների վերանալը կամ վարույթի կարճման հիմքի ի հայտ գալը։ Դրանք վերանալուց կամ վարույթի կարճման հիմքի ի հայտ գալուց կամ առաջանալուց հետո դիտարկում իրականացնող պետական մարմնի որոշմամբ վարչական վարույթը վերսկսվում է:

4. Վարույթի կասեցման ընթացքում դիտարկում իրականացնող պետական մարմնը կարող է կատարել կասեցման հիմքերի վերացումը պարզելուն ուղղված և վարույթի՝ ըստ էության քննությանը չուղղված այլ գործողություններ:

5. Վարույթի իրականացման ժամկետի ընթացքը կասեցվում է վարույթի կասեցման ժամանակահատվածով:

 

Հոդված 32.6. Վարչական ակտի ընդունումը և ուժի մեջ մտնելը

 1. Վարչական ակտն ընդունվում է դիտարկում իրականացնող պետական մարմնի ղեկավարի որոշմամբ:

2. Հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ է մտնում դրա պատճենը հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Վարչական ակտի` մեկից ավելի հասցեատերերի առկայության դեպքում վարչական ակտը նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ուժի մեջ է մտնում իր մասով` տվյալ վարչական ակտի պատճենը համապատասխան հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:»:

 

Հոդված 8.

«1. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»: 

  • Տևողություն

    29.01.2026 15.02.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Գերատեսչություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 161

Տպել

Առաջարկներ`

Մուշեղ Բաբայան

29.01.2026

Առաջարկություններ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ>> օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ

 

 

        Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 45-րդ կետով, ըստ որի՝ դիտարկումը հետևյալ երկու խումբ նպատակներով իրականացվող գործունեություն է․

1․ առանց քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների գործունեություն  իրականացնելու դեպքերը բացահայտելու, խախտումն արձանագրելու, օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով,

2․ Օրենքի 32.1-ին հոդվածով սահմանված կարգով` քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների պարտադիր պահանջների կամ պայմանների համապատասխանության ապահովման, խախտման կանխարգելման, բացահայտման նպատակով։

Ինչպես երևում է Նախագծի այս նորմի շարադրանքից՝ խախտումն արձանագրելու, օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակը վերաբերելի է միայն 1-ին դեպքերին՝ առանց լիցենզիաների գործունեություն  իրականացնելուն։ Այնինչ, ակնհայտ է, որ վարչական պատասխանատվության ձևաչափով արձագանքման ենթակա են նաև 2-րդ դեպքերը՝ լիցենզիաների պարտադիր պահանջների կամ պայմանների խախտումները։ Հետևաբար, կարծում եմ, որ Նախագծի այս նորմը նպատակահարմար է վերախմբագրել այն հաշվարկով, որ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակը վերաբերելի լինի երկու խումբ խախտումներին էլ։

Բացի այդ, որոշակի շփոթմունք է առաջանում Նախագծով առաջարկվող՝ 32․1-ին հոդվածի շարադրանքում՝ կարգավորման առարկայի կապակցությամբ։ Մասնավորապես, Օրենքի 2-րդ հոդվածի վերը նշված 45-րդ կետի ձևակերպումից բխում է, որ 32․1-ին հոդվածի կարգավորումները, այդ հոդվածով սահմանված դիտարկումը վերաբերվում է միայն 2-րդ խումբ նպատակներին՝ լիցենզիաների պարտադիր պահանջների կամ պայմանների համապատասխանության նկատմամբ վերահսկողությանը։ Այդ մասին է վկայում նաև հենց 32․1-ին հոդվածի 1-ին մասի շարադրանքը՝

<<1. Քաղաքացիական և ծառայողական զենքի, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության բնագավառում տրամադրված լիցենզիաների պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ  իրականացվում է դիտարկումներ>>։

Եթե Նախագծի հեղինակների դիրքորոշումն է, որ 32․1-ին հոդվածով չեն կարգավորվելու 1-ին խումբ նպատակներով իրականացվող դիտարկումները (առանց լիցենզիաների գործունեություն  իրականացնելու դեպքերը բացահայտելու և այլն), ապա անհասկանալի է մնում, թե վերջիններն ինչ նորմերով են կարգավորվելու։ Այս պարագայում անհասկանալի է, թե 32․1-ին հոդվածի 3-րդ մասի կարգավորումներն ինչու են միջանցիկ տեղավորվել այս հոդվածում։

Իսկ եթե  Նախագծի հեղինակների դիրքորոշումն է, որ 32․1-ին հոդվածով կարգավորվելու են Օրենքի համապատասխան նորմով նախատեսված բոլոր նպատակներով (երկու խմբեր) իրականացվող դիտարկումները (ինչը կարծում եմ առավել ճիշտ կլինի), ապա այս հոդվածի 1-ին մասի շարադրանքը պետք է այնպես ձևակերպվի, որ տարընթերցման տեղիք չտա։

Ավելին, ցանկացած պարագայում Նախագծի 32․1-ին հոդվածի 3-րդ մասի ձևակերպումը կարծում եմ խմբագրման կարիք ունի, քանի որ ըստ այդ նորմի՝ առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնելու դեպքերի բացահայտման հիմք են հանդիսանում հաղորդումները (բողոքները) կամ այլ արժանահավատ տեղեկատվությունը: Իրականում՝ հաղորդումները, բողոքները, արժանահավատ տեղեկատվությունը, կարծում եմ, դեպքերի բացահայտման նպատակով դիտարկումներ իրականացնելու հիմք կարող են հանդիսանալ, ոչ թե բացահայտման։

Բացի այդ, Նախագծում առկա են նաև իրավական տեխնիկայի կապակցությամբ որոշ անհամապատասխանություններ, որոնք կարծում եմ, պետք է շտկվեն։ Այսպես՝ <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ <<3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի>>: Այնինչ, Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող 32․1-ին հոդվածի 11-րդ մասում այս կանոնը պահպանված չէ։

Մուշեղ Բաբայան

 

 

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: