Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

                                                                                                                                                                                                                                                                               ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«   » «              »   2025 թվականի                   N          - Ն

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել բնակչության հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                                                                                                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                                                                                                                                                                                            «       »-----------------------2025թ.

                                                                                                                                                                                                                                                                  ք Երևան

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025թ ________-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

  1. Սույն կարգը սահմանում է բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտ հանդիսացող անձանց, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի բնակվող քաղաքացիների հաշվառման հետ կապված հարաբերությունները։
  2. Բնակչության հաշվառումն իրականացվում է՝ ապահովելով տվյալների ամբողջականությունը, ճշգրտությունը, արդիականությունը և անհատական տվյալների պաշտպանությունը։
  3. Բնակչության հաշվառումն իրականացնում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական լիազոր մարմինը։
  4. Անձը կարող է հաշվառվել միայն մեկ հիմնական հասցեում։ Հիմնական հասցեն այն վայրն է, որտեղ անձն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր։
  5. Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է այդ մասին նշել տեղեկատվական մուտքի հարթակում:
  6. Անձը հաշվառվում է իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից:
  7. Հիմնական հասցեն հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարելու և ընտրողների ցուցակը կազմելու համար:
  8. Հաշվառման ենթակա տվյալները ներառում են՝

1) անձի նույնականացման տվյալները (անուն, ազգանուն, հանրային ծառայությունների համարանիշ, ծննդյան ամսաթիվ)․

2) բնակության վերաբերյալ տվյալները (հիմնական և ոչ հիմնական հասցեները)․

3) էլեկտրոնային փոստի հասցեն՝ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում։

  1. Անձը իր տվյալները մուտքագրում է տեղեկատվական մուտքի հարթակ՝ իր սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան մարմնի միջնորդությամբ։
  2. Հիմնական հասցեի մուտքագրումը պարտադիր է և ենթակա է վավերացման՝ ըստ տվյալների ֆորմալ և բովանդակային ճշգրտության։
  3. Հիմնական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել այդ մասին հարթակի միջոցով։
  4. Անձը կարող է ցանկացած ժամանակ փոխել իր ոչ հիմնական հասցեն՝ հարթակի միջոցով։
  5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող անձը հաշվառվում է իր օտարերկրյա մշտական բնակության վայրի հասցեով։
  6. Հայաստանի Հանրապետությունից դուրս 183 օրից ավելի բնակվող և հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին տվյալները դիվանագիտական ծառայության մարմինները մուտքագրում են բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի կանոնակարգով սահմանված կարգով։
  7. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական լիազոր մարմինը պարբերաբար կատարում է տվյալների համապատասխանության վերահսկում՝

1) ժամանակավոր կացարաններում հաշվառված անձանց տվյալների վերլուծություն․

2) կրկնվող, սխալ կամ թերի հասցեների ճշգրտում․

3) ծանուցումներ անձին՝ ուղղումների նպատակով։

  1. Բնակչության հաշվառման տվյալները կարող են օգտագործվել միայն օրենքով նախատեսված նպատակներով և տրամադրվում են միայն իրավասու մարմիններին։
  2. Տվյալների սուբյեկտը (անձը) տեղեկատվական մուտքի հարթակի միջոցով կարող է մուտք գործել իր տվյալներին, տեսնել գրանցված հասցեները և փոփոխությունների պատմությունը։
  3. Եթե անձը չի կատարում հաշվառման պարտականությունը, ապա միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական լիազոր մարմինը վերջինիս ծանուցում է բնակության հասցեն գրանցելու պարտականության մասին։
  4. Եթե անձը չունի մշտական բնակության վայր և միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական լիազոր մարմինի կողմից ծանուցվելուց հետո 7 օրյա ժամկետում տեղեկատվական մուտքի հարթակում չի գրանցում իր հիմնական հասցեն, ապա տվյալ անձի հանրային ծառայությունների համարանիշին բնակչության պետական ռեգիստրում տրվում է պասիվ կարգավիճակ։

 

  • Քննարկվել է

    10.10.2025 - 25.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային ծառայություններ

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1754

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Վարդան Մելիքսեթյան

20.10.2025

փոքր տառասխալ կա։ Ճիշտ ձևը կլինի՝

Andranik Ghazaryan

12.10.2025

Իբչ է նշանակում կրկնվող հասցե? Եթե նշում ենք, որ յուրաքանչյուրը կարող է գրանցվել ցանկացած հասցեով առանց սեփականատիրոջ համաձայնության, ապա ստացվում է, որ մեկ հասցեում կարող է լինել 6 հաշվառված։ Հետևաբար, անհրաժեշտ է հստակեցնել, որ մեկ անձի մասով հիմնական հասցեի տվյալների կրկնությունը բացառելու մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է սեփականատիրոջ համաձայնությունը չպահանջելու վերաբերյալ կարգավորմանը, ապա ընդունելի չէ նման մոտեցումը, քանի որ մեկ հասցեում եթե դիցուք լինի տասը հաշվառված, ապա դատական ծանուցումները կամ տուգանքների մասին վարչական ակտերը այդ հասցեով ուղարկելը անհամաչափ անհարամարությունների կհանգեցնի և սեփականության իրավունքի խախտման նախադրայլներ կստեղծի։

Աշխեն Սարգսյան

10.10.2025

Նախագծի ընդունումը կնպաստի պետական ռեգիստրի տվյալների հուսալիությանը և կառավարման արդյունավետությանը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: