Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությունում 2026-2028 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետությունում 2026-2028 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետությունում 2026-2028 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը:

Նախագծի ընդունումն անհրաժեշտ է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման, դրանց դեմ արդյունավետ պայքարի, ինչպես նաև տուժած անձանց պաշտպանության և վերականգնման ուղղությամբ պետական քաղաքականության համակարգված շարունակականությունն ապահովելու համար։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

2023-2025 թվականների ազգային ծրագրի իրականացման ընթացքում ձեռնարկվել են մի շարք համակարգային քայլեր՝ ուղղված թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը։ Իրականացվել են օրենսդրական բարեփոխումներ, կատարելագործվել են զոհերի նույնացման և աջակցության մեխանիզմները, ներդրվել են զոհերին տրամադրվող ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչներ։

Այնուհանդերձ, իրականացված աշխատանքների արդյունքում արձանագրվել են նաև մի շարք նոր մարտահրավերներ

  • առկա են կանխարգելմանն ուղղված իրազեկման միջոցառումների հասցեականության և ազդեցության ընդլայնման անհրաժեշտություն,
  • միջազգային և տարածաշրջանային համագործակցության շրջանակներում պահանջվում է գործողությունների ավելի մեծ համակարգվածություն և տեղեկատվության փոխանակման արագություն,
  • աշխատանքի շուկայի զարգացումները և առցանց հարթակների տարածումը նոր ռիսկեր են առաջացնում աշխատանքային շահագործման և կեղծ զբաղվածության ձևերի տարածման առումով,
  • միգրացիոն ալիքների ինտենսիվությունն ու տեղաշարժերի դինամիկան նոր խոցելի խմբեր են ստեղծում, ինչը բարձրացնում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի վտանգը,
  • զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայությունները դեռևս պահանջում են մասնագիտական կարողությունների և տարածքային հասանելիության խորացում։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Նախագծով նախատեսվում է հաստատել 2026-2028 թվականների ընթացքում իրականացվելիք համապարփակ գործողությունների փաթեթ, որը կուղղվի թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանը, տուժածների նույնացման և աջակցության համակարգի արդյունավետության բարձրացմանը, պետական մարմինների և գործընկեր կառույցների կարողությունների ամրապնդմանը։

Ծրագիրը նախատեսում է

  • զարգացնել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, աջակցության կենտրոնների և քաղաքացիական հասարակության կառույցների փոխգործակցության մեխանիզմները,
  • ապահովել ոլորտային մասնագետների շարունակական վերապատրաստումների իրականացում և մասնագիտական կարողությունների զարգացում,
  • ընդլայնել զոհերի համար մատչելի սոցիալական, հոգեբանական և իրավական ծառայությունների շրջանակը,
  • խթանել հանրային իրազեկման նոր մեթոդների կիրառումը՝ թիրախավորելով բարձր ռիսկային խմբերին,
  • ամրապնդել միջգերատեսչական և միջազգային համագործակցությունը՝ կանխարգելման և հետաքննության արդյունավետության բարձրացման նպատակով։ 

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի նպատակն է ապահովել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի պետական քաղաքականության շարունակականությունն ու կայուն զարգացումը՝ հիմնվելով մարդու իրավունքների պաշտպանության, զոհակենտրոն մոտեցման և համագործակցային կառավարման սկզբունքների վրա։

Ակնկալվող արդյունքներն են

  • թրաֆիքինգի դեպքերի վաղ հայտնաբերման և կանխարգելման մակարդակի բարձրացում,
  • զոհերի նույնացման, աջակցության և վերականգնման համակարգի արդյունավետության աճ,
  • պետական մարմինների, տեղական կառույցների և հասարակական կազմակերպությունների համագործակցության նոր ձևաչափերի ձևավորում,
  • հանրային իրազեկվածության և խոցելի խմբերի պաշտպանվածության աստիճանի բարձրացում։

Նախագծի ընդունումը պետական բյուջեի վրա էական լրացուցիչ բեռ չի առաջացնի՝ նախատեսելով միջոցառումների իրականացումը համապատասխան մարմինների բազային բյուջետային հատկացումների շրջանակում և միջազգային գործընկերների հնարավոր աջակցությամբ։ 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության փորձագիտական աջակցության ներգրավմամբ: Մշակման գործընթացում անհրաժեշտ քննարկումներ և փորձագիտական տեսակետներ են տրամադրել նաև ոլորտային պետական մարմինների ներկայացուցիչները, միջգերատեսչական աշխատանքային խմբերը և գործընկեր հասարակական կազմակերպությունները՝ ապահովելու ծրագրի արդյունավետությունը, համակարգվածությունը և միջազգային չափանիշներին համապատասխանությունը: 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» առաջնահերթությունից, ինչպես նաև համահունչ է Հայաստանի վերափոխման ռազմավարության շրջանակում սահմանված նպատակներին։

Նախագիծը լիովին համահունչ է նաև ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային հանձնառություններինՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում պետության առջև դրված պարտավորություններին և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված միջազգային կոնվենցիաների պահանջներին։

  • Քննարկվել է

    13.01.2026 - 29.01.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 574

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Տուրյան

26.01.2026

Առաջարկում եմ որոշման նախագծի հավելվածի «ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2026–2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» բաժնի «Այսպիսով, Հայաստանի Հանրապետության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականության ընդհանուր նպատակը ուղղված էէ ոչ միայն հանցագործությունների բացահայտմանը և այն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելուն, այլև այնպիսի միջավայրի ստեղծմանըորտեղ յուրաքանչյուր անձ պաշտպանված է շահագործումից, որտեղ մարդու արժանապատվությունը անսակարկելի արժեք է, և որտեղ պետությունը հանդես է գալիս որպես կանխարգելման, պաշտպանության և արդարության երաշխավոր։» «ուղղված էէ» ձևակերպումից հանել ավելորդ «է» տառը և այն շարադրել «ուղված է» ձևաչափով, ինչպես նաև «ստեղծմանըորտեղ» հասկացությունը շարադրել հետևյալ կերպ «ստեղմանը, որտեղ»՝ համապատասխանելով հայերենի քերականական կանոններին։

Այսինքն առաջարկում եմ տվյալ հատվածը շարադրել հետևյալ կերպ՝

«Այսպիսով, Հայաստանի Հանրապետության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականության ընդհանուր նպատակը ուղղված է ոչ միայն հանցագործությունների բացահայտմանը և այն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելուն, այլև այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուր անձ պաշտպանված է շահագործումից, որտեղ մարդու արժանապատվությունը անսակարկելի արժեք է, և որտեղ պետությունը հանդես է գալիս որպես կանխարգելման, պաշտպանության և արդարության երաշխավոր։» ։

Դավիթ Տուրյան

26.01.2026

Առաջարկում եմ որոշման նախագծի հավելվածի «ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2026–2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» բաժնի

«

  • երաշխավորում է, որ յուրաքանչյուր հավանական կամ նույնացված զոհ ստանում է անհապաղ, հասանելի և արժանապատիվ աջակցություն,
  • ապահովում է, որ պետական մարմինները գործեն միասնական ընթացակարգերով և փոխադարձ հաշվետվողականությամբ,
  • ամրապնդում է պետական և հասարակական կառույցների, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների համագործակցությունը,
  • ձևավորում է տվյալների վրա հիմնված քաղաքականություն և անկախ մշտադիտարկման համակարգ՝ թափանցիկության և հանրային վստահության ապահովման նպատակով։

 

»

հատվածը, լեզվական նկատառումներից ելնելով և հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ապագային, շարադրել ապառնի ժամանակով՝ հետևյալ ձևով՝

«

  • կերաշխավորի, որ յուրաքանչյուր հավանական կամ նույնացված զոհ ստանա անհապաղ, հասանելի և արժանապատիվ աջակցություն,
  • կապահովի, որ պետական մարմինները գործեն միասնական ընթացակարգերով և փոխադարձ հաշվետվողականությամբ,
  • կամրապնդի պետական և հասարակական կառույցների, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների համագործակցությունը,
  • կձևավորի տվյալների վրա հիմնված քաղաքականություն և անկախ մշտադիտարկման համակարգ՝ թափանցիկության և հանրային վստահության ապահովման նպատակով։» ։

Դավիթ Տուրյան

26.01.2026

Առաջարկում եմ որոշման նախագծի հավելվածի «ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2026–2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» բաժնի

«Ծրագիրը հատկապես հաշվի է անում նաև թրաֆիքինգի զարգացող բնույթը, ներառյալ՝ առցանց ռիսկերը և 2020 թվականի պատերազմի, ինչպես նաև 2023 թվականին Ղարաբաղից բռնի տեղահանման ազդեցությունը խոցելի խմբերի վրա։»

հատվածում «անում» բառի մեջ գտած վրիպակը ուղղել՝ ավելացնելով «ռ» տառը և շարադրել որպես «առնում», արդյունքում հատվածը ձևակերպելով հետևյալ կերպ՝

«Ծրագիրը հատկապես հաշվի է առնում նաև թրաֆիքինգի զարգացող բնույթը, ներառյալ՝ առցանց ռիսկերը և 2020 թվականի պատերազմի, ինչպես նաև 2023 թվականին Ղարաբաղից բռնի տեղահանման ազդեցությունը խոցելի խմբերի վրա։» ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: