Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Մուշեղ Բաբայան 29.01.2026 22:37:53 Մասամբ է ընդունվել

Առաջարկություններ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ>> օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ

 

 

        Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 45-րդ կետով, ըստ որի՝ դիտարկումը հետևյալ երկու խումբ նպատակներով իրականացվող գործունեություն է․

1․ առանց քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների գործունեություն  իրականացնելու դեպքերը բացահայտելու, խախտումն արձանագրելու, օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով,

2․ Օրենքի 32.1-ին հոդվածով սահմանված կարգով` քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների պարտադիր պահանջների կամ պայմանների համապատասխանության ապահովման, խախտման կանխարգելման, բացահայտման նպատակով։

Ինչպես երևում է Նախագծի այս նորմի շարադրանքից՝ խախտումն արձանագրելու, օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակը վերաբերելի է միայն 1-ին դեպքերին՝ առանց լիցենզիաների գործունեություն  իրականացնելուն։ Այնինչ, ակնհայտ է, որ վարչական պատասխանատվության ձևաչափով արձագանքման ենթակա են նաև 2-րդ դեպքերը՝ լիցենզիաների պարտադիր պահանջների կամ պայմանների խախտումները։ Հետևաբար, կարծում եմ, որ Նախագծի այս նորմը նպատակահարմար է վերախմբագրել այն հաշվարկով, որ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակը վերաբերելի լինի երկու խումբ խախտումներին էլ։

Բացի այդ, որոշակի շփոթմունք է առաջանում Նախագծով առաջարկվող՝ 32․1-ին հոդվածի շարադրանքում՝ կարգավորման առարկայի կապակցությամբ։ Մասնավորապես, Օրենքի 2-րդ հոդվածի վերը նշված 45-րդ կետի ձևակերպումից բխում է, որ 32․1-ին հոդվածի կարգավորումները, այդ հոդվածով սահմանված դիտարկումը վերաբերվում է միայն 2-րդ խումբ նպատակներին՝ լիցենզիաների պարտադիր պահանջների կամ պայմանների համապատասխանության նկատմամբ վերահսկողությանը։ Այդ մասին է վկայում նաև հենց 32․1-ին հոդվածի 1-ին մասի շարադրանքը՝

<<1. Քաղաքացիական և ծառայողական զենքի, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության բնագավառում տրամադրված լիցենզիաների պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ  իրականացվում է դիտարկումներ>>։

Եթե Նախագծի հեղինակների դիրքորոշումն է, որ 32․1-ին հոդվածով չեն կարգավորվելու 1-ին խումբ նպատակներով իրականացվող դիտարկումները (առանց լիցենզիաների գործունեություն  իրականացնելու դեպքերը բացահայտելու և այլն), ապա անհասկանալի է մնում, թե վերջիններն ինչ նորմերով են կարգավորվելու։ Այս պարագայում անհասկանալի է, թե 32․1-ին հոդվածի 3-րդ մասի կարգավորումներն ինչու են միջանցիկ տեղավորվել այս հոդվածում։

Իսկ եթե  Նախագծի հեղինակների դիրքորոշումն է, որ 32․1-ին հոդվածով կարգավորվելու են Օրենքի համապատասխան նորմով նախատեսված բոլոր նպատակներով (երկու խմբեր) իրականացվող դիտարկումները (ինչը կարծում եմ առավել ճիշտ կլինի), ապա այս հոդվածի 1-ին մասի շարադրանքը պետք է այնպես ձևակերպվի, որ տարընթերցման տեղիք չտա։

Ավելին, ցանկացած պարագայում Նախագծի 32․1-ին հոդվածի 3-րդ մասի ձևակերպումը կարծում եմ խմբագրման կարիք ունի, քանի որ ըստ այդ նորմի՝ առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնելու դեպքերի բացահայտման հիմք են հանդիսանում հաղորդումները (բողոքները) կամ այլ արժանահավատ տեղեկատվությունը: Իրականում՝ հաղորդումները, բողոքները, արժանահավատ տեղեկատվությունը, կարծում եմ, դեպքերի բացահայտման նպատակով դիտարկումներ իրականացնելու հիմք կարող են հանդիսանալ, ոչ թե բացահայտման։

Բացի այդ, Նախագծում առկա են նաև իրավական տեխնիկայի կապակցությամբ որոշ անհամապատասխանություններ, որոնք կարծում եմ, պետք է շտկվեն։ Այսպես՝ <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ <<3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի>>: Այնինչ, Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող 32․1-ին հոդվածի 11-րդ մասում այս կանոնը պահպանված չէ։

Մուշեղ Բաբայան

 

 

Դիտել կցված փաստաթուղթը

Նախագծի 32.1-ին հոդվածի 1-ին մասի վերաբերյալ ներկայացված դիտարկումներն ընդունվել են ի գիտություն, իսկ նույն հոդվածի 11-րդ մասի վերաբերյալ դիտարկումն ընդունվել է:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: