Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ

ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է գիտության ոլորտում պետական քաղաքականության թիրախավորված և համալիր միջոցառումների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելուց, որը կապահովի Հանրապետության տնտեսական և տեխնոլոգիական մրցունակության բարձրացումը, սոցիալ-տնտեսական և հումանիտար մարտահրավերների հասցեագրումը, շրջակա միջավայրի և ապագա մարտահրավերների նկատմամբ կայունության բարձրացումը, առաջադեմ տեխնոլոգիաների արդյունավետ կլանման կարողության ձևավորումը, ինչպես նաև դրանց մշակման շղթաներում որակյալ մասնակցությունը։

Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունների մշակման գործընթացում ուսումնասիրվել և համադրվել են միջազգային կազմակերպությունների և մի շարք պետությունների կողմից ձևավորված գիտության և տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթություններն ու ռազմավարական կանխատեսումները՝  հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գիտական և տեխնոլոգիական ներուժը, ինչպես նաև գիտելիքահենք տնտեսության ձևավորման համար անհրաժեշտ մրցունակ էկոհամակարգի կայացման անհրաժեշտությունը:

Որպես միջազգային կառույցների վերլուծություններ դիտարկվել են` Եվրոպական Հանձնաժողովի հետազոտությունների և նորարարության տնօրինության մշակած «Արմատական նորարարությունների և բեկումնային ուղղությունների 100-յակը»[1] և դրան համապատասխան աղյուսակը[2], Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության գիտության և տեխնոլոգիայի կազմակերպության Գիտության և տեխնոլոգիայի զարգացման միտումները 2023-2043[3] և 2025-2045 վերլուծությունները[4], Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության` «Գիտության, տեխնոլոգիաների և ինովացիաների հեռանկարներ 2023» վերլուծությունը[5], Եվրոպական Հանձնաժողովի Հետազոտական միացյալ կենտրոնի` «Թույլ ազդակներ գիտության և տեխնոլոգիաների ոլորտից» վերլուծությունը[6], Եվրոպական նորարարությունների խորհրդի տեխնիկական զեկույցը 2024[7], Եվրոպական Հանձնաժողովի Թվային Եվրոպա տնօրինության «ԵՄ կրիտիկական տեխնոլոգիաների ճեղքվածք» զեկույցը[8]:

Վերոնշյալ զեկույցների և վերլուծությունների համադրության արդյունքում իրականացվել է.

1) Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում բացահայտված թերությունների և բացերի հասցեագրում.

ա. հետազոտական արդյունքի անհամաչափություն. 2020-2024 թվականներին Հայաստանի գիտնականների կողմից Web of Science տվյալների բազաներում ինդեքսավորված հրապարակումների բաշխումն ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների մնում է անհավասարաչափ։ Հրապարակումների 95%-ը վերաբերում է բնական, տեխնիկական, բժշկական և գյուղատնտեսական գիտությունների ոլորտներին: Այս  համամասնությունները զգալիորեն տարբերվում են գլոբալ միտումներից, մասնավորապես.

  • ճարտարագիտության և տեխնոլոգիաների ոլորտի ներկայացվածությունը շատ ավելի փոքր է՝ Հայաստանում կազմում է ընդամենը 14%, այն դեպքում երբ համաշխարհային տենդենցը 21% է,
  • բնական գիտությունների ոլորտը գերակշռող է՝ կազմելով 57% (համեմատ համաշխարհային տենդենցի 33%)․

բ. թույլ զարգացած ճարտարագիտություն և տեխնոլոգիա. վերլուծական աղբյուրները ցույց են տալիս, որ Հայաստանում ճարտարագիտության և տեխնոլոգիաների ոլորտը գտնվում է համեմատաբար թույլ զարգացման փուլում։ Մինչդեռ այս ոլորտը համարվում է գիտական արդյունքների գործնական կիրառման առանցքային բաղադրիչներից մեկը,

գ. արտոնագրային ակտիվության անկում. վերջին տարիների տվյալները փաստում են, որ համեմատելի երկրների համեմատ Հայաստանը միջազգային արտոնագրային գործունեության առումով գրանցել է նվազման միտում։ Սա կարող է մատնանշել հետազոտական կամ նորարարական գործունեության նկատմամբ հետաքրքրության նվազում կազմակերպություններում կամ նորարարությունների իրականացում ոչ ինստիտուցիոնալ մեխանիզմներով՝ առանց մտավոր սեփականության պատշաճ գրանցման,

դ. միջազգային նորարարական ինդեքսի (ԳԻԻ) վարկանիշի մարտահրավերներ.

  • Հայաստանը վերջին տարիներին կանգնած է եղել ԳԻԻ-ում կայուն դիրքի պահպանման լուրջ մարտահրավերների առաջ, թեև 2023 և 2024 թվականներին արձանագրվել է որոշակի առաջընթաց․
  • Չնայած ԳԻԻ-ում ընդհանուր միավորների որոշ աճին, Հայաստանի դիրքերը շարունակում են ցածր մնալ այն հիմնական հենասյուներում, որոնք առավելապես արտացոլում են հետազոտական և նորարարական ներուժը։ Օրինակ՝ «Մարդկային կապիտալ և հետազոտություն» բաժնում Հայաստանը զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը, իսկ «Կրթության վրա ծախսեր, % ՀՆԱ» ցուցանիշով՝ 114-րդ տեղը 133 երկրների թվում, ինչը 2020 թվականից ի վեր ընդգծվում է որպես թույլ կողմ․
  • «Գիտելիքների և տեխնոլոգիական արդյունքներ» հենասյան պարագայում ևս նկատվում է դիրքային անկում: 2020–2022 թվականների ընթացքում Հայաստանը 45-րդ տեղից իջել է մինչև 71-րդ հորիզոնականը, և միայն վերջերս է հաջողվել բարձրանալ՝ հասնելով 60-րդ տեղին։ Նման միտում է արձանագրվել նաև «Գիտելիքների ստեղծում» ցուցանիշի դեպքում, որը 2020 թվականին զբաղեցնում էր 37-րդ տեղը․

2) թիրախավորված միջամտությունների անհրաժեշտություն՝ առաջնահերթ ոլորտներում.

ա. փաստաթուղթն առանձնացնում է 12 գլոբալ գերակա ուղղություն (ԳՈւ1-ԳՈւ12)՝ հիմնված միջազգային վերլուծությունների վրա։ Նաև ավելացվել է 13-րդ գերակայություն՝ Հայագիտություն, որպես Հայաստանի համար յուրահատուկ և կարևոր ուղղություն․

բ. փաստաթղթում ներկայացված վերլուծական բաժինը մանրամասնում է յուրաքանչյուր գերակա ուղղության ներկայիս վիճակը Հայաստանում՝ ընդգծելով ոլորտային անհամաչափությունները, անհավասար զարգացվածության մակարդակները և զարգացման խոչընդոտները.

  • Արհեստական բանականություն (ԱԲ) և մեքենայական ուսուցում (ՄՈւ) (ԳՈւ1) Ցույց է տալիս հրապարակումների զգալի դինամիկա՝ 2023–2025 թվականներին արձանագրվել է 151 հրապարակում, սակայն դրանց զգալի մասը (72) կատարվել է ֆիզիկայի ոլորտում, ինչը մատնանշում է ավելի լայն միջգիտակարգային կիրառության և հետազոտողների վերաորակավորման անհրաժեշտություն։ Ոլորտում ակտիվ է նաև մասնավոր հատվածը՝ մի քանի կայացած կազմակերպություններով և ստարտափներով, ինչպես նաև պետական ներդրումներ են կատարվել գերհամակարգչային ենթակառուցվածքների համար․
  • Քվանտային տեխնոլոգիաներ (ԳՈւ2). այս ուղղությունը դեռևս չի ցուցաբերում զգալի առաջընթաց՝ ոչ գիտական հրապարակումների քանակով, ոչ էլ մասնավոր հատվածի մասնակցությամբ, ինչը պահանջում է անցում կատարել խիստ վերացական հետազոտություններից դեպի հավանական կիրառությանն ավելի մոտ հետազոտությունների․
  • Կիսահաղորդիչներ, Էլեկտրոնիկա և էլեկտրամագնիսականություն (ԳՈւ3) և Ինքնավար համակարգեր, ռոբոտիկա (ԳՈւ4). Առկա է ցածր հետազոտական ակտիվություն և անբավարար հետազոտական ենթակառուցվածքներ, չնայած մասնավոր հատվածի ակտիվ ընկերությունների առկայությանը։ Ի տարբերություն ԳՈւ3-ի, ԳՈւ4-ում հրապարակումների ակտիվությունը բավականին բարձր է (31 հրապարակում 2024 թվականին), և ոլորտի շուրջ գլոբալ հետաքրքրությունը բարձր է․
  • Տիեզերական տեխնոլոգիաներ (ԳՈւ5). Հայաստանը ներկայումս չունի բավարար հետազոտական կարողություններ և ենթակառուցվածքների հագեցվածություն․
  • Կենսատեխնոլոգիա, մարդու լավարկում և առողջապահական տեխնոլոգիաներ (ԳՈւ6). այս ոլորտում առկա է կայացած հետազոտական ներուժ, սակայն մասնավոր հատվածի ներգրավվածությունը մնում է սահմանափակ՝ պայմանավորված իրավական և էթիկական առանձնահատկություններով, ինչպես նաև մասամբ նաև տեխնոլոգիաների փոխանցման պատշաճ համակարգի և մշակույթի բացակայությամբ․
  • Նյութեր և առաջադեմ արտադրություն (ԳՈւ7). Այս ուղղությունը ունի ուժեղ հետազոտական կարողություններ՝ ընդհանուր 564 գիտական հոդվածներից 172-ը հրապարակվել են միայն վերջին երեք տարիներին: 2021 թվականից սկսած՝ զգալի ներդրումներ են կատարվել առաջադեմ սարքավորումների համալրման ուղղությամբ: Սակայն ունի պասիվ մասնավոր հատվածի ներգրավվածություն՝ բարձր ներդրումների անհրաժեշտության պատճառով, ինչպես նաև հետազոտական ենթակառուցվածքների հատվածականություն (բաշխված է տարբեր կենտրոններում)․
  • Էներգիա (ԳՈւ8). այս ուղղությունը Հայաստանում թերզարգացած է: Հետազոտությունները հիմնականում կենտրոնացած են ջրածնի կենսասինթեզի վրա, մինչդեռ ճարտարագիտական ուղղվածության հետազոտությունների մասնաբաժինը անհամեմատ փոքր է (7%)։ Մասնավոր հատվածը առավելապես ներկայացված է արևային էներգետիկայի ոլորտում․
  • Թվային երկվորյակներ (ԳՈւ9). Այս ուղղությունը չափազանց ցածր հետազոտական ակտիվություն ունի Հայաստանում՝ համեմատած գլոբալ միտումների հետ․
  • Միջավայր և Գյուղատնտեսություն (ԳՈւ10). ուղղությունն ունի ակտիվ մասնավոր հատված, սակայն պակասում է համապատասխան հետազոտական ներուժը և ենթակառուցվածքը, ավելին, հետազոտությունները խիստ կենտրոնացած են շրջակա միջավայրի վրա, իսկ գյուղատնտեսական ուղղության բաժինը կազմում է ընդամենը 8%․
  • Մարդ-Մեքենա ինտերֆեյսեր (ԳՈւ11) և Սոցիալական նորարարություններ (ԳՈւ12). Նույնպես ցույց են տալիս չափազանց ցածր հետազոտական ակտիվություն Հայաստանում։ Թեև այս ոլորտներում առկա է որոշակի ակտիվություն մասնավոր հատվածում, այն գերազանցում է հետազոտական բաղադրիչի ակտիվությունը․

3) զարգացման կառուցվածքային մոտեցում.

ա. Գերակայությունները դասակարգվում են պատրաստվածության չորս մակարդակների (Պ1, Պ2, Պ3, Պ4)՝ հիմնվելով հետևյալ չափորոշիչների վրա՝ մարդկային ռեսուրսների, հրապարակումների ակտիվության, մասնավոր հատվածի ներգրավվածության և ենթակառուցվածքների առկայության վրա։ Այս համակարգված դասակարգումը տրամադրում է հստակ ճանապարհային քարտեզ թիրախավորված պետական միջամտությունների և ֆինանսավորման համար,

բ. այս գերակայությունների քաղաքականությունը կխթանի կիրառական հետազոտությունների զարգացմանը, կներդնի հետազոտական և մասնավոր հատվածի երկխոսության ինստիտուցիոնալ մեխանիզմներ, կխթանի մասնավոր հատվածի կազմակերպություններում հետազոտությունների և մշակումների արդյունքների ներդրումը, կզարգացնի մարդկային կապիտալը և կարողությունները, կբարձրացնի միջազգային հարթակներում բովանդակային ներկայությունը և կստեղծի ենթակառուցվածքներ փորձարարական մշակումների համար,

գ. այս մոտեցումը նպատակ ունի ապահովելու, որ ծրագրերը իրականացվեն գործող պետական ֆինանսավորմանը լրացուցիչ՝ կենտրոնանալով միջազգային մրցունակության և հետազոտությունների գերազանցության վրա։ Յուրաքանչյուր գերակա ուղղության համար կձևավորվեն մասնագիտական խմբեր՝ գլոբալ միտումներն ուսումնասիրելու և այն թեմատիկ ուղղությունները բացահայտելու համար, որտեղ Հայաստանը կարող է նշանակալի դերակատար լինել։ Կմշակվեն համալիր զարգացման ծրագրեր՝ ժամանակացույցերով և կատարողականի ցուցիչներով՝ ապահովելու կայուն աճը և խուսափելու չափազանց արագ միջամտությունների հնարավոր ռիսկերից։

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները, որի արդյունքում ակնկալվում է Հանրապետության տնտեսական և տեխնոլոգիական մրցունակության բարձրացում, սոցիալ-տնտեսական և հումանիտար մարտահրավերների հասցեագրում, շրջակա միջավայրի և ապագա մարտահրավերների նկատմամբ կայունության բարձրացում, առաջադեմ տեխնոլոգիաների արդյունավետ կլանման կարողության ձևավորում, ինչպես նաև դրանց մշակման շղթաներում որակյալ մասնակցություն:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։

4. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը միտված է ձևավորելու թիրախավորված, համալիր և ժամանակակից ռազմավարական շրջանակ, որն ուղղված է Հայաստանի գիտության և տեխնիկայի ոլորտում առկա հիմնախնդիրների՝  մասնավորապես անհամաչափությունների, թերզարգացվածության և գիտահետազոտական գործունեության ցածր արդյունավետության հաղթահարմանը, դրանով իսկ բարձրացնելով Հայաստանի գիտության և տեխնիկայի ընդհանուր մրցունակությունը և նորարարական կարողությունները գլոբալ մասշտաբով:

5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է`

- «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետից, այն է՝ «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների որոշումը, հայագիտության և գիտության այլ բնագավառների զարգացման ծրագրերի հաստատումը» կետից,

- ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 4-րդ` «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.4 «Գիտության» մասով սահմանված` Գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում նպատակից,

- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Գիտության» բաժնի 26-րդ «Գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում» կետի 26.2-րդ ««Հայաստանի Հանրա­պետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2024-2028 թվականների գերակայությունները սահ­մա­նելու մասին» ՀՀ կառա­վա­րության որոշման ընդու­նում» ենթակետի կատարումն ապահովելու նպատակից:

 

 

[1] European Union, 2019 — PDF: doi: 10.2777/563770 | KI-01-19-886-EN-N

[2] European Union, 2019 — Print: KI-01-19-162-EN-C | PDF: KI-01-19-162-EN-N

[3] NATO Science and Technology Trends Report - https://ec.europa.eu/newsroom/cipr/items/787028/en

[4] https://sto-trends.com/

[5] OECD (2023), OECD Science, Technology and Innovation Outlook 2023: Enabling Transitions in Times of Disruption, OECD Publishing, Paris, https://doi.org/10.1787/0b55736e-en.

[6] European Commission: Joint Research Centre, Eulaerts, O., Grabowska, M. and Bergamini, M., Weak signals in Science and Technologies - 2024, Publications Office of the European Union, Luxembourg, 2025, https://data.europa.eu/doi/10.2760/6571994, JRC140959.

[7] European Innovation Council Tech Report 2024 | ISBN: 978-92-9412-006-9 | doi: 10.2826/6693253

[8] https://www.digitaleurope.org/resources/the-eus-critical-tech-gap-rethinking-economic-security-to-put-europe-back-on-the-map/

  • Քննարկվել է

    08.08.2025 - 24.08.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Հանրային հարցման ամսաթիվ

    20.08.2025

  • Հանրային հարցման հասցե

    ք. Երևան, Օրբելի եղբայրների 22

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2128

Տպել

Առաջարկներ`

Քնարիկ Հարությունյան

22.08.2025

Հայաստանը ունի ուժեղ մաթեմատիկական և ինժեներական դպրոց։ Այդ ներուժը կարելի է կենտրոնացնել ԱԲ-ով ղեկավարվող խելացի ջերմոցների, ջրային ռեսուրսների կառավարման համակարգերի և վերականգնվող էներգիայի (արևային, քամու, ջրի) արդյունավետ կառավարման տեխնոլոգիաների զարգացման վրա։ Սա կլուծի երկրի համար ռազմավարական հարց՝ սննդի և էներգետիկ անվտանգության ապահովում, իսկ գիտնականներին ու տեխնիկներին կտա հնարավորություն մրցունակ նախագծեր ստեղծելու միջազգային մակարդակով։ Միևնույն ժամանակ, նման կենտրոնացումը կարող է դառնալ նաև տեխնոլոգիական հարթակ երիտասարդների համար, որպեսզի գիտելիքը արտահոսքի փոխարեն կիրառվի հենց Հայաստանում։

Նարինե Կիրակոսյան

21.08.2025

Առաջարկություն Առաջարկում եմ ներառել կրթության որակի բարելավման բաղադրիչը։ Մասնավորապես՝ Վերլուծել դպրոցական կրթության բովանդակության արդիականության մակարդակը և դրա համապատասխանությունը գիտության և տեխնոլոգիայի զարգացման գերակայություններին։ Ներառել տվյալներ ուսուցիչների մասնագիտական կարողությունների և շարունակական վերապատրաստումների մասին՝ որպես կրթական որակի ապահովման հիմնական գործոն։ Վերլուծել աշակերտների և ուսանողների ներգրավվածությունը գիտահետազոտական և նախագծային գործունեության մեջ՝ որպես նորարարական մտածողության զարգացման չափորոշիչ։ Հաշվի առնել կրթական ենթակառուցվածքների (լաբորատորիաներ, տեխնոլոգիական հարթակներ, թվային գործիքներ) հասանելիությունը և դրանց ներդրման արդյունավետությունը։ Սահմանել մի շարք կրթական KPI-ներ, օրինակ՝ մինչև 2030 թ․ ուսուցիչների վերապատրաստվածության մակարդակի բարձրացում, նախագծային ուսուցման ծրագրերում աշակերտների ներգրավվածության աճ, միջազգային կրթական համագործակցությունների և մրցույթների մասնակցության ու արդյունքների բարելավում։

Sevak Sargsyan

21.08.2025

Առաջարկում եմ գերակա ուղղությունների մեջ ներառել Կիբեր և ծրագրային ապահովման անվտանգությունը, հաշվի առնելով թվայնացման ներկայիս և ապագա տեմպերը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: